ՀԳՄ վարչությունը շնորհավորում է
բանաստեղծ, մանկագիր
Ալեքսան
Գոմցյանին
ծննդյան 70-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
ԱԼԵՔՍԱՆ ԳՈՄՑՅԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ
Ալեքսան Գոմցյան բանաստեղծի օրը «Կարոտից այն կողմ չի անցնում»։ Որտեղի՞ց գտավ այդ կարոտը նրան։ Արդյոք յաթաղանից մազապուրծ պա՞պն էր Մշո երկրից բերել այն կրծքին սեղմած մի բուռ հողի հետ, որ հետո ծլարձակեց «ժայռակերպ եթերալույսով»՝ հունցված Ջավախք աշխարհի Հեշտիա գյուղում։
Կարոտակեզ երգով է լի բանաստեղծի հոգին։ Երգ, որ հոսում ու առաջ է մղվում հայրենի հողում իր հունը գտած առվի պես։
Օրերի անհասցե ուղղությամբ//Ես դարձա ուղևոր մի մոլոր…
Երգում է բանաստեղծը, ալիք է տալիս տերյանական ոգեղենությունը նրա ներաշխարհում, բայց չի խառնվում մշուշներին, այլ՝ գնում է՝ գնահատելով գարնանային արևաբույրը։ Գարնան սպասելիքներով լի հոգին փորձում է ամոքել տերյանական տխրությունը։ «Գարուններ կան, դեռ պիտի գան» հույսի փայփայումով բանաստեղծը դառնում է գարնանն՝ իբրև աշխարհին արարում տվող շունչ ու կենդանություն.
Գարուն, աշխարհի մայրն ես երևի,//Որ ծիլ ու ծաղկի կյանք ես պարգևում։
«Գոյության ծովափրփուր ափերի» մեջ պատեպատ խփվող հոգին ինքն իր հույզերի մեջ ամփոփվելով, չի փորձում իր կարոտների ցավը պարտադրել, տրտմության սերմեր ցանել շրջապատում։
Դեպի շոշափելի աշխարհ Ալեքսան Գոմցյանի բանաստեղծական հոգին ձգվում է գեղեցիկ պատկերներով ու մաքուր զգացումներով՝ այն առավել պարզ ու հաճելի դարձնելու ակնկալիքով։
Անցնող տարիների մեջ կարոտների փնտրտուքը ստիպում է դառնալ նույն հարցին, որ մշտապես զբաղեցրել է բանաստեղծական ազնիվ հոգիներին. «Ո՞ւր կորան, ո՞ւր, տարիներս…»։ Իրենց կարոտներով կյանքը հարուստ պահող հոգիներ են նրանք, մարդկային կերպարը գոյության հրաշքի մեջ վեհորեն ընկալող հոգիներ, որոնցից մեկն է Ալեքսան Գոմցյանը։
Մարդկային գոյությունն իր ցավ ու տխրությունով բանաստեղծի համար լի բաժակ է կենաց գինով, որ կա, որով էլ նա դիմում է դարձյալ խոր ու կարոտակեզ հույզերով.
Գոյատևման ցնորք՝ ժամանակի լեզվին,//Հնարք դու վեհության, հնարք առեղծվածի։
Ջավախքյան լեռ ու ձորերից դուրս եկած ձնծաղիկներ կան Ալեքսան Գոմցյանի այս ժողովածուում, որոնք ծիածանվել են նրա հոգու ջերմությունից։
ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆ
ՀԵՇՏԻԱՅԻՆ
Ճամփեքը այս սրտիս կարո՜տ,
Լույս ճամփեք են։
Որքա՜ն էլ ցուրտ, ձյունոտ լինեն,
Իմ մանկության տաք հուշերն են…
Այս ճամփեքը մանկությանն իմ
Այնպես ջերմ են օրոր ասել.
Այս ճամփեքով՝
Որքա՜ն էլ որ քարքարոտ են,
Շիտակ քայլել եմ սովորել…
Այս ճամփեքով պապերն են մեր
Քայլե՜լ, անցե՜լ…
Հավերժի հուշ երգ են դարձել…
Ես էլ կանցնեմ այս ճամփեքով,
Կանցնեմ ինչպե՜ս սիրո երդում…
Ինձ տուն բերող իմ Հեշտիայի
Ճամփեքը ողջ իմ սրտում են,
Դեռ ինչքա՜ն եմ ես անզգույշ՝
Քարերից այս ոտք արյունել.
Այնինչ հոգ չէ՜,
Միևնույն է, պաշտում եմ ես
Իմ Հեշտիայի լույս ճամփեքի
Քարերին է՜լ…
ՓՈՔՐԻԿ ՄԱՆԵՆ, ՈՐ ԴԵՌ ՉԷՐ ԳՆՈՒՄ ԴՊՐՈՑ
Քամին դրսում բերանը բաց
Խաղում էր՝ Ո՜ւ… սուլում,
Մանեն ուներ Այբբենարան,
Այնտեղ «Ու»-ն էր փնտրում…
Գիրքն էր շրջում այս ու այն կողմ,
Թերթում աջ ու ձախից,
Բայց «Ու» չկար, «Ու»-ն չէր գտնում,
«Ու»-ն փախել էր գրքից…
– Ի՞նչ է, գրքում «Ու» տառ չկա՞ր,-
Մանեն էր միտք անում,
Ու զարմացած դուրս էր նայում՝
Ինչքա՜ն «ու»… կար դրսում…
***
Պուտիկ, պուտիկ, չա՛լպտուրիկ
Թուխսն է նստել, հանի ճուտիկ,
Թէ որ Քուչին չխանգարի,
Թուխսին բնից չթռցնի,
Մենք կունենանք տասը ճուտիկ…
***
Ջրաղացն եմ, ջրաղացը,
Ջուրն է շրջում կլոր քարս,
Որ ցորենը աղամ շուտով,
Հացթուխը հաց թխի համով…
***
Ամառն եկավ, ամառը,
Արևն իր տաք շողերը
Բերեց, փռեց մեր բակը…
Քուչին արավ.- «Հաֆ», շոգ է,
Փիսոն մլավեց՝ շոգ է,
Սոնան ասաց.
«Օ՜ֆ, շոգ է»,
Պապը ասաց.- Սոնա ջան,
Չենք վախենա այս շոգից,
Սևան կերթանք մենք նորից…
ԿՐԻԱՆ ՈՒ
ՉԱԼ ՀԱՎԻԿԸ
Առավոտ շուտ տեսավ կրիան
Չալ հավիկին
Ու տրտնջաց գլուխը կախ.
– Հավիկ քույրիկ, իմ բարեկամ,
Արածդ բա մարդու բա՞ն է,
Մեր բակը այս հարթ ու սիրուն
Շինել ես դու մկների բույն…
Հա՛ քչփորում, քանդում, փրթում,
Ծառ ու ծաղիկ ողջ փչացնում,
Հողն ես անում տակն ու վրա,
Ի՞նչ է, ուրիշ քեզ գործ չկա՞…
Ինքս էլ թողած քուն ու հանգիստ,
Զօր ու գիշեր քրտինք թափում,
Քանդածը քո հարթում, չափում,
Բակն եմ կարգում…
Կտուցն էլի իր հին գործին՝
Կչկչան չալ հավը կրկին.
– Կրիա քույրիկ,
Թե բակը ես չքչփորեմ,
Էլ ի՞նչը դու պիտի հարթես…
Էլ չխոսեց կրիան՝ իմաց,
Դանդաղ տնքաց, թողեց գնաց։
ՆԱՊԱՍՏԱԿՆ ԵՄ
Նապաստակն եմ արագավազ,
Փնջլիկ պոչիկ, երկար ականջ,
Սարում լինեմ թե անտառում,
Միշտ սուս եմ ես, չեմ աղմկում…
Անտառում է իմ տնակը,
Չոր թփերի ծածուկի տակ,
Հենց առաջին ձյունը գա,
Ես կհագնեմ ճերմակ մուշտակ։
Քուն չեմ մտնում ձմռանն երբեք
Այն ալարկոտ արջուկի պես,
Վախկոտ չեմ ես, ժիր եմ, կայտառ,
Քնում եմ, բայց՝ աչքերս բաց…
Շատ եմ սիրում գազար, կաղամբ,
Ցատկոտել եմ նաև սիրում,
Բակում խաղալ փոքրերի հետ,
Բայց շնիկից եմ քիչ վախում…
Դեռ պապիկն է ինձ խրատել՝
Շնիկներից լինել զգույշ,
Բայց այս բակի շնիկը, տե՛ս,
Բարի է շատ, ընկերասեր…
ԲԱՐԻ ԳԻՇԵՐ, ՓՈՔՐԻԿՆԵՐ
Հեռանում է իրիկունը
Թավշակարմիր շորերով,-
Գիշերն աշխարհը լցնում է
Իր աստղազարդ շողերով…
Առուն վաղուց քուն է մտել
Լուսին տատի օրորով,
Լուսին տատն է վերմակ գործել
Առվին՝ ոսկյա թելերով…
Քամին սարն է փախել մութով՝
Ննջել սարի փեշին տաք,
Սպասում է լույսը բացվի,
Հանդ, ձոր առնի թևի տակ…
Ծիտիկներն էլ սուսիկ-փուսիկ,
Քուն են մտել բներում,
Կտուցներին երգի բառեր՝
Արևին են սպասում…
Ու գիշերն է բարի ասում
Բոլո՜ր-բոլո՜ր փոքրերին,
Որ մուշ քնեն բարձին անուշ՝
Երազներով լուսնածին…
***
Հիմա գիշեր է արդեն
Քնած է առուն,
Առավոտ կխոխոջեն
Նրա ջրերը՝ անուշ…