ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ-ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ / Սեյրանուհի ԳԵՂԱՄՅԱՆ

Ես ինձ հիշում եմ ծննդյանս պահից: Գորշ պատերով սենյակ, ալյումինե դույլ, որից գոլորշի էր բարձրանում, սև վառարան, որի փոքրիկ անցքերից երևում էին կրակի վառ կարմիր բոցերը, սև, լայնափեշ զգեստով Սոնա անունով տատմերը, որ ձեռքերն այսուայն կողմ տարածելով կարգադրություններ էր անում, ներսուդուրս անող կանայք, որոնցից միայն մեկին ճանաչեցի՝ տատիս…
Կուզեք հավատացեք, կուզեք՝ ոչ, ես հիշում եմ նաև ծնողներիս հարսանիքը. մայրս՝ շատ խոնարհ ու գեղեցիկ, նուրբ վարդագույն ասեղնագործ զգեստով, հայրս՝ սև ու խիստ աչքունքով, խիտ մազերով: Ծխապատ, աղմկոտ սենյակում հնչում էին կենացներ, երգ ու ծիծաղ, կատակներ ու տարբեր պատմություններ: Երբ հետո, 4-5 տարեկան հասակում այդ մասին ասում էի հարազատներիս, նրանք ներողամիտ ժպտում էին և փորձում ինձ հավատացնել, թե ես հավանաբար հիշում եմ հորեղբորս (ով մի քանի տարի փոքր էր հորիցս) հարսանիքը, ու երբ պնդում էի, ուղղակի ձեռքները թափ էին տալիս՝ դադարելով ուշադրություն դարձնել իմ պատմություններին: Այո՛, ոչ ոք չէր հավատում: Ճիշտ է, ես հոգուս խորքում վիրավորվում էի մերոնց չոր վերաբերմունքից, բայց ի՞նչ կարող էի անել… Նրանք դեռ չգիտեին, որ ես իմ ծննդից առաջ ուրիշ բաներ էլ եմ հիշում: Օրինակ, երբ մի քանի օր էր մնացել, որ լույս աշխարհ գայի, առավոտ վաղ, պարզ լսեցի պապիս բամբ ձայնը. «Ես գնում եմ Արան՝ Նոր տարվա գինի-արաղ, չրեղեն բերեմ: Թե որ մինչև իմ հետ գալը էրեխեն ծնվի՝ անունը Սեյրան կդնեք…»: Ես, իհարկե, չհասկացա, թե Արանն ինչ է և որտեղ է գտնվում, հետո միայն իմացա, որ այդպես մերոնք կոչում էին Արարատյան դաշտավայրի գյուղերը, որտեղ առատորեն աճում էին մեր հայկական մրգերն ու բանջարեղենը: Չգիտեի նաև, որ «Սեյրանը» տղայի անուն է, բայց հավանաբար այդ էր պատճառը, որ այն ինձ այնքան էլ դուր չեկավ: Զարմանալի է, որ պապս չգիտեր՝ իր առաջին թոռնիկը ոչ թե տղա է, ինչպես որ ինքը որոշել է, այլ աղջիկ… Մի խոսքով, երբ հակառակ պապիս որոշման ես այնուամենայնիվ լույս աշխարհ եկա որպես աղջիկ, ու քանի որ պապս էլ դեռ չէր վերադարձել Արանից, Աբովյանի շրջանի զագս-ի բաժանմունքում ինձ այդպես էլ գրանցեցին, բայց, բարեբախտաբար, որոշ ժամանակ անց ավելացրին «ուհի» մասնիկը, և ես կամաց-կամաց սկսեցի սիրել անունս, իսկ ավելի ուշ՝ անգամ շնորհակալ եղա պապիս, որ ինձ ոչ տարածված անուն է դրել… Անշուշտ, հետագայում ես նույնպես անհավանական համարելով իմ նախածննդյան շրջանի հիշողությունները՝ այդ մասին արդեն խոր լռություն էի պահպանում և միայն ավելի հասուն տարիքում, երբ կարդացի Հովհաննես Թումանյան, Վահան Թոթովենց, Գարսիա Մարկես, հասկացա, որ ինձնից առաջ եղել են մարդիկ, որ նման անհավանական իրական տեսիլքներ են ունեցել: Բայց դե, քանի որ ինձնից առաջ եղել են մեծատաղանդ Թումանյան, Թոթովենց, Մարկես ու էլի ուրիշներ, մտածում էի, էլ ի՞նչ իմաստ ունի իմ գրելը… Ու այս ամենը և դեռ էլի ուրիշ պատմություններ ես բազմաթիվ անգամ մտովի գրում-պատմում-վերապատմում էի գիշերները, կամ լվացք ու հարդուկ անելիս, երեխաներիս օրորելիս… մինչև որ հաստատապես համոզվեցի, որ ամեն մարդ իր սեփական պատմությունն ունի և իրավունք՝ այն բարձրաձայնելու իր ձևով և իր կարողությունների չափով… Հա՛, մոռացա ասել, որ իմ ծննդից առաջ երեք օր անընդմեջ ձյուն է տեղացել և իմ ծնվելուց անմիջապես հետո միանգամից դադարել է, ու պայծառ, շողշողուն արև է դուրս եկել: Այդ մասին պատմել է մայրս: Ես հիշում եմ միայն մի պայծառ ու տաք շող, որ տան երդիկի ապակուց միանգամից ծակեց աչքերս: Ես ամուր բռնեցի շողը ու մինչև հիմա աջ ձեռքիս և հոգուս մեջ զգում եմ այդ շողի լույսն ու ջերմությունը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։