Բացարձակ ազատության ու անկախության գաղափարը միֆ է: Բացարձակը միայն տիեզերական հապավումն է, որ տրվում է բանական արարածին՝ արարելու ու բացազատվելու առաքելությամբ: Սահմանադրականի պատին դեռ չի չորացել հեղափոխության քառորդդարյա ցեխը, Հայաստանի «քաղաքացու» ներաշխարհում դեռ եռուեփվում է տարակույսն իրականի ու պատրանքի զուգահեռականներում, սակայն ժամանակը մեզ բերել-կանգնեցրել է մի յուրօրինակ հաշվետվության շեմին՝ ո՞վ էինք և ո՞վ ենք, ի՞նչ էինք և ի՞նչ ենք, որտե՞ղ էինք և որտե՞ղ ենք: Անկախության լավագույն ձեռքբերումը մեր պատրանաթափությունն էր, մեր երբեմնակի շիվար ու ինքնախույզ հայացքները մեր ներաշխարհին ու դրսին: Դո՞ւրսն է, արդյոք, անկախության մեր գավազանակիրը, թե՞ մեր ինքնատիրապետումն ու հավաքականության, այդպես էլ չգտնվող, դաշտային սունկը, նե՞րսն է մեր անկախության աշխատանքային ուղղիչ տունը, թե՞ այդպես էլ չհամակարգվող ընկերվարական ու քաղաքական անցուդարձը: Դժվարանում եմ գծանշել:
Այն, որ գրականությունն անհետացել է հանրահռչակման մեր տրիբուն հեռուստառադիոեթերից, այն, որ մշակույթը մեծավ մասամբ վերածվել է ցածրորակ ժամանցի, այն, որ գովազդային պաստառներից մեր գլխիկոր-գլուխներին կաթկթում են վայնասնակլանչն ու օտարը, այն, որ ազգագրությունն ու ավանդույթն ընկրկելով՝ տեղը զիջել են հոլիվուդյան կամ եվրոպական ներքնազգեստին, այն, որ տգետն ու իմաստունը մեկտեղվել են մի շաղախում ու դարձել իմացական-դեմոգրաֆիական տարածաշրջան… Ես պատասխանը չեմ լսել ո՛չ իմ ներսում և ո՛չ էլ դրամի ու պաշտոնառության այս հարեհասված երկարաշնչում: Ուրախ եմ, որ անկախ պետության քաղաքացի եմ, տխուր եմ, որ անկախությունս փոխառյալ է ու թարգմանված, ինչպես չորացած ծաղիկը՝ ապակու տակ:
Անկախության, իրական անկախության հույսն ամեն օր շալակած՝ դուրս եմ գալիս փողոց և փորձում ընտրազանգվածի ու ամբոխի փոխարեն տեսնել իմացածս նախկին հայ մարդուն՝ հպարտ ու արժանապատիվ, հանդիպել Վահագն Դավթյանին ու Համո Սահյանին, Վիկտոր Համբարձումյանին ու Գրիգոր Գուրզադյանին, Առնո Բաբաջանյանին ու Մհեր Մկրտչյանին… Գուցե մի օր կհանդիպեմ: Այսօր աչքերս փնտրում են: