ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է
գրականագետ
ԱՐԾՐՈՒՆ ԱՎԱԳՅԱՆԻՆ
ծննդյան 80-ամյակի
առթիվ
«Գրական թերթը» միանում է
շնորհավորանքին
***
Լրացավ գրականագետ, Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի երկարամյա դեկան, ԵՊՀ հայ նորագույն գրականության ամբիոնի պրոֆեսոր Արծրուն Ավագյանի 80-ամյակը։ Նա ծնվել է Քանաքեռում։ Մայրական կողմից սերում է Խաչատուր Աբովյանի տոհմից։ 1959 թ. ավարտել է Քանաքեռի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, զորակոչվել զինվորական ծառայության և հենց զինվորի համազգեստով էլ բուհի դիմորդ դարձել։ Աբովյանական երակից բացի՝ մասնագիտական կողմնորոշման և հետագա գործունեության կանխորոշման առումներով երևի թե խորհրդանշական է, որ Եղիշե Չարենցը 1915 թ. Կարսից եկավ Քանաքեռ և անդամագրվեց Արևմտյան Հայաստանը ազատագրելու առաքելությամբ կազմավորվող կամավորական ջոկատներին։ Այդ փաստը առնչություն ստեղծեց այն իրողության հետ, որ ապագա գրականագետի հայրը՝ 20-ամյա երիտասարդ Աբգար Ավագյանը, 1915-ին նույնպես կամավորագրվել էր Քանաքեռում կազմակերպվող ջոկատներին և մեկնել ռազմաճակատ, կռվելով հասել մինչև Սարիղամիշ։ Քանաքեռի տոհմական ավանդույթների, աբովյանական և չարենցյան հիշողությունների դրդումով էլ ձևավորվել են Արծրուն Ավագյանի մասնագիտական նախասիրությունները։ 1968 թ. նա գերազանց առաջադիմությամբ ավարտել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը, 1969 թ.-ից աշխատանքի անցել նույն ֆակուլտետում, որի դեկանն է 2000 թվականից մինչ օրս։ Ա. Ավագյանի գրականագիտական նախասիրությունները առավելապես առնչվում են սփյուռքահայ գրականությանը։ 1977 թ. պաշտպանել է թեկնածուական («Պոլսահայ գրական կյանքը 1918-1922 թթ»),
1998 թ.՝ դոկտորական («Կոստան Զարյան. Կյանքը և գործը») ատենախոսությունները։ Բանասիրական գիտությունների դոկտոր է 1998, պրոֆեսոր՝ 2000 թվականից։ 2014 թ. արժանացել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչման։ Տասնամյակներ շարունակ նա սփյուռքահայ գրականության պատմությանը վերաբերող հիմնական և հատուկ մասնագիտական դասընթացներ է վարում ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի բակալավրիատում և մագիստրատուրայում։ Արծրուն Ավագյանը նաև կրթության և գիտության հմուտ կազմակերպիչ է։ Երկու տասնամյակից ավելի է՝ նա ղեկավարում է մայր համալսարանի գլխավոր ֆակուլտետներից մեկը, որի գիտական խորհրդի նախագահն է։ Մանկավարժական և վարչական ծանրաբեռնված աշխատանքին զուգահեռ Ա. Ավագյանը շարունակաբար զբաղվում է գիտական աշխատանքով։ Հրատարակել է սփյուռքահայ դասական հեղինակներին նվիրված «Կոստան Զարյան. Կյանքը և գործը» (1998) և «Պատկերազարդ պատմություն Շահան Շահնուրի» (2004) մենագրությունները, կազմել և հրատարակել է «Սփյուռքահայ դասական պատմվածքը» (2007) և «Հայոց եղեռնապատումի պոեզիան» (2015) գրքերը։ Վերջին տարիներին աշխատում է արևմտահայ և սփյուռքահայ գրականության մեկ այլ մեծ հեղինակի՝ Վահան Թեքեյանի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված մենագրության վրա։ 2018 թ. տպագրել է «Վահան Թեքեյան. Ազնվական քերթողը» ուսումնական ձեռնարկը։ Գիտական հանդեսներում հրապարակել է սփյուռքահայ մի շարք հեղինակների երկերը քննող բազմաթիվ հոդվածներ։
Ա. Ավագյանը ակտիվորեն զբաղվում է նաև հայ գրականության նորագույն շրջանի ներկայացուցիչների ժառանգության հանրայնացմամբ։ Պարբերականներում հրատարակել է Կոստան Զարյանի, Վահան Թեքեյանի, Շահան Շահնուրի, Համաստեղի, Հակոբ Մնձուրու, Ստեփան Ալաջաջյանի և ուրիշների քիչ հայտնի գրվածքներ և դրանց վերաբերող բանասիրական և գրականագիտական աշխատանքներ, գրել Կ. Զարյանի «Նավը լեռան վրա» (ֆրանսերեն), Շահան Շահնուրի «Նահանջը առանց երգի» (գերմաներեն) տպագրությունների, ինչպես նաև Ստ. Ալաջաջյանի «Չսպիացած վերք» (հայերեն) վեպերի ծավալուն առաջաբանները։ Տպագրության մեջ է Ստ. Ալաջաջյանի «Եղեգները չխոնարհվեցին» վեպի վերահրատարակումը, որի առաջաբանը ևս Ավագյանն է գրել։ Արծրուն Ավագյանը ՀԳՄ անդամ է 2000 թվականից։ Այս ընթացքում նա հետևողականորեն մասնակցել է նաև ժամանակակից գրական կյանքին, անդամակցել գրականության բնագավառում շնորհվող պետական մրցանակների հանձնախմբին, հանդես եկել ժամանակակից հայ գրականությանը վերաբերող գիտական զեկուցումներով, հոդվածներով և գրախոսություններով, կազմակերպել և ղեկավարել միջազգային մի շարք գիտական նստաշրջաններ։ Վաստակաշատ մանկավարժի և գիտնականի գործունեությունը գնահատվել է ըստ արժանվույն։ Նրան տարբեր տարիների շնորհվել են պետական և այլ պարգևներ՝ ՀՀ վարչապետի, Երևանի պետական համալսարանի և «Ֆրիտյոֆ Նանսեն» միջազգային հիմնադրամի Ոսկե մեդալներ, Հայաստանի գրողների միության և ՀՀ Սփյուռքի նախարարության համատեղ «Վիլյամ Սարոյան» մեդալ, ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգիր կրթության և գիտության ոլորտում ներդրած ավանդի համար։ Արծրուն Ավագյանը եռանդուն, աշխատանքային ավյունով լեցուն դասախոս և գիտնական է, ով անգամ առաջացած տարիքում աշխատում է նախանձելի ջանադրությամբ և արդյունավետությամբ։ Ջերմորեն շնորհավորելով սիրելի ղեկավարի և գործընկերոջ հոբելյանը՝ նրան մաղթում ենք առողջություն, ընտանեկան և անձնական երջանկություն, նոր գործերով, գրքերով և հոդվածներով հագեցած հարուստ և երկար տարիներ։
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
ԵՊՀ հայ նորագույն
գրականության ամբիոն
***
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔՈՎ
Սիրելի՛ Արծրուն,
Այսօր, քո չորս քսան ու իմ մի քիչ ավելի տարիների բարձունքից, իմ հետադարձ հայացքը ինձ հասցնում է հեռավոր 1970 թվական՝ մեր առաջին հանդիպմանը համալսարանի բանասիրական ֆակուլտետի խորհրդահայ գրականության նորաստեղծ ամբիոնում։ Իմ՝ տարիքով մի քիչ մեծ լինելու և քո՝ բանակային ծառայությունից հետո ուշացումով ուսանող դառնալու պատճառով ինձ ընդունեցիր որպես ավագ ընկեր, ու մինչև հիմա էլ երբեմն քեզ այդպես է թվում։ Բայց արի այնտեղից ետ գանք, ու կտեսնես, որ գնալով խորացած մեր ընկերության ու մեր գործի (ուսումնական թե գիտական) ընթացքի մեջ վաղուց ջնջվել են այդ սահմանները։
Հետադարձ հայացքով քեզ տեսնում եմ կես դարից ավելի ձգվող ժամանակի մեջ, երբ առաջին գիտական պրպտումներն էիր անում քո թեկնածուական ատենախոսության ամբողջացման համար, երբ մամուլում հրապարակում էիր հատվածներ դոկտորական հետազոտությունից, երբ լույս էիր ընծայում հոդվածներ ու գրքեր (մենագրություններ ու ձեռնարկներ), ու ես դրանք առաջին ընթերցողներից մեկն էի և ոչ քիչ անգամ՝ պաշտոնական ու անպաշտոն խմբագիրը. երբ դասախոս էիր, դոցենտ, պրոֆեսոր նույն ամբիոնում, և ուսումնական ծրագրեր էինք քննարկում. երբ շնորհավորում էինք քո նոր ստացած մեդալներն ու կոչումները. երբ ֆակուլտետի դեկանի տեղակալ էիր ու խորհրդի քարտուղար, ի վերջո դեկան՝ 2000 թվականից առ այսօր, անընդմեջ, որ ինքնին վկայությունն է քո նկատմամբ դասախոսների և ուսանողների սիրո և քո աշխատանքի գնահատման, վկայությունն է ուսումնական ու գիտական մեր գործին քո նվիրվածության։ Հիսուներկու (ուսանողական տարիներն էլ չհաշված) տարվա անխառն համալսարական կյանք, որ հատկանշվում է հայ բանասիրության ֆակուլտետում գիտաուսումնական գործին, դասավանդման ավանդներին և մեր ուսուցիչների հիշատակի պահպանմանը քո ջանադիր նվիրվածությամբ։ Դա իրապես լուրջ վաստակ է և, անշուշտ, մեծապես գնահատելի։
Շնորհավոր հոբելյանդ, սիրելի՛ ընկեր, իսկ մաղթանքներս, դու գիտես, ես դրանք քեզ ասել եմ ոչ քիչ անգամներ։
Վազգեն ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
***
ՄԵՐ ՄՇՏԵՌԱՆԴ ԱՐԾՐՈՒՆ ԱՎԱԳՅԱՆԸ
Դժվար է համատեղել դասախոսի, ուսումնական գործի կազմակերպչի և գիտնականի գործունեությունը: Այս դժվարությունները հաջողությամբ է հաղթահարել իր կյանքի ութերորդ տասնամյակը բոլորած Արծրուն Ավագյանը: Իր շեշտակի հարցերը մինչև հիմա էլ տպավորիչ են՝ անկախ նրանից, վերաբերում են ուսանողական խնդիրներին, թե ուսանողներին ուղղվում հայ գրականության դասավանդման կամ ատենախոսությունների պաշտպանության ժամանակ:
Բարեբախտաբար, նույնն է մնացել ոչ միայն արագ արձագանքելու, ընթացիկ հարցերը կարգավորելու իր անսպառ եռանդը, այլև քաղաքացիական բարձր նկարագիրը, մտահոգությունը վաղվա օրվա համար՝ Երևանի պետական համալսարանից մինչև մեր երկրի ապագան:
Նրա խոսուն հարցերը արդեն իսկ խոսուն պատասխաններ են ենթադրում: Տարբեր մարդկանց դեպքում, այդ թվում նաև ճանաչված ու հարգարժան, եթե կարելի է վիճել, մատնացույց անել թերությունները և առաքինությունները, ապա Արծրուն Ավագյանի դեպքում, խոսակիցները իրար լրացնելով թվարկում են միայն արժանիքները:
Երբեմն փորձելով կեղծ հակադրություն ստեղծել Համալսարանի և Ակադեմիայի միջև, հարցնում են՝ դու համալսարանակա՞ն ես, թե՞ ակադեմիական ուղղության ներկայացուցիչ, առանց բացատրելու, թե որն է այդ ուղղությունը: Նման դեպքում ասում եմ, որ ես կյանք եմ մտել համալսարանում ձևավորված ըմբռնումներով և ստացած գիտելիքներով: Նույնը վերաբերում է Գրականության ինստիտուտի համալսարանավարտ աշխատակիցներին, որոնցից միջին սերնդի կամ ավելի կրտսեր եղողների կեսից ավելին կարող է ասել, որ ինքը համալսարանական է և որոշ չափով Ավագյանական:
Որքան մենք ենք համալսարանինը, նույնքան և Արծրուն Ավագյանն է Գրականության ինստիտուտինը՝ մեր գիտական և մասնագիտական խորհուրդների հետ գործակցությամբ: «Հայ նոր գրականության պատմության» ակադեմիական վեցհատորյակը զարդարող բաժիններից է Կոստան Զարյանին նվիրված նրա հեղինակած գրական դիմանկարը:
Որպես գրականագետ՝ Ա. Ավագյանը զբաղվում է արևմտահայ գրականությունից սփյուռքահայ գրականությանը անցման շրջանին վերաբերող հարցերով: Այն շրջանով, երբ հայությունը փորձում էր ուշքի գալ 1915 թ. սոսկալի արհավիրքից հետո, ուժ գտնել նորից ստեղծագործելու համար: Այդ շրջանի վերհառնումի գրականությունը այսօր արդիական մեծ հնչեղություն ունի, որը վերաբերում է նաև Արծրուն Ավագյանի՝ Վահան Թեքեյանից մինչև Շահան Շահնուրին նվիրված ուսումնասիրություններին, որոնցում տեսնում ենք նաև հայության վերահաստատման ընթացքը:
Մաղթում ենք, որ մեր սիրելի Արծրուն Ավագյանը կյանքի սկսվող ութերորդ տասնամյակը իր գիտամանկավարժական պատկառելի փորձով և վաստակով շարունակի ծառայեցնել մեր երկրի մերօրյա վերհառնումին:
Վարդան ԴԵՎՐԻԿՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն