ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂԱԶԱՐՅԱՆ

Հովհաննես ՂազարյանՀԳՄ վար­չու­թյու­նը
շնոր­հա­վո­րում է բանաստեղծ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ
70-ամյակի առթիվ
«Գրա­կան թեր­թը» միա­նում է շնորհավորանքին
***
Մեգ ու մշուշ է։ Թալանող թախիծ,
Եվ սարսուռներ են աստղերը թափում,
Ուր որ է՝ մեկը դուռս կբախի՝
Տագնապի նման խուլ ու խուսափուկ։

Իսկ գարունն այնքա՜ն խորթ է այս անգամ,
Մի տեսակ՝ օտար, մի տեսակ՝ անբույր,
Խռովքի մեջ է սերն անեզրական,
Անհույզ, անարյուն, գորշ ու անհամբույր։

Գարունն այս անգամ ինձ տուն… չի բերում
Ցավի, մորմոքի ճանապարհներից,
Մի եղերական շունչ է դեգերում
Ամայության մեջ անիմանալի…

***
Իմ մեջ թափառում է մի մոլորյալ հարցում,
Անպատասխան՝ որպես մառախլապատ… գալիք,
Որպես անամպ հոգու անակնկալ ցնցում,
Որպես ճշմարտության ցավացնոր կարիք։

Ես ի՞նչ անեմ հիմա, որ չուրանամ ինքս ինձ,
Որ չպայթի սիրտս օրերի մեջ անձուկ,
Ինչպե՞ս վանեմ ինձնից վարանումն այս անճիչ,
Այնպե՜ս նեղ է տեղս այս մոլորակ-խեցում։

Մութի պատնեշներ են ահագնանում իմ դեմ,
Ցուրտ են երազներս անքուն գիշերների,
Այս ի՜նչ տանջալի է մտերմությունն արդեն
Աշխարհի հետ, մարդկանց ու սրբերի։

Այս արհավիրքն արդեն ոչ մի անուն չունի,
Ես ո՞նց ապրեմ, ասա՛, անսեր ու անգարուն,
Զարկված զինվորներիս տարմը սուզվեց երկինք,
Իսկ ես էլ սիրտ չունեմ… Աստծուն հարցեր տալու…

ՏԱՂ ԱՌԱՎՈՏԻ
Լուսացնցուղ առավոտի ծավալներում շառագույն
Աստվածային արարումի հրթիռներ են ճառագում։

Լուսացնցուղ առավոտի վարդափրփուր անուրջում
Աստվածային արարումի մեղեդիներ են հնչում։

Լուսաթրթիռ առավոտի կապտակոհակ հույզերում
Աստվածային սերն է կանչում իր սրտի մեջ սուզելու։

Ոսկե ցոլք ու հուրք է թափվում առավոտի վարսերից,
Շքատուն է առավոտը շուշանաթույր հարսների։

***
Երբ քեզ տեսա, թվաց՝ ներսս
Աղբյուրներ են խոխոջում,
Թվաց՝ ինչ-որ ուշաթափող
Սարսուռներ են… խշխշում։

Թվաց՝ բույրերն առավոտի
Փնջով իմ մեջ խուժեցին,
Եվ դրախտն ինձ առևանգեց
Դեպի Լույսը Արարչի։

Այս ի՞նչ եղավ, Տեր իմ Աստված,
Մի՞թե սիրուց գժվեցի
Եվ բոցավառ աստղի նման
Երկինքն ինձնով վառեցի։

Հմայքներդ ինձ գողացան,
Հմայքներդ անմարմին,
Ու ես կարծեմ տուն չդարձա՝
Քեզնով արբած անհունից…

***
Աշնան արևը տաքուկ շողշողաց
Գթության քրոջ ժպիտի հանգույն,
Ու հոգնած սիրտս հուզմունքից դողաց
Սիրո անցյալիս թովչանքով տաքուկ։

Տա՛ր ինձ, լսո՞ւմ ես, իմ խարտյաշ աշուն,
Տա՛ր ինձ մարդկային բուքերից հեռու,
Փրկիր ինձ նրանց շքերթից անշուք,
Նրանց բարքերից բիրտ ու սարսռուն։

Այնպե՜ս ուզում եմ ձուլվել քո ոսկուն,
Սուզվել բույրերիդ ծոցը նվաղուն,
Ինձ քո վետվետուն գույներն են հսկում,
Քո շամբուտներն են սիրտս նվագում…

***
Իմ քնկոտ աշուն, խնկահոտ աշուն,
Այնպե՜ս եմ ուզում ծոցիդ մեջ հալվել,
Այնպե՜ս եմ ուզում աստղոտ գիշերում
Գնա՜լ, սերերիս գիրկը գլորվել։

Հետո արթնանալ ու ցայգալույսի
Զվարթ ցողերում անզուսպ լողանալ
Ու համբուրելով զիստերը կույսի-
Փշաքաղ կրծքի դողը գողանալ։

Իմ քնկոտ աշուն, խնկահոտ աշուն,
Անանձրև, լազուր, պագշոտ սիրուհիս,
Ես շա՜տ եմ հոգնել կյանքիս մշուշում,
Ինձ քո նվաղուն ծոցում տրոհիր…

***
Ներսս լցվել է աշնան գույներով,
Ի՜նչ կախարդանք ու շուք է ամեն տեղ,
Արբեցած եմ ես աշնան բույրերով,
Հույզերով հյութեղ։

Ներսս ծփում է աշնան նվագով,
Մեղեդիներով անուշ ու աշխետ,
Այցի են եկել սերերս խանդոտ
Եվ թոթափել ինձ տագնապից դժխեմ։

Ի՜նչ շոյանքներ են սոսափում ոսկե,
Ի՜նչ ղողանջներ են ճախրում կապույտում,
Ո՞վ կա, որ փորձի ցնորքս հսկել
Եվ զսպել հուրը խառնարան հոգուս։

Սիրտս լցվել է սիրո քույրերով,
Խարտյաշ հյուրերով աշուն-մոգության,
Ո՛չ մի կարեկցանք ու ո՛չ մի գորով-
Գգվանքից բացի… վեհաշուք աշնան։

Ալեկոծված եմ ես ողջ էությամբ,
Վերից վար օծված աշնան սարսուռով,
Շուրջս քնքշանք է, անդորր է անխաբ,
Աշունը սեր ու խունկ է բուրվառում։

ԻՐԻԿՆԱԵՐԳ
Մեղքերից մաքրված երեկոն իջնում է,
Իջնում է այնպես լուրթ, այնպես նուրբ,
Եվ իմ մեջ ամբարված տագնապը ջնջում է
Քնքշանքով՝ բուրավետ, ալեծուփ։

Ես հիմա կարծես թե հիվանդ չեմ ու տրտում,
Ու կարծես չեն տնքում վերքերս,
Մի լազուր ծփանք է վետվետում իմ սրտում
Ու մղում դեպ սիրո երգերս։

Ինձ ոչինչ մի՛ բերեք աշխարհիկ բարքերից,
Մի՛ բերեք դավերը ձեր նկուն,
Ախր ես սերում եմ լուսեղեն խորքերից,
Բերքերից արևհամ ու մաքուր։

Ես այնպես հոգնել եմ աշխարհիկ բարքերից,
Աղեխարշ բուքերից հոգևոր,
Դուք որքա՜ն նման եք մետաղե սարքերի՝
Անարյուն, անարվեստ ու տոչոր։

Իսկ աշունը մոտ է։ Եվ արևն անսուտ է՝
Սիրո պես անխարդախ ու անխաբ,
Հիշեք, որ իմ կյանքը մի փոքրիկ մակույկ էր,
Բայց զորեղ տորմիղի… վեհությամբ…
***
Մութի թևերը փխրուն ու թավշե
Սահում են, սահում, սահում սարն ի վեր,
Ու խոստանում են գինեվետ գիշեր,
Ու խոստանում են խաղաղ հանգրվան։

Օ՜, թանկագի՛նս, այնպե՜ս հոգնած եմ,
Այնպե՜ս հոգնած են թերևս հիմա,
Ինձ համար միայն մայրս է հոգացել,
Որ կյանքս ծփա Աստծո օրհնությամբ։

Բայց մայրս հիմա չկա աշխարհում,
Նա միացել է հավերժի երթին,
Ասես իզուր եմ ես ապաշխարում՝
Քրքրելով սպին մայրիկիս վերքի։

Մութի թևերը փխրուն ու թավշե
Սահում են, սահում խռովքս ի վար,
Ու խոստանում են ինձ անքուն գիշեր,
Ու խոստանում են սարսուռներ օտար…

***
Ես հեռանում եմ
Իմ… հոգնությունից,
Ձեր օգնությունից
Հեռանում եմ ես,
Ես հեռանում եմ
Ձեր մոգությունից,
Որ ինձ խորտակեց
Հիմնավորապես։
Ես հեռանում եմ
Ինքս ինձանից,
Հեռանում եմ ձեր
Սիրուց երկերես,
Ուզում եմ մարել
Եռքը հնձանիս
Եվ ապրել, ապրել,
Ապրել պարզապես…

***
Այս ի՜նչ լուռ է քո կարոտի ճամփեքին,
Աստեղնացոլ գիշերն ինձ հյուր է եկել,
Ես մենակ եմ ու խռով եմ ամենքից,
Ինչ-որ մեկը կյանքս ցրտով է ներկել։

Իսկ դու չկաս։ Դու ձուլվել ես աստղերին
Ու ցոլում ես, բոցկլտում ես ու բուրում,
Դու նման ես անմրցելի բյուրեղի,
Հիմա ինձնից դու հեռու ես հուրհրում։

Ի՞նչ կլինի, մի թաս գինի մատուցիր-
Աստղափրփուր, աստեղնաբույր, աստղահուր,
Վերջին անգամ մի՜ ակնթարթ մոտեցիր
Եվ փարատիր հավիտյանս խանդս… կույր…

***
Որքա՜ն եմ ուզում օրերս այս գորշ
Քո լուրթ քնքշության բույրով փարատել,
Որոգայթներ են վխտում անորոշ
Եվ սպառնում են սիրտս քառատել։

Ո՜նց եմ երազում ծփանքն աչքերիդ
Այս հոգեկորույս ավերակներում,
Դո՛ւ ես մնացել հին հրաշքներից
Որպես մեղքերիս անաղարտ ներում։

Ամռան գիշերը աստղեր է վառել
Ու փռել մարդուց հոգնած սնարիս,
Իմ մեջ ճախրում են աստղացոլ բառեր՝
Որպես կրակներ սիրո քնարիս…

***
Թափառական լուսին՝ անդնդախոր մութում,
Եղերական լուսին՝ արնաշաղախ դեմքով.
Գիտեմ, ինձնից բացի ոչ ոք քեզ չի գթում,
Քանզի մենակ ես դու քո արնածոր վարքով։

Մենակ ես դու, ինչպես ես եմ, ավաղ, մենակ,
Անգամ ամբոխների խելակորույս ժամին,
Քեզ պես ե՛ս էլ չունեմ ապավեն ու հենակ,
Երբ ինձ որոնում է անսանձելի քամին։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։