ԳԻՐՔ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆԸ / Վարդան ԴԵՎՐԻԿՅԱՆ

Զավեն-Ավետիսյան---1Հինգերորդ դարի հայ պատմագրությունը քննվել է ամենատարբեր տեսանկյուններից` պատմագրական երկերի լեզուն և ոճը, ժամանակագրական համակարգը, վավերականության աստիճանը, ժամանակային շերտերը, օտար աղբյուրների հետ ունեցած հարաբերակցությունը, ժողովրդական բանահյուսության առկայությունը և մի շարք այլ հարցեր:
Վերջերս լույս տեսավ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի աշխատակից, բ. գ. դ., պրոֆեսոր Զավեն Ավետիսյանի «Ե դարի հայ պատմագրության տիպաբանությունը» ուսումնասիրությունը (ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան, 2013, 188 էջ): Այստեղ հինգերորդ դարի հայ պատմագրությունը քննվում է որպես մեկ ամբողջություն և ենթարկվում համակարգային վերլուծության` իր տարբեր դրսևորումներով:
Տիպաբանական քննությամբ հեղինակն այստեղ նկատի ունի համեմատական քննությունը, թե տարբեր հարցեր, հասկացություններ ու երևույթներ ինչպես են ներկայացված ու գեղարվեստորեն արտահայտված հինգերորդ դարի տարբեր պատմիչների մոտ:
Աշխատանքի ընդարձակ ներածությունում հեղինակը ներկայացնում է Արևմուտքի ու Արևելքի մինչև հինգերորդ դարը հասնող գրականությունները` իրենց բնորոշ առանձնահատկություններով, գծագրելով այն պատմա-գեղարվեստական միջավայրը, որում գրական փոխառնչակցությունների միջավայրում սկզբնավորվելու էր հինգերորդ դարի հայ պատմա­գրությունը:
Աշխատանքի առաջին` «Ե դարի պատմագրության սկզբնավորումը և ժանրային ընդհանրությունները» գլխում ցույց է տրվում այն ներքին ընդհանրությունը, որ կա այս դարի պատմիչների միջև: Համաշխարհային պատմագրության փորձի հետ զուգահեռով հեղինակը նշում է, որ հայ պատմիչները ևս իրենց երկերը սկսել են կամ Հայոց պատմության սկզբից, այն ներառելով «Ծննդոց գրքի» շրջանակում, ինչպես Խորենացին, և կամ էլ իրենց նկարագրած իրադարձությունների սկզբից, ինչպես Ա­գաթանգեղոսը` Հայաստան քրիստոնեության մուտքից:
Տիպաբանական հաջորդ ընդհանրությունը այն է, որ յուրաքանչյուր պատմիչ ներկայացնում է, թե որն է եղել Պատմությունը գրելու իր նպատակը և բերվում են այս հարցի վերաբերյալ պատմիչներից յուրաքանչյուրի համապատասխան բնորոշ արտահայտությունները:
Երկրորդ` «Դարի պատմագրության ներդիր ժանրերի տիպաբանությունը» գլխում համապատասխան վերլուծությամբ թվարկվում են այն ժանրերը, որոնք որպես ներժանրային միավորներ են հանդես գալիս պատմագրական երկերում` առասպել, վկայաբանություն և վարք, տեսիլ և երազ, ողբ, թուղթ: Հիշյալ ժանրերին պատկանող ավարտուն գործերի ներառումը պատմիչների ստեղծագործություններում թե՛ առավել վավերականություն և թե՛ գեղարվեստականություն է հաղորդում նրանց ստեղծագործություններին: Ներժանրային այս միավորները նաև հուշում են, թե ինչպիսին է տվյալ պատմագրական երկի բնույթը և ուղղվածությունը: Խորենացու Պատմության մեջ հանդիպում ենք առասպելներին, որպես ժողովրդի վաղնջական հիշողության արտահայտություն և թղթերին, որպես ժամանակի պատմական վավերագրերի:
Վարքը և վկայաբանությունը բնորոշ են Ագաթանգեղոսին, ում Պատմությունում կա Ս. Գրիգորի և Հռիփսիմյանց չարչարանքների վկայաբանության պատմությունը: Նույնը վերաբերում է և Բուզանդի Պատմությանը, ում մոտ հանդիպում ենք Ներսես Մեծի, Մծբնա Հակոբ Հայրապետի և Դանիել Ասորու վարքերին:
Ինչպես որ միջնադարյան քրիստոնեական գրականությանը, այնպես էլ Ոսկեդարյան շրջանի հայ պատմագրությանը բնորոշ է տեսիլը: Զ. Ավետիսյանը ժանրային նրբին քննությամբ տարբերակում է տեսիլը և երազը: Տեսիլը` որպես արթնության մեջ տրված և երազը` քնած ժամանակ: Նաև տեսիլները կրոնա-եկեղեցական և ազգային-քաղաքական անհամեմատ ավելի մեծ խնդիրներ են արծարծում, քան երազները: Միաժամանակ տեսիլները ավելի բարդ խորհրդաբանության վրա են հիմնված, որի համար նրանց մեկնությունը, բացատրությունը տրվում է հենց տվյալ տեսիլում, ինչպես Ս. Գրիգորի տեսիլը Ագաթանգեղոսի Պատմությունում և Ս. Սահակի տեսիլը Ղազար Փարպեցու մոտ: Երազն արդեն կանխասացություն է մոտալուտ որևէ դեպքի մասին, ինչպես Բուզանդի Պատմությունում Եպիփան և Շաղիտա կրոնավորներին երազում ե­րևում է Ս. Ներսեսի մահը, իսկ Եղիշեի մոտ մոգերից մեկը երազում իմանում է հայ հոգևորականների մոտալուտ նահատակության մասին:
Ողբի ժանրը ևս տիպաբանական մի շարք բնորոշ գծեր է ի հայտ բերում: Պատմահոր ողբը գծագրում է ժամանակի պատկերը, այնինչ Բուզանդի մոտ Փառանձեմի ողբը ժողովրդական սգերգի մի արտահայտություն է:
Երրորդ` «Պատմագրության մեջ կրկնվող այլ տիպեր» գլխում պատմագրությանը բնորոշ ընդհանրությունները և տարբերությունները ներկայացվում են պատմիչների երկերում բավականին հաճախադեպ արտահայտված թեմատիկ հետևյալ մոտիվների միջոցով` ճակատամարտ, թագադրում և պատվո խորհրդանիշներ, կաշառք, կինը, ոճիր և պատիժ: Զ. Ավետիսյանի կողմից այստեղ ընտրվել է երկաստիճան համեմատության եղանակը: Առաջին` թե միևնույն ճակատամարտը ինչպես են ներկայացնում տարբեր պատմիչները, և երկրորդ` թե ճակատամարտերն ընդհանրապես ինչպես են արտացոլվել պատմիչների գործերում: Իրար հետ են համեմատվում Ձիրավի ճակատամարտի Բուզանդի և Խորենացու նկարա­գրությունները: Ավետիսյանը նշում է, որ Փավստոսը ավելի շատ է գրում ճակատամարտի հետ կապված կրոնական հանգամանքների և, հատկապես, Ներսես Մեծի աղոթքի մասին, իսկ Խորենացին պատկերում է ճակատամարտի ընթացքը: Նույն մոտեցմամբ են քննվում և Ավարայրի Եղիշեի ու Փարպեցու նկարագրությունները` Եղիշեի պատկերավոր ոճով և Փարպեցու փաստա­գրական շարադրանքով:
Թագադրությունների նկարագրությունների վերլուծությունը կատարվում է ոչ միայն արքունական ծիսական արարողության տեսանկյունից, այլև ցույց են տրվում պատմիչների տողերում առկա քաղաքական ենթատեքստը, հայոց թագավորների ողբերգական կախվածությունը կայսրությունների Արևելք-Արևմուտք հակադրությունից և նույն այդ հակադրությանը նրանց զոհ գնալը:
Անցյալի մոտիվները զարմանալի մի արդիականությամբ են հնչում կաշառքի մասին պատմիչների հիշատակություններին նվիրված բաժնում: Այստեղ նախ ներկայացվում են Հայաստանի 4-5-րդ դարերի սոցիալ-տնտեսական դասային կառուցվածքն ու հարաբերությունները և այդ միջավայրում կաշառքի տրման ձևերը:
Պատմիչների մոտ պատմական դեպքերի զարգացման ընթացքում ոճիրին հաջորդում է պատիժը, և համեմատության նույն եղանակով Զ. Ավետիսյանը համա­նման օրինակներ է բերում հինգերորդ դարի բոլոր պատմիչներից, թե ինչ մեկնաբանությամբ և գեղարվեստական արտահայտչականությամբ են նրանք ներկայացրել գործված ոճիրին հաջորդող պատիժը:
Չորրորդ` «Ժանրի արտացոլման մեթոդի և բանարվեստի տիպաբանություն» գլխում անդրադարձ է կատարվում գեղարվեստական մի շարք արտահայտչամիջոցների պատմիչներից յուրաքանչյուրի կիրառման սկզբունքներին:
Պատմիչների նախասիրությունները երևում են հատկապես հերոսների երկխոսություններում և մենախոսություններում, որոնք Թղթերի` նամակների հետ դառնում են պատմության վավերագրական կարևոր հատվածները: Նշվում է, որ ըստ իրավիճակի, պատմիչները հավասարապես դիմում են թե՛ երկխոսությանը և թե՛ մենախոսությանը, ինչպես Տրդատ արքայի և Ս. Գրիգորի երկխոսությունը` Ս. Գրիգորի վիրապը նետելուց առաջ և նույն Ս. Գրիգորի քարոզ-մենախոսությունը ուղղված ժողովրդին` վիրապից ելնելուց հետո:
Եղիշեի Պատմությունում ևս հայ նախարարները և հոգևորականները տարբեր երկխոսություններում Պարսից ատյանում պաշտպանում են հայոց հավատը և իրենց ճիշտ լինելը, ապա Ավարայրում մենախոսությամբ` ժողովրդին ուղղված խոսքով փայլում են Վարդան Մամիկոնյանն ու Ղևոնդ Երեցը:
Բավականին յուրօրինակ և մեր գրականագիտության մեջ գրեթե երբեք չարծարծված մի հարցի է վերաբերում վերջին` «Պատմագրության մեջ գրանցված անձնանունների և տեղանունների վիճակագրական տիպաբանություն» հինգերորդ գլուխը: Զ. Ավետիսյանը` ելակետ ընդունելով այն դրույթը, թե պատմագրական երկի ընդգրկունությունը և պատմիչի մտահորիզոնը մեծապես պայմանավորված են տվյալ երկում հիշված անձնանունների և տեղանունների թվով, հաշվել է, թե հինգերորդ դարի պատմիչներից յուրաքանչյուրի մոտ անձնանվանական և տեղանվանական քանի միավոր կա: Համաձայն այս վիճակագրության, Պատմահայրը վերստին անմրցակից է (տե՛ ս էջ 186):
Զավեն Ավետիսյանի այս աշխատանքը ուղղակի շարունակությունն է նրա «Մարդը հինգերորդ դարի հայ պատմա­գրությունում» գործի, և հուսանք, որ առաջիկայում իր զարգացումը կունենա հայ հին գրականության որևէ կողմի մի նոր քննությամբ:
Ութսունամյակի շեմը հատող բազմաշխատ և եռանդուն գիտնականին ու համալսարանական մեր քանի՜-քանի սերունդներին դասավանդած սիրելի դասախոսին մաղթենք, որ գիտական նույն եռանդով և մանկավարժական գործունեությամբ թևակոխի իր կյանքի հերթական նոր տասնամյակը, ուր նրան են սպասում ուսանողների և ասպիրանտների նոր սերունդներ և հայ գրականության պատմության ու տեսության քննության կարոտ նորանոր հարցեր:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։