«Այս սիրելի-սարսափելի, խելացի-խելագար, հասկանալի-խճճված աշխարհում դաժան բան է մերկ լինել, լինել աշխարհի մերկացած նյարդը՝ գրող: Սպիտակ թղթի առջև ամեն վայրկյան կարելի է կաթվածահար լինել»: Այդպես` ամեն վայրկյան կաթվածահար լինելով, նա աշխարհը բերեց իր ուզած տեսքին ու հանձնեց մեզ, որ ապրենք: Որովհետև դա էր համարում գրողի գործը: Եվ արդեն արվեստը երկու հազար տարի ու դրանից առաջ էլ նույնն է անում՝ սփոփում է մարդուն, արալեզի պես ամոքում վերքերը, ստիպում շտկել մեջքը ու նայել երկինք: Արվեստը մարդուն տալիս է կատարելության իդեալը ու ասում՝ կարո՞ղ ես՝ դարձիր: Մարդը գնում է իր ճանապարհով, և ուրեմն արվեստն անմահ է, որովհետև մարդը կատարյալ չի դառնում: Տեղնուտեղը արվեստը կմեռներ՝ մարդու կատարելության առաջ: Գրողը կատարելության ու մարդու կամուրջն է, որ, ինչպես բոլոր կամուրջները, երբեմն միացնում է, երբեմն՝ բաժանում ափերն իրարից: Անցյալ դարակեսից նրա գործը միացնելն էր՝ սկսած «Ահնիձորից» մինչև իր ապրած վերջին օրը: Նրա ու նրա սպիտակ թղթի միջև միայն մենք չէինք, ժամանակն էր նաև, որ իր իսկ խոստովանությամբ՝ «փլուզում եղավ»: Փակվող էպոխայի ու բացվող էպոխայի միջև դարձյալ նրա խոսքը հնչեց, որ տարածքը Հայրենիք դարձնի: Վերադարձի խոսք ու առաջ գնալու:
Հրանտ Մաթևոսյանը վաթսունյոթ տարի ապրեց: Քիչ, շատ քիչ՝ որ հասցներ մարդուն Աստծու հետ կապել, Աստծու հետ նույն պատկերի բերել, բայց ճիշտ այնքան, որ հայ մարդուն հարաբերեր աշխարհի հետ: Այն, ինչ Հրանտ Մաթևոսյանը մանրակրկիտ ու սիրով քարագրում էր մեծ աշխարհի իր անկյունում, օվկիանոսից այն կողմ, ճիշտ նույն ժամանակ անում էր և Գաբրիել Գարսիա Մարկեսը իր մոգական ռեալիզմով: Երկուսն էլ փորձում էին փրկել իրենց ժողովրդի կորչող պատմությունը ու հաստատել կերպար, որ հավաքական էր ու եզակի, որովհետև կոնկրետ մարդ էր: Գյուղագրության ակունքների ու քսաներորդ դարակեսին հզոր գրական շարժում դառնալու պատճառների մասին ուսումնասիրություններ ավելի շատ եղել են ռուս գրականագիտության ու քննադատության մեջ: Բելովը, Ռասպուտինը, Աստաֆևը, Շուկշինը, Այթմատովը և այլք համաժամանակյա ստեղծագործությամբ ասպարեզ էին բերում ոչ միայն ու ոչ այնքան քանակ, որքան որակ ու նոր մակարդակ, որ սոցռեալիզմի սահմաններում ինչպես էլ բացատրվեր ու ներկայացվեր, մարդագրության նոր ընկալում ու նոր մեկնություն էր: Նույն խնդիրն էր լուծում մոգական ռեալիզմի նույնքան հզոր շարժումը Լատինական Ամերիկայում՝ նոր ժամանակների նոր մարդու կերպարը գտնելն ու պատմությունը պատմելը: Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությամբ հայ գրականությունը հավասարը հավասարի պես հարաբերվում է համաշխարհային գրականության լավագույն էջերի հետ: Մշակութային այս եռանկյունին կենտրոնում ուներ մարդուն, պատասխաններ էր բերում անցյալի ու ապագայի հարցերին: Ամեն սերունդ իր գիտակցական գոյությունը սկսում է որտեղի՞ց եմ գալիս, ո՞վ եմ և ո՞ւր եմ գնում հարցերի պատասխանները որոնելով: Անցյալի ավանդույթների վերաիմաստավորումը, ներկա իրողությունների բացատրությունը նույն հարթակում՝ լավագույն դիտակետն է դեպի ապագա նայելու համար: Հրանտ Մաթևոսյանի Ծմակուտը և Գաբրիել Գարսիա Մարկեսի Մակոնդոն ընդամենը գրականության մեջ հաստատված տեղանուններ չեն, այլ խորհրդանիշներ, որոնք էջ առ էջ բացում են տոհմի պատմությունը, հետո՝ ցեղի, հետո՝ ժամանակի, ի վերջո, գրականություն բերած նրանց հերոսը, անկախ իր ճակատագրի զիգզագների, դառնում է այդ ժամանակի տերը: Գնդակահարության պատի տակ կանգնած գնդապետ Աուրելիանո Բուենդիան և Ռոստոմը նույն լիցքն ու առաքելությունն ունեն գրականության մեջ: Գնդապետի երեսուներկու պատերազմները, որոնք բոլորը նա տանուլ է տվել, հիմքում նույն պատմությունն են, որ ապրում են սարերում ոչխար արածեցնող հայ հովիվները, որ նաև ոչխար են գողանում: Ցեղի հավերժության պահպանման բացարձակապես նույն խնդիրն են լուծում Մարկեսի Ուրսուլա-Ռեմեդիոսները և Մաթևոսյանի Աղունը: Նրանց անձնական պատմությունը, այդ պատմության առանձին մանրամասները չեն այս պարագայում էականը. նրանք կրում են իրենց պապերի ու հայրերի պատմությունը, ու բոլորը որոնում են լավագույն շարունակություն իրենց որդիների համար ու չեն գտնում: Նրանց համար պատմությունը անցյալ չէ, որտեղ ամեն ինչ եղել՝ վերջացել է, ու այլևս անիմաստ է հետահայացը: Լատինամերիկյան գրականությունը իր ակունքում ուներ ոչ միայն իսպանալեզու վեպը, այլև մայրցամաքի գրավոր ու բանավոր պատմությունը: Գյուղագրության ակունքում ևս ոչ միայն սովետական գրականությունն էր, այլև անցած համարյա հարյուրամյակը, որ գրական իմաստավորումի ու բանաձևումի կարիք ուներ, ուղղակի նետվում էր գրական փաստ դառնալու: Սովորաբար շատ հեշտ է գրական այս ու այն երկը գնահատել գրողի ստեղծագործության համատեքստում, գրողին՝ իր ժառանգության, առավելագույնը՝ ժամանակի մեջ: Բայց կա համաշխարհային գրականության պատմությունը, որի օրինաչափությունները գործում են համարյա անվրեպ և ավելի հասկանալի են դարձնում որոշակի գրողի ստեղծագործությունը: Ի վերջո, ամբողջ գրականությունը մի գիրք է, որ գրել է մի մարդ: Բայց ինչքան տարբեր են այդ գրքի էջերը՝ ժողովուրդ առ ժողովուրդ, երկիր առ երկիր, գրող առ գրող: Եվ՝ ընթերցող առ ընթերցող: Այդ գրքի իր էջերին Հրանտ Մաթևոսյանը հանձնեց թուխ ու ջղային մարդկանց պատմությունը, որ ցեղասպանությունն անցան ու չկորցրին ապրելու համը, թեպետ՝ «Քո բոլոր ճակատամարտերն այլևս տանուլ են տրված: Քո երկրից հաղթանակ տարած ոչ մի զորավար չի մեծարվել հաղթակամարով», թեպետ «Կյանքը թանկացավ այնքան, որ պիտի մուրացվի հացի պես», բայց հենց նա սովորեցրեց հիշողության դասը, խեղճի ու խղճի տարբերությունը, կծելու, կոտրելու, ատելու տղամարդկությունը, Իշխանի ու Ավետիքի համադրումը, երկրի աղը դառնալու դժվար հաճույքը, ի վերջո՝ հաղթելու արվեստը: Իրենք իրենց համար ապրող բառերին նա տվեց այն կյանքը, որ այլևս մասն է բոլորիս կենսագրության: Նույնիսկ եթե Հրանտ Մաթևոսյանը մեզ համար սկսվում ու վերջանում է Հենրիկ Մալյանի նկարահանած «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմով: Միևնույն է, դարասկզբին Եղիշե Չարենցը, դարավերջին Հրանտ Մաթևոսյանը եկան ու կամրջեցին մեզ՝ մեզ, ամբողջացրին ու այս անդուռ, խորշակյալ Արարատյան դաշտում դարձրին ՏԵՐ: Մենք դեռ երկար ճանապարհ ունենք գնալու դեպի Հրանտ Մաթևոսյան, որովհետև բացի ամեն ինչից, գրականությունը նաև մեկ այլ հանճարեղ որակ ունի՝ ինքը նույնն է մնում, փոխվում ես դու, և այն, ինչ երեկ քեզ ոչինչ չի ասել, այսօրվա հայտնագործությունն է դառնում, առավել ևս՝ վաղվա: Որովհետև ամեն օր ուզում ես իմանալ` ինչո՞ւ ես տխուր և ինչո՞ւ ես ուրախ, նույնիսկ եթե գիրք կարդում է մարդկության միայն հինգ-տասը տոկոսը:
Հ.Գ.
Ինչո՞ւ Պաբլո Ներուդայից Գաբրիել Գարսիա Մարկես, Գաբրիել Գարսիա Մարկեսից Մարիո Վարգաս Լիոսա լատինամերիկացի գրողները համաշխարհային ճանաչում ունեցան ու Նոբելյան մրցանակներ ստացան տարեցտարի, իսկ միասնական գրական գործընթացի այս ափի գրողները, որ ոչ պակաս հանճարեղ են, ոչ: Պատճառը քաղաքական է. նախ Կուբայի հեղափոխությունը համաշխարհային ուշադրություն բևեռեց այդ մայրցամաքի վրա, բոլորը հանկարծ հայտնագործեցին պետություններ ու պատմություն, որ չգիտեին, երկրորդ պատճառը ԽՍՀՄ տարածքում ստեղծագործելն է, ռուսներից Նոբելյան մրցանակ տրվեց Բորիս Պաստեռնակին («Դոկտոր Ժիվագոն» փորձանք դարձավ նրա համար, ու նա հարկադրվեց մրցանակից հրաժարվել) և Միխայիլ Շոլոխովին («Խաղաղ Դոնի» համար, որ միանգամայն հասկանալի է): Ոչ միայն թարգմանության պակասը, այլև քաղաքական համակարգի պատկանելությունն էր նրանց առջև փակում իրենց երկրից դուրս ընթերցող ու ճանաչում ունենալու ճանապարհը: Արվեստը, իսկապես, տեղնուտեղը կոչնչանար, եթե աշխարհը կատարյալ լիներ: