ՆԱՆԵ / ԱՇԽԱՐՀԻ ՉԱՓ ՓՈՔՐԻԿ ՏԱՂԱՎԱՐԻ ԱՌՕՐՅԱՆ

– Բարլուս, թագավորը հելե՞լ ա,-  ամեն օր արթնանալուց հետո քաղաքի հեռու բակերից մեկում հնչում է տղամարդու նույն հարցը՝ նույն բառերով, նույն զվարթ տոնայնությամբ: Պատասխանողի ձայնը չի լսվում՝ արթնացած օրվա աղմուկի մեջ խլացած, ու այդպես էլ՝ հատկապես բարձրահարկերի բնակիչները չեն կարողանում հասկանալ, թե ժամը 11:00-ին «թագավորը» արդեն «հելե՞լ ա», թե՞՝ ոչ:

Իսկ «թագավորը»… «թագավորները» հենց այդ ժամից հերթով, կամաց- կամաց սկսում են այս ու այնտեղից իրենց քայլերն ուղղել դեպի մի քանի շենքերի բակի միակ տաղավարը: Տարվա տաք եղանակներին թոշակառու, պարապ-սարապ տղամարդկանց համար մի քանի ժամով այդ տաղավարն ասես փրկարար Նոյյան տապանը լինի. հավաքվում են, խոսք ու զրույցի բռնվում, նարդու զառերը գլորում կամ պարզապես նստում ու լռում.

– Ա՛յ մարդ, տանդ լռելու տեղ չկա՞ր, մի բան էլ դու ասա՝ լսենք:

Բայց լռողի պետքն էլ չէ,  տաղավարը մարդու ամեն տեսակի համար ընտանեկան խնդիրներից կտրող իր այդ պահի փրկօղակն է՝ նեղ, բայց ազատության չափ անպարփակ:

– Եփրե՛մ, օր օրի լենքիդ ես տալիս, էդ հողը մեղք չի՞. ոնց էլ դիմանում է ծանրությանդ,-  հայացքը նարդու քարերից կտրած՝ ժպիտով մոտեցողին հառեց ներկաներից ամենաերիտասարդը՝ 65-ամյա խաժ աչքերով Վարդանը:

Օրվա շոգը մի քիչ կոտրվում է մի քանի ծառ ու թփի միջով այդտեղ հասնելիս, ու հաճելի զովությունը տրամադրում կատակների:

– Ես էդ խեղճի տնքոցը լսում եմ. հա՛, էն խաչը վկա՝ լսում եմ,-  աջակողմյան բարձրահարկի յոթերորդ հարկի Մանվելը գլխով հաստատելով ասածը՝ նաև խաչակնքեց,- էն խաչը վկա:

– Էլի սկսի՞ք. իմ հալ՝ ձեր հավես, հազիվ եմ քայլում,-  Եփրեմը տնքտնքալով տեղավորվեց տաղավարում նստոտած տղամարդկանց կողքին:

– Չէ՛, նիհարի՛, մարդ-Աստծո. հըմեն ցավ ու չոռ էդ ավելորդ քաշից ի՝ էլ խոլեսթերին, էլ… էլ չգիտեմ ինչ զիրթ ու զբիլ,-  լրջացավ ու բոլորին լրջացրեց արմատներով խոյեցի Արտաշը, որ երեսունվեց հազար թոշակի հույսին վստահաբար հատուկ սննդակարգերով չէր պահպանում իր նիհար, փորը մեջքին կպած կազմվածքը և բնավ դեմ չէր լինի գոնե մի քանի օրը մեկ Եփրեմի հետ կիսել նրա խոլեսթերինածին սեղանը:

Եփրեմը դրական տմբտմբացրեց գլուխը.

– Հա՛, ճիշտ ես ասում, հենա ճնշումս մինչև վերջի թվերն ա թռնում. դրանից ա, բա դրանից չի՞: Էլ չասած,  որ տղաս փող չուղարկի՝ էս ախորժակի դեմը ո՞նց եմ առնելու իմ եղած թե չեղած թոշակով։ Տղուս գործերն էլ գնալով վատանում են:

– Օրը քանի՞ անգամ ես ուտում:

– Է՜հ,- տնքաց Եփրեմը,- հաշվո՞ղս ով ա:

Մի պահ լռեցին. երևի հարցն ամեն մեկը նաև իրեն ուղղեց, ու ընկան թվերի շառ ու փորձանք աշխարհը:

– Բայց մի բան ասեմ, էդ առումով ես ձեր միջի ամենահայրենասերն եմ։ Մեռնելուցս հետո ամենաշատ հողը ես եմ դառնալու, Հայրենիքի հողը ես եմ կարգին ավելացնելու… Թե չէ՜,- ու սարքովի խեթ հայացքով անցավ կողքի մի քանի լղար,  ճլորած ընկերների վրայով:

Բոլորի աչքերը կայծկլտացին.

– Հա՛, էլի, մարդը ճիշտ ա ասում. ո՜նց մտքովս չէր անցել:

– Թե չէ շա՞տ կուտեիր:

– Չէ՛, հա, որտեղի՞ց…

– Պատկերացնո՞ւմ եք, էն չորուկ Միշան ի՞նչ պիտի դառնա,- բարակ ձայնով մեջ ընկավ ոչ պակաս չորուկ Կամոն,  որ երևի սլաքն իրենից պարզապես այլ տեղ ուղղելու փորձ էր անում,- կես բուռ էլ երևի չլինի,- ափն առաջ բերեց ու կիսաբաց այս ու այն կողմ պտտեց, ասես այդ ենթադրյալ հողի կշիռն էր գնահատում:

– Խե՜ղճ Միշա….

– Ասա՝ խեղճ հո՜ղ, թե չէ՝ Միշային ի՞նչ։

– Հա՛, բայց մարդը կռվել է, էն 90-ականներին դուք Թորոսենց վառարանի մոտ ձեր ոսկորներն էիք տաքացնում, ինքը կռիվ էր տալիս:

– Ճիշտ է, էդ մեկը մի՛ մոռացեք՝ կռվել է:

– Քառօրյային էլ էր սահմանին:

– Հիմա Եփրե՞մն ա հայրենասերը, թե՞…

– Էսպիսի բանե՜ր…

– Բա՞, հաշվի չէինք առել՝ որակ էլ կա, ու դա երևի ավելի կարևոր է, թե չէ փուշ ու տատասկը մեզ կուտեր:

– Հա՛, էլի, վայթե գերեզմանոցում էտ ի պատճառը, որ լիքը անտերուդուս անպետք խոտ ու խուլաշ ի զրզխելի,- հետաքրքիր, իր գրեթե գյուտ-եզրահանգումն արեց Արտաշն ու շրխկոցով զառերի բերած իր քայլն արեց նարդու տախտակին,- էս էլ ըսենց:

– Որակը կարևո՛ր է. հիմա ես իմ այս երկու ինստիտուտ ավարտած, իմ այս բ.գ.թ.- ի ուղեղով ո՞նց կարող եմ այն խև Հայկոյի հետ հավասար մի բան լինել հետո,- Գարեգինը «հող» չասաց, «մահ» չասաց. սարսռաց այդ «հետոյից»:

– Բգթ-ն ի՞նչ ա,- այդ ընթացքում Մանվելը հասցրեց շրջվել կողքին նստած սիրիահայ,  լռակյաց Սարգսին ու հնարավորինս ցածրաձայն փորձեց պարզել բարձր հնչած, բայց իրեն ոչինչ չասած այդ տառակույտի իմաստը, մինչև որը դեռ՝ մոտ երկու տարի առաջ ընտանիքով բարձրահարկերից մեկում հաստատված Գարեգինն իրենցից մեկն էր, նույն խոսքուզրույցի մասնակիցն ամեն օր:

– Ես ի՞նչ գիտնամ,- ուսերը թոթվեց Սարգիսը:

Մանվելը չբավարարվեց, ձախ կողմում նստած Եփրեմին բոթեց.

– Բժիշկ չի՞, գիտեմ, որ բժիշկ ա:

– Հա՛, բայց այն սովորականներից չի. դասախոս է կարծեմ։

– Է՞, սովորականն ավելի լավ չի՞:

Բոթելուց Մանվելի ձեռքը Եփրեմի տռուզ գրպանին էր կպել:  Եփրեմը բակ իջնելիս անպայման մի քանի բրդուճ էր գրպանները խցկում, որ իր ծանր քաշով հաճախ չբարձրանար չորրորդ հարկի իր բնակարանը: «Տեսնես պանրո՞վ են բրդուճները, թե՞ երշիկով»,- հոնքերը թախծոտ խոժոռած մտորեց Մանվելն ու խորը հառաչեց:

Հաջորդ օրը, երբ Եփրեմը ծանր շնչելով ու փնչալով մոտենում էր, տաղավարում նստածներն աշխուժացան.

– Ամենահայրենասեր հողացուն եկավ:

Ու նորից սկսվե՜ց.

– Քանի՞ կիլո կլինես, Եփրեմից հետո վայթե հաջորդ հայրենասերը դու ես…

 

Հողի թեման հաջորդ օրերին էլ շարունակվեց, թեժացավ, զարգացրեցին.  ամեն մեկն ինքն իրեն որպես հողացու սկսեց մտովի գնահատել: Սամվելը համրիչի հատիկները մատների մեջ վերուվարելով հայացքը մխրճեց հեռու-հեռու ու «ախ» քաշեց… «Խեր-շառ-Աստվա՞ծ» էր մտքում, թե՞ արդեն անբաժան՝ հողին իր բաժին հողատվության հաշվարկը, որն այնքան էլ մխիթարական չէր: Իրենց հարակից բակերի կին թե տղամարդ էլ նրանց չափուկշռից ազատ չմնացին: Հետո դա արդեն տաղավարային ժամերի «համեմունք» էր դարձել. ասում-խոսում, ծիծաղում էին:

– Բիձա՛, էսօր ինչքա՞ն ես ավելացրել հողը։

– Բա եղա՞վ… Էսպես որ գնա՝ հայությունն ո՞ւր կհասնի. հողի՛ց ես կտրում, հողի՜ց…

Գեր տղամարդիկ քիթները ցցեցին…

– Էսօր ի՞նչ ես կերել…

– Կերածս շատ չէր, բայց որ իմանաք՝ ի՜նչ… Միկոյենց տանը մի հսկա կտոր չալաղաջ։

– Ինչի՞, կերածի որա՞կն էլ է կարևոր հողի համար:

– Բա ո՜նց…

– Չէ, հա՜, նույն միսը չի՞ դառնում։

– Ի՜նչ ես խոսում. բա յուղ կա, համ ու հոտ կա։

– Այդպես ստացվում է, որ փաստորեն հայությանը փրկողը առաջին հերթին էն մեր գլխին փորձանք, մեզ պատուհաս դարձած վերևի թալանչինե՞րն են:

– Էդպես է դուրս գալիս:

– Ասա, Ամերիկայի հողը շուտով դրախտ ա դառնալու:

– Ա՛յ, այստեղ սխալվեցիր. ամենաանհամ, ամենազիբիլ ուտելիքը նրանցն է:

– Սողո՛, դո՞ւ ինչ ես կերել:

– Բագրատի տղան բանակից արձակուրդ է եկել, իրենց տանն էի,- կլորիկ փորը հաճույքով շրջանաձև շփեց Սողոմոնը։

– Բախտդ բերել է:

– Ի՞մ, թե՞ Հայրենիքի:

– Ասում ես՝ տղա՞ն էր եկել, էն մեր բոյով, լղար Էդո՛ն:

– Հա՛, կարգին, հարգանքով տղա է:

– Աստված պահի մեր տղերքին: Բա քո թո՞ռը երբ է գալու:

Ու զրույցի ոտքերը շեղվեցին ամենօրյա հունից, գնացին-հասան Հայաստանի անհանգիստ սահմաններին:

 

Փշավիրուս-կորոնան՝ ողջ աշխարհի հետ, մեզ հայտնի տաղավարի գլխին էլ իր շնչով ծանրացավ.  բոլորի պես հիվանդության բոլոր փորձանքներից էլ «ճաշակեցին». մեկուսացում, դիմակավոր առօրյա, սահմանված շառավղով ու նախապես լրացրած հարցաթերթիկով (դուրս գալու, վերադառնալու ժամ, այցելման վայր…), ասես գրամներով կշռված-չափված ժամկետով տանից դուրս գալու թույլտվություն… Հիվանդներ էլ եղան՝ հերթով, մեկ-մեկ էլ՝ երկու-երեքով միաժամանակ, միայն խոյեցու արմատներով Արտաշին փշավարակը մոտ չեկավ. հետո գլուխ էր գովում, թե պինդ գեներն են պատճառը, համ էլ, ձեռի հետ առողջ ապրելակերպի իր տարբերակը՝ ամեն օր մի քիչ մարզվելն ու… հա՛, հենց քիչ ուտելը: Այդ ասելով՝ ասես մարտահրավեր նետածի պես զրուցակիցներին էր նայում. հը, առարկող կա՞: Բայց արդեն ոչ ոք սիրտ չուներ Հողից, սրա-նրա քաշից խոսելու: Ասենք, իրար երես էլ քիչ էին տեսնում՝ այն էլ միայն, երբ տան պատերի նեղվածքից շունչները կտրած՝ կարճ ժամանակով իրենց դուրս էին գցում՝ ցաքուցրիվ, «սոցիալական հեռավորությունը» պահած, դիմակները հագած, մի քանի րոպե նախկին «բիսետկայական» իրենց կյանքի երանությունը վերհիշելու, սրա-նրա հալ ու վիճակ իմանալու: Կորուստներ էլ եղան՝ Մանվելը, ապրելու հեռանկարով բակի մեծերի մեջ ամենաշահեկանը թվացող, ամենաերիտասարդը՝ 65-ամյա խաժ աչքերով Վարդանը…

 

Իսկ պատերազմի օրերին, երբ ամեն օր հեռուստացույցների սևավորված «կապույտ»  էկրանին սահող զոհվածների անունների շարքը թևաթափ էր անում ամեն հայի միտքն ու հոգին, Հողի թեման իսպառ դուրս մղվեց: Երբ դեռ նոր դպրոցական նստարաններից դուրս եկած ու կյանքից կյանքահամ չառած ծանոթ կամ անծանոթ զոհված տղաների մասին էին լսում՝ կարկամելուց զատ այլ բան չէր մնում…

Կողք կողքի բարձրահարկերից յոթ զոհ կար արդեն. Արտաշի եղբոր թոռ Արտիկը, Կարոյի կամավորական տղան՝ Հայկը… Էլ ի՞նչ զրույց… թե հազվակի էլ, դիմակներով բակի տաղավարում իրարու էին գալիս,  ավելի լռությունն էր ծանրանում ներկաների ուսերին:

Մեկնած տղերքից հետո Հայրենի Հողն ավելի էր թանկացել, ու արդեն ցանկանային էլ՝ իրենց անձերով այն չափուկշռելը չէր գործում: Ուրիշ բան էին հասկացել՝ դեռ գիտակցությունների մեջ ձև չստացած…

– Բա ջահել չլինեի՞՝ գնայի…

– Ես գնացի, ներկայացա՝ ետ ուղարկեցին… Հրացան էլ ունեմ…

– Ապրես, հեռուն տեսնող մարդ ես:

– Մարդը որսորդ է, թե չէ ի՞նչ խելոք-անխելք,- տխուր խնդմնդացին…

Պատերազմը ամեն պահի, ամեն խոսք ու մտքի մեջ էր. հայի «վերջին խելքով» գցում-բռնում էին եղածը։ Պատերազմ, որ երկիրը լինել-չլինելու սահմանին էր բերել-հասցրել։ Իսկ «վերջին խելքը»  մի երկու բարձրահարկի տաղավարի՝ կյանքից հոգնած մարդկանց փոքրիկ տաղավարի սահմաններում հնչող ու այնտեղ էլ մարող խոսք էր ընդամենը…

– Էդ Ամերիկան, Եվրոպան մեզ ե՞րբ են տեր կանգնել, տեղը գալիս ա՝ հազիվ արագ- արագ որբանոցներ են բացում ու՝ հայդա՜ մեր լուսի կտոր երեխեքին…

– Բա ռուսը, ռո՜ւսը…

Այդտեղ՝ ասելիքի շատությունից, բոլորը գերադասում էին լռել…

– Մենք մեզ տեր չկանգնենք, մեր հույսը մեզ վրա չդնենք՝ օտարից ի՞նչ ենք ուզում:

«Այս հողին մեր արյունը, մեր ոգին է պետք»,- մտածեց բ. գ. թ.  ուղեղով ու նոր միայն ամենապարզը հասկացած Գարեգինը և տխուր ժպտաց՝ ոչ հեռու անցյալում իրենց «ամենահայրենասեր» կոչմանն արժանացածներին հիշելով:

Բայց ավելի շատ էլի լռում էին, ու ասես լռության մեջ ավելին էր ասվում, ավելին հասկացվում…

Բակի երեխաները՝ իրենց խաղերը մոռացած, այս ու այն կողմ էին վազվզում ողջ օրը:  Մի տեղ՝ խանութից բերած արկղերի մոտ լուրջ, օրերի մեջ մեծացածի հայացքներով կանգնած՝ զինվորի համար անհրաժեշտ մթերք, իրեր էին հավաքում, մի այլ տեղ՝ տաք հագուստ, այս ու այն, մեկ ուրիշում՝ սահմանին այնքան անհրաժեշտ անվադողեր հավաքելու գործին էին լծված:

 

Երեկոն թանձրացել էր, հոգնած օրն ասես հենց այս բակում էր գլուխը հենել ու ծանրացած կոպերն էր թարթում:  Լռելու պաշարն այդ օրն էլ սպառած բակ իջած հատուկենտ մեծերը հերթով «բարի գիշեր» մաղթելով միմյանց՝ ցրվեցին տներով:

Միայն Եփրեմը ոտքը կախ գցեց ու դեռ երկար գլխահակ ու մենակ նստել էր տաղավարի չորուկ նստարանին, չէր էլ հիշում,  որ արդեն քանի ժամ բերանը մի կտոր բան չէր դրել: Հետո դժվար բարձրացավ ու քայլեց անորոշ ուղղությամբ. գլխում մշուշ էր կապել, անծանոթ բան էր՝ նման չէր ո՛չ բարձր ճնշման, ո՛չ մի այլ բանի… ոտքերն էլ բամբակի պես անո՜ւժ, հազիվ էր քարշ տալիս… Չգիտեր ո՞ւր գնա, ի՞նչ անի. այս մեծ աշխարհում մոլորվել էր… շատերի պես…

– Եփրե՛մ պապի, կարո՞ղ է պագրիշկա ունենաք,-  իրենցից մի հարկ ներքևի Տիգրանի մի թիզանոց ութամյա Վահիկն էր հայտնվել կողքին:

– Հը՞…- ուշացած հասկացավ Եփրեմը,- պագրիշկա՞:

– Ըհը՛,- գլխով հաստատեց Վահիկը, որ լավ գիտեր իր անելիքը, բոլորի անելիքը, որ հողին այնպես ամուր էր կանգնել,  ասես ինքն էր նրա առանցքը, տերը՝ ո՛չ 77-ամյա Եփրեմը, ո՛չ տաղավարի տարածքում օրեր, ամիսներ, տարիներ դատարկ օրեր մթնեցնողները…

Տղայի աչքերում կրակ կար, ուժ, ամրություն ու իրեն՝ Եփրեմին այդ օրը, նախորդ օրը,  դրանից առաջ էլ այնքան պակասող շատ ու շատ բաներ:

– Արի՛, տղա՛ս, չունենամ էլ՝ մի տեղից կճարեմ, արի՛,- նա ամուր բռնեց տղայի ձեռքն ու ասես միանգամից ձգվեց,  ծանր մարմինը փետուրի պես թեթևացավ ու Վահիկի արագաշարժ քայլերին իրենը միացրած՝ ուղղվեց դեպի պահերի մեջ մտքում փայլատակած նպատակակետը…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։