ՍՑԻԼԼԱՅԻ ՈՒ ԽԱՐԻԲԴԱՅԻ ԱՐԱՆՔՈՒՄ / Աշոտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Աշոտ ԱլեքսանյանԼԾԿԱՆՆԵՐՆ ՈՒ ՀԵԾՅԱԼՆԵՐԸ

Իր նմանների, որ է՝ մարդկանց շրջապատում ապրելու ցանկությունը ածանցվելու պես բխում է մեր մեջ բնավորված դատարկությունը, պարապը դուրս տալու, ինքդ քեզանից ազատագրվելու ցանկությունից: Մարդիկ, մեծ հաշվով, ապրում են նույն հետաքրքրություններով և հանուն հար ու նույն նպատակների: Մենք մեր առջև խնդիրներ ենք դնում և ձգտում ենք հասնել դրանց իրագործմանը. անձնական, ընտանեկան, հասարակական, ազգային, համամարդկային, գերբնական, ինչո՞ւ չէ, նաև հավերժին միտված նպատակադրումներ, հեռահար ու մոտիկ, դժվարին ու հեշտ, խելամիտ ու ցնորական, օգտաշահ ու իմաստազուրկ, զգայական ու մտահայեցողական, նյութին գերի ու նյութահալած: Կա՛րճ, մենք լծված ենք մեր կյանքի պայմանների հետևողական «բարելավման» ու ներաշխարհի «կատարելագործման» սուրբ գործին, սեփական հարմարավետ բարեկեցության ապահովմանը, անձի հանրահռչակմանը, կյանքում ինքնահաստատմանը և շրջապատում ընդունելություն գտնելուն, նաև որոշակի համբավի ձեռքբերմանը հետամուտ: Սա այն է, ինչը, թվում է, թե ներդրված է մեր մեջ որպես կյանքում ինքնադրսևորվելու, ասել է թե՝ սեփական անձը դեպի դուրս ուղղորդելու, շրջապատին ինքնապարտադրվելու նախաստեղծ խթան: Այսքանը մեզ բորորիս քաջածանոթ մարդ արարածի բանիբուն էության մասով… Սա նաև այն է, ինչը հորջորջվում է մարդ կոչեցյալի գիտակցական վարքի դրսևորում: Չէ՞ որ ասված է և ասվում է՝ «մարդ պետք է ձգտո՛ւմ ունենա, այլապես նա ոչնչի չի հասնի»: Հետևաբար խնդիր է դրված ինչ-որ տեղ կամ ինչ-որ բանի հասնելու, նաև հասնելու ու անցնելու, մի կատարյալ հարեհաս, այլ խոսքով` մրցավազք:
Այսպես մենք լծված ենք, ինչպես մրցավազքի դուրս բերված նժույգները, որոնց մեզնմաններն են ասպարեզ հանել: Իսկ գուցե մե՞նք ևս լծված ենք ուրիշ, քաջանհայտ ուժերի կողմից՝ իբրև մրցավազքի հանված ձիեր, և սակայն մեր բանախոհությունը, իրեն ներհատուկ համակերպության քողով, շղարշում է մեր աչքերը և չնկատելու է տալիս մեզ իրապես կառավարողներին՝ մեզ թամբած ու մեզ խթանող աներևույթ հեծյալներին: Մարդու կողմից ձիերի ընտելացման և նրանց մրցավազքի նախապատրաստման համար համեմատաբար կարճ ժամանակ է պահանջվում, մինչդեռ մենք՝ մարդիկս, մեր ընդոծիններին տարիներ, եթե ոչ առնվազն մեկուկես տասնամյակ շարունակ նախապատրաստում ենք կյանք մտնելուն. վարվեցողության կանոններ, խորհուրդ-հորդորներ, դաստիարակություն, կրթություն, սերտած գիտելիքներ և, ի վերջո, սեփական փորձառությամբ աշխարհաճանաչողություն: Եվ այս ամենն արվում է կյանք մտնելու պատրաստվող պարմանուն ճիշտ ուղու վրա դնելու համար: Վազքուղու: Ու մարդիկ սկսում են վազել՝ փոփոխական արագություններ զարգացնելով՝ հաջողակության տարբեր դրսևորումներով: Դասավորում են իրենց առօրյա կյանքը, հոգում առտնին հոգսերը, ընդունում իրենց պարտադրված խաղի կանոնները, կարծելով, թե իրենց անհատական նպաստն են բերում միջանձնային, հասարակական ու համամարդկային կանոնակարգի հաստատագրմանը: Ձիերի երամակները, սակայն, ազատորեն շրջում են նույն այս երկրի մակերեսին ու իրենց կենսապահովման կարիքներն են հոգում՝ առանց մշտապես կատարելագործվող քաղաքակրթության բերած հարմարավետությունների մասին հոգ տանելու: Նրանք, որ մեր պատկերացմամբ գիտակցականություն չունեն, չե՛ն էլ տառապում միմյանց հոշոտելու կամ իսպառ բնաջնջելու մարմաջով, վայելում են Աստծու արարչագործած աշխարհի գրավչությունները և Բարձրյալի հրահանգով՝ թողնելով այս մեղսավոր աշխարհը, առանց հանրահռչակման մոլուցքին տրվելու, տիեզերական ամբողջի մեջ են հարընկլուզվում: Մինչդեռ մենք, որ թվացյալ գիտակցականությամբ ենք մեզ օժտված համարում, հանդերձյալ կյանքի հանդեպ կասկածամտությունից դրդված՝ պատեպատ ենք խփվում, ձգտելով մեզ ցմրուր իրացնել մեզ հատկացված երկրային ժամանակի համընդհատական տիրույթում, իսպառսպուռ մսխելով մեր երկրակենցաղ ու առհավական առանց այն էլ սահմանափակ ուժերը, դրանով իսկ տեղ չթողնելով հավերժի մեջ գոյելու բուն իսկ առմտածումի համար անգամ:

ԱԿԵԼԼԱՅԻ ՈՒ ՇԵՐԽԱՆԻ
ՄԻՋԵՎ՝ ԲԱԼՈՒԻ ԾԱՆՐԱՓԱՓՈՒԿ ԹԱԹԻ ՏԱԿ

Իրավիճակից ելք գտնելու համար հարկ է իրավիճակային լուծում գտնել, հատկապես եթե հեռուն չի տրվում հաշվարկի, և կամ հեռահաշվարկի համար վերլուծական կարողությունները կաղում են, ուժավեկտորային սանդղակն էլ հեղհեղուկ է, մանավանդ որ նրա վրա ներազդելու սեփական հնարավորություններդ մոտենում են զրոյականության վտանգավոր սահմանին: Ընդսմին, խոսքն այստեղ անելանելի իրավիճակներին է վերաբերում, որպիսիք, պետք է ընդունել, որ կյանքում պատահում են, օրինակ, երբ Պույ-պույ մուկիկը հեշտությամբ սողոսկում է կոկոսի անցքից ներս և սեփական խելքից պատուհասված՝ չի կարողանում վերստին դուրս սպրդել: Սա որպես սուբյեկտիվ թերահաշվարկի օրինակ: Իսկ որպես օբյեկտիվ պարտադրվածության օրինակ սովորաբար նշվում է արտաքին անբարենպաստ հանգամանքների կարծր ու անհողդողդ տրվածությունը: Այստեղ տեղին է հիշել մաուգլիի օրինակը. Թշնամական միջավայրում ստիպված ես ընտրություն կատարելու քեզ իր շահերին ժամանակավորապես ծառայեցնելու պատրաստ Ակելլայի և անվերապահորեն խժռելու միտված Շերխանի միջև: Կամ՝ «առջևը՝ ջուր, հետևը՝ թուր» տարբերակի դեպքում ևս ջուրը, իր միանշանական հուսալիությամբ հանդերձ, կարող է նաև փրկության դույզն-ինչ հույս ներ­շնչել՝ ի տարբերություն ոչնչացման մոլուցքով քեզ հետապնդող նշանառու հորդայի, մանավանդ եթե ինքդ սակավազեն ես, մենակ ու սեփական ուժերիդ հանդեպ թերահավատ, և հակառակորդդ էլ մինչև կոկորդը զինված է ու, անհրաժեշտության դեպքում, քինախնդիր ցեղակիցների օժանդակությանը վստահ: Այս դեպքում արդեն վերջին ճիգով ինքնափրկվելու Սարդարապատի տարբերակի կրկնությունն անգամ դույզն-ինչ քննություն չի բռնում, մանավանդ եթե, faute de mieux-ի՝ ավելի լավի պակասից դրդված, դեռևս ծանրութեթև ես անում, մեկ անգամյա հաղթանակից հետո, պատսպարվել ճակատագրով քեզ բաժին հանված գորշ արջի՝ Բալուի ծանրափափուկ թաթի տակ:
Ստացվում է, որ մենք մեր աշխարհագրության գերին ենք: Բայց հիշենք, որ մեր աշխարհագրությունը միշտ չէ, որ այսքան անբարենպաստ ու անողոք է եղել մեր հանդեպ, և սակայն փաստ է նաև, որ մենք միշտ էլ դժգոհել ենք նրանից, անգամ երբ մեր իսկ գործունեությամբ ինքներս ենք մեր գլխին փաթաթել աշխարհագրական այդ անբարեհարմարությունը: Իսկ ելք միշտ էլ կգտնվի: Անգամ Հունան Ավետիսյանը այդ ելքը, ի վերջո, գտավ: Միայն թե այստեղ ցավալի ու անբարեպատեհ է ԵԼՔ բառի երկրորդ՝ EXIT իմաստը, որ սահմանակցում է EXODUS – Ելից եզրին: Հետևաբար, ստեղծված իրավիճակից մենք ո՛չ թե ԵԼՔ պետք է փնտրենք, այլ ՄՈՒՏՔ, և նախևառաջ՝ մուտք մեր իսկ ներաշխարհը, ուր աստվածային նախախնամության առատորեն շաղ տրված մասունքներն են անգոսնում՝ ավա՛ղ, ի ծննդոց անտի պարապուրդի մատնված:

ՊԱՀՄՏՈՑԻ

Մենք՝ հայերս, մեր բնույթը մակաբերում ենք մեզ պատուհասած դժբախտություններից և իրավիճակի ահաբեկչությամբ պայմանավորված անելանելիությամբ, որով էլ ներկայանում ենք ինքներս մեզ և աշխարհին: Մենք մեզ իբրև մանրավաճառ-փերեզակ ենք հրամցնում աշխարհին, աշխարհն էլ մեզ հետ վարվում է այնպես, ինչպես հարիր է շուկայական գնորդին. Գին է գցում: Համաշխարհային թատերաբեմում մենք մեզ պահում ենք բոլոր մեր բախտակից փոքրաքանակ ու վտանգված ժողովուրդների նման. Վիզ ենք ծռում սրա-նրա առաջ՝ նախ ուշա­դրություն գրավելու, ապա՝ դուր գալու, երբեմն էլ՝ խղճահարություն կորզելու համար: Մեր մեջ պակասում է աշխարհին ամբողջական հասակով ներկայանալու տղամարդկությունը (ինձ թող ներեն գենդերային հավասարության ջատագովները), աշխարհ, որի առաջ մենք մեզ տեղաբնիկներ ներկայացնելով, մտավոր քոչվորների տպավորություն ենք թողնում. Մենք քոչում ենք մի ծայրահեղու­թյունից մյուսը և երբեք հաստատակամ միանշանակությամբ մեր ասելիքը չենք ասում. մանևրում ենք, սեթևեթում, ինքնախաբեության քմայքներին տրվում. Կատարյալ պահմտոցի:
Մինչդեռ ինքնախաբեությամբ դիմացինին շողոքորթելու հպանցիկ հմայքը միշտ էլ, մի գեղեցիկ օր, բացահայտվելու, դիմակազերծվելու վտանգին է ենթակա: Մենք պե՛տք է աշխարհին ցուցանենք մեր իրական դեմքը, մեր կոչվածությունը, ձգտումներն ու նկրտումները, որի համար հասարակական ու ազգային համերաշխության նշագիծը պետք է մեկընդմիշտ հաղթահարած-նվաճած լինենք՝ ամուր կանգնելով անտեղիտալի միասնականության պատվանդանին: Դրա համար մենք պետք է ձերբազատվենք ինքնահավանության ու անսխալականության մարդկային ճղճիմ բարդույթներից և ետ դեպի եղբայրության (ևս մի ներողություն գենդերացավերին) ու սիրո սրբազան ակունքները վերադառնանք: Սրա անհրաժեշտությունը, դամոկլեսյան սրի նման, կախված է օդում. այն կա՛մ կիջնի մեր գլխին, կա՛մ մենք այնքան ջերմ ու սիրառատ կգտնվենք միմյանց հանդեպ, որ մեր այդ ջերմության հնոցում սուրն այդ կհալչի ու կանէանա: Դրա համար մենք մեզ պատրաստ պետք է գտնենք տևական և համառ դիմակայության: Այստեղ կարևոր է ազգիս վերապրելու, զարգացմանը միտված պայմանների ստեղծմանը զուգահեռ նույն այդ ազգի դաստիարակության, վերակրթության ու քաղաքակրթման պայմանների ստեղծումը, ինչի համար հիմք կարող է հանդիսանալ բոլորի համար անխտիր առաջխաղացման հավասար պայմանների ստեղծումը և անարդարության իսպառ վերառումը պետություն-հասարակություն-անհատ հարաբերություններում:

ԱՌԿԱԽՎԱԾ ՀԱՄԱՂԵՏԻՑ
ԽՈՒՍԱՆԱՎԵԼՈՒՆ ԸՆԴԱՌԱՋ

Չճշտված, սակայն արժանահավատ տվյալներով՝ լինելով աշխարհի հնագույն ազգերից մեկը, մենք` հայերս, հաստատապես, ինքներս մեզ ճանաչելու ու մեր շրջապատը հասկանալու չլուծված խնդիր ունենք: Ընդսմին, աշխարհը՝ թեև պառակտված ու բազմաբևեռ, բայց մեզ ավելի լավ է ճանաչում ու գնահատում մեր իրական կարողությունները՝ ուժը և թուլությունը հավասարապես (նաև աշխարհաքաղաքական միջավայրով պայմանավորված), քան ինքներս մեզ, քանի որ մենք այս թվացյալ, տարակայացյալ աշխարհին միասնաբար ներկայանալու հավակնոտ խնդիր մեր առաջ չենք դրել: Այս պահին հայության հրամայականն է աշխարհի մրցակցող, հակընդդեմ բևեռներին ներկայացնելու հայկական ինքնիշխան պետության գոյության ու հետևողական հզորացման անհրաժեշտությունը, այսինքն` այն, թե մենք ի՞նչ ունենք և ի՞նչ կարող ենք տալ նույն այդ իրարամերժ, փոխբացառող, բայց և մեկ անտեսանելի կենտրոնից կառավարվող աշխարհին ո՛չ այն է հոգեմտավոր ու նյութատնտեսական բարիքների արդյունահանման, այլև քաղաքակրթական բախումների թատերաբեմ դարձած մեր այս տարածաշրջանում խաչվող ներհակ ուժերի հավասարակշռման առումներով, որքան որ մարդկության գլխին առկախված գիրթ ու դժպատեհ համաղետի կանխմանն ի խնդիր:

Շարունակությունը հաջորդիվ

One thought on “ՍՑԻԼԼԱՅԻ ՈՒ ԽԱՐԻԲԴԱՅԻ ԱՐԱՆՔՈՒՄ / Աշոտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։