ԼՅՈՒԴՎԻԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԼՅՈՒԴՎԻԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀԳՄ վար­չու­թյու­նը
շնոր­հա­վո­րում է գրականագետ, հրապարակախոս
ԼՅՈՒԴՎԻԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ
ծննդյան 80-ամյակի առթիվ

«Գրա­կան թեր­թը» միա­նում է շնորհավորանքին

***
…Քո ճանապարհը բանաստեղծությունը չէ, ձեռք քաշիր, ամուր բռնիր ակնարկների «պոչից», հատկապես երեխաների աշխարհից, կստացվի:
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
(նամակից, 1962)

***
…Լյուդվիգ Կարապետյանի գեղարվեստական շատ ակնարկներ մոտենում են պատմվածքի սահմանին ու լավ է, որ «ներս» չեն մտնում, որովհետև հենց «սահմանապահի» այդ դերում է նրա լրագրողական ու հրապարակախոսական շնորհքի ինքնատիպությունը:
…Իսկ մանկական գրականության խնդիրներով զբաղվող մեր քիչ, շատ քիչ գրող-գրականագետների շարքում նա իր խոսքն ունի, որ գնալով, հուսով եմ, պիտի զորեղանա: Նրա գրաքննադատական մտածողությունը զգացմունքային-պոետական երանգներ ունի, թվում է՝ ինչ-որ տեղ մեր ոլորտի «սահմանների» խախտում, բայց մանկական գրականության քննադատի պարագայում թերևս գերադասելի առավելություն… Վկա «Վախթանգ Անանյանի կանաչ աշխարհը» շատ հետաքրքիր գիրքը, մեր մանկական գրողներին նվիրված էսքիզ-դիմանկարները…

ՍՈՒՐԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
1975

***
…Իմ շնորհալի ուսանողներից պիտի հիշատակեմ նաև քեզ, սիրելի՛ Լյուդվիգ Կարապետյան, որ տապակվեցիր երկու մուսայի՝ մանկական գրականագիտության և ժուռնալիստիկայի մեջտեղում: Հիմա էլ երրորդ՝ «ուշացած» մուսային ապավինած եկել ես համալսարան և ինձ հետ դասախոսություն ես անում…

ՀՐԱՆՏ ԹԱՄՐԱԶՅԱՆ
(գրքի մակագրությունից, 1997)

***
Սիրելի՛ Լյուդվիգս…
Էսքան մեծարել-մեծացնել կլինի ինձ ու իմ համեստ գրվածքները, որ արել ես քո գրքում… Տեղ-տեղ ուղղակի նմանեցրել ես իմ որսորդական «փչոցներին»… Իսկ թե լուրջ-լուրջ խոսենք, լավ ու խելոք գիրք ես գրել և ինձ շատ լավ էլ «թարգմանել» ես, որ իմանամ՝ ինչ եմ ուզեցել ասել էս կամ էն գրվածքով: Աստված ինձ զորություն տա, որ նոր բաներ գրեմ, քեզ էլ, որ դրանք քո ճարտար գրչով «թարգմանես» ու հասցնես ընթերցողին: Քո բանաստեղծական-քննադատական ոճը հիշեցնում է մեր Սուրենին (Աղաբաբյան)… Էդպես էլ առաջ գնա…

ՎԱԽԹԱՆԳ ԱՆԱՆՅԱՆ
1975
***
Ծանոթացա Լյուդվիգ Կարապետյանի «Վախթանգ Անանյանի կանաչ աշխարհը» գրականագիտական ուսումնասիրությանը. ասպարեզ է մտնում մի շնորհալի ստեղծագործող-գրաքննադատ…

ՍԵՐԳԵՅ ՍԱՐԻՆՅԱՆ
1976

***
…1998 թվականին «Առաքյալ» թերթի խմբագիր, իմ նախկին ուսանող Լյուդվիգ Կարապետյանը մի բարի գործ արեց՝ թերթում տպագրեց իմ բանաստեղծություններից մի քանիսը «Ծանոթ անծանոթ Ջահուկյանը» խորագրով` բացելով իմ երկար տարիների «գաղտնիքը»…
ԳԵՎՈՐԳ ՋԱՀՈՒԿՅԱՆ
(«Բանաստեղծական գրքի» առաջաբանից, 2001)

ՇՆՈՐ­ՀԱ­ՎՈ­ՐԱՆ­ՔԻ ԽՈՍՔ
ԼՅՈՒԴ­ՎԻԳ ԿԱ­ՐԱ­ՊԵՏ­ՅԱ­ՆԻՆ

Իմ եր­կար տա­րի­նե­րի հար­գար­ժան բա­րե­կամ Լյուդ­վիգ Կա­րա­պետ­յան: Ան­հա­վա­տա­լի է, որ արդեն 80 տա­րե­կան ես: Դու մեր ման­կա­կան գրա­կա­նութ­յան ճա­նա­պար­հի ճշմա­րիտ ու­ղե­ցույցն ես եղել, բա­րի խոս­քով ոգևո­րել ես բո­լոր ման­կա­գիր­նե­րին: Հի­շում եմ մեր ա­ռա­ջին հան­դի­պու­մը. ես ռա­դիո­կոմի­տեում մշա­կույ­թի բաժ­նի ա­վագ խմբա­գիրն էի, երբ ծա­նո­թա­ցանք: Հի­շում եմ քո ար­հես­տա­վարժ, օգ­տա­կար ե­լույթ­նե­րը: Ինչ­պես խո­սո­տո­վա­նել ես քո «Ոս­կեդա­րից մինչև… 21-րդ ­դար» գրքի ա­ռա­ջա­բա­նում, բո­լոր հե­ղի­նակ­նե­րը` Մաշ­տո­ցից, Խո­րե­նա­ցուց մինչև Ա­բով­յան, Ա­ղա­յան, Պատ­կան­յան, Նալ­բանդ­յան, Րաֆ­ֆի, Թու­ման­յան, Դե­միրճ­յան, Զոր­յան, Զար­յան, Խնկո-Ա­պեր, Հայ­րա­պետ­յան, Շի­րազ, Ս­ևակ, Գյուլ­նա­զար­յան, Կա­պու­տիկ­յան, Խե­րան­յան, Ա­նան­յան, Սահ­յան, ա­վե­լի ե­րի­տա­սարդ` Ա­զատ Շա­հին­յան, Գուր­գեն Գաբ­րիել­յան, Նան­սեն Մի­քայել­յան, Լի­պա­րիտ Սարգս­յան, Եր­վանդ Պետ­րոս­յան, տո­ղե­րիս հե­ղի­նա­կը, ար­ժա­նա­վոր գնա­հա­տա­կան են ստա­ցել ի­րենց ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի, գրքե­րի հա­մար:
Սրտանց շնոր­հա­վո­րում եմ քո 8 տաս­նամ­յա­կը և ա­ռա­ջին հեր­թին ցան­կա­նում եմ ա­ռող­ջութ­յուն, կրկին ա­ռող­ջութ­յուն, որ­պես­զի կա­րո­ղա­նաս ա­վար­տին հասց­նել քո գրա­կա­նա­գի­տա­կան ծրագ­րերն ու ե­րա­զանքնե­րը:
Բա­զում բա­րե­մաղ­թանք­նե­րով` Սու­րեն ՄՈՒ­ՐԱԴ­ՅԱՆ

***

Լյուդվիգ Կարապետյանին ճանաչում եմ երկար տարիներ: Ինձ միշտ ոգևորել է նրա ոգևորությունը: Աշխատում էր «Պիոներ կանչում», և պիոներական զվարթությունը, հումորը միշտ անպակաս էր Լյուդվիգից, և միշտ պատրաստ էր գործունեության: Այն ժամանակ նա ուսումնասիրում էր Վախթանգ Անանյանի գրականությունը և գիտական թեզ գրեց ու պաշտպանեց մեր տաղանդաշատ գրողի ստեղծագործության վերաբերյալ: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ նա եզակիներից է, որ թեզ է պաշտպանել մանկական գրականության թեմայով: Եվ, ցավոք սրտի, մանկական գրականության միակ մասնագետն է: Իր խաչը կրում է բարձր արժանապատվությամբ: Տասնյակ գրքեր է հրատարակել հայ մանկա­գրության պատմության, ժամանակակից մանկագիրների մասին: 5-րդ դարից մինչև այսօր պեղել, ուսումնասիրել է առակներ, հանելուկներ, մանկական գրականությանը առնչվող նյութեր: Կարող եմ ասել, որ նա հանրագիտարանային գրականություն ստեղծեց մանկական գրականության վերաբերյալ: Լյուդվիգը թեթևորեն, կարծես ձեռքի մի շարժումով անում է այդ գործը, բայց երբ հատորները տեսնում ես, հսկայական աշխատանք է, որ կարող էր միայն նա անել` առանց ծանրացնելու, բարդացնելու: Հիմա էլ, անգամ առաջացած տարիքում, բազմաթիվ հոդվածներ, խոսքեր է գրում նոր տպված գրքերի մասին: Ցանկանանք Լյուդվիգին չկորցնել զվարթության ծվենները, որովհետև առանց դրա նա Լյուդվիգ Կարապետյան չի լինի:
Շնորհավո՛ր հոբելյանդ, եղբա՛յր:

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

ԾԱՆՐԱԿՇԻՌ ԵՎ
ԱՐԺԵՔԱՎՈՐ ՎԱՍՏԱԿ

Սիրելի՛ Լյուդվիգ, ես տարբեր առիթներով գրախոսականներ եմ գրել Քո գրքերի մասին, շնորհավորել Քեզ ծննդյանդ օրվա կապակցությամբ, բայց այսօր, երբ նշվում է Քո 80-ամյակը, ուզում եմ խոսքս սկսել այն հուզիչ նամակից, որ ստացա շատ տարիներ առաջ իմ ծննդավայր Լոռվա Վահագնի գյուղում` Արթիկի շրջանի Հնաբերդ գյուղի մի դպրոցականից: Սիրելի՛ Լյուդվիգ, այդ դպրոցականը Դու էիր, ով շնորհավորել էր ինձ «Պիոներ կանչ» թերթում տպագրված իմ ոտանավորի համար: Այն ժամանակ Քո ոտանավորներն էլ էին տպագրվում նույն թերթում` ուրախություն պատճառելով մեզ` պատանի ստեղծագործողներիս… Դա` 1950-ականների կեսերին: Այն ժամանակ ես ի՜նչ իմանայի, որ ծանոթանում եմ մի շնորհալի պատանու հետ, ով կամուրջ էր գցում մի հրաշալի բարեկամության, որ տևելու է երկար տարիներ` շարունակվելու մինչ օրս: Ես ի՜նչ իմանայի, սիրելի՛ Լյուդվիգ, որ ավարտելով Երևանի պետական համալսարանը` դառնալու ես անվանի լրագրող, որ մենք միասին աշխատելու ենք մեր գրական առաջին քայլերը խրախուսած «Պիոներ կանչ» թերթում: Դու, սիրելի՛ Լյուդվիգ, դասախոսելու ես Երևանի պետական, «Հրաչյա Աճառյան» և այլ համալսարաններում, որ մանկավարժական ու լրագրողական աշխատանքին զուգընթաց գրելու ես «Դասը վարում է գրողը» գրական-կենսամատենագիտական ակնարկների չորս պրակները, «Մենք գալիս ենք մանկությունից», «Հանդիպումներ մանկության մոլորակում» գրքերը` նվիրված ժամանակակից գրողներին, գրքեր, որոնք անկասկած կարևոր ուսումնաօժանդակ ձեռնարկներ են մայրենիի ուսուցիչների, երեխաների ընթերցանության գործը ղեկավարողների, գրադարանավարների, մանկապատանեկան գրականության խնդիրներով զբաղվողների համար:
Սիրելի՛ Լյուդվիգ, ես չեմ կարող հատուկ չնշել Քո «Ոսկեդարից մինչև… 21-րդ դար» երկհատոր աշխատությունը, որն անդրադառնում է հայ մանկապատանեկան գրականության ակունքներին, ներկայացնում նրա զարգացման փուլերը: Հրաշալի մի աշխատություն, որի թեմայով ատենախոսություն պաշտպանեցիր և ստացար բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
Սիրելի՛ բարեկամ, քո մանկավարժական, գրական և լրագրողական գործունեության մասին երկար կարելի է գրել և խոսել, չէ՞ որ Դու տարիներ շարունակ աշխատել ես «Ավանգարդ», «Պիոներ կանչ», «Խորհրդային Հայաստան» թերթերում, գրել բազմաթիվ ակնարկներ ու հոդվածներ, խմբագրել «Դպրություն», «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում», «Հրաչյա Աճառյան» համալսարանի «Առաքյալ» թերթերը, լրա­գրողի Քո հարուստ փորձը հաղորդել պատանի լրագրողներին: Սիրելի՛ Լյուդվիգ, հիրավի ստեղծագործական հարուստ վաստակով ես դիմավորում ծննդյանդ 80-ամյակը, ինչը հաստատում են հիսունի հասնող Քո գրքերն ու մամուլի էջերում սփռված հարյուրավոր ակնարկներն ու հոդվածները:
Սիրելի՛ Լյուդվիգ Հովակի, սակայն որպես համեստ ու խոհեմ մտավորական, երբեք չես բավարարվել ձեռք բերածով: Դրա վկայությունը Քո կենսամատենագիրքն է, որ կրում է «Ինչ կթողնես քեզնից հետո» խորագիրը: Նշեմ, որ Քո մտահոգությունը ինձ էլ խորհելու առիթ տվեց և գրեցի մի քառյակ, որը Քեզ եմ նվիրել: Ահա այն.
Քայլում եմ ես հիմա արդեն իմ
հուշերի արահետով,
Հեռվում թողած և՛ ցավ, և՛ սեր,
որ նայում են ինձ կարոտով,
Սերմնացանի նման հոգնած,
այգեպանի նման մի ծեր,
Միտք եմ անում` ի՞նչ թողեցի,
ի՞նչ կմնա ինձնից հետո…
Ավարտեմ խոսքս: Սիրելի՛ Լյուդվիգ, Դու անհանգստանալու ոչինչ չունես: Ստեղծածդ ծանրակշիռ է ու արժեքավոր, և դեռ շատ բան ունես ավելացնելու եղածին: Քեզ ուժ ու կորով եմ մաղթում…

Լիպարիտ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ… «ՀԱՎԵՐԺԱԿԱՆ»
ԳՐՔԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

«Հավերժական» գրքե՞ր… Մի՞թե գրքերը նաև հավերժական են լինում£ Դե՛, իհարկե£ Եվ անգամ տարիների ու նույնիսկ դարերի ընթացքում չեն «ծերանում»` մշտապես ուղեկցելով ընթերցողական սերունդներին, և մնայուն արժեք են բոլոր ժամանակներում£ Իր նոր գրքում հենց այս ճշմարտությունն է հաստատագրում բանասիրական գիտությունների դոկտոր Լյուդվիգ Կարապետյանը£ Եվ գիրքը հենց այդպես էլ խորագրված է` «Գիրք… «հավերժական» գրքերի մասին»£
Գրականագետի բազմաթիվ նախորդ գրքերը հիմնականում նվիրված են հայ մանկապատանեկան գրականության պատմության ու տեսության հիմնահարցերին, մանկագրության անցած ճանապարհի լուսաբանմանը` բանահյուսական ակունքներից մինչև 21¬րդ դարասկզբի տասնամյակներ£ Մայր գրականության «փոքր զավակի» նվիրյալ տարեգրի արգասավոր գրչի արդյունքն են` «Դասը վարում է գրողը» (չորս պրակ), «Ոսկեդարից մինչև… 21¬րդ» (երկու պրակ), «Մենք գալիս ենք մանկությունից», «Հանդիպումներ մանկագրական մոլորակում», «Հետագիծ» և այլ արժեքավոր գրքեր£ Կարապետյանի ուսումնասիրությունների շրջանակում ներառվել են նաև մեր գրականագիտության մեջ երբևէ չշոշափված այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են արևմտահայ և սփյուռքահայ մանկական գրականությունները£ Առաջին անգամ դրանք դիտարկվում են մայր գրականության ընդհանուր համապատկերում` արտացոլված երկու գրքերում, որոնցում տեսական անդրադարձը համալրված է քրեստոմատիկ նյութերով` ինչպես արևմտահայ, այնպես էլ սփյուռքահայ մանկագրության տարեգրամատյանում նշանակալից ավանդ ներդրած գրողների ստեղծագործություններից£ Ահա այսպես£ Ըստ էության, գրականագետը կատարել է հանրագիտարանային աշխատանք` նոր ժամանակների պահանջների ոգով ներկայացրել է հայ մանկական գրականության ամբողջական համապատկերը£
Այս նոր գիրքն արդեն «դուրս է գալիս» ազգային շրջանակներից` ներառելով համաշխարհային մանկապատանեկան գրականության դեմքերին նվիրված հանրամատչելի հետաքրքրաշարժ զրույցներ` ինչպես նրանց կենսագրության, այնպես էլ ամենահայտնի ստեղծագործությունների (նույնն է թե` «հավերժական» գրքերի) անդրադարձներով£ Հավատարիմ իր որդեգրած սկզբունքներին` գրականագետի այդ անդրադարձները վերաբերում են ոչ միայն բուն մանկական, այլև այն գրողներին, ում առանձին նշանավոր գրքեր «սեփականացվել» են մանկանց ու պատանի սերունդների կողմից և բնականորեն «մտել» նրանց ընթերցանության շրջանակներ£ Գիրքը ներառում է 38 հանդիպում-զրույց` յուրօրինակ հանդիպում այս կամ այն գրողի հետ և զրույց այդ գրողի ու նրա ամենանշանավոր գրքերի մասին£ Եվ առաջին զրույցներն էլ, այնուամենայնիվ, նվիրված են հայոց մեծերին` Մովսես Խորենացուն` «Հայոց պատմությամբ», Խաչատուր Աբովյանին` «Նախաշավիղով» և «Վերք Հայաստանի»¬ով, Հովհաննես Թումանյանին` «Գիքոր»¬ով ու մյուս ստեղծագործություններով, նաև հայ մանկա­գրության ամենաերևելի դեմքերից մեկին` Վախթանգ Անանյանին, ում «Սևանի ափին», «Հովազաձորի գերիները» արկածային վիպակները, բնասիրական ու որսորդական հրաշալի պատումները, «Հայաստանի կենդանական աշխարհը» գեղարվեստավավերապատումի հատորները ժամանակային սահմաններ չեն ճանաչում£ Ապա գիրքն ընթերցողին առաջնորդում է համաշխարհային գրականության մեծերի հասցեներով` ռուսաստանյան հանդիպումները Ալեքսանդր Պուշկինի, Լև Տոլստոյի, Անտոն Չեխովի, Միխայիլ Պրիշվինի, Կորնեյ Չուկովսկու, Սամուիլ Մարշակի հետ են, Անգլիայում` Դանիել Դեֆոյի հետ` իր 300¬ամյա «Ռոբինզոն Կրուզո»¬յով, ապա Ջոնաթան Սվիֆթ` իր «Գուլիվերի ճանապարհորդություններ»¬ով, Մայն Ռիդն` իր «Անգլուխ ձիավոր»¬ով, Արթուր Կոնան¬Դոյլն` իր «Շերլոկ Հոլմս»¬ով, Կիպլինգն` իր «Մաուգլի»¬ով, ժամանակակից ֆանտաստ գրող Ջոան Ռոուլինգն` իր «Հարի Փոթեր» վիպաշարով… Հետո ճամփաներն հասցնում են Ֆրանսիա և հետաքրքիր մանրամասներ փոխանցում Ժյուլ Վեռնի, Շարլ Պերոյի, Ալեքսանդր Դյումայի, Անտուան Սենթ¬Էկզյուպերիի ստեղծագործական աշխարհի մասին£ Իսպանիայում ընթերցողին «դիմավորում» է Սերվանտեսի չորսդարյա տարիք ունեցող «Դոն Կիխոտը», Դանիայում` ականավոր հեքիաթագիր Անդերսենը, Գերմանիայում` Գրիմ եղբայրները, ԱՄՆ¬ում` Մարկ Տվենը, Ջեկ Լոնդոնը, Վիլյամ Սարոյանը, Էռնեստ Հեմինգուեյը, Իտալիայում` Կառլո Կոլլադին, Ջաննի Ռոդարին, Հնդկաստանում` Ռաբինդրանաթ Թագորը£ Այսպես` նաև հանդիպումներ աշխարհի շատ այլ երկրների այն նշանավոր գրողների ու նրանց այն գրքերի հետ, որոնց ընթերցողական սերունդների հավերժական ուղեկիցների ճակատագիր է վիճակված£
Հանրագիտարանային արժեք ունեցող այս գիրքը հասցեագրված է ոչ միայն մանուկ ու պատանի, այլև բոլոր տարիքի ընթերցողներին, ովքեր նրա միջոցով կարող են միաժամանակյա «ճանապարհորդություն» կատարել համաշխարհային գրականության մեծերի հետ` իմացական¬ճանաչողական հրաշալի «դասեր» քաղելով նրանց ստեղծագործական աշխարհի հետ նորովի հաղորդակցվելուց£
«Հավերժական» գրքերի մասին այս գիրքը նաև հոբելյանական հասցեագրում ունի. լրանում է Լյուդվիգ Կարապետյանի ծննդյան 80¬ամյակը, ինչի առիթով շնորհավորում ենք ճանաչված գրականագետին և հայ մանկագրության երախտավորին£
Տիգրան ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։