ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐՈՒ «ԱՅՐՎՈՂ ԱՅԳԵՍՏԱՆՆԵՐ» ՎԵՊԸ ԱՆՑՅԱԼԻՑ

1966 թվականն էր: Մահարու «Այրվող այգեստաններ» վեպը նոր էր լույս տեսել: Գրականության ինստիտուտում ասացին, որ ռադիոյի գրական հաղորդումների խմբագրությունից վեպի մասին հոդված են ուզում: Առաջարկեցին ինձ: Վեպը կարդացել էի. մի երկու օրից գրեցի և տարա խմբագրություն: Նույն օրն էլ հաղորդեցին: Մյուս օրն ինստիտուտում ասացին` ինձ ուզում է տեսնել Համո Սահյանը, որ այն ժամանակ «Գրական թերթի» խմբագիրն էր: Գնացի: Ասաց` Մահարին լսել է հաղորդումը, շատ է հավանել, նույնիսկ հուզվել է և ուզում է, որ թերթում տպագրվի: Հոդվածը տարա: Հաջորդ օրը վեպի շուրջ հայտնի աղմուկը բարձրացավ: Հանրային գրադարանից ընկերներս, որ նույնպես հավանել էին հոդվածը, այնուամենայնիվ շատ համոզեցին, որ գնամ հետ վերցնեմ, թե չէ կընկնեմ աղմուկի մեջ, և ինձ համար վատ հետևանք կարող է ունենալ: Նոր էի մի կերպ ընդունվել աշխատանքի և զգուշացա: Գնացի Համո Սահյանի մոտ և ասացի, որ չեմ ուզում հոդվածը տպագրվի: Նա քթի տակ բազմանշանակ ժպտաց և ոչինչ չասաց: Դուրս եկա` մոռանալով անգամ հոդվածը վերցնել, որ այնպես էլ չտպագրվեց: Մինչև հիմա էլ չգիտեմ` պատճառը իմ հրաժարվելն էր, թե խմբագիրն արդեն ինքն էլ էր զգուշացել…
Տարիների ընթացքում այդ մասին մոռացել էի: Վերջերս հին թղթերիս միջից հանկարծ հայտնվեց ձեռագիրը: Կրկին հանձնում եմ «Գրական թերթին», որ թեկուզև ավելի քան կես դար ուշացումով` մեծ գրողի ու հայրենասերի ցանկությունը անկատար չմնա:
Վլադիմիր ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Եղել է մի Կարս, հրաշք մի քաղաք, ու եղել է մի կարսեցի բանաստեղծ՝ Եղիշե Չարենց, որ հյուսել է մեծ ասքը նաիրյան այդ հնամենի քաղաքի, հյուսել է ու անմահացել…
Եվ հետո եղել է մի Կյորես, որ անցել է հիմա՝ թողնելով իր հետևից զանգեզուրյան մի քաղաք, ջահել մի Գորիս… Անցել է Կյորեսը, բակունցյան ասք է դարձել, կյորեսյան լացող լեզվով հյուսած մի հեքիաթ…
Բայց աշխարհում եղել է նաև մի ուրիշ՝ վարդաբույր այգեստանների կանաչ մի քաղաք: Ապրել է այդ քաղաքում աշխատասեր ու աշխարհաշեն մի ժողովուրդ: Դար դարի հետևից ու սերնդեսերունդ հյուսել է նա իր բույնը, որմ է դրել որմի վրա ու բույնը դարձրել է տուն, այգիներ է երկնել, քրտինք է տվել հողին, բարիք է առել, տունը դարձրել է ոստան և անունը դրել Վան… Եկել է հետո մեծ աղետը, մարդկա՜նց աղետը, այգեստանները դարձել են կրակ, որմերը՝ ավերակ, ոստանը ծուխ է դարձել ու աշխարհաշեն վանեցին՝ աշխարհաչու պանդուխտ… Այրվել է Վանը, հանգել է հետո, դարձել մոխրացած երազ: Բայց մի վանեցի պատանի, մի Գուրգեն Մահարի, մի բուռ կրակ է վերցրել այրվող այգեստաններից, պահել է այդ կրակն իր սրտում, պահել է տարիներ, տասնամյակներ… Հետո այդ մի բուռ կրակից հրաշքով հառնել է Վանը՝ իր բուխ կյանքով, իր զվարթ ու տոկուն բնակիչներով, դարձել է ասք, ասքերի շարան, դարձել է վեպ՝ «Այրվող այգեստաններ»…
Այսպես է ծնվել անվանի գրողի նոր վեպը, ծնվել է տարիների տառապագին երկունքով, որպեսզի հայ դպրության երկու կոթողները՝ «Երկիր Նաիրին» ու «Կյորեսը» դառնան երրորդություն…
Մահարու վիպական պատումը բազմագիծ ու բազմապլան է. ունի իմաստի մի քանի շերտեր՝ մակերես, խորք, խորքերի խորք, միջին շերտեր և այս ամենի զարմանալի ներդաշնակություն: Ասել, թե դա գեղարվեստական ճաշակի ու չափի նուրբ, մահարիական զգացողություն է, քիչ կլինի. այդպիսին եղել է բուն այն կյանքը, որի վիպասանն ու ասացողն է նա:
Ի՞նչ էր այդ կյանքը 1915-ի մեծ արհավիրքից առաջ, արհավիրքի օրերին: Պարզ, ուղղակի հարց է: Սակայն արվեստագետի պատասխանն այդ հարցին չի կարող լինել նույնքան ուղղակի ու միագիծ. նրա համար այլ բան է առօրյա իրադարձությունների տեսանելի շղթան և այլ՝ պատմության ներքին ընթացքի տրամաբանությունը:
Մահարին ներկայացրել է հայ կյանքի սովորական ու ծանոթ մի տեսաշրջան, որն ընդգրկում է Վանը, ամբողջ Վասպուրականը՝ արևմտահայության ճակատագրի ամենադրամատիկ ու ողբերգական պահին: Երևան են բերվում բազմաթիվ իրական-պատմական դեպքեր, դեմքեր ու գործիչներ, և այս տեսակետից «Այրվող այգեստանները» պատմական վեպ է, ստեղծվում է Վանի ինքնատիպ միջավայրի հարուստ կոլորիտ՝ թրթռուն ու կենդանի, քանի որ այդ միջավայրում է անցել վիպասանի մանկությունն ու պատանեկությունը, վերակենդանացվում են ծանոթ անուններ, իրական, շատ դեպքերում գրողի անձնական ճակատագրի հետ կապված իրադարձություններ, կիրառվում են պատումի բազմատեսակ ու միշտ իրարից տարբեր եղանակներ՝ մե՛րթ վերհուշ, մե՛րթ երազ, հեքիաթ, մե՛րթ ինքնասույզ մտորում, մենախոսություն, մե՛րթ երգիծական, մե՛րթ քնարական, մե՛րթ դրամատիկ ոճ, յուրաքանչյուրը իր տեղում, իր ժամանակին, չափավոր ու ճաշակով… Եվ հյուսվում է ասք-վիպասանության սյուժետային ոչ բարդ հենքը… Սա կյանքի պատկեր է, բայց դեռ բուն կյանքը չէ, բուն ասքը չէ, այն ասքը, որ հյուսվում է կարծես վիպական իրադարձությունների հետևում: Այդ իրադարձությունները ժամանակավոր են, անցողիկ են, մինչդեռ ասքը, որ նույնն է թե՝ ժողովրդական կյանքի ներքին ընթացքի օրինաչափությունը, տևական է. նրա սկիզբը կորչում է պատմության հեռուներում, իսկ շարունակությունը դեռ շարունակվում է…
Մահարու վերաստեղծած իրականությունը երկու շերտ ունի: Արտաքին, երևութական շերտը աղմկոտ ու խայտանկար է. այն դիմակ է, բայց թափանցիկ ու դրա համար էլ զավեշտական: Այստեղ է, որ ծիծաղում է Մահարին, զվարթանում ու զվարթացնում ընթերցողին: Կան նաև գեղարվեստական այլ խնդիրներ, որ լուծվում են պատումի այս արտաքին շերտում՝ չթափանցելով նրա խորքը: Այդ խնդիրներից է, օրինակ, Վանի աղայական վերնախավի կենցաղի ու բարքերի, հայ ազգայնական կուսակցությունների արկածախնդրական գործունեության ինքնատիպ ու բազմակողմանի ցուցադրումը: Սա, իհարկե, նոր բան չէ: Քիչ նորություն կա նաև այդ խնդրի մահարիական մեկնաբանության մեջ: Նորությունն այն է, որ թեև այդ օրերի արևմտահայ կյանքը անհնար է պատկերացնել առանց Օհաննես աղաների ու Սիմոն աղաների, առանց կուսակցական բանա­կռիվների, ահաբեկումների, սնամեջ ճառերի, այնուամենայնիվ, Մահարին այս ամենը դիտում է ոչ իբրև բուն կյանք, այլ իբրև կյանքի հավելված միայն:
Մահարու հերոսներն էլ երկու դեմք ունեն: Պատումի արտաքին շերտում, այսինքն՝ առօրյա իրադարձությունների մեջ նրանք այլ մարդ են. Օհաննես աղա Մուրադխանյանը վաճառական է, գծուծ, շահամոլ մեծատուն. Արամը դաշնակցական է, անողոք, խորամանկ ու մարդասպան. Միհրան Մանասերյանը միայն մոլորված երիտասարդ է, ակամա հանցագործ… կարելի է թվել այլ հերոսների ևս: Էականն այդ չէ, սակայն, այլ այն, որ նրանցից յուրաքանչյուրը պատումի խորքում երևան է բերում մարդկային էության անակնկալ գծեր, ներքնաշխարհի ու հոգեբանության անսպասելի խորություններ, դառնում է այլ մարդ: Էլ ավելի խորքում նրանք մոտենում են իրար, դառնում են բախտակիցներ, պատմական ճակատագրի ծանրությունն իրենց ուսերի վրա կրող հայ մարդիկ:
Վեպի վերջաբան-նախաբանում Մահարին խոստովանում է, որ ինքը անձերն ու երևույթները ներկայացրել է «այնպես, ինչպես եղել են նրանք»: Հեղինակի խոսքը, իհարկե, ճշմարիտ է: Բայց դա դեռ պատմական ճշմարտացիությունը չէ, որ ամեն մի արվեստագետի սրբազան պարտքն է, մանավանդ երբ նա պատմական վեպ է գրում: Դա ավելի շուտ պատմական ուղղամտություն է: Պատմական ճշմարտությունը միաժամանակ գեղարվեստական ճշմարտություն է: Այդ ճշմարտությանը Մահարին հասնում է պատումի խորքում, երբ հյուսվում է բուն ասքը:
Ողբերգակա՜ն ու հերոսակա՜ն ասք…
Ի՞նչ է կատարվում կյանքի բուն խորքում, երբ մակերևույթը այնքան աղմկոտ է, այնքան զավեշտական: Քաղաքը ներքին տագնապ է ապրում, որ երբեմն արտահայտվում է մի անզգույշ դարձվածքով, մի մտահոգ հայացքով, հեռվից հասնող կցկտուր լուրերի մի պատառիկով, ու լռում: Ժողովուրդը զգում է մոտեցող արհավիրքի շունչը: Ի՞նչ կա որ, նոր բան չէ, դարերից է գալիս: Ընտել է ժողովուրդը. նա իր տունն է շենացնում՝ զգոն ականջը արհավիրքի դեռևս խուլ ձայնին… «Արտաքուստ խաղաղ, սակայն ներքուստ անհանգիստ զգաստ այդ խոնարհ հոգիները… իրենց աշխատանքային աղմուկի և լարվածության մեջ անգամ լսում էին մեծ վտանգի չարագուշակ շշուկները»1:
Աշխարհաշեն ու հալածակա՜ն ժո­ղովուրդ, խաբվա՜ծ ժողովուրդ… Ո՞վ պիտի պաշտպան կանգնի նրան՝ մի պարոն Արա՞մ, մի Իշխա՞ն, մի Վռամյա՞ն… Հազի՜վ թե: Ժողովրդական ինքնապաշտպանության բնազդը, հարա­տևման ձգտումը շատ ավելին կարող են անել այդ դեպքում: «Կռվողը պարզ է, ժողովուրդը պիտի կռվի»2,- համոզված մտորում է Օհաննես աղան… Ու երբ պայթում է փոթորիկը, կատարվում է անսպասելին, ինչո՞ւ, սպասելին. ժողովուրդը սեղմվում է, դառնում է ծանրացած բռունցք…
Այստեղ Մահարին թերևս մի փոքր ավելի զուսպ է, քան պետք էր. հերոսությունը պետք է փառաբանվեր ամբողջ ձայնով, «ի խորոց սրտի»… Ի՞նչ փույթ, թե Վանի պաշտպանների միակ, ինքնաշեն թնդանոթը միայն աղմուկ է բարձրացնում, ի՞նչ փույթ, թե եռանդուն հեղափոխականների՝ տարիներով կուտակած զինապաշարը մի քանի հրացան է միայն… մի՞թե սա է Վանի ուժը, ժողովրդի ուժը… Իրական, հաղթող ուժն այն է, որ փոքրիկ Սուրենը դառնում է մարտական կապավոր, գողտրիկ Լիան` միայն սիրո ու քնքշանքի համար ստեղծված Լիան, դառնում է վառոդագործ ու զինվոր, որ ժլատ Օհաննես աղան իր մառանի բարիքներն է տրամադրում քաղաքի պաշտպաններին, որ այդ նույն Օհաննես աղան թնդանոթների որոտի տակ չի մոռանում կյանքը, կյանքի վայելքները, որ Արմենակ Եկարյանը դադարում է կուսակցական լինելուց և դառնում կռվող պաշտպանների մարտական ղեկավարը, որ Միհրան Մանասերյանը՝ մորթապաշտ ու ակամա մարդասպանը, խղճի խայթ ունի, սիրել գիտի և մերժվելուց տառապել գիտի, որ դաշնակցական Կոճա Դավոն կարող է չկատարել խստագույն հրամանը՝ հանուն արդարության, հանուն ընկերոջ կյանքի, որ օտարը նույնիսկ, թող որ նա լինի մի թուրք մյուդուր, գնահատել գիտի հայի բարությունն ու հյուրընկալ հարկը, որ հալածված, կոտորված, աղետյալ հայը համոզված է, թե՝ «Սուլթան Համիդը չի հյուսել թուրք ժողովրդի երգերը, ոչ էլ Խտրիկը, ոչ էլ Ջևդետ փաշան: Խոնարհ, անանուն, հասարակ մարդիկ հյուսում են իրենց սրտի խոսքը, դարձնում երգ»3, որ … բավական է, սակայն: Վիպասանն է՛լ ավելի խորքն է տեսնում: Նա ամենամեծ ուժը որոնում է վանեցի մարդու, հայ մարդու էության մեջ: Այս տեսակետից չափազանց կարևոր է Օհաննես աղայի կերպարը:
Բարդ, հակասական, ներքնապես հարուստ տիպ է Օհաննես աղան, տեղ-տեղ նույնիսկ անբացատրելի (և ե՞րբ է ըստ էության մինչև վերջ բացատրվել մարդը): Գործի, շահի մարդ է, նաև կյանքի մարդ: Դրակա՞ն տիպ է, բացասակա՞ն: Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Կարևոր էլ չէ: Առաջինը նրա հետ ենք ծանոթանում, վերջինը նրան ենք հրաժեշտ տալիս: Դա մտածված գեղարվեստական ծրագրի դրսևորում է: Վան և Օհաննես աղա – հոմանիշներ են: Արտաքին աշխարհում կատարված բոլոր իրադարձությունները, լինեն դրանք քաղաքական թե այլ բնույթի, բեկվում են այդ մարդու ներաշխարհում, իմաստավորվում են յուրովի: Ավելին, այդ իրադարձությունները իրենց իսկական բովանդակությամբ երևան են գալիս Մուրադխանյան գերդաստանի ճակատագրի վրա թողած ողբերգական հետևանքներով: Քայքայվում, մասնատվում, սպառվում է այդ գերդաստանը, այդ նույնն է թե՝ մասնատվում, քայքայվում, սպառվում է Վանը: Բայց ավերված գերդաստանի մի կենսունակ բեկորը՝ Օհաննես աղան, խարիսխ է գցում մի այլ հայ ոստանում՝ Երևանում… Ուրեմն դեռ ապրում է Վանը, դեռ չի սպառվել հայը: Անկորնչելի է կենսասեր, կենսունակ Օհաննես աղան, անկորնչելի է վանեցին, անկորնչելի է հայը…
Սա է վեպի մայր գաղափարը, այդ գաղափարի շուրջն է հյուսվում բուն ասքը… Այդ գաղափարի գեղարվեստական մարմնավորման մեջ է պատմական ճշմարտությունը: Դա մեր դարավոր պատմության գլխավոր դասն է, սերնդից սերունդ անցնող անհեղինակ պատգամը, մեր լինելության գրավականը:
Ասե՞լ արդյոք, որ շատ է նրբազգաց Մահարի արվեստագետի մանրադիտակը, մանավանդ երբ այն ուղղված է դեպի մարդու ներքնաշխարհի գաղտնարանները… Ասե՞լ, որ Մահարին ոգեշունչ բանաստեղծ է, հայրենի բնաշխարհի, հայրենի ավանդությունների, ժողովրդական գունառատ կենցաղի բանաստեղծը… Ասե՞լ, որ Մահարին զվարթության բալասանով ամոքել գիտի հոգու ամենածանր ցավերը: Կոտորածի սարսափնե՞ր: Ինչո՞ւ չէ, կան Մահարու վեպում: Բայց՝ «Հաճախ, շատ անգամ ես ծիծաղել եմ, երբ պետք էր արտասվել, քո սիրտը չկոտրելու համար»,- դիմում է ընթեցողին վիպասանը: Ասե՞լ, վերջապես, որ իր բոլոր հերոսների արյունակիցն է Մահարին, նրանց բոլոր ուրախությունների ու վշտերի մասնակիցը… Ասել… բայց ի՞նչ ասել: Ավելի լավ է լսել վիպասանի վերջին խոսքը. «Եթե ինձ հաջողվել է իմ այրվող այգեստանների ծուխը հասցնել իմ մեծ նախնիքների ստեղծած փառապանծ կոթողների բարձրությանը… այն ժամանակ… այո՛, այն ժամանակ ես հանգիստ սրտով կարող եմ… ապրել»:
Այո՛, ապրել և միայն ապրել: Սա է մեր պատմության փիլիսոփայությունը, այրվող, բայց չմոխրացող այգեստանների խորհուրդը…

———————————
1. Էջ 363:
2. Էջ 475:
3. Էջ 279:

One thought on “ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐՈՒ «ԱՅՐՎՈՂ ԱՅԳԵՍՏԱՆՆԵՐ» ՎԵՊԸ ԱՆՑՅԱԼԻՑ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։