Երնեկ, երնեկ էն օրը, երբ հայրս իր տեղում նստում, դողդոջուն աջով գդալը բռնում, մոտեցնում էր ճաշին: Հազա՛ր երանի: Մի օր իր տեղն էի նստել: Եկավ թախծոտ հայացքով: Թվաց, թե ձոր եմ, ու մշուշ իջավ վրաս:
Հայրս մարեց: Արդեն իր տեղում էի նստում: Բայց այդպես չմնաց` մեծ սալօջախը խոհանոցից հյուրասենյակ տեղափոխվեց, մեր վատառողջ մոր կողքին: Շատ տխրեց խոհանոցը, շատ ցրտեց, հացն էլ հյուրասրահի փոքր սեղանից էինք ճաշակում:
Հիմա նույնն է: Ոչինչ չի փոխվել: Բայց ես եմ փոխվել: Հիմա ուղևորվում եմ մորս մոտ: Եղբայր, քույր, բարեկամ ասում են` վերջին օրերն են: Չեմ հավատում: Ասում են` գելերից է վախենում: Կեսգիշերին տնից ելել, գյուղացոց դռներն է թակել: Էդ մեկին հավատում եմ` գիշերն ու ցերեկը խառնում է:
Գնում եմ հորս տեղը բռնելու, մորս խնամելու, ծառայելու և խրատելու: Խրատելու հորս կողմից, խնամելը` իմ, որպես պարտականություն:
Երեկ ընկել է հարևանի տանը: Սուրճը թափել է վրան: Մյուսի աստիճաններից մեկ օր առաջ էր գլորվել: Ժրաջան էր, վազվզան: Սնդիկ էր: Սնդիկ էլ մնաց: Մի տեղում պահեմ նրան, մի՜ տեղում:
***
Օջախում ամեն մեծ իր տեղն ունի: Հատկապես հացի սեղանի շուրջ: Եթե մեծ օջախ է, ամեն կրտսեր էլ ի՛ր տեղը կունենա…
Իմ տեղը փոքր աթոռն է լինում, կարմիր: Չէ՛… Մեղվի պես անդադար շարժվելը, բզզալն ու բզբզալը` աստիճաններն ի վար, ի վեր: Չէ՛: Օրվա մեջ մեկ-երկու ժամ չոր աթոռը` գրասեղան դարձած մեծ սեղանի կողքին: Չէ՛: Տեղս չեմ գտնում:
Մորս տեղը` էն նույն հյուրասենյակը, որը ժամանակին հաճախ էր լցվում հինգ երեխու և բազում թոռների, ազգ ու բարեկամի կանչ ու կարկաչով: Էդ նույն տեղը`
տարածք,
հուշերի ամրոց,
լուսավոր Արևըստան,
դեռ անառիկ է:
***
Հայրս այստեղ չավանդեց հոգին: Բայց այստեղից բերեցին նրան Երևան մեծ քույրս, օղորմած քեռայրս: Ու լավ եմ հիշում, թե այստեղից հետո ո՞ր մի գուբումը մոռացանք նրան:
…Շիրիմին վայրի ծաղիկներ կան, ու շատ սիբեխ է աճում, նույնիսկ` մասրենու թուփ: Չսարքված գերեզման է, վայրի, հակառակ նրա հեզ ու խոնարհ բնավորությանը: Այս գուբում մոռացանք նրան, բայց սա չէր նրա տեղը:
Ամպը դողդոջուն գդալ է դառնում, մոտենում մյուս ամպին: Ես էլի եմ շփոթվում ու բռնում հորս տեղը: Միայն ոտքերս են հողին հպված, իսկ ամբողջովին երկնքում եմ… Ամպերը էնքան շատ են փոխվում-փոփոխվում-մտքափոխվում, մինչև որ ուշ աշնան երկինքը կծանրանա, կսպիտակի, կմոտենա…
Երկինքն էլ իր սպիտակով հրդեհեց իմ սիրտը: Այսօր որտեղ ուզենամ, կնստեմ: Բարուրի ու պարանի գույնը ձմեռ է դարձել, ծնկի եկավ ձմեռը մորս առաջ: Կնախընտրեմ հորս այն տեղը, ցուրտ խոհանոցում, նախշուն նստելագորգի վրա…