ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ
ՎԱՉԱԳԱՆ ՊԱՊՈՅԱՆԻՆ
ծննդյան 60-ամյակի
առթիվ
«Գրական թերթը» միանում է
շնորհավորանքին
Նրա մեքենան կանգնած էր, բայց դիմացի անիվները առաջ էին պտտվում, ետևի անիվները՝ ետ, մեքենան դոփում էր տեղում, իսկ երկրագունդը պտտվում էր, և այնտեղ, որտեղ նա ցանկանում էր իջնել, երկրագունդը արգելակում էր: Տեղի ունեցավ անսպասելին. երկրագնդի արգելակները խափանվեցին, և երկրագունդը սկսեց պտտվել առանց կանգառի։ Նա զգաց, որ մազերը սպիտակում են, դեմքին կնճիռներ են հայտնվում։ Նա բացեց մեքենայի դուռը, ոտքը դուրս հանեց մեքենայից և ոտքով մի կերպ կանգնեցրեց երկրագունդը: Դուրս ցատկեց մեքենայից և բախվեց երկրագունդը պտտեցնող վարպետին, որն անսպասելի արգելակումից ուշաթափվել էր։ Հարվածից սթափվեց և սկսեց պտտել լիսեռը: Հետո քայլեց պտույտին հակառակ՝ զգալով, որ երիտասարդանում է:
Նրան թվում էր՝ վարագույրները չեն կարող ժպտալ, ուստի երբ ժպիտ էր տեսնում վարագույրների վրա, բարկանում էր և սկսում էր նախատել տիեզերագնացներին: Նրա կարծիքով, տիեզերագնացները այնտեղ՝ երկնքում վառում են իրենց ծխամորճերը և ծխում, իսկ մնացուկը թափում են երկիր, և մնացուկները քսմսվում են վարագույրներին՝ ծալքեր առաջացնելով, այդպես վարագույրներն ասես ժպտում են: Նա բարկացած վերցնում էր փոշեկուլը և շփում վարագույրները: Խոզանակի շփումը խուտուտ էր տալիս վարագույրներին, և նրանք քրքջում էին, որից ապակիները ցնցվում էին, և ցնցումից սենյակը սկսում էր վալս պարել՝ իրեն խոնարհված խնձորենուն փաթաթված։ Ապա մոտենալով աղբարկղին՝ այնտեղ դատարկում էր փոշեկուլի տոպրակը, որ լցված էր վարագույրի մակարդված արտասուքով:
Նրանից հողաթափերը նեղացել էին և պահ մտել խալաթի գրպաններում, սակայն իրենց բամբասկոտության պատճառով գտնվեցին ու պատժվեցին։ Նա հողաթափերին աքսորեց, և նրանք հայտնվեցին հարևան բակում՝ շան բնի կողքին: Շունը, տեսնելով հողաթափերը, փորձեց, և ի՛նչ. երբ հողաթափերը հագնում էր առջևի թաթերին, սկսում էր ելույթ ունենալ արդի ժամանակների և արդի շան կերերի մասին, որոնց պարունակության մեջ հաճախ հանդիպում են համակարգիչներ, որոնք շատ ավելի դժվարամարս են, իսկ երբ հագնում էր ետևի թաթերին, հիշում էր, որ կատուն, որ բնակվում էր կտուրում, խժռել էր իր ֆրակը, որը կարված էր օձի կաշվից: Իսկ երբ շունը հողաթափերը հագցրեց բնին, բունը հանդիսավոր քայլերով գնաց նրա տան ուղղությամբ։
Նա, կտուրի եզրին կանգնած, մտորում էր. ցատկե՞լ, թե՞ չցատկել. եթե պատահի այնպես, որ ցատկելուց վայր ընկնի, և հարվածից երկիրը ճեղքվի, և դու հայտնվես երկրի հակառակ կողմում, և այնտեղ քեզ ինչ-որ անծանոթ լեզվով հարցնեն, թե ինչու Վան Գոգը կտրեց միայն մի ականջը՝ ի՞նչ պիտի ասես, երբ չես հասկանում լեզուն կամ էլ թե ցատկես ու երկիր ընկնելու փոխարեն հանկարծ ելնես վերև, անվերջ ելնես և այնքան, մինչև բախվես մի ինքնաթիռի և ընկնես, և այդպես առանց հանգստանալու, առանց ճաշելու. ընկնե՛ս, ընկնես այնքան ժամանակ, մինչև ինքնաթիռը վայրէջք կատարի, դու էլ նրա ետևից վայրէջք կատարես, սակայն այնքան ձևախեղված լինես բախումից, որ մի ուղևոր, իր ճամպրուկի հետ շփոթելով, քեզ վերցնի ու տանի:
Նա այնպիսի օր էր ծնվել, որ օրացույցում այդ օրը չկար: Նա անվերջ տանջվում էր այդ օրը ճշտելով, բայց ոչ ոք չէր կարողանում հիշել, թե դա ինչ օր էր: Մեկն ասում էր՝ ո՛չ ամսի 31-ը, ո՛չ էլ 1-ը, ո՛չ կիրակի էր, ո՛չ էլ երկուշաբթի, ո՛չ գարուն էր, ո՛չ էլ ձմեռ, ո՛չ ամառ էր, ո՛չ աշուն, ո՛չ էլ ինչ-որ տոնական օր։ Եվ ինչ. նա, չունենալով տոնական օր, չուներ և աստղագուշակի իր նշանը, և ինքն իր համար հորինեց աստղագուշակ՝ իր տան կտուրում բնակվող աղավնին էր: Նա երջանիկ էր և գիտեր, որ աղավնին խաղաղության թռչուն է, և ինքն իր կյանքը խաղաղ կապրի: Եվ իսկապես, ոչինչ նրան չէր կարող ափերից հանել, նա ապրում էր խաղաղ։ Միայն մի միջադեպ փորձեց սեպ խրել նրա խաղաղության դաշտում: Աղավնին սիրահարվեց և ղունղունում էր, նա չհասկանալով աղավնուն՝ կտուրի իր անկյունից դուրս արեց:
Նա ցանկանում էր ունենալ իր լուսանկարը, սակայն չգիտեր, թե ինչ արարողակարգ է լուսանկարվելը, և այդ արարողակարգին նախապատրաստվելու համար գնաց չարխափանի մոտ, որտեղ էլ ճշտեց, որ լուսանկարը ամենախոցելի բանն է, և կարող են լուսանկարով իրեն վնասել: Եվ չվնասվելու համար վերցրեց շինարարի չկոտրվող գլխարկ, հագավ բոլոր շորերը՝ թե՛ ամառային և թե՛ ձմեռային, իր հետ վերցրեց բոլոր հմայիլները, որոնք վաճառվում էին կրպակներում, և ոտքով, չարխափան երկտող արտասանելով` հասավ լուսանկարչատուն: Նա կարմրել էր. քրտինքն անձրևի պես թափվում էր վերարկուի փեշերից: Երբ լուսանկարչատուն չմտած ինչ-որ մի լուսանկարչական գործի սիրահար չխկացրեց, ծանրություն իջավ հոգու վրա, զգաց՝ ինչպես նետի պես լույսի շիթը, ծակելով զգեստը, հասավ մարմնին. նա ուշաթափվեց: Նրա հեռուստացույցը էկրանով շրջված էր դեպի պատը և հեռու էր պատից ընդամենը 3 սմ, իսկ հեռուստացույցի ետևում հայելին էր: Նա սիրում էր հեռուստացույցը միացնել երեկոյան ուշ ժամերին, երբ եթերն առավել ազատախոհ էր: Նա միացնում էր հեռուստացույցն ու մտնում դերի մեջ. նախ լուրերի հաղորդավար էր՝ մեկ էլ փոխվում էր ավանակի, մեկ տանկի, մեկ հրդեհ էր և այդ ամենը հասցնում էր՝ հայելուց չկտրվելով: Իսկ առավոտյան, երբ արթնանում էր կեսժամյա քնից, այն ամենն, ինչ ուներ, տանում էր աղբարկղ, և միայն հեռուստացույցն ու հայելին էին մնում տանը, իսկ ինքն անգործության էր մատնվում մի ամբողջ տարի:
Նա հասցնում էր այդ տարում նորից գնել կահկարասի և զանազան պարագաներ: Վերջերս ճշտել էր, որ ապրելուց զատ կա նաև մահ և այդ իմանալով նույնիսկ մասնակցել էր մի երկու հուղարկավորության: Նա վճիռ էր կայացրել. կամաց-կամաց ձեռք բերել թաղման համար բոլոր պարագաները և սկսել դագաղից: Նա ոչ թե պայտերից մեխելով էր պատրաստել դագաղը, այլ հյուսել էր ուռենու ճյուղերից: Նախ սկսեց այն բանից, որ դագաղը նախագծեց հինգհարկանի՝ առաջին հարկում տեղավորելու էր երազները, որպեսզի այն աշխարհում ուրիշ աշխարհ էլ ունենար, երկրորդում պետք է լինեին սառնարանը, լվացքի մեքենան, գազօջախը և այլ պարագաներ: Երրորդը պետք է դատարկ լիներ՝ հյուրեր ընդունելու համար: Չորրորդում տեղավորելու էր մտքերը, խոհերը և դաշնամուր, իսկ հինգերորդում պառկելու էր ինքը: Ամեն ինչ լավ էր, միայն թե մոռացել էր հարկերը բաժանող ծածկերը նախագծել:
Նա ճշտել էր. երբ գալիս է գարունը՝ ծառ են տնկում, հող մշակում, ծաղիկ ցանում… Նա պատվիրեց ծաղկի զամբյուղ: Զամբյուղները բերեցին, զամբյուղում գտնվող ծաղիկներին նույնիսկ բացիկներ էին ամրացված: Նա իր դռան դիմացի հողամասը փափկեցրեց և հինգ փոքրիկ փոսիկներ փորեց, իսկ փոսիկներում տնկեց զամբյուղները: Նա զամբյուղները ջրում էր օրվա մեջ երեք անգամ։ Նույնիսկ պարարտացրեց և մշակեց թունաքիմիկատներով: Արդյունքը երկար ժամանակ սպասեցնել չտվեց, զամբյուղները օր օրի մեծանում և փարթամանում էին, և ընդամենը երեք ամիս հետո զամբյուղներն այնքան էին մեծացել, որ իրար հրմշտում էին։ Բայց դժվար էր բացիկների հարցը. նրանք այնքան էին ընդարձակվել, որ ընթերցելու համար անհրաժեշտ էր գնալ-հասնել քաղաքի ծայրը:
Նա դիմեց հանդիսավոր տոնով.
– Տիկնա՛յք և պարոնա՛յք, բոլորովին վերջերս ես ճշտեցի, որ ես երեկ 35 տարեկան էի, իսկ այսօր՝ 34, երեկ կշռում էի 75 կգ, այսօր՝ 73 կգ, երեկ իմ հասակը 1850 մմ էր, իսկ այսօր 1մ 75 սմ է: Եվ գիտե՞ք, թե ինչու է այդպես, որովհետև այսօր հիշեցի, որ մի ամբողջ տարի տարված էի ինչ-որ գործերով, որոնք ինքս էլ չգիտեի՝ ինչ գործեր են… Հետո մի տարի էլ պահանջվեց ճշտելու՝ ես ի՞նչ էի անում անցյալ տարի, և այսպես մի ամբողջ տարի էլ ճշտում էի, թե քանի՞ տարեկան կլինեմ մեկ տարի հետո, և ի՛նչ. ես ճշտեցի, որ այսօր 34-րդ գարունն եմ ճանապարհում դեպի իմ աչքերի անդորրը. թող այնտեղ նրանց համար զով լինի և արևային:
Նա գրպաններում անվերջ ինչ-որ բան էր փնտրում, փնտրում էր այն, ինչ ինքը չէր դրել այնտեղ, սակայն միշտ ինչ-որ բան գտնում էր: Վերջերս գրպանում նույնիսկ համակարգիչ էր գտել։ Նա ընդհանրապես չէր սիրում նման բաներ։ Նրա համար համակարգիչը բռնի ուժ էր, որն իրեն պարտադրում էր լինել պարտադրված, չէր սիրում համակարգիչ նաև այն բանի համար, որ ճաշ եփել չգիտեր, գիտեր բամբասել, բայց չգիտեր լվացք անել: Համակարգիչը նա կորցրեց գրպանում, թեև շարունակեց փնտրել և գտավ ավտոմեքենա: Առանց վարանելու կարգի բերեց մեքենան, նստեց ղեկին, շարժիչը գործի դրեց և դեռ 200 մետր չանցած՝ կանգնեցվեց պետավտոտեսուչի կողմից։ Նա իջավ մեքենայից, մոտեցավ տեսուչին, երբ վերադարձավ՝ մի արծիվ ճանկերի մեջ պահած տանում էր ավտոմեքենան:
Նա երբեք չէր եղել երկրպագու և չգիտեր, թե ինչ է զգում նա: Պատահականորեն նա հայտնվեց մարդկանց բազմության մեջ, հոսքը շարժվում էր մարզադաշտի ուղղությամբ: Բազմությունը հոսում էր հորդառատ գետի պես, աղմուկով, և նա աղմուկից այնքան էր շփոթվել, որ զգաց, թե ինչպես ոտքերն անհետացան, հետո անհետացավ իրանը, գլուխը… միայն մնացել էր կոստյումը, որը մարդկանց ձեռքերի վրայով շարժվում էր մարզադաշտի ուղղությամբ։ Երբ մի պահ սթափվեց, զգաց, որ ինչ-որ կոչ է գրված կոստյումի վրա, հետո նկարեց դեմքը, որը ներկված էր բազում գույներով: Շփոթվել էր և հուզմունքից չճանաչեց ինքն իրեն և մինչև հանդիպման ավարտը մնաց այդպես և միայն խաղի վերջում, երբ հոգնած երկրպագուները վազելով, գնդակի պես խաղադաշտ գլորվեցին՝ սթափվեց։ Նա տգեղ էր։ Ամեն օր՝ բարի լույսին, հարևանին ցույց էր տալիս ձու, որ պահում էր ծոցագրպանում:
Այդ ընթացքում պարծենում էր, որ կարողացել է անհրաժեշտ ջերմություն պահպանել գրպանում և շուտով ձվից դուրս կգա մի փոքրիկ հորթուկ, և նա արդեն մարգագետին է գնել հորթուկին արածացնելու համար։ Անցավ քառասուն տարի, և մի օր նա զգաց, որ ծոցագրպանում ինչ-որ բան փշրվում է, սկսեց դատարկել գրպանը: Առաջին հերթին նա դուրս հանեց պատը, որը չափերով չէր զիջում Բաբելոնյան աշտարակին: Հետո դուրս բերեց փայտյա փոքրիկ տնակ և բացեց տնակի դուռը: Այնտեղ ննջում էր մի փոքրիկ, շատ փոքրիկ տիկնիկ: Շփոթվեց։ Հուզմունքից տնակը նետեց անցնող բեռնատարի թափքի ուղղությամբ: Բեռնատարը հարվածից շրջվեց՝ շուռ տալով իր հետ նրա թախիծը: Նա առաջին անգամ, լողանալիս, օգտագործեց բուրումնավետ օճառ, օճառի հոտը ցանկություն առաջացրեց լողանալ շաբաթը մեկ անգամ, հետո օրը՝ մեկ, հետո՝ օրվա մեջ երկու անգամ և ամեն լոգանքի ժամանակ իրեն ծածկում էր օճառի փրփուրով: Նա զգաց՝ ինչպես դարձավ թափանցիկ: Միայն հագուստն էր ցուցանում, որ ինքը կա: Զգալով, որ ոչ ոք նրան չի ճանաչում, նա վաճառատնից գնեց դիմակ, սակայն այնքան էր շփոթված, որ չնկատեց, թե ինչ դիմակ է գնել: Եվ որպեսզի իրեն ճանաչեն, սկսեց մորուք աճեցնել, սակայն մորուքն այնքան երկարեց, որ հաճախ իրենից անկախ մորուքը փաթաթվում էր մեքենայի, հեծանիվի կամ գնացքի ետևից, և նա միշտ հայտնվում էր այնտեղ, որտեղ իրեն չէին սպասում:
Նա որոշեց սափրվել և գողացավ մանգաղը, որը քարե տղամարդը պարզել էր վեր: Նրա փորձերն հաջողությամբ ավարտվեցին: Նա կարողացավ ծառի փչակը դարձնել աթոռ և այնտեղ անցկացնում էր օրվա մեծ մասը: Մի օր էլ այնքան հոգնած էր, որ նստեց աթոռին և քնեց: Քնեց, ինքն էլ չգիտեր, թե ինչքան… Երբ արթնացավ, նկատեց, որ երկրից այնքան հեռու էր, որ իր տունը չափսերով հավասարվել էր տան կողքին մոռացված իր կոշիկներին, և մի պահ տխրեց։ Հետո շատ տխրեց, հետո այնքան տխրեց, որ չնկատեց, թե ինչպես իր դիմաց հայտնվեց սպիտակ ամպը: Նա սկսեց ամպի սպիտակի վրա գրել, գրել այն, ինչ վաղուց ուզում էր գրել, բայց չէր համարձակվում: Նրա տողերն այնքան թախծոտ էին, որ ամպը ծանրությունից փշրվեց, և ամպի ամեն մի կտորը դարձավ մի տառ: Այդ օրը երկիրը սպիտակեց:
Նա վերցրեց դույլով յուղաներկը և ներկեց դարպասը:
Զգաց, որ ինչ-որ բան ձգում է իրեն: Յուղաներկի գույնը կպչունություն չուներ. նա իր սիրո ամբողջ մեկ ամսվա պաշարը զոհաբերեց այս գործին: Զգաց, թե ինչպես դարձավ մածուցիկ, հետո ավելի ջրիկացավ և լցվեց դույլի մեջ: Դույլի միջից յուղաներկը մի քիչ թափվեց: Վրձինը, որ մնացել էր օդում, նստեց քամու ուսին և սկսեց քամու հետ գնալ-գալ, գալ-գնալ։ Երբ քամին դադարեց, դարպասը ներկված էր, միայն նա չէր կարողանում իր ժպիտը թաքցնել: Ժպիտի շնորհիվ դարպասը բազմագույն էր դառնում:
Նա բարկացած սկսեց բացուխուփ անել դարպասն այնքան ժամանակ, մինչև որ այն տեղից պոկվեց ու թռավ։ Երկինքը զարդարում էր մի գունագեղ թիթեռ: Նրա այգում բալենի, խնձորենի, տանձենի կային, կեռասենի, ծիրանենի էլ, թթենի չուներ:
Նրա այգու ծառերին միրգը մնում էր մինչև խոր աշուն: Մի անգամ էլ նա կարասներ վերցրեց և մտավ այգի: Կարասներից մեկը թաղեց խնձորենու, մյուսը՝ տանձենու, երրորդն էլ՝ թթենու տակ։ Երբ խոր աշուն էր, նա բացեց կարասների կափարիչները, և ծառերից հեղուկը ծորաց՝ լցվելով կարասների մեջ: Երբ կարասները լեփ-լեցուն էին, նա կափարիչները փակեց և թողեց այնտեղ մինչև գարուն։ Գարնանը ծառերը ծաղկեցին, սակայն մրգի փոխարեն ծառերի ճյուղերին աճել էին բարակ, թափանցիկ, հյութալի պարկեր, երբ խոր աշնանը նա բացեց կարասները, դրանք դատարկ էին։ Հեղուկը թափվել էր, և ծառերն աճել էին պարկերի մեջ: Նա ցանկանում էր կառուցել այնպիսի պարիսպ, որն այս աշխարհից կառանձնացներ իրեն, և ինքը կունենար իր աշխարհը: Հյուսիսային պատը կառուցեց, այն հասավ երկնքին և նույնիսկ փակեց ինքնաթիռների ուղին: Դժվար էր հարավային պատի կառուցումը: Նա շարքն սկսեց՝ գետնին կանգնած, հետո գնեց օդապարիկ և շարունակեց շարվածքը օդապարիկից: Երբ օդապարիկի վաղեմության ժամկետն սպառվեց, օգնության հասավ ուղղաթիռը, հետո տիեզերագնացները նրա համար ճոճանակ կախեցին լուսնից, և նա աշխատանքը շարունակեց ճոճանակից, այս անգամ ինքնաթիռների թռիչքի համար պատուհան թողեց: Ինքնաթիռները ներս թռան, սակայն ելք չունենալով՝ վայրէջք կատարեցին նրա բակում: Եվ նա զգաց, թե ինչպես իր տարածքը լցվեց ուրիշներով, նա ստիպված փախավ այնտեղից:
Պարապությունից ազատվելու համար որոշեց գնալ մոտակա լճակը՝ ձուկ որսալու, սակայն չգիտեր, թե ձկնորսության համար ինչ պարագաներ են անհրաժեշտ: Նա իր հետ վերցրեց դաշնամուրը, փիլիսոփայության ձեռնարկը և անձնագիրը: Լճափ հասնելուն պես բացեց դաշնամուրը և սկսեց նվագել։ Նվագն այնքան գրավիչ էր, որ ձկները հավաքվեցին ափին մոտ՝ երաժշտություն լսելու: Նկատելով ձկների վտառը՝ նա միանգամից դադարեցրեց նվագելը, ձեռքն առավ փիլիսոփայության ձեռնարկը և սկսեց ընթերցել: Եվ ի՛նչ. ձկների վտառում անհամաձայնություն նկատվեց, և ձկների միջև մենամարտ սկսվեց։ Այն ձուկը, որ վնասվում էր, դուրս էր գալիս լճից առաջին օգնություն ստանալու համար, իսկ նա ձկների վերքերին աղ ցանելուց հետո կախում էր դաշնամուրից, որպեսզի բուժվեն: Նրան ամառանոցի հետ նվիրել էին նաև փեթակ, որում բնակվում էր ընդամենը մեկ մեղու: Մեղուն առավոտյան արթնանալով՝ դուրս էր գալիս փեթակից և թռչկոտում էր ծաղկից ծաղիկ, ծառից ծառ, թփից թուփ, կտուրից կտուր, երկրից երկիր, մոլորակից մոլորակ, բայց հասցնում էր ճաշին լինել տանը: Ճաշելուց հետո մեղուն քնում էր մինչև ընթրիք, ընթրիքից հետո նորից թռվռում էր: Օր օրի մեղուն մեծանում էր, և ստացվեց այնպես, որ մեղուն չէր տեղավորվում փեթակում, և նա մեղվին բերեց տուն, նույնիսկ իր անկողինը տրամադրեց մեղվին:
Մեղուն երկու օր անց վռնդեց նրան, որպեսզի ազատվի ավելորդ ուտող բերանից: Նա տեղավորվեց փեթակում, սակայն երկու շաբաթ անց մեղուները նրան դուրս արեցին՝ ասելով, որ նա բոռ է։ Նա բացեց ճամպրուկը, բացեց, նորից բացեց, ևս մեկ անգամ. մի քանի անգամ էլ բացեց, և իր դիմաց տուն հայտնվեց, նա դռնից ներս մտավ և ի՜նչ տեսավ` կահույքի մի մասը ճմռթվել էր, ապակիները դարձել էին անթափանց, սառնարանը, լվացքի մեքենան և գազօջախը մի անկյունում սեղմվելուց դարձել էին ինչ-որ ընդհանրական սարքավորում, ինչն այդպես էլ անհասկանալի մնաց նրան: Նա բացեց դռնակը, որ լվացքի մեքենայինն էր, և այնտեղ գցեց նրբերշիկը: Հոգնած էր, գնաց քնելու: Արթնացավ բավականին ուշ և մոտեցավ սարքավորմանը. բացեց դռնակը և այնտեղից դուրս հանեց անդրավարտիքը, որ կարված էր նրբերշիկի թաղանթից: Նա նա էր, քանի որ նա նա էր, նա չէր կարող նա չլինել: Եվ նա գիտեր և գիտեր նաև երեք օտար լեզու և գիտեր նաև, որ իր իմացած օտար լեզուները միայն ինքը գիտեր և երբ ուրիշների ներկայությամբ ինքն իրեն ուզում էր ինչ-որ գաղտնիք հայտնել, օգտագործում էր իր իմացած լեզուներից մեկը: Սակայն շատ հաճախ ուրիշները հասկանում էին, թե նա ինչ գաղտնիք գիտեր, և մի երկու օրից այն դառնում էր բոլորինը։ Ամեն մեկը հորինում էր իր լեզուն, որպեսզի ոչ մեկը չիմանար մյուսի գաղտնիքը, և այսպես, երկու ամիս անց ամբողջ տարածքի բնակիչներից յուրաքանչյուրն ուներ իր լեզուն, որը նրանից բացի ոչ մեկը չէր հասկանում։ Այսքան գաղտնիք իմանալուց հետո սկսեց դանդաղ նիհարել և նմանվել արխիվային տետրի:
Տան խորքում ուներ մի սենյակ, որը կալանավայր էր սարդերի համար: Սարդերը աշխատում էին օրվա մեջ տասներկու ժամ, իսկ նա սարդերին կերակրում էր օրվա մեջ մեկ անգամ: Կերակուրը պատվիրում էր լավագույն ռեստորանում և միշտ տապակում էր խրտվիլակ:
Սարդերը նրա համար գործում էին տարբեր հագուստներ. վերնաշապիկ, տաբատ, գլխարկ, ներքնազգեստ: Եվ միշտ, երբ նա հագնում էր այս շորերից որևէ մեկը, դառնում էր զսպանակի նման։ Ձգվում էր և այնքան կարող էր երկարել, որ երկրագունդը նրա համար դառնում էր մի գունդ, իսկ ինքը փաթաթվում էր, կարող էր այնքան փաթաթվել, որ երկրագունդը դառնար թելի կծիկ: Բայց զգալով, որ իրեն կոխկռտելով անցնում են մարդիկ, մեքենաները, գնացքները, կծկվում էր և նորից վերադառնում իր նախնական վիճակին։
Նրա համար անձրև տեղաց և չդադարեց: Ուղիղ 33-րդ օրը նա դուրս եկավ տնից և սկսեց անձրևային լոգանք ընդունել։ Հրա՜շք էր. կարող էր լոգանք ընդունել 72 ժամ անընդհատ, և ո՛չ ջուրը կկտրվեր, ո՛չ էլ ինչ-որ ուրիշ բան: Երբ լրացավ 72 ժամը, գրպանները զննելիս նկատեց, որ իր հագուստից մնացել են միայն գրպանները, որոնք լցված են ջրով: Յուրաքանչյուր գրպանում այնքան ջուր կար, որ այնտեղ լողում էին երկու մոտորանավակ, մեկ մեծ նավ և մի քանի նավակներ՝ ջրի մակերեսին, իսկ ընդերքում լողում էին ձկներ, կոկորդիլոսներ, շնաձկներ և նույնիսկ մեկ գետաձի: Զգալով, որ գրպանների ծանրությունից չի կարող շարժվել, հագից հանեց գրպանները և դատարկաձեռն գնաց։
Նա կանգնում էր արտի եզրին և մտորում էր, երբ ուսին իջավ մի հոգնած ճանճ, որը հոգնածությունից նույնիսկ մոռացել էր իր անունը, բայց նա հո՛ հիմար չէր, որ նրան հենց այնպես բաց թողներ: Եվ նայեց ճանճի աչքերի մեջ, այնքա՜ն խորը նայեց, որ տեսավ` ինչպես են պինգվինները նետվում ջուրը։ Ճանճը, հասկանալով նրա միտքը, ցանկացավ թռչել, բայց փորձն ապարդյուն անցավ։ Ճանճը լծվում էր, և պետք էր վարեր արտը կես օրում: Եթե գործը երկարացներ, կարժանանար պատժի, ստիպված կլիներ երեք օր անընդմեջ իր ինքնանկարը նկարել կարապի թևերին, բայց այնպես, որ երբ կարապը օդ բարձրանար և թափահարեր թևերը, ներքևից դիտողներին երևար որպես օդում մոլորված ճանճ, որը նստում է նրա ուսին: Նա այնքան մտախոհ էր քայլում, որ չնկատեց՝ ինչպես մի սեխ փաթաթվեց ոտքին։ Նա ընկավ և ճակատով բախվեց երկրին: Երկրագունդը մի պահ ցնցվեց, հետո այն մասը, որ բախվել էր ճակատին, ճեղքվեց, և որպեսզի ազատվի իր նախատինքներից, վերցրեց խողովակի մի մեծ հատված, նրանից պատրաստեց ասեղ, իսկ թելի փոխարեն վերցրեց հեռախոսագծի մալուխը և սկսեց կարել ճեղքվածքը: Սակայն մալուխն այնքան շատախոս էր, որ երկրագնդի կարվածքը բորբոքվեց, և ինչ-որ հեղուկ հոսեց կարվածքից: Նա գիտեր, որ նման դեպքերում լավագույն միջոցը դեղաբույսերն են, և եզան լեզվի արմատներ տնկեց այնտեղ: Ամեն ինչ բարեհաջող ավարտվեց. երկրագունդը դանդաղ նվազեց:
Նա գարնանային մի գեղեցիկ օր իր հողամասում վարդի թուփ տնկեց: Թուփը ջրում էր միայն այն օրերը, երբ գիշերները երազ էր տեսնում, և պարտադիր՝ գունավոր: Եվ թուփն աճեց, աճեց և սկսեց ճոխանալ, իսկ վարդի փոխարեն թփի վրա հայտնվեց մի զանգված, որը նմանվում էր ավտոմեքենայի: Ժամանակի հետ ավտոմեքենան այնքան բացվեց, որ չափերով չէր զիջում իսկական ավտոմեքենային: Նա այն պոկեց թփից և տեղափոխեց իր ավտոտնակ. շարժիչը յուղեց, ավտոդողերում օդի ճնշումն ավելացրեց, ղեկը փոխեց, տեղադրեց այնպիսի ղեկ, որն ինքնապտույտով էր, նույնիսկ նստեց ղեկին, շարժիչը գործի գցեց, մեքենան շարժվեց և անկախ նրա ցանկությունից գնաց այն թաղամասը, որտեղ բնակվում էր մի գեղեցիկ օրիորդ, և այսպես անընդհատ…
Նա չգիտեր, որ թռչունները ժպտում են, և խղճում էր նրանց: Մի օր, երբ մտքերը կիսում էր իր ուսին նստած ագռավի հետ, ագռավին չզարմացրեց, որ նա այնքան քիչ է տեղեկացված. նրան մի անեկդոտ պատմեց. անեկդոտը արագիլի մասին էր, որը միշտ կոշիկ էր պատվիրում մի ոտքի համար, երկրորդ ոտքի համար ափսոսում էր գումար ծախսել, առավել ևս երբ վերջերս ավանակի աջ ականջը դարձել է դեֆիցիտ, իսկ ձախ ականջից կարված կոշիկը շուտ էր մաշվում: Նա հասկանալով, թե խնդիրը որն է, որոշում կայացրեց այլևս կոշիկներ չհագնել, քանի որ ավանակները հիմա առաջվանից ավելի նիհար են, և հաստատ նրանց կաշին ավելի նուրբ կլինի, և նա այդ պատրվակով հրաժարվեց ագռավի հետ ընկերություն անելուց:
Նա իր բնույթով սնահավատ էր և ամեն անգամ սև կատու տեսնելիս պտտվում էր աջ կողմի վրա երեք անգամ, որից գլուխը պտտվում էր, և բախվելով ինչ-որ պատի կամ առարկայի, մնում էր ոտքի վրա: Եվ որպեսզի նման պատահարներից խուսափի, քաղաքի միակ սև կատվին բռնեց և բերեց իր տուն ու փակեց նրան սենյակում: Կատուն իրեն պահում էր շատ հանգիստ, միայն գիշերները ինչ-որ բան տանջում էր նրան, իր տունը դառնում էր կատու և սկսում էր վազվզել, իսկ երբ ետևից շներն էին ընկնում, կատուն թռչկոտում էր տանիքից տանիք, իսկ նա մե՛կ ընկնում էր անկողնուց, մե՛կ հայտնվում էր անկողնում և առավոտյան արթնանում էր կապտուկներով:
Նա առավոտից զբաղվում էր թվաբանական գործողություններով: Հոգնածությունը փարատելու համար դուրս ելավ ճեմելու: Թատերական հրապարակը հատող փողոցից նրան մոտեցավ 4-ը, և նա այն բաժանեց 2 մասի, և 4-ը չհասցրեց նրան նույնիսկ ողջունել։ 7-ը, երբ ձեռքը երկարեցրեց ողջունելու, մի կապտաթև թիթեռնիկ իջավ ափի մեջ և նրան քարշ տվեց դիմացի գարեջրատուն՝ խոստանալով 7-ին լավագույն գարեջուրը հյուրասիրել: 22-ը և 3-ը նրան նկատելուն պես մոտեցան և դիմեցին հարցով. եթե 3-ը չի բաժանվում 22-ի, այլ բազմապատկվում է՝ համբուրվելու փոխարեն նրանք կարող են մոտակա մթերային խանութից ծամոն գնել և ծամել այնքան ժամանակ, մինչև համբուրվելու անհրաժեշտությունն անցնի:
Նա ձանձրացել էր թղթադրամներն իր մոտ պահելուց։ Նրան ձանձրացրել էին նույնիսկ իր դիմանկարով թղթադրամները: Նա գիտեր երևի, որ իր թղթադրամներով հնարավոր չէ նույնիսկ պաղպաղակ գնել, և իր հետ քարշ էր տալիս իր ստվերը։ Գնումներ կատարելիս նա ցույց էր տալիս իրենից առաջ ընկած ստվերին և ասում էր՝ նա կվճարի, իսկ վաճառողներն էլ հավատում էին և միայն գնած ապրանքի փաթեթն էին տալիս: Դատարկ փաթեթով տուն չմտնելու համար նա իր ստվերին խնդրում էր մտնել փաթեթի մեջ և նմանակել գնված առարկային:
Ստվերը հնազանդվում էր, և մի օր էլ, երբ հյուր էր գնալու, նա վերցրեց դատարկ փաթեթներից մեկը, ստվերին խնդրեց, որ մտնի այնտեղ, և փաթեթը ստվերով տարավ նվեր: Ինքը առանց ստվերի մնաց։
Նա վերջերս կարդացել էր՝ «տվեք ինձ հենման կետ, և ես շուռ կտամ երկիրը»։ Նրան հանգիստ չէր տալիս այն միտքը, որ երբևէ շուռ է տալու երկիրը… Նրա կարծիքով, ամեն ինչ շուռ կգար, և միայն ինքը կմնար սովորական դիրքով: Շուռ կգա խնձորենին, և էլ կարիք չի լինի ծառ բարձրանալ խնձորը հավաքելու, շուռ կգան կովերը, և նրանց էլ կթելու կարիք չի լինի, կաթը շատրվանի պես կցատկի: Նա գտավ հենման կետ. դա կնոջ արձանն էր, որ գտնվում էր քաղաքային այգու կենտրոնում: Նա հենվելու էր նրան, և ինքը կլիներ հենման կետ: Ահա և երկիրը, նա գտավ նաև երկրի այն մասը, որտեղից հեշտ կլիներ շրջել երկիրը. դա շատրվանի պատն էր: Բացակայում էր միայն սարքը, որի օգնությամբ շուռ կտար: Եվ գնաց սարք արարելու:
Նա այնպիսի հոգեկան քաոսի մեջ էր, որ ցանկացավ կիսվել որևէ մեկի հետ: Եվ այդ մեկը առաջին պատահած մարդաբոյ տուֆից արձանն էր՝ հենված բարդուն: Նա շոշափեց արձանը. ոչ մի անսովոր բան, արձանը բոլոր արձանների պես էր, միայն թե սրա աչքերը կապույտ էին: Նա սկսեց արտահայտվել՝ ամեն ինչում մեղավոր համարելով արձանին. նա հայհոյում էր նրան և ապտակում քարե այտերին, և այդպես այնքան, մինչև ձեռքերը սկսեցին ցավել, նույնիսկ արյան բծեր երևացին: Նա գործն ավարտած համարելով՝ արդեն հեռանում էր, երբ մի աքացի զգաց հետույքին։ Շրջվեց. արյունը կանգնած էր այնպես, ինչպես որ կար, միայն աչքերի գույնն էր փոխվել, և նա բարկացած գոտեմարտի մեջ մտավ նրա հետ: Եկավ ոստիկանության մեքենան, նրանց երկուսին տարան բաժանմունք։
Երբ առավոտյան արթնացավ, ցանկացավ սովորականի պես ինքն իրեն բարի լույս մաղթել, սակայն նրան չհաջողվեց. նա փորձեց նորից, սակայն անհաջող, և նա ճշտեց՝ կորցրել էր, կամ էլ առևանգել էին իր ձայնը. նա առավել հակված էր երկրորդ տարբերակին։ Նա գտավ ելքը. ինքն իր հետ շփվելու համար ապավինեց ներքին ձայնին, որը նրան հուշեց՝ չի կարող դիմել մասնավոր խուզարկուի, քանի որ չի կարողանա նրան պատմել եղելությունը։ Եվ նա պրպտեց հիշողությունը՝ ինչպես կարող էր դա տեղի ունենալ. հիշեց երազի այն հրեշին, որի գլուխն իր գրասեղանն է, իսկ պոչը՝ պատուհանից այն կողմ ծաղկած խնձորենին: Եվ նա պառկեց քնելու, որ մենամարտի նրա հետ:
Նա ցանկացավ նամակ գրել, կարևոր չէր՝ ում։ Եթե ոչ մեկը չցանկանար ուղարկած նամակը ստանալ, նա կուղարկեր ինքն իրեն: Նման պատասխանատու աշխատանքը սկսելուց առաջ նա վերցրեց սպիտակ թուղթը, կողքին դրեց գրիչ, իսկ ինքը դուրս եկավ դիմացի մայթի խանութ՝ մտքեր գնելու: Գնումներից հետո, երբ մտավ տուն, մոտեցավ թղթին, նկատեց, որ գրիչը թղթի վրա ինչ-որ մտքեր է շարադրում: Իր գնած մտքերը տեղավորելով սառնարանում, սկսեց քայլել գրիչի ետևից. ընդամենը մնացել էր 3 մ գրելու, որ նամակն ամբողջանար, երբ գրիչի մտքի թելը կտրվեց: Նա գնաց դեպի սառնարան՝ իր գնած մտքերը բերելու, որ նամակն ավարտի: Մտքերը ցրտից կռկվել էին և կորցրել իրենց նախնական իմաստը:
Նա երկար թափառեց քաղաքում. ուղիղ մեկ տարի, և համոզված էր, որ արդեն բոլորին ճանաչում էր, թեև ինչ-որ մեկը կա, ում դեռ չի ճանաչում։ Նա մոտեցավ տաքսաֆոնին և հավաքեց այնպիսի հեռախոսահամար, որպիսին ոչ մեկը չուներ, և նրան էլ այդպես էր թվում, սակայն լսափողի անդորրը խախտեց կանացի քաղցրիկ ձայնը։ Ձայնը, իրոք որ, անծանոթ էր, սակայն այնքան գրավիչ էր, որ հնազանդվեց:
Լսափողը մոտեցրեց շուրթերին և զգաց կանացի շուրթերի փափկությունը. նրանց պարուրում է ելակով շրթներկի համը։ Հետո լսափողը սահեց ամբողջ մարմնով: Նա չզգաց, թե ինչպես կիսով չափ խրվել էր լսափողի մեջ, ինչպես երկու տղամարդ նրան դուրս քաշեցին լսափողի միջից։
Նա ոչ մի կերպ չէր կարողանում գործերը կարգի գցել. նրան թվում էր, որ ինչ-որ խոշոր անհաջողություն հետապնդում է իրեն: Եվ մի երեկո նա գտավ այն, ինչ շղարշում էր իրեն։ Նա դա առաջինը տեսավ խոհանոցում։ Թվաց՝ լաթի կտոր է ընկած գետնին. կռացավ, որ վերցներ, բայց լաթը միանգամից փախավ և հասցրեց խցկվել օդանցքի մեջ: Նա որսալու համար իրար վրա շարեց երեք աթոռ և դրանց վրա դրեց թակարդը, իսկ որպես խայծ օգտագործեց իր արցունքներից երեք կաթիլ: Հաջորդ օրը բարձրացավ, որ ստուգի թակարդը, անհաջողությունը, խաբվելով խայծին, բռնվել էր թակարդից, սակայն այն անթափանցիկ էր, և նա դա չնկատելով՝ թողեց տունը:
Նա անտարբեր չէր կարողանում անցնել հացի փռերի կողքով. նրա համար փռում եփվող հացի բույրը մի երևույթ է, որն իրեն օգնում էր լիցքեր հավաքել մի ամբողջ օրվա համար, և այդ ամբողջ օրը նա կարող էր նույնիսկ առանց մի կալորիայի ապրել: Նա մի ամբողջ շաբաթ գնալու էր սարերը և որպեսզի կարողանար լիցքավորվել, մի ամբողջ շաբաթ որոշեց անձամբ հաց թխել։ Քանի որ լուսինը սպիտակ էր, նրան թվաց, թե լուսինը մի հսկայական պարկ է ալյուրի, և իր տան կտուրին դրեց ալրմաղը, որը քամու հետ շարժվելով, մաղեց լուսնի ալյուրը, որն իջնելով ջրհորդանով՝ խառնվեց անձրևին. իջնելով խմորը հունցվեց և ընկավ ուղիղ նրա դիմաց, և արևի ճաճանչները նրա արցունքների արտացոլանքով սկսեցին պարուրել խմորը: Հացը եփվելով ընդգրկեց տունը:
Նա վերջերս թերթերում շատ էր կարդում թռչող ափսեների մասին և մի ամբողջ օր թափառեց ամբողջ քաղաքում, մինչև գտավ և գնեց ամենամեծ ափսեն: Այդ ափսեի մեջ ինքը կարող էր տեղավորվել՝ ոտքերը ծալած։ Միայն մնում էր թռիչքագոտու ընտրությունը կատարել, և նա գտավ. դա քաղաքի ամենաբարձր շենքն էր, և ափսեն թևի տակ բարձրացավ շենքի կտուրը, որի թեքությունը լիովին բավարար էր, որ ափսեն արագություն հավաքեր: Նա նստեց ափսեի մեջ և թռավ, ամեն ինչ հաջող էր, միայն թե ափսեն խափանվեց և մնաց կանգնած օդում: Երեկոյան, երբ նա արդեն մրսում էր և հոգնել էր, ափսեի կողքից մի ասուպ անցավ, որին էլ նա հասցրեց կառչել և վայրէջք կատարեց օտար վայրում:
Նա ցանկացավ մի քանի օրով դուրս գալ տնից և գնալ այնպիսի տեղ, որտեղ ոչ ոք չկա, և ինքը կարող է այնտեղ անել, ինչ սիրտն ուզի. ցանկության դեպքում նույնիսկ արքա դառնալ, դրա համար վերցրել էր անգամ համապատասխան զգեստներ և վարձույթի սրահից մեկ շաբաթով մի դղյակ, որն իր չափսերով չէր զիջում Բուքինհեմյան դղյակին, վերցրեց նաև արքունի կահկարասի, վարձեց արքունի աղմուկ և իհարկե թագուհի, միայն թե թագուհին այնպիսի երկրից էր, որ նրան ոչ ոք չէր հասկանում: Այս ամենը շալակեց և գնաց. մեկ տարի անց տեղ հասավ, երբ այս ամենը տեղավորեց, տեսավ, որ ինքը միայնակ չէ: Ամեն ինչ խանգարում էր. թողեց և փախավ։
Նա փախավ, փախավ և ընկավ Ադեհփոնթի երկիրը. այս երկիրը ամբողջովին կարմիր էր, և միայն տներն էին կանաչ: Կանաչ էին, որովհետև աճում էին գետնից, ամեն տարի՝ մի հարկ. ամենաբարձր շենքն ուներ մի ալ կարմիր բարդու բարձրություն, իսկ ալ կարմիր բարդին չի կարող ցածր լինել. նա դա լավ գիտեր, քանի որ նրանք իրենց գույնը վերցնում էին մայրամուտից:
Նա իր ճանապարհը շարունակեց թռչող ջութակների երկրով: Երկիրը սովորական երկիր էր, ոչնչով չէր առանձնանում այլ երկրներից, հաշվի չառավ այն, որ այս երկրի ծառերը մետաղից էին, իսկ ճյուղերը՝ մետաղալարերից: Այս երկրում յուրաքանչյուր բնակիչ ուներ իր ջութակը և իր ծառը, իսկ ոստիկաններն այս երկրում ունեին կիթառներ, և ծառերին փոխարինում էին թփեր, իսկ պաշտոնյաները տարբերվում էին նրանով, որ թավջութակ էին նվագում. ջութակները թռչելով էին նվագում՝ ճյուղերին հպվելով. այս երաժշտությունից գերված՝ չհասկացավ՝ ինչպես դուրս թռավ երկրից:
Նա չէր պատկերացնում, նա չէր երազում, նա չէր մտածում, որ վայրէջք է կատարել տխուր մարդկանց երկիրը: Այս երկրում բոլորը երգում էին, իսկ նրանց նվագակցում էին սալահատակին բախվող արցունքները։ Երկիրն այնքան մաքուր էր, որ նա չէր ցանկանում նույնիսկ կանգնել հողին. տերևները սոսնձված էին ծառերին, պատուհանները անթափանց էին, և ոչ ոք ոչ մեկին չէր ճանաչում, յուրաքանչյուրը ապրում էր իր համար։ Նա դարձավ այնքան ինքնամփոփ, որ արցունքները թելերով կապված մնացին աչքերից, և զգաց, թե ինչպես ամեն քայլափոխի հետ, բախվելով սալահատակին, նրան նվագակցում էին:
Քայլելով չնկատեց, թե ինչպես հատեց սահմանը, ինչպես մաքսավորները զննեցին իրեն, և ինչպես ինքը հայտնվեց կեսօրի երկրում: Այս երկիրը ողողված էր դեղինով, իսկ տները հյուսում էին թռչունները. բավական էր՝ բնակիչները նախագծեին իրենց տունը, թռչունները ի կատար էին ածում, և ընդամենը երեք օրում, անկախ չափից, տունը պատրաստ էր. նրանք տունը հյուսում էին եղեգից:
Նրան նույնպես հետաքրքրեց դա, սակայն չգիտեր մանրամասները, ընդամենը գծեց այնպիսի շրջան, որի մեջ հազիվ կարող էր տեղավորվել։ Անկախ նրանից, որ նա քայլում է, նրա տունը հյուսեցին։ Այնքան փոքր էր, որ հնարավոր չէր շարժվել, և նա ընկավ իր տնով և գլորվեց, գլորվեց չիմանալով՝ ուր:
Նա իր ճանապարհը շարունակեց կապույտ արահետով: Հասնելով փշատերև թփերի երկիրը՝ մի պահ կանգ առավ: Նրան մոտեցան երկնքով թռչող երեք կարապ, որոնք, կտուցներում պահած երկրի անունը, թափանցիկ շղարշի վրա հերթական շրջան թռիչքն էին կատարում երկրի սահմանով։ Նա թեև այդ երկրի գիր ու գրականությունից բոլորովին անտեղյակ էր, կարողացավ կարդալ, որ այդ երկիրը Վունդում բունդում անդեն սանրո բիրիբոնգո գոգոնգոդուդու էր, կամ երևի հեչ այդպես էլ չէր, պարզապես ցանկացավ, որ երկրի անունը այդպիսին լիներ: