Նառա Վարդանյան

 

– Ընթերցողն ինչպե՞ս է ընկալում, երբ գրողը ճշմարտությունից ավելի ներկայացնում է ճշմարտանմանը:

Նառա ՎԱՐԴԱՆՅԱՆ – 2.4 միլիարդ մարդ-ընթերցող հավատում է մի գրի, որ սիրուն շարադրել են տարբեր գրող-պատմիչներ: Աստվածաշնչյան գրի ճշմարտանմանը եկել-եկել է ժամանակի միջով ու դարձել ճշմարտություն: Համարյա անքննելի ճշմարտություն: Այս փաստն ինձ համոզում է, որ հրաշալի գրված ճշմարտանման պատմությունն այլևս էական չէ, թե որքանով է ճշմարտացի: Վկան` 2.4 միլիարդ հավատացյալ քրիստոնյաները:

Երբեմն ինձ բռնեցնում եմ այն հրճվալի մտքի վրա, որ գրում եմ, որ կարողանում եմ գրել, ստեղծել պատմություններ, որոնք գուցեև չեմ ապրել, բայց կարող էին լինել, կուզեի լինեին: Երբ գրում-ավարտում եմ, արդեն էական չէ` եղե՞լ է այդ պատմությունը, թե՞ ոչ: Չէ՞ որ մեր ներսում, այսինքն` ինչ-որ տեղ, այնուամենայնիվ, ապրում են այդ պատմությունները, այդ մարդիկ:

Նույնիսկ երբեմն երազն ու իրականությունը խառնում եմ, հետո մտածում` դե, ի՞նչ կարևոր է: Երբ ժամանակն անցնում է, իսկապես, այլևս կարևոր չի լինում: Որովհետև անցած ժամանակն ու այնտեղ կատարվածները երազներից ոչնչով չեն տարբերվում:

Ընթերցողը տեքստի մեջ սպասում է իրեն, իրեն տեսնելուն, իր շուրջը կատարվող աշխարհին, որն առանց տեքստի չի տեսնում և չի տեսել երբևէ իր կենսափորձում: Եվ իր ու ինձ համար ստեղծելով մեր պայմանականության տարածքը` տարածք, որ երազանքային է, տարածք, որ գուցե ապրել ենք կամ ոչ, տարածք, որտեղ հնարավոր է ամեն ինչի հանդիպել, տարածք, որտեղ ցավ կլինի կամ հաճույքի ոռնոց, ապրում ենք այդտեղ: Եթե լա՛վ ես ստեղծում, եթե դու չես խաբում ընթերցողին ու հենց առաջինը դու ես հավատում ու դու ես նետվում տեքստի կրակների մեջ, արդեն հետո  էական չի լինում`  գրական տարածքը հորինված էր, թե չէ, ճշմարտացի էր, թե չէ, եղել է քեզ հետ, թե չէ: Ամենակարևորը, որպես գրող, հավատաս քո տեքստին, որը ստեղծում ես: Դրանից հետո տեքստն իր մեջ է առնելու գրի հավատացյալներին:

Հիմա` երկու հազար տարի անց էլ, գրին հավատացող մարդիկ կարդալիս իրենց ափերին զգում են մեխերի ծակոցը, խաչի վրա մնալու չարչարանքը, համբարձվելու երազանքը: Եվ հիմա արդեն 2.4 միլիարդ մարդու, ընթերցողի համար կարևոր չէ`  Աստվածամարդու մասին ստեղծած տեքստը ճշմարտացի է, թե ոչ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։