Գուրգեն Խանջյան: «Նամակներ ընթացքից»: Վիպակների և պատմվածքների ժողովածու, ռուսերեն / Ելենա ԶԻՆՈՎԵՎԱ

Խանջյան-2«Սակայն չշեղվեմ, այլապես… Միտքս շատ է անզուսպ ու կամայական, եթե ազատ թողնեմ` կարճ ժամանակում այնպիսի հեռուներ կտանի, որ շուտ վերադառնալ չեմ կարողանա: Եվ հետո, ցավեցնող են այդ հեռուները, այնպիսի զգացողություն եմ ունենում, կարծես միտքս ինձ մերկամարմին` փշերի վրայով է քարշ տալիս:»,- խոհածության է տրվում «Ավերակների պահակի» հերոսը: Այդպես էլ Գ. Խանջյանը իր ընթերցողին է ընկղմում մարդու կյանքի ու հոգու հատակը, բայց այնպիսի ընթացքով, որ նա ինչ-որ պահի զգում է` այդ իրե՛ն են մերկ քարշ տալիս փշերի վրայով: «Խամաճիկների փողոցի ստվերները» ժողովածուի պատմվածքների ու վիպակներից մեկի հերոսները ապասոցիալական են, և ապասոցիալական են գիտակցաբար: Նրանք ընդհանուր ոչինչ չեն ուզում ունենալ քաղաքակրթության հետ, որտեղ մարդկային կյանքի հիմնական օրենքն է. «Բռնիր ու խժռիր ուրիշին ավելի վաղ, քան կբռնեն ու կխժռեն քեզ… և այսպես անվերջ` երկնքում, ջրում, գետնի տակ, ծառերի սաղարթում, դաշտերում, սարերում, հովիտներում…» («Համբերություն քեզ, մարդ»): Մարդկային այդ համակեցության, սոցիումի ալեգորիկ պատկերը ներկայացված է «Շարժասանդուղք» ֆանտաստիկ պատմվածքում. շարժասանդուղքի բնակիչները կաշվից դուրս են գալիս հասնելու համար իրենց երազանքների ու ձգտումների սահմանին` այնտեղ, ուր «վերևում, շարժասանդուղքի վերջում, այնտեղ, ուր սանդուղքին խռնված մարդկանց գորշ, անկանոն շարքը բարակում-աներևութանում է, մեզ բոլորիս հրապուրող, մշտապես լարված գայթակղության մեջ պահող Վարդագույն Լուսապսակն է` սանդուղքի բնակիչների իղձերի ու ձգտումների գագաթնակետը: »: Ոմանց հաջողվում է առաջ անցնել, մյուսները հետ են քշվում, իսկ ամենաձախորդներն ընկնում են անդունդը: Այստեղ հարազատ եղբորդ անգամ վստահել չես կարող: Կարող են հրել, գցել ներքև` անհայտության Պատին, որտեղից գործնականում վերադարձն անհնար է: Իսկ եթե անգամ դուրս պրծնես, երկրորդ անգամ ընկնելն ավելի ցավոտ է: Գ. Խանջյանի պատմվածքների, երբեմն` ֆանտաստիկ, միստիկ տարրերով պատմվածքների հերոսները գտնվում են իրականության ու զառանցանքի սահմանային վիճակում, պտտվում են կյանքում, փորձելով հասկանալ` «Ո՞վ եմ ես: Ինչո՞ւ»: Նրանք անընդհատ փախչում են` իրենք իրենցից, հարազատ մարդկանցից, հանգիստ, կանոնակարգված կյանքից: Վթարից հետո հիշողությունը կորցրած քանդակագործը հեռանում է տնից, չընդունելով օտար դարձած մանկությունը, անցյալը, ընտանեկան կապերը («Անմարդ լճափին թողած գրառումներ»): Սիրած կնոջից փախչում է «Նամակ ընթացքից» պատմվածքի հերոսը` անշարժ աշխարհը բողոք է առաջացնում նրա մեջ: «…մեծ, դժվարին, բայց հմայիչ արվեստ է` պարզապես ապրել, ամենակարևորը` ազնիվ է», ապրելու արվեստը նա ճանաչում է անվերջ շարժման մեջ, մի գնացքից մյուսը նստելով, պատահական ճամփորդական հանդիպումներում: Ինչ աննկատ է մարդը գլորվում անդունդ, ինչ անասելի դժվար է ընկնելուց հետո նորից ոտքի կանգնել` լիովին գիտակցում է «Ավերակների պահակը» պատմվածքի հերոսը, անտուն թափառականը թերուս բարձրագույն կրթությամբ, որ թաքուն բավականություն է զգում ոստիկանի կտտանքներից, ով ծեծում է դժբախտ բոմժին ամայի տան մեջ: Եվ անօգուտ է անցյալը վերադարձնելու փորձը, եթե անգամ հնարավորություն ունես այն բեմադրել բոլոր մանրամասներով («Կիսավեր տան պահակը»): Գ. Խանջյանի ստեղծագործություններին տրված գնահատականների մեջ կարելի է գտնել և այսպիսին` գրողը որսացել է ժամանակակից կյանքի բնորոշ գծերը, նրա հերոսն է դարձել հասարակությունը մերժող մարդը, մարդը` ընդհատակից, ով հենց հոգեբանական ընդհատակից է նայում կյանքում կատարվող ամեն ինչին, որտեղ իդեալներն ու կարգախոսները դարձել են բովանդակազուրկ դատարկ թաղանթ: Խանջյանի հերոսները այդ դատարկությանն են դեմ դուրս գալիս: Դա հուսահատ մարդկանց խռովությունն է: Խռովություն` առանց որոշակի իդեալների, որն ավելի շատ ավերում է, քան` արարում: Բայց այդ հուսահատությունն ու բունտը մեր ժամանակների իրականությունն են: Ցույց տալով այդ իրականությունը` Խանջյանը հրաժարվում է այն ամենից, ինչը մենք նախկինում անվանում էինք գեղագիտական իդեալ, որովհետև իրական կյանքը ավերեց բոլոր իդեալները: Հիվանդ հասարակությունը, հիվանդ ժամանակը հիվանդ երևակայություն են ծնում նաև գրողների մեջ: Բայց և այնպես Խանջյանի գործերը ճնշող-մռայլ, անհուսալի համարելը ճիշտ չէ: Իրական կյանքից հեռանալու փորձերը կամ օրենքներին հարմարվելը, որոնք ժխտում են բարու ու լուսավորի իդեալները` պատրանքային են, իսկ երբեմն` նաև հղի են անկանխատեսելի ողբերգություններով: Այդ մասին է պատմում «Խամաճիկների փողոցի ստվերները» դաժան վիպակը: Երկար սպասված, ուշ ծնված երեխայի ծնունդը նրա մոր կյանքը արժեցավ: Հեզ ու համբերատար, լռակյաց Կարոն, իր մտքերի մեջ խորասուզված, մենակ է դաստիարակում որդուն: Դաստիարակում է մի ցանկությամբ` որդին իրեն չնմանվի, չլինի իր պես անմռունչ, հեզ: «Կարոն պատրաստ էր ամեն ինչի, նույնիսկ համաձայն էր լինել ամենաատելի մարդը որդու համար, միայն թե որդին դառնար ուժեղ, սովորեր պայքարել, կռիվ տալ, ապրել»: Ապստամբելով սեփական «ես»-ի դեմ, նետվելով հավատից անհավատություն, հայրը տղային վարժեցնում է դաժանությանը և խաթարում է երեխայի հոգեկանը: Նուրբ, տպավորվող տղան դառնում է սադիստ: Դեպի հոգեբանական ընդհատակ փախուստի հետևանքները երևան են գալիս «Առնետը» պատմվածքում` միայնակ մարդատյացը, որ տառապում է վեհության մոլուցքով, վերածվում է զզվելի առնետի, միակ արարածը, ում հետ ընդհանուր լեզու է գտնում նա: «Մենակ դժվար է: Նույնիսկ այնպիսի մարդու համար, ինչպիսին ես եմ: Համախոհներ են պետք: Բայց որտեղի՞ց… Չորս կողմը նախանձ և վախկոտ փսլնքոտներ են…»: «Վերջիվերջո, երջանկությունը փոքր ուրախությունների մեջ է: Մեծ ու երկարատև երջանկություն չի լինում… և այստեղ կարևոր է չկորցնել սեփական դեմքը, մարդկային որակները»,- ահա այս եզրակացությանն է հանգում անհայտության Պատի մոտ հայտնված մեր ժամանակի փոքր մարդը, «Շարժասանդուղքի» անանուն հերոսը (այդպես անանուն են Խանջյանի համարյա բոլոր հերոսները` իրական կյանքը հերքող մարդիկ): Առաջին հայացքից ժողովածուն եզրափակող «Սպանել փրկչին» վիպակը գրքին օտարածին է թվում: Աբգար արքան դեսպանություն է ուղարկում Հրեաստան հույսով, որ իր պատվիրակները կբերեն Փրկչին, ով կարող է բուժել նրան տանջող հիվանդությունից: Դեսպանության կազմում է նաև կրտսեր քուրմ Չունակը, բայց նրան հանձնարարված է սպանել Փրկչին, չէ՞ որ առողջանալու դեպքում թագավորը կուրանա հարազատ կրոնն ու քուրմերին: Դեսպանությունից առանձնացած Չունակը գնում է Փրկչի հետքերով, այցելում է նրա մորն ու եղբորը, օգտվում է Մարիամի ու Մագթաղինեի ծառայություններից, ճանապարհին հանդիպում է վերակենդանացած Ղազարոսին, Հովհաննես Մկրտչին, Պետրոսին, Թովմասին, Հուդային: Հասարակ հրեաստան­ցիների խոսքերով ծանոթանում է Փրկչի քարոզներին: «Սիրիր քո թշնամուն», «Ավելի շուտ ուղտը կանցնի ասեղի անցքով», «Երանի հոգով աղքատներին»… Հասարակ ժողովրդի ձայնը: «Իսկ այդ հիմարն ասում է, որ մենք, իբր, աստծո տունը վերածել ենք առևտրի տան»: Գնում է Չունակը Փրկչի հետքերով, բայց նա ասես խույս է տալիս իրենից: Անգամ խաչելությանը Չունակն ուշանում է: Հեգնալից, նրբագեղ վիպակը հնչում է որպես բազմանշանակ, ինչ-որ տեղ` հակասական ակորդ Խանջյանի արտասովոր-երևակայական ստեղծագործությունների կոմպոզիցիայում` միայն թե աչքիցդ չվրիպի կարևորը կյանքի աբսուրդում, իսկ կարևորը Փրկչի պատգամներն են, որոնք մարդուն կանչում են դեպի լույսն ու սերը:
«ՆԵՎԱ», 8. 2011

Թարգմանությունը` Կ. ԲԱԳՐԱՏՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։