«ՆՐԱ ՊԱՅԾԱՌ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ…» / Կարինե ՄԵՍՐՈՊՅԱՆ

 

Այն տարիներին այնքան անպատմելի, երազելի զգացում էր ինչ-որ առիթով գրողների միությունում Հրանտ Մաթևոսյանին հանդիպելը, նրա՝ անգամ սովորական թվացող խոսքը լսելը:
Տասը տարիների ընթացքում միությունում նրան տեսել եմ ընդամենը երեք անգամ, և անսպասելիորեն հանկարծ ամեն օր մեծ գրողին տեսնել մե՛կ միության դահլիճներում ելույթ ունենալիս, մե՛կ ճեմասրահներում քայլելիս, մե՛կ իր առանձնասենյակում՝ ծխախոտը ձեռքին խորհելիս: Հինգ տարի շարունակ գրողների միությունում «նրա պայծառ ներկայությունը» և հաճախակի հանդիպումների ժամանակ նրա խոսքին ունկնդիր լինելը երջանկության զգացումով էին լցնում մեր հոգիները: Եվ շնորհակալ լինել ճակատագրին այդ հանդիպումների՝ բացվող նոր օրերի այդ թանկագին ընծաների համար…
Տարեմուտի օրերն էին. շեմին 1998-ն էր: Սովորականի պես Լևոն Խեչոյանն այցելել էր Հրանտ Մաթևոսյանին: Լևոնին տեսնելիս Մաթևոսյանի դեմքը մեկեն պայծառանում էր. նկատելի էր տրամադրության փոփոխությունը. առանձնահատուկ էր վերաբերմունքը նրա նկատմամբ: Միշտ գեղեցիկ էր Լևոնի ներկայությունը նրա կողքին: Հանդիպումը երկուսին էլ ուրախություն էր պատճառում…
1994-ի ամռան սկզբին Լևոնի համար Ծաղկաձորում՝ գրողների ստեղծագործական տանը, եղել է մի կարևոր հանդիպում: Այդտեղ օրերով առանձնացած՝ նոր վեպ էր սկսել Արցախյան ազատամարտի մասին, երբ ստեղծագործական տուն էր եկել Հրանտ Մաթևոսյանը՝ աշխատելու իր «Գոմեշը» վիպակի կինոսցենարի վրա:
Մի օր պատմեց այդ մասին. «Մի շրջան, երբ ինձ համար դժվար ժամանակներ էին, երբ Ծաղկաձորի մեր տանը տենդագին լարված, մոռացած օրեր ու ժամեր՝ ցերեկներն աշխատում էի, իսկ երբեմն անքնությունից գիշերներն անցնում էին ուղեգորգերի մետրերը հաշվելով, հանկարծ Հրանտը եկավ, ու ինձ համար այլ օրեր սկսվեցին. բավական երկար ժամանակ միասին էինք: Վայելք էր Հրանտի հետ լինելը: Ցերեկները երկուսս էլ աշխատում էինք, իսկ գիշերները թափառում էինք այդ տան միջանցքներով: Շենքում մեզնից բացի համարյա ոչ ոք չկար: Հազվադեպ մեկ-երկու օրով անծանոթ մարդիկ էին հայտնվում: Մենք նրանց չէինք էլ նկատում: Դժվար գրվող բառից ու տողից երբեմն Հրանտն էլ քնել չէր կարողանում և անքնությունից շա՜տ համով լուծվող սուրճ էր եփում ու մեկ էլ հայտնվում էր գիշերվա ժամը 3-ին, թե 4-ին: Հրանտը սուրճով ծեծում էր իմ սենյակի դուռը և ասում՝ տեսնենք՝ որի՞ս սուրճի փրփուրն է շատ. հաճախ էինք գիշերներն այդպես իրար դուռ թակում և սուրճի փրփուրով մրցում: Հետո ելնում, միասին քայլում էինք միջանցքներով, բարձրանում մյուս հարկեր, իջնում, ոտքով չափում ուղեգորգերի երկարությունը, գումարում: Սիրուն, նախանձելի սիրուն օրեր էին… Մեկ-մեկ էլ ճաշարանի աշխատակցուհուն խնդրում էինք, որ մեզ համար բաստուրմայով ձվածեղ պատրաստի. երկուսս էլ շատ էինք սիրում: Հետո, նորից փակված, աշխատում էինք: Երբեմն ծանոթ, մտերիմ մարդիկ էին գալիս, հրավիրում տարբեր տեղեր, նույնիսկ ինչ-որ խնջույքների, չէինք գնում, փոխարենը թափառում էինք շենքի շուրջբոլորը, ելնում անտառ, բայց ամենից շատ սիրում էինք գիշերվա ժամը 3-4-ին սուրճի փրփուրով մրցել և շարունակ ոտքով չափել այդ երկար միջանցքների ուղեգորգերի՝ որերորդ անգամ արդեն չափված, անգիր արած երկարությունը, հետո գումարել ու խոսել, խոսել, խոսել… Խոսում էինք կյանքից, գրականությունից, չգրվող տողի տառապանքից, տարբեր, տարբեր բաներից, հասնում մինչև Նոյի ժամանակները… Նաև միասին երկար, շատ երկար լռում էինք. մի յուրատեսակ զրույց էլ դա էր… Պարտական եմ Հրանտին ամեն, ամեն ինչի՝ իր գրականության, իր տեսակի, իմ կյանքում իր ներկայության, այն օրերի համար, երբ այնքան մենակ էի, ու ինքը եկավ… Տա՛ Աստված, երկար ապրի Հրանտը, բայց հետո մենք մեզ շատ վատ ենք զգալու, որ ոչինչ չարեցինք իր համար: Մի օր Վանոն ասաց, թե՝ «Հրանտի համար տուն եմ կառուցելու… Նեղ ու փոքր է իր տունը, նոր թոռ է ծնվել, երբեմն տեղը չի գտնում ու աղմուկից փախչում, գնում է Ծաղկաձոր…: Հրանտը պետք է մեծ առանձնատան մեջ ապրի՝ լռության ու խաղաղության մեջ, որ ներսն էլ խաղաղ լինի, որ գրել կարողանա, կիսատ գործերն ավարտի: Գրողի համար ամենակարևորը ներսի խաղաղությունն է, որ բառը ճիշտ ծնվի…»:
Լևոնն ինքնամոռաց մենախոսում էր. ոգեշնչված, բեկբեկուն ձայնով պատմում այնքան գեղեցիկ. գիտեի՝ մի օր էլ դա էր գիր դառնալու:
Մի կարճ ժամանակ Լևոնն աշխատեց գրողների միությունում, բայց թողեց աշխատանքը. ժամանակ առ ժամանակ մեկնում էր Ծաղկաձոր՝ գրողների ստեղծագործական տուն, և այնտեղ առանձնության ու մենության մեջ իր գիրն էր գրում: Պատերազմական տարիների դաժան ձմեռներին, երբ Արցախից՝ կռվից որոշ ժամանակով վերադառնում էր, գալիս-փակվում էր այդտեղ: Ձյունն էլ այդ տարիներին այնքան առատ էր, որ ստեղծագործական տուն բարձրացող ճանապարհը դառնում էր անանցանելի: Չջեռուցվող ցուրտ շենքում ո՛չ լույս կար, ո՛չ մարդկային շունչ: Այդ հսկա տան ամայության մեջ, ծածկոցներով փաթաթված՝ վեպ էր գրում Արշակ արքայի մասին: Միակ այցելուն շենքի պահակն էր, որ ձյունը ճեղքելով՝ օրը մեկ անգամ մի նեղ արահետով գալիս, տաք սնունդ էր բերում…
Եվ հիմա՝ ամանորի շեմին, Լևոնն այցելել է Հրանտ Մաթևոսյանին: Միության նախագահի ոչ այնքան տաք, բայց լույսով ողողված առանձնասենյակում ջերմ ու հաճելի մթնոլորտ է: Մաթևոսյանը, նստած իր տեղում՝ հետ ընկած բազկաթոռին, հանդարտ խոսում և այնպես պայծառ ժպտում է մեզ: Հազվադեպ է նրա հայացքն այդքան հանգիստ ու խաղաղ լինում:
Տարեմուտի սեղանին կոնյակ է, քաղցրավենիք, խնձոր, և նրանց շնորհավորանքի ջերմ խոսքերը՝ մեզ, իսկ հետո զրույց է, որին ունկնդիր ենք նաև մենք:
Շեմին 1998-ն է, և նրանց մտահոգությունը Արցախն ու Հայաստան աշխարհն են. արդյոք ի՞նչ է բերելու նոր թվականը… Հետո աստիճանաբար զրույցը դարձավ գրականության շուրջ: Անցնող տարին, որ մեր ժողովրդի համար Հայաստանում, Արցախում և Սփյուռքում նշանավորվել էր Եղիշե Չարենցի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնակատարություններով, ի վերջո, պսակվել էր մեծ բանաստեղծի «Ընտիր երկեր»-ով, որը տպագրվեց Հրանտ Մաթևոսյանի ընտրությամբ և գերխիտ առաջաբանով. առաջին անգամ հայ իրականության մեջ Հրանտ Մաթևոսյանն անխաթար ներկայացրեց Չարենցի «Երկիր Նաիրին», որ քաղաքական նպատակներով խորհրդային հրատարակություններում մկրատվել էր: Գիրքը տպագրեց «Նաիրի» հրատարակչությունը բանաստեղծի ծննդյան 100-ամյա հոբելյանին ընդառաջ՝ 1997 թվականի հոկտեմբերին: Դա անկախ հանրապետության առաջին «Չարենցն» էր: Նախատեսել էինք գրքի շքեղ շնորհանդեսը կազմակերպել 1998 թվականի փետրվարի սկզբներին: Այն այլ շուք էր ունենալու. ներկա էին լինելու նաև Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Առաջինը. կազմակերպչական ողջ աշխատանքը հանձն էր առել Վանո Սիրադեղյանը: «Ընտիր երկեր»-ը կաշեկազմ էր՝ սպիտակ և սև՝ տեսքով նման 1932 թվականի Չարենցի ձեռքով տպագրված գրքին: Չարենցասերները վայելելու էին ոչ միայն չարենցյան պոեզիայի հմայքը հանրապետության լավագույն արտիստների կատարմամբ, այլև կարողանալու էին ձեռք բերել գիրքը, կազմակերպվելու էր վաճառք, որի հասույթով Հայաստանի գրողների միության հրատարակչության հիմքն էր դրվելու: Իր նախագահության առաջին իսկ օրերից Հրանտ Մաթևոսյանը մտածում, հրատարակչություն ստեղծելու համար անընդհատ ելք էր որոնում: Վանո Սիրադեղյանը հաձն էր առել իրականացնելու մեծ գրողի երազանքը:
Շնորհանդեսի ծրագիրը Լևոն Խեչոյանի հետ էլ քննարկելուց հետո Մաթևոսյանն անդրադարձավ Ուկրաինայում տպագրության պատրաստվող Լևոնի պատմվածքների ժողովածուին: Այդ մասին նրանց մի քանի օր առաջ էի տեղեկացրել: Երկուսի համար էլ լուրն անակնկալ էր:
Հայ գրողի ստեղծագործությունների թարգմանական ժողովածուն տպագրելու համար ուկրաինացի հրատարակիչը որքան էլ հավանել էր օտարալեզու արձակագրի պատմվածքների անսովոր ոճը, այնուամենայնիվ, թարգմանչից պահանջել էր հայ որևէ անվանի գրողի խոսք-երաշխավորագիր, որը միաժամանակ պետք է դառնար գրքի առաջաբան և ուկրաինացի ընթերցողի համար լիներ անծանոթ գրողի հետ ծանոթության յուրօրինակ հայտ: Դա էր գրքի տպագրության նախապայմանը:
Պատմվածքների թարգմանիչը տողերիս հեղինակի եղբայրն էր՝ Անուշավան Մեսրոպյանը, որ դեռևս 1991 թվականի սեպտեմբերին՝ Հայաստանի Անկախության ընդունման շեմին, Վանո Սիրադեղյանի նախաձեռնած ուսանողների փոխանակման ծրագրով մեկնել էր Լվով՝ սովորելու Իվան Ֆրանկոյի անվան պետհամալսարանի բանասիրության ֆակուլտետում. ի դեպ, նույն պայմանավորվածությամբ Լվովից ԵՊՀ-ում ուսանելու էր եկել մի ուկրաինուհի:
Խեչոյանի ուկրաիներեն գրքի առաջաբան խոսքի համար, որքան էլ դժվար էր, խնդրեցի Հրանտ Մաթևոսյանին: Խիստ զարմացած և ուրախացած, որ այդ դժվարին ժամանակներում օտար երկրում մի հայ երիտասարդ ձեռնամուխ է եղել նման գործի, սիրով համաձայնեց: Իրեն հատկապես դուր եկավ բծախնդիր հրատարակչի պահանջը:. «Այո՛, ամեն բան չէ, որ պետք է գիրք դառնա, հատկապես օտարալեզու գրողների»,- ասաց:
Այդ հանդիպումից որոշ ժամանակ անց Հրանտ Մաթևոսյանի խոսքն ուղարկվեց Ուկրաինա: Ահավասիկ. «Հայ ընթերցողի համար Լևոն Խեչոյանի հայտնությունը իրական պարգև է: Կարդում եմ նրա գործն ու հաճախ երանի եմ տալիս նրան. բաներ, որ ես էի կռահում, միայն կռահում էի, իր համար այբուբեն են. բաներ, որ ես հրճվանքով որպես գյուտ էի անելու, իր համար սովորական իրողություններ են: Կյանքը գիտի և գիտի՝ գրականությունն ինչ է: Մեր դժվար, ինչ-որ տեղ նույնիսկ հակագրական պայմաններում իր ճշմարիտ էջերը շարադրել է: Լավ արձակագիր է գալիս, աշխատում է, իր հացը գրականությամբ է վաստակում, քաջ տղա է, մարմինը նույնպես պինդ, և ես վստահ եմ, որ այսօր և վաղը մեր գրականությունը նրանով է շարունակվելու: Նշանակում է՝ մեր մշակույթի վերջը չի, և հակառակը՝ գրականությունը մի լավ ժամանակի առաջին օրերն է ապրում:
ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, 19 մարտի, 1998 թ. Երևան»:
Մեծ գրողի խոսքով Լվովի «Ֆենիքս» հրատարակչությունը տպագրեց Լևոն Խեչոյանի գիրքը՝ «Ճյուղն ձիթենու» վերնարով: Գրքի ֆինանսական հովանավորները թարգմանչի ընկերներն էին: Շատ չանցած՝ «Կամենյար» թերթում (Լվով) լույս տեսավ ուկրաինացի գրականագետ Յուրի Հորբլյանսկու «Հայ գրականության էկզոտիկ բույրը» գրախոսություն-հոդվածը, որն, ըստ էության, արժանի էր թե՛ Հրանտ Մաթևոսյանի խոսքի, թե՛ Լևոն Խեչոյանի գրականության և թե՛ թարգմանչի աշխատանքի. «Նշանակալի է հայ գրականության իմաստուն, կենդանի դասական Հրանտ Մաթևոսյանի խոսքը, որ նկատելի զարմանքով և հիացմունքով է գրում իր կրտսեր գործընկերոջ մասին. նրա ոչ մեծ խոսքը յուրօրինակ առաջաբան է «Ճյուղն ձիթենու» գրքին… Ընթերցելով գիրքը՝ մենք կարծես միաժամանակ լսում ենք մի քանի նվագախմբերի երաժշտություն, որոնք հնչեցնում են մերթ տխուր, մերթ անսպասելիորեն ուրախ, ինչպես լեռնային աղբյուրների կարկաչյունը, պարայինի վերածվող երաժշտություն: Խեչոյանի պատմվածքները չեն ճնշում ո՛չ իրենց թախծոտ տրամադրությամբ, ո՛չ հեգնական տոնայնությամբ…»:
Գիրքը լայն արձագանք գտավ Ուկրաինայում. թե՛ գրական և թե՛ համալսարանական շրջանակներում մեծ էր հետաքրքրությունն ինքնատիպ ու անծանոթ հայ գրողի նկատմամբ: Ուկրաինական հեռուստատեսությամբ եղան նաև գրական հաղորդումներ Լևոն Խեչոյանի և թարգմանչի մասնակցությամբ:
Այդ օրերից երկու տարի անց՝ երևանյան աշնան մի օր, Ուկրաինայից գրողների միություն հյուր եկան երկու կին՝ մի տարեց շվեդուհի, մի երիտասարդ ուկրաինուհի՝ հանդիպելու Հրանտ Մաթևոսյանին և Լևոն Խեչոյանին: Նրանք ինչ-որ գործով Հայաստան էին ժամանել, և ուկրաինուհի Նատալյա Իվանիչուկը, որ Լվովի Իվան Ֆրանկոյի անվան պետհամալսարանի գրականության դասախոս էր և թարգմանչուհի, անպայման ցանկացել էր տեսնել նրանց:
Հրանտ Մաթևոսյանը նախ շվեդուհուն հարցուփորձ արեց իրենց երկրում տպագրվող գրքերի տպաքանակից, գրողների սոցիալական վիճակից, նրանց հոնորարներից. համեմատության եզր անգամ չկար մեր իրականության հետ: Տխուր էր: Հետո դարձավ ուկրաինուհուն: Նատալյա Իվանիչուկը շնորհակալություն հայտնեց իրենց ջերմ ընդունելու և Լևոն Խեչոյանի ուկրաիներեն ժողովածուի առաջաբան խոսքի համար, որից այնքան տպավորված էր. «Թեև փոքր, բայց ասելիքով գերխիտ, որ օտարազգի ընթերցողին ամբողջական պատկերացում է տալիս հայ գրողի թե՛ անսովոր գրականության և թե՛ մարդկային տեսակի մասին»:
Լևոն Խեչոյանը Ծաղկաձորում էր, նոր սկսել էր աշխատանքը «Մհերի դռան գիրքը» վեպի վրա. գալ չէր կարող: Հանդիպումն ավարտված համարելով՝ երբ բոլորս ոտքի կանգնեցինք, հանկարծ կատարվեց անսպասելին. Նատալյա Իվանիչուկը ծնկի իջավ Հրանտ Մաթևոսյանի առջև: Անակնկալի գալով՝ Մաթևոսյանը փորձեց թույլ չտալ:
– Իմ հայրենիքում դեռևս պահպանվող կարգով Ձեզ այսպես հրաժեշտ տալով՝ ես ուզում եմ իմ խորին հարգանքը մատուցել մեր ժամանակների մեծագույն գրողին,- հուզված ասաց նա:- Իմ հայրն է Ձեր մասին այդպես ասում: Նա շատ բարձր է գնահատում Ձեր գրականությունը: Ձեր գրքերը միշտ նրա սեղանին են:
– Ձեր հա՞յրը, ո՞վ է Ձեր հայրը,- նորից անակնկալի եկավ Մաթևոսյանը:
– Ռոման Իվանիչուկը, ուկրաինացի գրող է:
– Իմ ողջույնը հաղորդեք Ձեր հորը:
– Շնորհակալություն: Մի խնդրանք էլ ունեմ. թույլ կտա՞ք նկարվել Ձեզ հետ:
– Սիրով,- ժպտաց Մաթևոսյանը:
Նատալյան թևանցուկ արեց Մաթևոսյանին. շվեդուհին նկարեց նրանց:
Հրաժեշտին Հրանտ Մաթևոսյանը համբուրեց նրանց ձեռքը, իր սիրած ժեստով մոտեցրեց աչքերին և մինչ կուղեկցեր դեպի ընդունարանի դուռը, Նատալյա Իվանիչուկը, մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով նրան իրենց ժամանակ տրամադրելու համար, ասաց, որ Հայաստանից հեռանում է վառ տպավորություններով, որ Հայաստանն իր համար Հրանտ Մաթևոսյանն է, Արարատը և Լևոն Խեչոյանի պատմվածքները…
Հ.Գ. Լևոն Խեչոյանն իր «Երրորդ որդին» – «Արշակ արքա Դրաստամատ ներքինի» ժողովածուն (2002 թ. «Նաիրի») նվիրել է Հրանտ Մաթևոսյանի հիշատակին: Որպես գրքի առաջաբան՝ Հրանտ Մաթևոսյանի խոսքն էր՝ գրված «Ճյուղն ձիթենու» (ուկրաիներեն) գրքի համար:

Գրեք մեկնաբանություն