Թարգմանական ընտրանի

Վաժա ՓՇԱՎԵԼԱ 
ԱՂՋԿԱՆ
Աղջի՛կ, սիրում եմ ես քո պահվածքը.
Երբ աղվեսի պես դու մեզ ես նայում,
Շատ վախվորած է թվում հայացքդ,
Դու տղաներին նայել չես սիրում:
Մեկ-մեկ բնական ժպտալ ես փորձում,
Սրտերում դանդաղ արթնացնում հույսեր,
Առանց սրի ես դու սրտեր խոցում,
Առանց դաշույնի՝ սպանում սրտեր:
Շատ սրտերի մեջ դեռ մինչև հիմա
Երևում են խոր, վիրավոր վերքեր,
Բայց դու թեկուզ ինձ խոցես ակամա,
Ես քո թշնամին չեմ կարող լինել…

Մորիս ՓՈՑԽԻՇՎԻԼԻ 
ՃԱՆԱՊԱՐՀԸ՝ ԿՏՐՎԱԾ ԹԵԼԻ ՆՄԱՆ
Ճանապարհը՝ կտրված թելի նման,
Մտածմունք էր, լռություն ու վիշտ:
Հաց էլ կար, և կար աղը,
Բայց մենք իրար էինք ուտում:
Այն, ինչ եղել է, արագ կանցնի,
Մի՛ մտահոգվեք կասկածներով,
Ե՛վ հաց կլինի, և՛ կլինի աղը,
Բայց մենք միևնույն է՝ էլի իրար կուտենք:

***
Ընդամենը երկու բառ
Լսելու համար, հենց հիմա
Կթողնեի ամեն ինչ միանգամից:
Եվ տոմս կգնեի
Եվ վերջին գնացքով
Հանգիստ կհասնեի գյուղս…
Ես կվազեի կանաչ խոտերի միջով
Եվ շնչակտուր կբացեի փայտե տան դուռը,
Որ ևս մի անգամ լսեի.
– Եկել ես, բալե՛ս,- խոսքերը…

Մաղվալա ԳՈՆԱՇՎԻԼԻ
ԱՆՑՅԱԼԻՆ ՀԱՌԱԾ ԻՄ ՀԱՅԱՑՔԸ
Ես ձմեռը որպես իմ պատիճն եմ կրում,
Վերարկու եմ հագնում քաթանի պես պարկի,
Հաճելի չէ այսպես, երբ ապրում ես ցրտում,
Ձմեռվա գրկում ես հայտնվում անհարկի:
Ինձ թվում է այժմ իմ հարցերը բոլոր՝
Ո՞վ է, ի՞նչի համար, որտեղի՞ց և ինչպե՞ս,
Հնարքները մարտի պարզ են ու անսովոր,
Ինչ ուզում է մարտը, վարվում է հենց այդպես:
Ես արդեն մի ուրիշ գետի մեջ եմ օրերով,
Ուրիշ ջրերով եմ տառապում ու թրջվում,
Ինչպես պիտի անցնեմ երկնային դռներով,
Երբ ժամանակի մեջ թևերս են սառչում:
Մի՞թե բավական չէր, ինչքան ես ճախրեցի
Եվ ինչքան դարդ տարա, բավական չէ՞ր արդյոք,
Մոռացության ցեխով հարցը ես փակեցի,
Հիշողության բոլոր անցքերը՝ ցավոք…
Դարձել եմ ավելի իմաստուն ու խելոք,
Էլ երազանքներին չեմ հավատում բնավ,
Չեմ հասկանում, ինչու ես տխրում իրոք,
Իմ անցյալին հառած հիշողությամբ իմ լավ:

Խաթունա ՇԱՎԳՈՒԼԻՁԵ
ԹԲԻԼԻՍԻ
Դու ես ինձ այս կարոտը տվել,
Ինքդ ես աչքերս լցրել արցունքներով,
Թբիլիսի՛, երգելով եմ քեզ հասել,
Բայց չեմ կարողանում քեզ գրկել ձեռքերով:
Քեզ համար եմ հնչեցրել քնարիս լարերը
Եվ նվիրել եմ որպես սիրո վճար:
Ուզում եմ քեզ համար հորինել բառերը,
Թբիլիսի՛, իմ հոգու սրբազան տաճար:
Ես վշտերի հետ կգամ իմ տիրակալ,
Հանգստանալու ցանկությամբ միայն,
Դու միշտ եղել ես իմ բախտի գահակալը,
Իմ փնտրած ու գտած թալիսման:
Քո լույսերը չեն մարելու բնավ,
Վերսալի և Փարիզի նման,
Հավերժ կշողա Մթածմինդան
Ու Մետեխին արևի նման:
Մտքով եմ քո հին փողոցներով անցնում,
Երանությամբ տեսնում եմ աչքերով,
Ասես դարերի միջով եմ ճախրում,
Եվ ասես մոմ եմ վառում իմ ձեռքերով:
Գորգասալի հինավուրց ժամանակն էր,
Արմատներդ ձգվում էին հողագնդի խորքը,
Զեփյուռ էր, ասես, փասիանի թևերով,
Երբ ծնվեց Թբիլիսի մեր քաղաքը։

Ջիմշեր ԲԵԴԻԱՆԱՇՎԻԼԻ
ՄԱՅՐԻԿԻՍ
Դու լռում էիր ոչինչ չասելով,
Անցյալն էր գուցե կողքովդ անցել,
Թվում էր՝ կյանքի կապույտ էկրանով
Անցյալն է եկել, անձայն հեռացել:
Գուցե մարմինդ գունատ էր, համակ,
Հին զանգերն էին հնչում երևի,
Եվ քունքերիդ մոտ՝ մազերդ ճերմակ
Ուրվականի պես աննկատ էին:
Սուրբ էր քո դեմքը, անչափ պաշտելի,
Մխիթարությամբ՝ անչափ սրտամոտ,
Իմ երազի մեջ անչափ սիրելի
Նստած էիր դու մահճակալի մոտ:
Սիրտս ուզում է լավատես լինել,
Քեզ ցանկանում եմ անմահ կյանք, գալիք,
Սրբերի մեջ եմ քո դեմքը տեսնում,
Իմ շատ սիրելի՛, գեղեցի՛կ մայրիկ…

ԵՍ ԽԱՆԴՈՒՄ ԵՄ
Իմ սիրելի՛, ես խանդում եմ արևին,
Որ շոյում է բազուկներդ մերկացած,
Չարաճճի ու ձանձրալի այդ քամին,
Ում կսպանեմ այս դանակով իմ սրած:
Ես խանդում եմ այս մայիսյան անձրևին,
Որն անզուսպ փաթաթվում է մարմնիդ,
Կպատժեմ այդ անամոթ լկտիին,
Կբարձրանամ, սուր կխրեմ կողերիդ:
Ծովի ալիք, խոր շունչ կառնի դեռ օդը,
Քեզ կգրկի, պինդ կսեղմի իր կրծքին,
Ախր հիմա ես դարձել եմ շատ խանդոտ,
Չեմ հանդուրժում ծովածավալ քո կրքին:
Ես խանդում եմ քո անկողնուն, վերմակին,
Քեզ գրկում եմ ամբողջ գիշեր ու սիրում,
Պատուհանից քեզ նայում է մի լուսին,
Սովորույթ է, գիշերներն է քեզ փարվում:
Ես ուզում եմ թևերս տալ երազիս,
Քեզ մեղմորեն կպառկեցնեմ իմ ծոցում,
Եվ երբևէ, երբ դու իմը կդառնաս,
Միևնույն է, ես ինքս ինձ կխանդեմ…

Լելա ՄԵՏՐԵՎԵԼԻ
***
Խոտերը վեր են ելել՝
Հնձվորը գերանդին է սրում,
Ուրախ կլինեմ քեզ տեսնել
Հանդիպակաց կողմում:
Շուտով կարմիր կակաչը կծաղկի,
Դաշտի գեղեցկությունը կդառնա,
Այն գետի մեջտեղում չի լինի,
Եթե քո աչքին նախապես չերևա…

Քեթևան ԴՈԼԻՁԵ
ԱՐՇԱԼՈՒՅՍԻՆ
Աշխարհը շնչում է արշալույսով,
Մթնշաղը լցված է թռչյուններով անհամար,
Ես տալիս եմ քո անունը զառանցանքով՝
Ձեռքերս արշալույսով տաքացնելու համար:
Ահա դողացին թփենու տերևները,
Քամին թևերով բախվեց գիշերային բուին,
Ես վախենում եմ դուրս կվազեն ոտքերս,
Իսկ հողաթափերս կմնան շեմին…

Լիանա ՍԱՄԱԴԱԼԱՇՎԻԼԻ
ԱՇՈՒՆ
Արևը որբ թողեց մթնող մայրամուտին,
Սև հագավ երկինքը, դառը արցունք թափեց,
Տխուր թախիծը պատեց չինարի ծառին,
Իր թմբուկ, շեփորը քամին նվագեց,
Երկնքում երամը խավարում հայտնվեց,
Հարսնազգեստ հագավ գագաթը սարի,
Մերկացող ծառի տակ տերևները թափեց,
Քամին ցանկանում էր նրանց ցանցով բռնի:
Կուտակված ամպերը երկինքը փակեցին,
Ծանր շնչում են մերկ, սառցապատ քարերը,
Ես ոտքս դնում եմ ցրտող աշնան շեմին,
Գնում եմ դեպի ցուրտ ձմռան օրերը:

ՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ ՓՈՓՈԽԱԿԱՆ Է
Ի սկզբանե Հողագնդում
Փոփոխական է ամեն ինչը,
Արուն և էգը զույգ են դառնում,
Լռության է փոխվում աղմուկը:
Աղմկոտ օրը՝ խաղաղ գիշեր,
Արևի շողին՝ գունատ լուսին,
Նույն ամանի մեջ՝ տարբեր համեր,
Նույն կածանում են չարն ու բարին:
Ժամանակը միայն չի կանգնում,
Քանզի պտտվում է Երկիրը,
Ամեն ինչ երկինքն է ստեղծում,
Որով գոյատևում է աշխարհը:

Բաղաթեր ԱՐԱԲՈՒԼԻ
ԽԱՌՆՎԵԼ ԵՆ ԻՐԱՐ ՉԱՐՆ ՈՒ ԲԱՐԻՆ
Խառնվել են իրար թե՛ չարը, թե՛ բարին՝
Դավաճանությամբ ու նախանձով անողոք,
Մենք չենք կարող ապրել սովորույթով նախկին,
Ինչպես ապրում էինք նախկին կյանքի օրոք…
Ո՞վ կպատասխանի այսօրվա փոխարեն,
Ի՞նչ ենք ակնկալում եկող ապագայից,
Խորտակվել է բերդը և ամրոցն արդեն,
Եվ բերդի պաշտպանը չքացել նորից:
Էլ դատավոր չկա, չկա մի հասկացող,
Վաղուց արդեն ոչ ոք չի երևում կարգին,
Քո երազանքները մաքուր, բյուրեղացող
Մնացել են անտեր, սատանայի ձեռքին:
Գիշերը փայլում է լուսնյակի մահիկով,
Ծովը վերածվում է կապուտաչյա դաշտի,
Քեզ կրկին սիրում եմ իմ առաջվա սիրով,
Այնքան վեհ ու այնքան նվիրումով սրտի…

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
Դավիթ Թեդորաձեին
Ալեկո Ջիբլաձեին
Լուսինը բարձրանում էր Ճորոխ գետի վրայից,
Փայլում էր խորհրդավոր գիշերային լույսերով,
Մենք հարբած էինք սիրուց ու գինու թնդությունից,
Մաճախելայից էինք գալիս մենք ընկերներով:
Ծփում էր ծովը մեր դեմ՝ փրփուրի վիրակապով,
Նա փաթաթում էր նորից իր քարքարոտ ափերը,
Գիշերվա մթնշաղին Սարփին էր երևակվող,
Որպես տխրություն, մի ցավ… Ռելիկվիա:
Քամին ոռնում էր ցավոտ, և քամու տխրությունը
Տարածվում էր մեր շուրջը՝ ձգվելով դեպի երկինք,
Եվ այս գեղեցիկ պահին Հայրենիքից բացի,
Մենք ուրիշ հարստություն, իհարկե, չունեինք:

Թամար ԳԱԲՐՈՇՎԻԼԻ
ԱՐՁԱԳԱՆՔ
Ես քեզ կարոտել եմ, երբ գարուն է արդեն,
Քանզի ունենում եմ արբենալու կարիք,
Երբ դեղձենու կարմիր բողբոջները պայթեն,
Ճերմակ գագաթներին կիջնի ձյունը գալիք:
Երբ արձագանքը մեր ականջներին հպվի,
Եվ դու փորձես հյուսել իմ մազերը նորից,
Երկար ծամերիցս կիմանաս երևի՝
ինչքան է անցել մեր վերջին հանդիպումից:

ՍԻՐՏԸ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ԴՐՍՈՒՄ
Օ՜, տիեզերքի դու մեծ Տիրակալ,
Բոլորը սիրտ են հիմա որոնում:
Եվ այդ մեկ սիրտը
Եթե մեր սրտում
Չենք հայտնաբերում,
Եկեք այն փնտրենք
Մարդկության միջև՝
Անտեսանելի կամրջի վրա,
Ինչպես գոյություն,
Սիրո հենարան
Ու ինչպես՝
Փարոս…

Թարգմանությունը՝
Արևշատ ԱՎԱԳՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։