ԳՐԱԿԱՆԱԳԵՏԸ
Կարծես ծնվել է գրականագետի շապիկով և նախապես կրել իր կոչումը, որ պիտի դառնար ճակատագիր: Իմ խոսքը Զավեն Ավետիսյանի մասին է՝ հայտնի անուն և հիրավի տաղանդավոր գործիչ գրականագիտության էլիտայում: Հետազոտական իր տեսադաշտում ամբողջ հայ գրականությունն է և դրույթների լուծմունքը ժամանակները միացնող հանգույցներում: Դա գիտության այն աստիճանն է, ուր գործում է պատմության ու տեսության բարձր համադրությունը: Այս համադրության մեջ են դիտելի «Թումանյանի ստեղծագործական լաբորատորիան», «Մարդը Ե դարի գրականության մեջ», «Հայ պատմավեպի պոետիկան», «Նորագույն գրականության զարգացման միտումները», «Հնի և նորի զուգահեռներում», «Գրական ստեղծագործության հոգեբանություն» և տասնյակից ավելի տեքստաբանական, մանկավարժական ու մեթոդաբանական բնույթի ուսումնասիրություններ:
Զավեն Ավետիսյանը ակադեմիական ոճի գրականագետ է: Նրա որոնող միտքը ներսույզ է երևույթից դեպի էություն, դեպի իրերի բնույթի ճանաչումը: Դրա վկայությունն է վերջերս լույս տեսած «Ե դարի պատմագրության տիպաբանությունը» աշխատությունը, ուր հետազոտողի մտքի թարմությունը ապացույց է, թե գիտությունը տարիք չի ճանաչում ու տակավին հաճույք է պատճառում անհայտ հավասարումների լուծմունքը:
Սերգեյ ՍԱՐԻՆՅԱՆ
Ապրի՛ր կյանքդ հաճույքով
Նա կարողանում է գրական ստեղծագործության մեջ կարդալ տեքստը: Նա կարողանում է կարդալ ենթատեքստը: Նա կարողանում է կարդալ համատեքստը: Նա կարողանում է կարդալ ուրի՛շ մի տեքստ: Նա կարողանում է կարդալ ո՛չ տեքստը: Եվ նրա կարդացած տեքստում ոչինչ չի մնում չընթերցված: Իսկ գեղարվեստական տեքստի վերլուծությունը նրա մասնագիտությունն է` դժվարին ու երջանիկ, երկար տարիներ ձգվող: Եվ նրա համար տեքստում ոչինչ չի ավարտվում. ինչպես չի ավարտվում ոչինչ Հեմինգուեյի «Ինչ-որ բան ավարտվեց» պատմվածքում:
Զավեն Ավետիսյանի` փայլուն գրականագետի, գրականության պատմաբանի, գրականության տեսաբանի, գրաքննադատի ու անսովոր մարդու ութսունամյակը հաճելի, բայց և փոքր-ինչ թախծոտ անսպասելիություն է:
Իսկ նա այսօր էլ, անդրադառնալով գեղարվեստական ստեղծագործությանը, թվում է, ոչ միայն զգում, այլև ապրում է այն իր խորիմաստ, նուրբ ու անպաճույճ վերլուծությամբ:
Նրա մենագրություններն ու հոդվածները գիտական խորաթափանցության ու երևակայության շնորհի երևույթներ են: Իսկ Զավեն Ավետիսյան անհատը` ոչ բարձր լսելի բարձրություն և համեստ հմայք, անսահման, անպարկեշտության աստիճանի հասնող ազնվություն և անկեղծություն, ու ոչինչ՝ կեղծ-սարքովի: Ինչ անում է գիտության մեջ, կյանքում, իր շրջապատում Զավեն Ավետիսյանը, պայմանավորված է նրա անհատականությամբ, որը զարմանալիորեն անհատական է:
Ի դեպ (և ոչ ի դեպ), նա նախկին զինվորական օդաչու է և գիտե` ինչ է կյանքը և ինչ է երկինքը: Նա եղել է վերևում ու գուցե այնտեղ է բացահայտել նվիրվածությունը մարդկանց ու գործի հանդեպ:
Բարձր կոչումները` բանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր, ստացել է այն ամենի համար, ինչ արել ու շարունակում է անել կյանքում: Նրա կողքին համակվում ես անասելի խաղաղությամբ ու հաճելի հարմարավետությամբ: Ու նրա կողքին գտնվողներիս համար շատ կարևոր է, որ ապրում ենք նույն ժամանակային տարածքում: Չէ՞ որ Զավենը նաև հրաշալի ընկեր է: Նրա հետ կարող ես կիսել և՛ լավ օրդ, և՛ դժվարին պահերդ, քանի որ նրան ի վերո՛ւստ է շնորհված անշիջանելի հուսալիությունը:
Ի՞նչ ցանկանամ իմ հավատարիմ ընկերոջն ու գործընկերոջը. գուցե միայն մեկ մաղթանք` ապրի՛ր կյանքդ հաճույքով:
Արամ ԳՐԻԳՈՐՅԱՆ