ՀԳՄ վարչությունը շնորհավորում է արձակագիր Տիգրան ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻՆ ծննդյան 70-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
ԾԱՂԿԱԾ ԾԱՌԻ ՀԵՔԻԱԹԸ
ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ
– Պապիկ,- ծափ զարկեց փոքրիկ աղջիկը,- շուտ գնանք, սահնակը հանենք։
Նա նոր միայն արթնացել ու պատրաստվում էր նետվել պապի գիրկը, երբ հայացքը սահեց պատուհանից դուրս. տնամերձ այգու ծառերը մի գիշերվա մեջ սպիտակել էին և ուղղակի փայլում էին նոր իջած ձյուն հիշեցնող ճերմակ հանդերձների մեջ։
– Գնա հագնվիր,- խնդրեց պապը,- ձմեռը բարձրացել է հեռու լեռները, հիմա գարուն է, և գիշերվա ընթացքում պարզապես ծառերը ծաղկել են։
– Ծառերն ինչո՞ւ են ծաղկում, պապիկ,- հարցրեց աղջիկը։
Նա այնքան փոքր չէր, որ չհասկանար` ինչ է ծառը, նույնիսկ հայրիկի նվիրած մատիտներով արդեն կարողանում էր ծառ հիշեցնող ինչ-որ բան նկարել, բայց նաև այնքան մեծ չէր, որ հասկանար, թե ինչու են ծաղկում ծառերը։
Մի պահ պապը մտքերի մեջ էր, ու աղջկան այնպես թվաց, որ նա իր հարցը չլսեց։ Իհարկե, շատ վատ է, եթե մեծերը չեն կարողանում ինչպես հարկն է լսել և պատասխանել փոքրերի հարցերին, բայց այս դեպքում դա բնավ այդպես չէր, որովհետև դժվար գտնվի մի պապ, որ չցանկանա պատասխանել իր թոռան հարցերին։ Ես ուղղակի կարծում եմ, որ այգում ամենօրյա աշխատանքից կոշտացած մատներով թոռան մազերը նրբորեն շոյող պապը մտածում էր հնարավորինս ճիշտ և ամբողջական պատասխանի մասին։
– Ինձ այնպես է թվում, որ ամեն ծառ մի մարդ է, որ ժամանակին ապրել է մեր կողքին,- հայացքը պատուհանից դուրս, ասես ինքն իր հետ խոսելով` ասաց պապը։
– Այդ ինչպե՞ս,- զարմացած հարցրեց փոքրիկ աղջկա ավագ եղբայրը, որ մոտեցել ու ակամա լսել էր նրանց զրույցը։
– Ամեն ծառ մի մարդ է,- կրկնեց պապը,- և ծառի ամեն ծաղիկ կիսատ կամ երբևէ չպատմված սիրուն հեքիաթ է ու զրույց, որ ոչ բոլորին է հասու։ Ամեն տարի գարնանը ծառերն իրենց ճյուղերին հեքիաթներ են կախում։ Երբևէ չպատմված սիրուն հեքիաթներ։ Մի ժամանակ մեր կողքին ապրած մարդիկ չեն հասցրել այդ հեքիաթներն ու զրույցները պատմել ու հիմա մեզ են հասցնում ծաղիկների միջոցով։ Հասցրինք` կլսենք, ոչ` կմնա հաջորդ տարի։ Եվ այդպես այնքան, քանի ծառը կանգուն է։
– Ծառերն, ի՞նչ է, խոսե՞լ գիտեն,- զարմացած հարցրեց տղան։
– Գիտեն,- համոզված ասաց պապը,- միայն թե բոլորը չէ, որ կարող են լսել նրանց, այլ՝ միայն նրանք, ովքեր գիտեն այդ զարմանալի լեզուն` ծառերենը։
Պապն ասես մոռացել էր, որ պիտի հեռացնի դեղձենու չորացած երկու ծառերը, որ ամեն գարնան այգուն անկրկնելի գեղեցկություն ու հմայք էին պարգևում` աշխարհին պարզելով մանուշակագույն ծաղկաթերթերը։ Իսկ գուցե չէր ցանկանում, որ թոռները հիշեն չորացած ծառերի վերջին գարունը` այդպես էլ չլսելով նրանց անավարտ հեքիաթը։
– Ես ուզում եմ սովորել լսել ու հասկանալ ծառերին,- շատ լուրջ ասաց փոքրիկ աղջկա ավագ եղբայրը։
Նա արդեն այնքան մեծ էր, որ հաճույքով օգնում էր պապին և ճանաչում ու տարբերում էր մինչև խոր աշուն անուշահամ մրգեր պարգևող ծառերը։ Գուցե ինքն իր մեջ երբեմն նաև մտածում էր այն օրվա մասին, երբ դպրոցական նստարանի իր ընկերուհուն կկարողանա նվիրել գարնանից մինչև աշուն իր խնամած ծառին հասունացող աշխարհի ամենամեծ ու ամենահամեղ դեղնակարմիր, թափանցիկ մաշկով խնձորը։ Պապը երկար նայում էր պատուհանից դուրս` հայացքը տակավին ձյունապատ հեռու սարերին։ Լեռներից սկիզբ առնող ձնհալի ջրերն արդեն փնտրում էին դեպի այգիները տանող նախորդ տարվա ճամփաները` իրենց հետ այգիներին հասցնելու նաև տակավին լեռնային սառը քամիների սվվոցը։ Մի քանի օրից քամին մեղմ կփարվի ծառերին, և ճերմակ ծաղկաթերթերը բահի տակ շրջված խոնավ սևահողի վրա ճերմակ շղարշ կձգեն։ Իսկ գարնան կանչով արթնացած մեղուները ծաղկաբաժակների ներսում արդեն ձևավորվող պտղին կպատմեն անավարտ մի հեքիաթ մարդու, աշխարհի, բարի գործերի ու մնայուն անվան մասին։ Եվ մի ծեր այգեպան միայն կլսի ծառի զրույցը, և ինքն էլ գուցե կհասցնի թոռանը պատմել կարևորի մասին` մինչև մի օր ինքն էլ պտղատու ծառի վերածվելը։
***
Պապի շուրթերն ինչ-որ բան էին շշնջում։ Ծերունական հիշողության թերթիկներին հեռու հեռավոր գարնանային այն օրն էր արթնացել և խնձորենու ճերմակ ծաղկաթերթերի գույնի չթե շրջազգեստով աղջիկը, որին այդպես էլ չկարողացավ կամ չհասցրեց պատմել ծաղկած ծառի հեքիաթը…
***
…Իսկ հետո պապը զգուշորեն չորացած դեղձենին տարավ, ավելացրեց այգու պատի մոտ կուտակված կտրատած ճյուղերի կույտին։ Տանեցիների համար ձմռան վառելիքի պաշարն ավելացավ ևս մեկ, այլևս կյանքն ավարտած ծառով, որի` երբեմնի այնպես շքեղ ծաղկող ճյուղերը, որ ամեն գարնան իրենց անավարտ հեքիաթն էին պարզում մարդկանց, մի օր ակնթարթորեն կբռնկվեն վառարանի մեջ` վերջին անգամ իրենց սերն ու ջերմությունը փոխանցելով մարդկանց։ Հետո մարդիկ երբեմնի վարդագույն ծաղիկներով նրբիրան ծառի մոխիրը շաղ կտան դաշտում և վերջ։ Ափսոս միայն, որ այդպես էլ ոչ ոք չի իմանա, որ այդ օրվանից աշխարհից անդարձ կպակասի մի սիրուն, անավարտ հեքիաթ…
***
Գրելը մի բան է, շատ-շատերս ենք գրում գրքից սիրուց, ատելությունից, բայց ինչպիսին ես որպես մարդ. հաճախ հակառակն է լինում: Հաճախ խղճից շատ խոսողները համարյա անխիղճ են լինում, խելոք բաներից խոսողները այդքան էլ խելոք չեն: Ի տարբերություն այդ ամենի՝ ասեմ, որ Տիգրանն ինքը մեր գրական կյանքում հոգսի տակ մտնող մարդ է, հատկապես՝ գրողների համար: Հազվադեպ մարդ է, գրողի համար իր ժամանակը տրամադրելով՝ օգտագործել գրականության տարածման հարցերը։ Բոլորս երևի պիտի մեր ժամանակի որոշ մասը, այսպես ասած, լուսավորչական ուղղության տրամադրենք դպրոցներում, մանկապարտեզներում, հանդիպումներում, որ լավ գրականություն ընթերցեն, որ մեր դասականներին, ժամանակակից գրողներին կարդալը չմոռանան։ Ահա մեր գրական գործունեության մի մասը պիտի հենց դա լինի, մեր կազմակերպական աշխատանքներում և բոլորի համար։ Բայց դրան զուգահեռ պիտի ընկալել ժամանակակից գրականությունը, որն իր խորքերով բազմազան, լեզվամտածողության առումով՝ պատկերավոր, էսօրվա աշխարհի, կարելի է ասել, բոլոր բարձր գրական հոսանքների հետ առնչվող գրականություն է: Տիգրանի գործունեության մեջ ես դա առանձնահատուկ եմ շեշտում։ Մարդիկ շփոթվել են, չեն կարողանում տարբերակել պատմականություն, անցյալ, ներկա և այլն: Մենք պիտի կարողանանք պահպանել մեր պատմական գիտակցության ինքնատիպության, ինքնության ամուր դիրքերը: Այն գրքերը, ինչ ես կարդացել եմ Տիգրանից, այդ մտահոգություններով են գրված:
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
***
Տիգրան Նիկողոսյանի մարդկային կերպարը 70 տարիների ընթացքում չխաթարվեց, վայրիվերո ժամանակների մեջ նա կարողացավ պահպանել իր իսկությունը, ապրեց սիրով դեպի իր գրիչը. այդ գրիչը երբեք չստեց, այդ գրիչը ի սկզբանե եղավ մաքուր, ազնիվ՝ համակված հողի ճշմարտութամբ, հիշողության բարոյականությամբ և վարպետության կնիքով: Իր գրական ճանապարհի սկիզբը մանկագրությունն էր, մանուկների համար աշխատելն էր: Ինքն այդ ժամանակ դա չի իմացել, բայց մեծանալով ես հասկանում, որ նա, ով իր գրական ճանապարհը սկսում է մանուկների մասին գրելով և մանուկների աշխարհին ծառայելով՝ Աստված դա տեսնում է, գիտցեք: Աստված չի թողնում, որ նա, ով ի սկզբանե իր կյանքն ու գրիչը նվիրել է երեխային, իսկ երեխաները հրեշտակներ են, չի թողնում, որ ծերանա… Սիրելի՛ Տիգրան, ահավասիկ այս պահին սեղանիս դրված քո գրքերում ես տեսնում եմ կատարյալ գրողական և քաղաքացիական նվիրում, ամբողջովին բոլորեքյան նվիրում սեփական առաքելությանը, որը դու կրում ես համեստորեն, առանց ցուցամատով նշելու այդ առաքելությունը, ինչը դարձյալ պատիվ է բերում քեզ: Ի վերջո, դու նաև բարձր պաշտոն ես զբաղեցնում. «Հայաստան» թերթի խմբագիրն ես, որ պետական թիվ 1 թերթն էր, բայց չեղավ մի օր, որ դու քեզ թույլ տաս այդ հանգամանքը նշելու հայացքով, վարքով, խոսքով: Այդպիսի օր չեղավ, որ դու դա նույնիսկ ակնարկեիր: Հիմա կասեք՝ սա համեստություն է, այո, համեստություն է, բայց սա բարոյականություն է, և ես հիանում եմ և ինձ լավ եմ զգում մեր երկարամյա ընկերությամբ:
Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ
***
Այս գիրքը («Մարիամ իշխանուհի») կարելի է անվանել հոգևոր մի ճանապարհորդություն Գեղարքունյաց նահանգով և գավառով: Այս ճանապարհորդությունը սակայն այն յուրահատկությունն ունի, որ նաև ճանապարհորդություն է անցնող ժամանակների միջով: Մի բնակավայրից դեպ մյուսը ճանապարհն անցնում է ոչ միայն երկու բնակավայրերի միջև ընկած տարածության, այլև դարերի միջով: Ընթերցողը Գեղարքունյաց նահանգի միայն լեռներն ու ձորերը չէ, որ ելնում և իջնում է մտովի, նրա առջև ուրվագծվում են նաև այնտեղ տեղի ունեցած նշանակալից իրադարձությունները այն ժամանակներից, երբ նոր միայն գցվում էին առաջին եկեղեցիների ու վանքերի հիմքերը, մինչև այն շրջանը, երբ Գեղամա ծովակի եզերքը բնակեցվում է Հին Բայազետից եկած ժողովրդով: Ժամանակը Սևանա լճի ալիքների նման վետվետալով՝ ետ ու առաջ է գնում և ափ ու գրքի էջերին բերում-հասցնում նախկինում կատարված իրադարձությունները, դրանց վերհուշն ու արձագանքը: Այս ալիքների միջից ցոլանում և մեզ են հասնում Հայոց պատմահայր Մովսես Խորենացու՝ Սևանա կղզի գալու ավանդությունը, Գեղարքունիք տեղանվան ստուգաբանությունը, 9-10-րդ դարերի ազատագրական պայքարի և Ծովամարտի արձագանքները, Սյունիքի-Գեղարքունիքի մելիքական իշխանության շրջանը:
Վետվետացող այս ալիքներն ապա մեզ տանում-հասցնում են մինչև Հին Բայազետ, ու մի անգամ ևս Խենթի երազը մեր երազն է դառնում:
Վարդան ԴԵՎՐԻԿՅԱՆ
ՃԱՆԱՊԱՐՀ` ԼՈՒՅՍԻ ՈՒ ՑԱՎԻ ՄԻՋՈՎ
Խմբագիր, արձակագիր, հասարակական գործիչ
Տիգրան Նիկողոսյանին՝ ծննդյան 70-ամյակի առիթով
Թանկագին ընկեր.
Մեր քառասունամյա ընկերությունն ու լրագրական-ստեղծագործական համատեղ գործունեությունը «մի կողմ դրած»՝ այս պահին ես արդեն այնտե՜ղ եմ` հեռու-հեռավոր երիտասարդության տարիներում, երբ դու «Պիոներ կանչ» սիրելի թերթից բաժանվելով` իմ հրավերով «Դպրություն» եկար` տեղակալի կարգավիճակով։ Ու այդ օրից, ձեռք ձեռքի տված, համահունչ «շնչառությամբ» միասին անցանք մի հրաշալի ճանապարհ՝ փորձելով մեր ավանդը ներդնել երեխաների կրթության ու դաստիարակության գործում՝ թիկունք լինելով ուսուցչին ու ծնողին և այն հրաշք աշխարհին, որ կոչվում է Դպրոց։ Ի՜նչ դժվար, բայց հիշարժան տարիներ էին։ Աղետյալ երկրաշարժի հետևանքով ցիրուցան եղած, երկրի տարբեր վայրերում ապաստան գտած հայ երեխաների կյանքը ցավագին զգացումներով ու քո ոգուն համահունչ ռեպորտաժներով և ակնարկներով լուսաբանում էիր և՛ հայոց, և՛ արտերկրի տարբեր հասցեներ գործուղումների ընթացքում։ Հիշում եմ, թե ինչպիսի հուզմունքով էիր պատմում սևծովյան ափամերձ քաղաքներում ժամանակավորապես ապրող երեխաների առօրյայի մասին։ Եվ այդ ապրումներից նույնիսկ գիրք ծնվեց` «Ինձ տուր քո ցավը», որ տարիներ անց նաև թարգմանվեց և լույս տեսավ Սերբիայում։ Զուգահեռ` մեր երկրի հնօրյա և հարյուրչորսամյա «Հայաստան» թերթի ղեկը վերցրած` ավելի քան երկու և կես տասնամյակ ծանր զոհողությունների գնով, դժվարությունների հաղթահարումով կատարում ես գլխավոր խմբագրի պարտականությունը։
Վերջին տարիներին էլ` ծանր կորուստներ` սիրելի մայրիկիդ և կյանքիդ անբաժան ուղեկից Անահիտ աստվածուհու կյանքից հեռանալու և «Աստծո հավերժատանը» հավերժ ապրելու տեսիլքով։ Եվ անմար հիշատակի խնկարկում` անփոխարինելի և հավատավոր տիկնոջդ` չորս գրքեր («Յոթ նամակ Անահիտին` առանց հետադարձ հասցեի» (թարգմանված և հրատարակված յոթ լեզվով), «Սիրո գինը սերն է» (հայերեն և ռուսերեն), «Նոր հանդիպում մեկ տարի անց», «Ինչ կմնա ինձնից հետո»)՝ ի նվիրում, քո` ցավագին զգացումներով ծնված խոսք ու խոհի, բանաստեղծական զեղումների, թանկ ու նվիրական լուսանկարների, հարազատների ու մերձավորների հուշերի ներառումով։ Ինքս էլ ծանրագույն ապրումներով հրաժեշտ տվի կնոջս և միակ որդուս։ Այստեղ էլ, եղբայր, նույն ճակատագիրն է մեզ վիճակվել։ Քո ճակատագրին էլ, ի սկզբանե, Աստված ուրիշ կնիք էր դրել հորդ` հանրաճանաչ մանկավարժ Վոլոդյա Նիկողոսյանի վաղաժամ կյանքից հեռանալիս։ Բայց նա անմահացավ «Բարի լույս, հայրիկ» քո հուշարձան-գրքով, հերթականը՝ մոտ չորս տասնյակ գրքերի շարքում, որ արարել ես անցած տարիներին` «Հայրեր և որդիներ», «Կանաչ առու», «Յոթ զրույց ամենակարևորի մասին», «Մարիամ իշխանուհի» (երեք հրատարակությամբ), «Ճակատագրի ճամփաներով», «Կյանքը բաց նամակներում», «Իրական դեպքեր բայազետցիների կյանքից», «…Եվ գիրը մեր», «Անցյալի և ներկայի խաչմերուկում», «Խոսք մեծաց» շատ օգտակար, ուսուցչին և աշակերտին հասցեագրված գիրքը, նաև նշանավոր մարդկանց կյանքին ու գործունեությանը նվիրված վավերագրքեր։
Գրական-ստեղծագործական այս հարուստ «բերքի» մեջ կուզենայի շեշտել ոսկեհատիկ «Մարիամ իշխանուհին» վիպասքը` ոչ միայն հայրենանվեր իշխանուհու կյանքի ու գործի, հատկապես հոգևոր սրբավայրերի` եկեղեցիների կառուցման, այլև նրա լուսավոր կերպարին զուգահեռ` Գեղարքունիք աշխարհի և Բագրատունյաց թագավորության շրջանի պատմությանը վերաբերող տեղեկատվական այն հետաքրքիր դրվագների առումով, որ նույն սիրով ներառել ես այդ եզակի գրքում։
Եվ քո` խմբագրի, արձակագրի, հասարակական գործչի հավատավոր և անմնացորդ նվիրումին արժանի գնահատումներ` ՀՀ վաստակավոր ժուռնալիստի կոչում, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան, ՀԳՄ և ՀՀ ՊՆ, Մկրտիչ Սարգսյանի, Սիմոն Սիմոնյանի անվան, համահայկական գրական հիմնադրամի հատուկ, ՀԳՄ և ՀՊՏՀ համատեղ Անդրանիկ Մարգարյանի անվան մրցանակներ։ ՀՀ մշակույթի նախարարության, «Ֆրիտյոֆ Նանսեն» միջազգային հիմնադրամի, Հայերի համաշխարհային կոնգրեսի, Երևանի քաղաքապետի ոսկե մեդալներ, «Հակոբ Մեղապարտ» և «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալներ և այլ պարգևներ։ Եվ որպես հասարակական գործչի գնահատանքի բարձրագույն դրսևորում` «Գավառի պատվավոր քաղաքացի» կոչման շնորհում։
Բայց, ինչպես ասում են, ամենաբարձր պարգևը ընթերցողների սերն է Տիգրան Նիկողոսյան երևելի արձակագրի, հրապարակախոսի հանդեպ։ Քեզ միշտ առաջնորդում է մի լուսավոր սեր հայրենի եզերքի հանդեպ։ Այնտեղ ես մշտապես հոգով ու սրտով` անընդմեջ գրական-մշակութային հանդիպումներ քեզ հետ, դպրոցներում և, իհարկե, Գավառի պետական թատրոնի շքեղ դահլիճում, մարզի գրադարաններում քո կողմից կազմակերպվող տարաբնույթ միջոցառումներ` հայ գրողների հոբելյանների նշում, մանկապատանեկան գրքի շաբաթի կազմակերպումներ երեք տարի անընդմեջ` արդեն նաև որպես ՀԳՄ Գեղարքունիքի մարզի գրական բաժանմունքի ղեկավար։ Այդ հանդիպումների մասնակից վկան նաև ինքս եմ եղել և հպարտացել, որ դու, թանկագի՜ն ընկեր, այդպիսի սեր ես վայելում հայրենակիցներիդ կողմից։ Դու սպասված «հյուր» ու տանտեր ես Գավառ նվիրական եզերքում։ Եվ հոբելյանական այս օրերին էլ, գիտեմ, այնտեղ սիրով սպասում են քեզ` մեծարումի հանդիսություններում։
Բայց ինձ թվում է` այնքան շատ բան դեռ չի ասված։ Ուրեմն, մնացյալը այս օրերի շնորհավորանքներում կհիշատակեն հարազատներդ, մերձավորներդ, գրող ընկերներդ։ Եվ, ուրեմն, ընդունիր իմ այս խոսքը` իբրև հավաստագիր այն հրաշալի ընկերության, որ կարելի է բնութագրել մի բառով` ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ։ Այդ զգացումով էլ ստորագրում եմ`
Քո` Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
