ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ

Մանվել ՄիկոյանՀԳՄ վար­չութ­յու­նը
շնոր­հա­վո­րում է
բանաստեղծ
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆԻՆ
ծննդյան 60-ամյակի առթիվ
«Գ­րա­կան թեր­թը» միա­նում է
շնոր­հա­վո­րան­քին

 

***
Աղմուկը չի արդարացնում
լռության ժխտումը,
այլ լցնում է լռության վերքերից
տարածվող տագնապների
դատարկ անոթները
անանուն ու անսեռ
հեղուկն անորոշության,
սառույցներին գրված
բարոյականության երաշխիքը
համարելով արևի հապաղումը
ամբարտավանության
փուչիկներով ամպերի ետևում։
Ո՞վ է խրախուսում
աչքերի անզորությունը՝
խեղված տեսողության
բացիլներ ներարկված,
չեն փնտրում անուն,
քանզի մարմինը
խժռում է հոգու
հղացման թռիչքը…
Մի՛ փնտրիր փրկության լույսը,
քանզի փնտրում են
կորուսյալը միայն,
աչքերդ մաքրի՛ր
բացելուց առաջ
անդունդի եզրից
վերադարձներում՝
հոգուդ անդադրում
դեգերումների…
Նայիր՝ տեսնելու
լուռ համառությամբ,
կտեսնես ՆՐԱՆ
ու կհասկանաս՝
դու վերջինը չես,
սակայն քեզնից է
նաև սկսվում
ժխտումը խժռող,
անկուշտ խավարի։
Եղի՛ր ավարտը
հեռացումների,
եղիր սկիզբը
լուռ վերադարձի։

***
Այս աշունն էլ չլցրեց
իմ մենությունը,
թաքուն հրաժեշտ տվեց
հոգնած ամռանը,
որ չտեսնեմ, թե ինչպես են
ողջագուրվում,
որ չտեսնեմ հրաժեշտի
արցունքները…
Վրձինը չի չորանում,
ներկում է անզուսպ,
սակայն չեն ծածկում
կարծրացած գորշությունը
աչքերիս մեջ լցվող
դեղինն ու կարմիրը։
Կեղծավոր են ասես
բոլոր ժպիտները՝
նույն կաղապարի մեջ
ինչ-որ տեղ հորինված,
գողացել են իսպառ
լույսն ու ջերմությունը,
պահել են նրանց
երկրորդ Եսում բանտարկված։
Ո՞վ է փնտրում
վերադարձի ճանապարհը,
ո՞վ է փորձում գտնել
բանալին հաշտության…
Նրանք չեն տեսնում
իրենց պարզած ձեռքերը,
որոնք պաղում են արդեն
սառույցների մեջ
անտարբերության ու
անդրդվելիության…
Այս աշունն էլ չլցրեց
իմ մենությունը։
Ես ձուլվում եմ ընդմիշտ
իմ աչքերով ինձ նայող
օտար ու հարազատ
և մաքուր էությանը։

***
Մոլախոտեր են նկարված
խեղդված կարոտների
ճերմակ պատանքներին,
իսկ ես ծաղիկներ եմ փնտրում,
չեմ կարող ինքս նկարել,
քանզի ներկերը
չորացել են վաղուց
մոռացության տապից։
– Ի՞նչ ես տեսնում դու հիմա
մայրամուտի թաց աչքերում,
որ այդպես էլ չես կարողանում
նմանեցնել արցունքների…

***
Օրը շնչում է ինձ,
որպես չարտաբերված
փափուկ մի նախախոսք՝
լուսաբացի շուրթին-
հեռո՜ւ, անչափ հեռու
նզովքների թույնից,
զազրախոս ու չկամ
հոգիներից խղճուկ,
աղմուկներից դժգույն,
որտեղ մարդիկ չկան,
այլ լոկ նմանակներ,
այլանդակ ու տխմար
հոգեգարի ճիչեր…
Փոխարենը՝ ոչ մի
քաջալերող հնչյուն…
Օրը շնչում է ինձ,
իսկ ես դեռ փորձում եմ
գոնե այնպես անել,
որ ամեն մի ումպով
ախտազերծված մի շերտ
հանգիստ ներս թափանցի
թոքերի մեջ մաքուր՝
մաքուր առավոտի։

***
Քանի՜ փակված դուռ եմ բացել
միայն մեկ դուռ
փակ պահելու համար…
Մի ամբողջ կյանք եմ վատնել
բոլոր բանալիները գտնելու համար,
որպեսզի տեսնեմ՝
քանի տեղ և որտեղ է պահված
Լռության գաղտնիքը,
լսեմ այն բառերը,
որոնք ինձ համար են,
սակայն չեմ իմացել՝
ով է ինձ ասելու…
Քանի՞ դուռ եմ դեռ բացելու՝
միայն Նա գիտի,
քանզի դրանց քանակը կախված է
հեռավորությունից վերջնագծի,
որից հետո միայն
կբացվի միակ փակ Դուռը,
որից անդին սկիզբն է
անսահմանության առեղծվածի։

***
Կյանքի աբսուրդը
հասկանալու համար
շատերին տրված
մի կյանքը քիչ է։
Նույնիսկ երբ կորն
իր վերջին կետից
արդեն ներքև է իջնում,
չես զգում
արագությունը գահավիժման,
համառորեն չես ուզում
դառնալ աբսուրդի
լիարժեք մասնիկը,
ճշտել քո տեղը
ունայնության
թափանցիկ եզրագծին,
որը գալիս է
անհայտ հեռուներից
ու միտված է դեպի
կատարյալ անորոշություն…
Դու չես լսում
ՆՐԱ հորդորները,
սակայն զարմանում ես,
որ ՆԱ անհաղորդ է
քո աղերսներին։
Դու չես ուզում անցնել
դժվարին ճանապարհը,
որ ճանաչես Սերը,
սակայն տրտնջում ես
Սիրո պակասից…
Դու հոգիդ մատնում ես
մարմնիդ քմահաճույքին,
փակում ես ականջներդ,
որ չլսես հոգուդ
հուսահատ ճիչերը։
Ելքեր ես փնտրում
ինքդ քեզ համար
լարված ծուղակից
ու մարդ ձևանում,
այնինչ հարկավոր էր
ուղղակի մարդ լինել
սովորական ու բանական՝
աչքերիդ անմատչելի
խորքում պահած
գաղտնիքն Աբսուրդի։

***
Խոհերս անշարժացել են
հապաղող լույսի
և նախահարձակ խավարի միջև,
բառերս ելք են փնտրում
հետահայաց պատկերներում,
հնչյունները սառել են
և անօգնական հայացքով
նայում են աղմուկի փոշուն,
որը շնչահեղձ է անում
իր աներևույթ շղարշով,
փակելով ներդաշնակ Ձայնի
արտածման ճիգերը։
Ես հավաքում եմ
կտրտված լույսի
թափառող ծվենները,
որոնք լծորդվում են
փափուկ հպումներով։
Նահանջում է աղմուկը,
մտնում խավարի
անտեսանելի խորշերը…
Տեսնում եմ
անձայն պայթյունը…
Լուսաբացն ուշացման համար
ներում է հայցում
արևագալի հայացքից,
տեսնում եմ
իմ նեղ արահետը՝
կտրուկ շրջադարձերով,
որոնք հանգրվաններն են
պաղաշունչ զգոնության…
Բառը ներել է
խոհերիս հապաղումը…
Քայլերս թեթև են այնքան,
որքան բոլոր արահետներում
պահված գաղտնիքը։

 

Ման­վել Մի­կո­յա­նի վեր­ջին գրքի վեր­նա­գի­րը՝ «Լ­ռութ­յան խո­նավ աչ­քե­րը», մեզ չպետք է շփո­թութ­յան մատ­նի. նրա գի­րը հա­գե­ցած է մեր ժա­մա­նա­կի էութ­յու­նը հու­մո­րով, սար­կազ­մով և խո­րը քնքշան­քով պատ­կե­րող բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րով։ Չ­կա լաց և հ­րա­պա­րա­կա­խո­սութ­յան գայ­թակ­ղիչ պա­թե­տիզմ։ Ապ­րեց­նող գիր է։
Էդ­վարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

***
• Ման­վել Մի­կո­յա­նը փայ­լուն լու­ծում է տա­լիս «բա­նաս­տեղ­ծութ­յու­նը լե­զու է» հաս­կա­ցութ­յա­նը՝ վե­րա­ցար­կե­լով պատ­կե­րա­յին տե­սիլ­քը մտա­ծա­կան ձևույ­թի, որ ըն­կա­լե­լի է միայն բա­նաս­տեղ­ծութ­յամբ…
• Մի­կո­յա­նի յու­րա­քանչ­յուր բա­նաս­տեղ­ծութ­յուն ա­վե­լի տե­սի­լա­յին միա­վոր է, քան տրա­մա­բա­նա­կան, ուր գա­ղա­փա­րը սուզ­ված է փի­լի­սո­փա­յա­կան ժա­մա­նա­կի մեջ։ Դա «ան­գա­ղա­փար» գրա­կա­նութ­յան ձևույթն է, որ­տեղ գոր­ծում է «ար­վեստ ար­վես­տի հա­մար» գե­ղա­գի­տա­կան սկզբուն­քը, և­ եր­ևույ­թը ձգտում է տիե­զե­րա­կան կե­ցութ­յան։ Կա­րող է իմ այս մեկ­նութ­յու­նը չա­փա­զան­ցութ­յուն թվալ մի բա­նաս­տեղ­ծի վե­րա­բեր­յալ, ով տա­կա­վին չի քննա­բան­վել ժա­մա­նա­կա­կից պոե­զիա­յի գե­ղա­գի­տա­կան չա­փա­նիշ­նե­րով…
Ես հետ­ևում եմ գրա­կան ըն­թաց­քին և գտ­նում եմ, որ բա­նաս­տեղ­ծութ­յան տի­րույ­թը կա­րիք է զգում վե­րար­ժե­քա­վոր­ման, և­ այս պա­րա­գա­յում այլ զու­գա­հե­ռի վրա կդիտ­վեն Խա­չիկ Մա­նուկ­յա­նը, Հու­սիկ Ա­րան, ինչ­պես նաև Ման­վել Մի­կո­յան եր­ևույթն ար­դի հա­յոց բա­նաս­տեղ­ծութ­յան հա­մա­պատ­կե­րում՝ Դա­վիթ Հով­հան­նե­սի, Վար­դան Հա­կոբ­յա­նի, Հ­րաչ­յա Սա­րու­խա­նի, Ար­տեմ Հա­րութ­յուն­յա­նի շա­րու­նա­կութ­յան վրա։ Դա է­լի­տար պոե­զիա է, որ­տեղ բա­ռի ու բա­նա­տո­ղի ընտ­րութ­յու­նը չա­փա­վոր­ված է ստույգ տա­ռա­դար­ձութ­յամբ, և­ որ­տեղ միան­գա­մայն այլ տա­ղա­չա­փութ­յամբ է ստեղ­ծա­գոր­ծում Մի­կո­յա­նը։ Բա­վա­կան ա­մուր կա­ռուց­վածք­նե­րում ա­սո­ցիա­տիվ ձևույթ­ներ են, ա­ռա­վե­լա­պես տե­սի­լա­յին մտա­պատ­կեր­ներ, քան ի­րե­րի էմ­պի­րիկ միակ­ցութ­յուն…
• Մի­կո­յա­նի բա­նաս­տեղ­ծութ­յան հո­գե­բա­նա­կան սկիզ­բը վի­ճակն է, և կա­րե­լի է ա­սել, որ նրա պոե­զիան վի­ճակ­նե­րի պոե­զիա է՝ ներ­քուստ ըն­կալ­ված վի­ճա­կի հո­գե­բա­նա­կան կազ­մույթ… Ման­վել Մի­կո­յա­նի վի­ճա­կի բա­նաս­տեղ­ծութ­յու­նը հի­շեց­նում է տա­ղան­դա­վոր գե­ղան­կա­րիչ Հ­րանտ Թադ­ևոս­յա­նի «­Հո­րին­վածք» հա­մա­պատ­կե­րը, որ­տեղ գծե­րի և գույ­նե­րի գեր­գաղտ­նի կոմ­պո­զի­ցիան անդ­րա­դարձ­նում է անկ­ռա­հե­լի, գու­ցե և գո­յութ­յուն չու­նե­ցող տիե­զե­րա­կան ինչ-որ ան­հայտ մտա­պատ­կեր…
• Ման­վել Մի­կո­յա­նի սի­րո փի­լի­սո­փա­յութ­յու­նը կա­տա­րե­լա­պես ա­զատ է մարմ­նա­կան վա­յել­քի զգա­ցո­ղութ­յու­նից։ Դա հա­վա­տի, հա­վա­տար­մութ­յան և ն­վի­րու­մի անր­ջա­յին հի­շո­ղութ­յուն է՝ հան­դի­պու­մի, ան­ջատ­ման ան­մեկ­նե­լի ան­ցում­նե­րով, այն­քան մա­քուր ու բյու­րեղ­յա, որ­քան կար­կա­չող աղբ­յուր­ներն օա­զիս­նե­րում։ Իր հայտ­նութ­յամբ ՆԱ միաց­նում է պատ­րան­քի ու ի­րա­կա­նութ­յան սահ­ման­նե­րը, և­ եր­ջան­կութ­յան հով­տում մե­նութ­յան պա­հե­րի լռութ­յունն ար­ձա­գան­քում է չաս­ված խոս­քե­րը…
• Վերս­տին նշեմ, որ Ման­վել Մի­կո­յա­նի պոե­զիան է­լի­տար հղում ու­նի, բարդ բնա­գիր, ան­վեր­ծա­նե­լի լե­զու և սե­ման­տիկ ներ­հա­յե­ցութ­յուն…
• Վեր­ջում ա­սեմ, որ ա­ներ­ևույթ մի ո­գի Մի­կո­յա­նի պոե­զիա­յում մշտա­պես ձգտում է կա­տա­րե­լութ­յան, որ փի­լի­սո­փա­յա­կան վեր­ջա­վո­րութ­յամբ նույ­նա­նում է էս­թե­տի­կա­կան ի­դեա­լի։ Այդ ի­դեա­լի ո­րո­նու­մը շա­րու­նակ­վում է նաև ար­ձակ բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րում, ո­րոնց ի­մաս­տը վե­րա­ցարկ­ված է…

ՍԵՐԳԵՅ ՍԱՐԻՆՅԱՆ
(­Հատ­ված­ներ Մ. Մի­կո­յա­նի
«Ան­դուն­դի եզ­րով քայ­լո­ղը» գրքի
գրա­խո­սութ­յու­նից)
«Գ­րա­կան թերթ», 1 ապ­րի­լի, 2016 թ. (թիվ 9)

***
Եր­կար ժա­մա­նակ ես հետ­ևել եմ Ման­վել Մի­կո­յա­նի ստեղ­ծա­գոր­ծա­կան զար­գաց­մա­նը (մա­մու­լում կամ ա­ռան­ձին ժո­ղո­վա­ծու­նե­րով), որն ինձ հե­տաքրք­րել է իր հար­ցադ­րում­նե­րով, բա­նաս­տեղ­ծա­կան լեզ­վամ­տա­ծո­ղութ­յամբ, ար­դիա­կա­նութ­յան նկատ­մամբ իր ո­րո­շա­կի դիր­քո­րո­շու­մով, սկսած նրա ա­ռա­ջին հրա­պա­րա­կում­նե­րից մինչև վեր­ջին՝ «Ստ­վեր­նե­րից ան­դին» ժո­ղո­վա­ծուն: Ն­րա ստեղ­ծա­գոր­ծա­կան հա­մա­կար­գի կենտ­րո­նում մարդն է՝ իր ժա­մա­նա­կա­կից խնդիր­նե­րով, ո­րոն­ցից ա­մե­նա­կար­ևո­րը, ինչ­պես ար­դա­րա­ցիո­րեն գտնում է բա­նաս­տեղ­ծը, նրա բա­րո­յա­կան պա­տաս­խա­նատ­վութ­յան հարցն է, կյան­քի բո­լոր քաո­սա­յին եր­ևույթ­նե­րի մեջ սե­փա­կան դեմ­քը պահ­պա­նե­լու և խղ­ճի հա­մա­ձայն իր ո­րո­շում­նե­րը կա­տա­րե­լու նրա պատ­րաս­տա­կա­մութ­յու­նը: Հե­տաքր­քիր է վեր­նա­գի­րը՝ «Ստ­վեր­նե­րից ան­դին», այ­սինքն՝ ի­րա­կա­նութ­յու­նը, այն բուն աշ­խար­հը, ուր անց­նում է մար­դու կյան­քը, նրա կե­ցութ­յու­նը: Ին­չի մա­սին էլ գրում է բա­նաս­տեղ­ծը՝ կենտ­րո­նում մարդն է՝ իր ներ­քին կյան­քով, հի­շո­ղութ­յուն­նե­րով («Նոր հի­շո­ղութ­յան ծննդա­վայր» շար­քը), սի­րո և­ ի­մաս­տի ո­րո­նում­նե­րով: Ման­վել Մի­կո­յա­նի լե­զուն հա­մադ­րութ­յունն է դա­սա­կան պոե­զիա­յի և ժա­մա­նա­կա­կից պոե­տա­կան ո­ճե­րի, բայց այդ հա­մադ­րութ­յան մեջ գե­րիշ­խո­ղը պոե­տա­կան նոր լեզ­վամ­տա­ծո­ղութ­յունն է: Ո­ճա­կան տար­բեր ուղ­ղութ­յուն­նե­րի հա­մա­դրու­մը, միա­ձու­լու­մը մեկ ամ­բող­ջա­կան պոե­տա­կան հա­մա­կար­գի մեջ՝ այդ հա­մա­կար­գը դարձ­նում է լար­ված, դի­նա­միկ: Ակն­հայտ է բա­նաս­տեղ­ծա­կան ինք­նա­տի­պութ­յու­նը, ո­րը կար­ևո­րա­գույն հատ­կա­նիշն է որ­ևէ բա­նաս­տեղ­ծի հա­մար:

ՀԵՆՐԻԿ էԴՈՅԱՆ
23.01.2019 թ.

***
Մշ­տա­պես հետ­ևում եմ Ման­վել Մի­կո­յա­նի պոե­զիա­յի զար­գաց­ման շրջա­փու­լե­րին՝ կար­դա­լով նրա գրքե­րը, ինչ­պես նաև գրա­կան մա­մու­լում տպագր­վող բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի շար­քե­րը: Նա մշտա­պես նոր շեր­տեր է բա­ցա­հայ­տում և՛ պատ­կե­րա­յին մտա­ծո­ղութ­յան, և՛ լեզ­վամ­տա­ծո­ղութ­յան տի­րույթ­նե­րում: Ն­րա պատ­կե­րա­յին տե­սիլք­ներն ար­դիա­կան են ոչ միայն հրա­պա­րա­կա­խո­սա­կան, այլև խո­հա­կան և սի­րա­յին ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րում: Նա ներ­կա է մեր երկ­րում տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձութ­յուն­նե­րին, ո­րոնց ար­ձա­գան­քում է որ­պես մաս­նա­կից հրա­պա­րա­կա­խո­սա­կան հզոր է­ներ­գիա­յով: Մ­յուս թե­մա­նե­րով գրված գոր­ծե­րը նույն­պես շնչում են թարմ ու ինք­նա­տիպ մտա­ծո­ղութ­յամբ, ո­րով էլ Մ. Մի­կո­յա­նը մաս­նա­կից­նե­րից մեկն է դառ­նում հայ պոե­զիա­յի ար­դիա­կա­նաց­մա­նը:
Աս­վա­ծի վառ վկա­յութ­յունն է նաև նրա բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի «Ստ­վեր­նե­րից ան­դին» ժո­ղո­վա­ծուն, ո­րը բարձր գնա­հա­տա­կա­նի է ար­ժա­նա­ցել գրա­կա­նա­գետ­նե­րի և ըն­թեր­ցող­նե­րի կող­մից:
Խո­սուն են նաև վեր­նագ­րե­րը: Քա­ղա­քա­ցիա­կան բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րից կա­ռանձ­նաց­նեի «­Տի­րոջ հոր­դո­րա­ձայ­նը», «­Մարդ ստվե­րը», «­Մո­տա­վո­րա­կան­ներ», «­Դա­տարկ­վող քա­ղա­քի մայ­րա­մու­տը», «­Մի­լիար­դա­տեր բոմ­ժեր», «Երբ թանձ­րա­նում է ճա­հի­ճը…» գոր­ծե­րը, ո­րոնք հա­վաս­տում են՝ Մ. Մի­կո­յա­նի պոե­զիան վի­ճակ­նե­րի պոե­զիա է՝ հո­գե­բա­նա­կան բարդ և գեր­խիտ ըն­կա­լում­նե­րով: Միա­ժա­մա­նակ այդ ա­մե­նի մա­սին նա գրում է ազ­նիվ ու մտա­հոգ քա­ղա­քա­ցու կեց­ված­քով: Խո­հա­փի­լի­սո­փա­յա­կան խոր ըն­կա­լում­նե­րով են օժտ­ված նրա «Ստ­վեր­նե­րից ան­դին», «Հ­րա­ժեշտ անց­յա­լին», «Ս­տույգ ի­րա­կա­նը», «Ես չի­ջա տա­պա­նից իմ ե­րազ­նե­րի…», «­Հողն ի­մաս­տուն է», «Օ­րե­րը կար­ծես հի­վանդ են քաղց­կե­ղով…», «Անք­նութ­յուն», «­Խաբ­կանք» և մի քա­նի տասն­յակ այլ գոր­ծեր, ո­րոն­ցում ա­նէութ­յան տագ­նապ­նե­րի հո­գե­բա­նա­կան դրա­մա­տիզմն ար­տա­ցո­լում է մարդ­կա­յին էութ­յան բազ­մա­շա­վիղ դրսևո­րում­նե­րը:
Մ. Մի­կո­յա­նի սի­րո փի­լի­սո­փա­յութ­յունն ա­ռա­վե­լա­պես հա­վա­տար­մութ­յան ու նվի­րու­մի ար­տա­հայ­տութ­յուն է, ո­րում ջնջվում են եր­ևա­կա­նութ­յան և­ ի­րա­կա­նութ­յան սահ­ման­նե­րը, միա­ժա­մա­նակ հնչե­լով հա­մո­զիչ և հա­վաս­տի նրբե­րանգ­նե­րով:

ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
20.01.2019 թ.

***
Ման­վել Մի­կո­յա­նի բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի ա­ռա­ջին ժո­ղո­վա­ծուն 1991 թվա­կիր է, վեր­ջի­նը, որ հին­գե­րորդն է, 2017 թվա­կիր: Ան­կա­խութ­յան բո­լոր տա­րի­նե­րի մեր կյան­քի անդ­րա­դար­ձը կա նրա բա­նաս­տեղ­ծա­կան այս դի­տար­կում­նե­րում՝ գիրք առ գիրք ա­վե­լի ընդգր­կուն ու խո­րազ­գա: Եվ վեր­ջին, ա­հա, «Ստ­վեր­նե­րից ան­դին» ժո­ղո­վա­ծուն, որ կրկին ջերմ ար­ձա­գանք է գտել ըն­թեր­ցող­նե­րի շրջա­նում:
Չ­խո­րա­նա­լով ման­րա­մասն վեր­լու­ծութ­յուն­նե­րի մեջ՝ որ­պես ընդ­հան­րա­կան ար­ժա­նիք պի­տի նշեմ նախ այն զգա­յա­կան տպա­վո­րութ­յու­նը, որ փո­խանց­վում է ըն­թեր­ցո­ղին, նե­րար­կում նրան կյան­քը, եր­կի­րը, հո­ղը, մար­դուն սի­րե­լու, նվիր­վե­լու զգա­յութ­յուն­ներ, բնութ­յան, աստ­վա­ծա­յին օ­րենք­նե­րի և մար­դու ա­ռա­քե­լութ­յան հու­շում­ներ, պա­տաս­խա­նատ­վութ­յան թե­լադ­րանք, լա­վի մշտատև կա­րո­տի շի­ճուկ: Ա­սեմ, որ այս ա­մե­նին Մի­կո­յա­նը հաս­նում է՝ ըն­թեր­ցո­ղի հա­մար կեն­դա­նաց­նե­լով իր՝ բա­նաս­տեղ­ծի կեր­պա­րը, տե­սա­նե­լի դարձ­նում նաև նրա հա­րա­զատ, սի­րե­լի մարդ­կանց՝ հայր, մայր, սի­րած էակ, ո­րոնց դի­մում է կամ պատ­մում նրանց մա­սին, և այն կյան­քը, որ ապ­րում է նա, բազ­մա­գույն, տա­րաբ­ևեռ՝ հրեշ­տակ­նե­րի ու սա­տա­նա­նե­րի խորհր­դա­նի­շե­րով: Ա­սեմ նաև, որ ինք­նօ­րի­նակ է հե­ղի­նա­կի պատ­կե­րամ­տա­ծո­ղութ­յու­նը և տ­պա­վո­րիչ: Ա­զատ բա­նաս­տեղ­ծութ­յան «ա­զա­տութ­յու­նը» մնում է ան­հագ ռիթ­մա­կա­նի սահ­ման­նե­րում, որ խո­հա­կան է ու քնա­րա­կան:

ՎԱԶԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
15. 01. 2019 թ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։