***
Զեփյուռն է այս կողմերն ինձ բերել
(Հարցրու զեփյուռին՝ նա կասի…),
Ես գիտեմ
Այստեղի լեզուն է հավքերեն,
Ջուրը՝ պաղ, և օդն է անբասիր:
Խոնջացած Լուսինն է երբ իջնում,
Երբ այգը բացում է աչքը թաց,
Շշուկով
Լույսերի ծվեններն են խոսում,
Ու սերերն՝ ամենուր թաքնված:
Սիրում եմ այդ պահի տևելը
(Չգիտեմ՝ որքա՛ն եմ արժանի…),
Բայց երբ լույսն է փռում
Կարապի թևերը,
Իմ սիրտը երգում է այդ ժամին…
***
Սարից քամի իջնի,
Թեթև քամի իջնի,
Մախմուր ծամին իջնի
Մութի հանգույն,
Ես սարսռամ ցրտից,
Դուռը պարզեմ սրտիս՝
Սիրտդ թակի սրտիս
Քեզնից թաքուն:
Հետո բացվող լույսը
Քանդի ճերմակ հյուսքը,
Ու երբ հալվի դուրսը
Արճիճի պես,
Սիրտդ դողա հանկարծ,
Մտնի սիրտս հանգած՝
Մնանք իրար գրկած
Քո դողն ու ես:
***
Հայրենիքն անհամեմատ շատ ավելին է, քան իր արտացոլանքը թղթի վրա:
Մի Բառ ունեինք, մի թանկ Բառ,
Որ տեղավորել էինք
քարտեզի վրա՝
Փշալարերի արանքում,
Եվ հավատով
գուրգուրում էինք նրան…
Փշալարերը կարճ էին.
Եվ նրանցով
եզրագծված տարածությունը
Փոքր էր ստացվել,
Եվ մենք համաձայն էինք…
Հետո ավելի
սեղմեցին փշալարերը,
Եվ Բառից սկսեց արյուն կաթել,
Բառից սկսեց արյուն հորդել,
Իսկ մենք դեռ համաձայն էինք…
Հետո մեզանից
փորձեցին խլել Բառը,
Ընդհանրապես մոռացնել
նրա մասին-
Մենք դարձյալ համաձայնեցինք…
Եվ մի օր էլ (շատ հետո),
Երբ ուզեցինք
կարոտով շոյել Բառին,
Նրա ուսերին թևեր աճեցին,
Եվ Բառը
թռա՜վ-հեռացավ մեզանից…
***
Ինչ-որ ծանոթ բույր է
Քիմքս խուտուտ տալիս.
Ես դրախտից եկող
Բույրը ճանաչեցի,
Այն ինձ մեղուն բերեց,
Որն ընկել էր հալից,
Ու իր ծաղկոտ ձայնով
Ինձ շշնջաց՝ կեցի՜ր:
Ու ես բույրը առել,
Սպասում եմ այսպես,
Ու բզզոց է գալիս
Արդեն հոգուս խորքից:
Մեղվի ասածի պես
Կանգնել, սպասում եմ,
Որ որդիս գա ապշած,
Տանի՛ իմ դրախտից…
***
Բարակ անձրև մաղեց,
Թրջվեց ճոճը երգիս՝
ծառին կապած,
Դու աչքերդ ես փակել,
Տրոփում է հագիդ շապիկը թաց:
Ծառը արցունքոտվեց,
Ու արցունքը կաթեց հենց երակիս,
Արթնացե՞լ ես արդեն,
Մի քիչ պատմիր, լսեմ քո երազից:
Մի նոր ծնված հովիկ
Մեջքն է քորում ծառին,
թռչում՝ անձայն,
Դու երկնքին նայում,
Լվացվում ես նրա անմեղությամբ:
Հովը քամի դարձավ,
Ու սարսռաց ծառը ու հառաչեց-
Այսպես ամբողջ մի կյանք
Գալիս, նախատում են ինձ
երկու թաց աչքեր…
***
Արտասվում է դարձյալ
Այս լացկան երկինքը,
Պահել է ժպիտը
Փեշի տակ,
Կարծես նույն աստղերն են,
Լուսինն է, հենց ինքը՝
Մի սիրո հեռավոր
Հիշատակ:
Այս որքան արցունք է
Կուտակվել սրտերում-
Կժայթքեն ուր որ է
Աչքերից,
Արտասվում է օրը,
Գետինն է արտասվում,
Հոգնեցնում են արդեն
Ամպերն ինձ:
Ասում են՝ օրհնել է
Անձրևն այս Աստված,
Եվ Աստծո սրտով է
Ամեն ինչ,
Սակայն կա երկնքում
Մի որոտ դեռ չասված,
Հենց սա է կարևորն
Ամենից…
***
Իմ ծառը հավերժ է,
Ու սաղարթը՝ կանաչ,
Ու թեև գագաթին
Փայտփորիկն է բազմել
Եվ կտցում է անվերջ,
Եվ գոռում է անհագ՝
Դատարկ է ամենուր,
Ու սրտի մեր թասն էլ
Դատարկվել է արդեն,
Մսխել ենք հավատը
Եվ նայում ենք երկինք
Հայացքով հանցավոր,
Բայց ծառն իմ հավերժ է,
Ու սաղարթն է կանաչ,
Դե լռե՛ք, դե թռե՛ք,
Թռչուննե՛ր անցավոր…
***
Ես սովորում եմ ինձ չսիրել
Ու ինքս ինձնից փախչել հեռու,
Իմ ու իմ միջև կոշտ խսիր է,
Ջրերն հավատի տեսնես ո՞ւր են,
Որ ինձ գրկեցին, տարան հեռու-
Ո՞ւր է կարկաչող երգի առուն…
Եվ այն պարտեզը, որ հիմնեցի,
Եվ այն կարոտը իմ վարդեղեն,
Հույսիս քարերը խեցի-խեցի,
Լուսնի շրշյունը այն երգեցիկ,
Եվ կարոտները իմ վարդեղեն,
Որ սրտի հևք ու սիրո դեղ են…
Թերթում եմ օրերն այս միգամած
Եվ առեղծվածը փնտրում Գոյի,
Ու հեռանում եմ կամաց-կամաց,
Ես իմ արցունքն եմ՝
հոսում եմ ցած,
Հետո… կաթում եմ աչքից Գոյի,
Ընկնում եմ այտին երեկոյի:
***
Լույսը շշնջում է իմ աչքերին.
– Տե՛ս, ինչպես է ժպտում
Երկինքը խաս,
Արցունքներ է ցանում աշունը հին,
Ինչպես մի քիչ թեքված
Գինով լի թաս:
Եվ հասնում է լույսը,
Իջնում ծունկի,
Վարդագույնն է օրը
քիչ-քիչ թաղում,
Մեկը փողը պահել
մայրամուտի քունքին,
Սեղմում է ձգանը
Ու… ծիծաղում:
***
Մի կին լողում էր իր երազում՝
Կարմրախայտի շորեր հագած,
Շողշողում էին ու նազնզում
Սիրո թեփուկներն համատարած:
Ինձ ասաց՝ ջուրդ սառն է ու պարզ,
Ասաց՝ ցանց չկա քո ջրերում,
Որպեսզի դառնամ կարմիր երազ՝
Տա՛ր քո ջրերի խորքը ներհուն:
Կարմրախայտի շորերն հանեց
(Բառերն անշունչ են,
խոսքերը՝ սին),
Նա իր երազը կապույտ, անեղծ
Բերեց, քարկապեց իմ երազին: