ՉԱՓՆ  ԱՆՑԱՆ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Ռուսական եթերում Եվրամիություն-Հայաստան համաձայնագրի շուրջ հակահայ աղմուկն ուրիշ բան չէ, քան հիստերիա, երբ, այսպես կոչված, փորձագետներն ու լրագրողները` փրփուրը բերաններին ու ագրեսիվ հռետորաբանությամբ, փորձում են ոչ միայն սևացնել, այլև նսեմացնել «ռազմավարական գործընկերոջը»: Ըստ նրանց` Եվրոպան «հիպնոսացրել» է Հայաստանին, ինչի համար Ռուսաստանը ապտակ է ստացել «երախտամոռ ընկերոջից»: Նոյեմբերի 19-ին, երբ ՌԴ պաշտպանության նախարարության «Զվեզդա» հեռուստաընկերության եթերում Վերոնիկա Կրաշեննիկովան փաստերն աղավաղելով հայտարարեց, որ Հայաստանը գնում է Ուկրաինայի ճանապարհով, Գարեգին Նժդեհին, ում արձանը տեղադրվել է Երևանում, անվանեց «հայկական Բենդեր», այնուհետև ՀՀ Հանրապետական կուսակցության խորհրդանշանը համեմատեց Հիտլերի սվաստիկայի հետ, դժվար չէր ենթադրել, որ համաձայնագրի շուրջ ռուսական անհանդուրժողականությունը կրկին «սանձերը» բաց է թողել և որ այդ հաղորդումը առաջինը լինելով` ազդակ է զազրախոսությունների շարունակման: Ինչպես նշում է ռուս քաղտեխնոլոգ Կոնստանտին Կալաչևը. «Եվրամիության և Հայաստանի միջև համաձայնագրի ստորագրումը որոշ մարդիկ անգամ դավաճանություն են որակում: Բայց պաշտոնական մակարդակում նման գնահատականներ չեն հնչել, Ռուսաստանը կողմնակից է Հայաստանի համագործակցությանը: Իսկ այդ կտրուկ գնահատականները, որոնք հնչում են ռուսական եթերից, հիշատակումները 20-րդ դարի քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի մասին, զրույցները, որ Հայաստանը հերոսացնում է ֆաշիզմը, իմ կարծիքով, վիրավորված երեխաների տեսակետների են նման: Ըստ իս` գնահատականները, որ հայերը դավաճան են, որ թշնամի են և այլն, չափն անցան»: Դժվար է հավատալ, որ տոտալիտար Ռուսաստանում լրատվամիջոցները հսկողությունից այնքան են ազատվել, որ կարող են շրջանցել պաշտոնական կարծիքը, երբ խոսքը ոչ թե եզակի դեպքի, այլ հիմնավորապես կազմակերպված կոմպանիայի մասին է: Այլապես, սթափ տրամաբանությամբ, «Զվեզդայի» ներողությունից հետո հակահայ քարոզչության նոր ռաունդները չեղյալ պիտի համարվեին: Սակայն գնալով կենացները տաքանում են: Ռուսական «Առաջին ալիքի» եթերում «Ժամանակը ցույց կտա» հաղորդման ընթացքում, զառանցախառն բարբաջանքներից հետո թեժ քննարկում է ծավալվել լեհ քաղաքագետ Թոմաշ Մացեյչուկի և ներկա ռուս «քաղաքական գիգանտների» միջև: Հարցին, թե Հայաստանը ձեր դաշնակի՞ցն է, թե՞ թշնամին, տխրահռչակ Մաքսիմ Շևչենկոն պատասխանել է. «Հայերի այն հատվածը, որը Ռուսաստանի դաշնակիցն է, մեր դաշնակիցն է, իսկ հայերի այն հատվածը, որը ձեր դաշնակիցն է, մեր թշնամին է»: Ռուսական ՆՏՎ հեռուստաալիքը իր «Հանդիպման վայրը» հաղորդման մեջ, ասես մրցակցելով, թե ով է ամենահական, ոչ միայն տուրք է տվել սադրանքներին, այլև հատել է բարեկրթության բոլոր սահմանները: Հնչել են այնպիսի գնահատականներ և համեմատություններ, որոնք ընդհանրապես հարիր չեն նույնիսկ դեղին մամուլին: Նախ, Օլեգ Բարաբանովը նշել է, որ «Հայաստանը Եվրամիությանը պետք չէ, պարզապես վերջինս ցանկանում է սեպ խրել նոր ձևավորվող Եվրասիական տնտեսական միության մեջ»: Բանն այնտեղ է հասել, որ հաղորդավարուհին Հայաստանը համեմատել է ման եկող կնոջ հետ, ում ձեռք չեն տալիս պաշտոնական ամուսնու (նկատի ունի Ռուսաստանը) հետ հարաբերությունները և մտքով անցել է սիրեկան (Եվրամիություն) ձեռք գցել: Ամբողջ հաղորդման ընթացքում հաղորդավարները փորձել են ուղղորդել հյուրերին, հեգնելով այն բանախոսներին, որոնք ցանկանում էին Հայաստանը դիտարկել ոչ թե որպես «Ռուսաստանի կին», այլ որպես անկախ պետություն, թեև դժվար է հանդուրժել թմրամոլ ու հարբեցող «ամուսնու» գոյությունը: Հաղորդումն աչքի է ընկել ոչ միայն անպարկեշտությամբ, այլև ծիծաղելի մեկնաբանություններով: Ըստ ՌԴ պատգամավոր Մարկովի` հայերն անգամ փորձում են «միջամտել Ռուսաստանի ներքին գործերին և ճնշում գործադրել ռուսական հեռուստաալիքների վրա, որպեսզի իրենք չասեն, որ Նժդեհը նացիստ հանցագործ է»: Եվ ամենազավեշտալին: Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագիրը Մարկովը մեկնաբանել է ոչ թե որպես ապտակ, այլ ԵՄ-ի կողմից նախապատրաստում` Ռուսաստանի վրա հարձակման համար: Այսքանից հետո դժվար է հավատալ ռազմավարական դաշնակցի անկեղծությանը, թեև չի կարելի այս ամենը անսպասելի համարել: Ռուսները դժվարությամբ պիտի հաշտվեն, եթե, իհարկե, հաշտվեն, իրենց ազդեցության հակակշռի իրողությանը, երբ ազգովի, ներառյալ հայ պնակալեզները, համոզված են, որ առանց իրենց Հայաստանը գոյություն ունենալ չի կարող: Մնում է սպասել, թե հակահայ ձնագունդը դեռ ինչքան է գլորվելու ու մեծանալու, և գուշակել, թե որն է երկու պետությունների և հասարակությունների միջև արհեստականորեն հակակրանք հրահրելու իրական նպատակը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.