ՄԹՈՆ/ ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆ

Գևորգ Սարգսյան

ՀԳՄ վարչությունը

շնորհավորում է դրամատուրգ, արձակագիր

ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ծննդյան 85-ամյակի առթիվ

 

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

 

Անունը Մաթևոս էր բայց գյուղացիք Մթո էին ասում:

Գյուղի մեջ հանդիպեր թե դաշտում, հարսանիքում երևար թե հոգեհացի նստեր, ոչ ոք նրա վրա ուշադրություն չէր դարձնում: Ժամերով նստում էր զրուցողների կողքն ու ակնապիշ նայում: Ուրախ լիներ պատմությունը թե տխուր, մեկ է, Մթոյի դեմքին ոչ մի մկան չէր շարժվում:

Մթոն երեխաների սիրելին էր: Բարձրահասակ Մթոյի ուսերին նստած երեխան հրճվանքից ճչում էր, ձեռքերը թափահարում, խնդրում, որ Մթոն ավելի արագ վազի, ու շատ էր տխրում, երբ պետք էր հերթը զիջել ուրիշի:

Պատահում էր, որ Մթոն օրերով կորչում էր: Վերադառնում էր հոգնած, պատռված շորերով, ձեռքերը քերծված: Գյուղում չէին անհանգստանում, երբ նա կորչում էր: Նա մի մարդ էր, որ կարող էր կորչել ու հայտնվել՝ առանց վնաս կամ օգուտ բերելու: Միայն մեկն էր անհանգստանում, նրա կինը՝ Շուշանը:

Հիսուն տարի առաջ էր, որ Վերին Բասենի Կամրջագյուղի քահանայի դուստր Շուշանը հարս էր եկել նույն Վերին Բասենի Տոտի գյուղը և այդ հիսուն տարիներից քառասունն ապրել էր խելագարի հետ: Երբ ամուսնության տասներորդ տարում Մթոն խելագարվել էր, Շուշանի ծնողները եկել էին Տոտի, խնամիներից համաձայնություն առել, որ իրենց աղջկան ետ տանեն՝ Շուշանը չէր գնացել:

Տոտին փոքր գյուղ էր, սուսուփուս, իր արտին ու տավարին: 1878-ի ռուս-թուրքական կռիվների ժամանակ մի օր հարայն ընկավ գյուղը, թե՝ թուրքը վրա է տալու: Տոտեցիներից շատերը, Մթոն ու Շուշանն էլ իրենց երկու տարեկան որդու հետ՝ փախան ռուսի կողմը, մեկ-երկու տարի ապրեցին, հետո՝ հողը նորից քաշեց-ետ բերեց, նորից բնավորվեցին ու նորից իրենց արտ ու տավարին եղան…

 

***

Դարձյալ մի քանի օր էր, որ Մթոն չկար:

Իր սովորական տեղում նստած, թիկունքը մի գերեզմանաքարի՝ Շուշանն անթարթ նայում էր հեռուն:

Գերեզմանաքարը որդունն էր: Էդտեղ նստում էր ամուսնուն սպասելու և սպասելու հետ էլ մտորում անցած կյանքը:

Մայրամուտ թեքվող արևը տաքացրել էր գերեզմանաքարն, ու քարից էլ տաքությունն ալիք-ալիք անցնում էր Շուշանին: Ամեն անգամ, երբ թիկունքը դեմ էր անում տաք քարին, որդու կարոտն էր առնում:

Շուշանի համար վաթսուն տարեկան Մթոն էլ մի երեխա էր՝ հաղթանդամ, խաղաղ ու բարի երեխա, առանց քմահաճույքների ու ծիծաղի:

Գժին խնամելու, նրա հետ իր ամբողջ կյանքն անցկացնելու փշե պսակն ընդունելու համար գյուղացիները նրան մեծ ակնածանքով էին վերաբերվում:

Երկու վիշտ միանգամից էին թափվել Շուշանի գլխին` որդին մեռել էր այն օրը, երբ խելագարվել էր ամուսինը: Շուշանը չգիտեր, թե որն էր առաջ պատահել, որովհետև երբ ցորեն բարձած սայլով Կարին գնացած սայլապան Մթոն վերադարձել էր՝ ձեռքին մեռած երեխան, նա արդեն խելագար էր: Մի քանի օր անց վերադարձել էին մյուս սայլապաններն ու պատմել կատարվածը…

…Երբ սայլերը հասել էին ձորափ, ու հարկահավաքների հետ եկած ոստիկանները հրամայել էին կանգնել հանգստանալու, այնպես էր պատահել, որ ոստիկաններից մեկի գլխարկը քամին գլորել էր ձորը: Գլխարկի տերն էլ, չուզենալով երկար ճանապարհ անցնել ձորն իջնելու համար, որոշել էր պարանով կապել Մթոյի ութ տարեկան որդուն և քարափից իջեցնել գլխարկը բերելու: Մթոն ընդդիմացել էր, խնդրել, ասել, որ ինքը վազելով կիջնի ձորը, գլխարկը կբերի, մյուս սայլապաններն էլ շատ էին խնդրել, բայց ոստիկանը չէր համաձայնվել. «Ուշանում ենք»,- գոռացել էր նա: Մթոն խնդրել էր իրեն կապել, դարձյալ մերժել էին, ասելով, որ նրան չեն կարող վեր քաշել՝ ծանր է: Քանդել էին սայլերին կապված պարանները, կապել երեխայի մեջքին և քարափից իջեցրել ձորը:

Երբ սկսել էին քանդել պարանները, խուճապահար Մթոն մե՛կ ոստիկաններին, մե՛կ սայլապաններին ու հարկահավաքներին մոտենալով՝ շփոթված բացատրել էր.

– Հետս վերցրի, որ նրա համար շոր-մոր առնեմ: Չէի ուզում, բայց շատ լաց եղավ: Հա՛, մեղավոր եմ, թող լաց լիներ, բան չկա, մի երկու հատ գլխին կտայի, ձենը կկտրեր… բայց՝ չարի… մեղավոր եմ… մեղավոր եմ…

Գլխարկի տերը հայհոյելով մի կողմ էր հրել նրան: Բայց երբ որդուն սկսել էին քարափից իջեցնել, Մթոն փնթփնթացել էր.

– Չէ՛, ես էստեղ չեմ մնա, կվազեմ ձորն ու հենց որ իջնի, էլ չեմ թողնի վեր քաշեն, իմ ձեռքով պարանը կքանդեմ ու իմ ձեռքով էլ կբերեմ:

Ու վազել էր: Բայց մինչև նա տեղ կհասներ, երեխան իջել էր ձորը, գլխարկը վերցրել, ու երկու ոստիկան սկսել էին պարանը քաշել:

Դեռ հեռվից, ձորի մեջ, տեսնելով վեր բարձրացող որդուն, Մթոն անորոշ կանգնել էր, հետո նորից վազել առաջ, կանգնել քարափի տակ ու վեր նայելով սպասել:

Վերջապես երեխային վեր էին քաշել: Գլխարկի տերը ձեռքը մեկնել էր, վերցրել գլխարկը, բայց դեռ տղան գետնին ամուր չկանգնած՝ երկու ոստիկանն էլ պարանը բաց էին թողել, երեխան ետ էր գնացել ու… սայլապաններն անակնկալից սարսափած գոռացել էին՝ «պարանը բռնեք, պարանը բռնեք…», ու փորձել էին պարանը բռնել, բայց չէին կարողացել, ավելի ճիշտ՝ չէին համարձակվել բռնել՝ վախենալով, որ մեծ արագությամբ ցած ընկնող երեխան իր հետ կտանի պարանը բռնողին…

Ձորում կանգնած Մթոն էլ տեսավ ընկնող որդուն ու ձեռքերն առաջ պարզելով՝ ինքն էլ սարսափահար սկսեց գոռալ.

– Մի՛ վախենա, կբռնեմ… մի՛ վախենա, կբռնեմ…

Ու բռնել էր: Վերևում կանգնած սայլապանները տեսան երեխային բռնելն ու այս անգամ ուրախությունից սկսեցին գոռալ ու գովեստի խոսքեր ասել, հետո պարաններն իրարից անջատեցին ու նորից ցորենի պարկերը կապեցին սայլին: Մթոն չէր երևում: Քարափից ցած նայեցին: Մթոն գլուխը խոնարհել էր երեխայի վրա ու անշարժացել: Հետո փորձել էր որդուն ոտքերի վրա կանգնեցնել, բայց երեխան չէր կանգնել: Պառկեցրել էր գետնին, ականջը սեղմել կրծքին ու սպասել: Էլի էր սպասել: Վերևում կանգնածներն էլ սպասել էին…

Հանկարծ, օդում պտտվելով Մթոյի մեջքին էր ընկել ոստիկանի գլխարկը, որը պատահածից շփոթված ոստիկանը թողել էր ձորափին՝ գետնին ընկած, ու քամին գցել էր ձորը…

Մթոն գլուխը բարձրացրել էր, տեսել գլխարկը, նայել վերևում կանգնածներին, հետո՝ որդուն ու վեր թռչելով սկսել էր վազել ետ…

Ոստիկաններն իսկույն ետ էին քաշվել ձորաբերանից ու սայլապաններին հրամայել սայլերն արագ քաշել…

Շատ չէին հեռացել, երբ Մթոն հասել էր սայլերին:

Երկու ոստիկանները խուճապով ուսերից իջեցրել էին հրացաններն ու կրակել: Գնդակները վրիպել էին, թե կպել ու աննշան քերծել, հայտնի չէր: Մթոն շարունակել էր վազել: Ոստիկանները երկրորդ անգամ հրացանները չէին հասցրել լցնել: Վայր գլորելով ինչ-որ բան գոռալով առաջ եկող հարկահավաքին՝ Մթոն նետվել էր գլխարկի տիրոջ վրա, բռնել կոկորդից ու գցել գետնին:

Ուշքի գալով՝ մյուս ոստիկանը սկսել էր հրացանի խզակոթով խփել Մթոյի գլխին: Հետո միացել էին երկու հարկահավաքները և քիչ անց խռխռացնող ոստիկանի վրայից ուշաթափ Մթոյին մի կողմ էին գլորել…

Երկու օր անց, երեխայի դիակը ձեռքին, Մթոն գյուղ էր եկել:

 

***

Գերեզմանաքարին թիկն տված Շուշանն աչքերը փակ նստել էր: Ոտքերի թփթփոց լսելով՝ աչքերը բացեց ու տեսավ վազելով իրեն մոտեցող Մթոյին:

– Ի՞նչ կա, Մաթևոս, ինչի՞ ես վախեցել…

– Թուրքեր… ձիերով… շատ են:- Ծանր հևալով ասաց Մթոն, ցույց տվեց հեռուն ու բռնելով կնոջ ձեռքը՝ իր ետևից քաշեց դեպի գյուղ:

Շուշանը մի պահ կանգ առավ, տեսավ հեռվում ձիավորների խումբը, ճանապարհի վրա նրանց բարձրացրած փոշին: Գլխի ընկնելով, որ հենց Մթոյի ասած ձիավոր թուրքերն են, վախեցավ, երեսին խաչ հանեց ու ամուսնու հետ վազեց գյուղի կողմը…

Երբ տեղ հասան, գյուղում արդեն իրարանցումն ընկել էր:

Մարդիկ տնից տուն էին վազում, իրար ձեն տալիս ու շտապով թեթև կապոցներ սարքում…

Գյուղի ծայրին, մի հին տան բակում, որտեղ վաղուց մարդ չէր ապրում, չլսելով իրարանցման աղմուկը, մի քանի երեխա խաղում էին: Մթոն իսկույն թողեց կնոջ ձեռքը, կանգնեց ու նայեց երեխաներին: Շուշանը քաշեց Մթոյի ձեռքից.

– Արի, փախեփախ է, ձիավորները կհասնեն, արի…- տեսնելով, որ Մթոն տեղից չի շարժվում, գոռաց.- էստեղից հեռու չգնաս, էստեղ ինձ կսպասես մինչև գամ…

Շուշանը վազելով անցավ մի քանի տուն, մտավ իրենց դռնից ներս, պետք եղած բաները մի կապոց արեց, դուրս եկավ ու շտապեց ամուսնու կողմը:

Մթոն երեխաների խաղով տարված՝ անշարժ կանգնել էր, երբ կրակոց լսեց ու Շուշանի ճիչը՝ «Մաթևոս, փախի…»:

Ետ նայեց. ձիավոր թուրքը ատրճանակն ուղղել էր Շուշանին և ծիծաղելով ինչ-որ բան էր ասում… հետո՝ կրակեց: Շուշանը բաց թողեց կապոցը, ձեռքերը վեր բարձրացրեց, նորից գոռաց. «Մաթևոս, փախի», ու ընկավ:

Ձիավորը տեսավ իր կողմը վազող հսկային, ուղղվեց թամբի վրա ու կրակեց: Մթոն նույնիսկ չզգաց, որ գնդակ կպավ իրեն: Ձիավորը խուճապով նորից կրակեց, հետո փորձեց ձիու գլուխը շուռ տալ, բայց Մթոն գոռալով հասավ նրան, թամբից ցած քաշեց, բարձրացրեց ձեռքերի վրա, գնաց դիմացի տան կողմը և ամբողջ ուժով զարկեց պատին: Շարունակելով գոռալ՝ նայեց շուրջը, տեսավ երկու ձիավորի ու վազեց…

Երկու հրացան միանգամից կրակեցին: Մթոն այրող ցավ զգաց կրծքին, կանգնեց, ուզեց նորից վազել, բայց ընկավ ծնկների վրա, օրորվելով փորձեց ոտքի կանգնել, չկարողացավ: Ձիավորները ետ նայեցին, տեսան ոտքի կանգնելու փորձ անող Մթոյին, հայհոյելով վերադարձան ու էլի կրակեցին: Մթոն տնքաց, ընկավ ու անշարժացավ:

Կանանց ու երեխաների ճիչերը, լացն ու կրակոցները չէին դադարում: Մի քանի տուն արդեն վառվում էին, ու թանձր ծուխը կամաց-կամաց տարածվում էր գյուղի վրա…

One thought on “ՄԹՈՆ/ ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆ

  1. Սա ոչ թե պատմություն պետք է համարել ,այլ՝ իրկանություն, սա է թուրքը, շարունակ էլ այսպես կմնա, իրեն հետ հենց իր նման պետք է վարվել, հարձակողական պետք է լինել, ոչ թե՝պաշտպանողական ։ Լարախաղաց թուրքին չի կարելի խղճալ, սա պատմությունն է մեզ զգուշացնում։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։