ԱՐԵՎԻԿՆ ՈՒ ԱՐԵՎԱԾԱՂԿԻ ԳԱՂՏՆԻՔԸ/ Լյուդմիլա ՇԵԼԼՈՒՆՑ

Ժուկով-ժամանակով Արևիկ անունով մի փոքրիկ աղջիկ է լինում: Նա իր ծնողների հետ ապրում էր հեռավոր մի գյուղում: Արևիկը համարյա ամբողջ օրը դրսում էր անցկացնում: Երկար ժամանակ նայում էր ժիր թռչուններին՝ ականջ դնելով նրանց ծլվլոցին: Նաև սիրում էր հետևել, թե ինչպես են կենդանիները խաղում իրար հետ, և ինչպես են ծաղիկներն առավոտյան բացում իրենց թերթիկները, իսկ երեկոյան՝ փակում… Բայց նրա ամենասիրելի ծաղիկները արևածաղիկներն էին՝ բարձր ու հպարտ հասակով, մեծ ու ոսկեգույն գլուխներով…

Մի օր, առավոտյան, Արևիկը սովորականի պես զբոսնում էր իրենց տան մոտ, երբ հանկարծ հեռվից նկատեց, որ դաշտում արևածաղիկներից մեկն իր փայլով խիստ տարբերվում է մյուսներից և առավել պայծառ դեղին գույնով էր երևում, կարծես ինչ-որ խորհրդավոր լույսով էր լուսավորվում: Բայց սա դեռ ամբողջը չէր: Արևիկի կողմը թեքված արևածաղկի գլխի վրա պարզորոշ նկատելի էին աչքերը, քիթն ու ժպտաշուրթ բերանը, որոնք կարծես կախարդական մի ձեռքով նկարված լինեին…

Արևիկի հետաքրքրասիրությունն այնքան էր բորբոքվել, որ նա, առանց երկար-բարակ մտածելու, վազեց դեպի դաշտ, որպեսզի պարզի արևածաղկի արտասովոր փայլելու գաղտնիքը: Երբ շնչակտուր մտավ դաշտ, շունչը տեղը բերելու համար սկզբում դանդաղեցրեց վազքը, իսկ քիչ հետո սկսեց արագ քայլել: Վերջապես մոտեցավ փայլուն գլխով արևածաղկին ու կանգնեց նրա դիմաց: Արևիկին տեսնելուն պես արևածաղիկը մարդկային լեզու առավ և սկսեց խոսել նրա հետ՝ նախ ողջունելով իրեն.

– Բարո՛վ եկար, Արևի՛կ: Ես զգո՜ւմ էի, որ դու կգա՛ս, որովհետև հեռվից հեռու հետևել եմ քեզ և գիտեմ, որ դու բարի սիրտ ունես: Բայց բարի լինելը դեռ քիչ է… Բանն այն է, որ ես մի խորհրդավոր գաղտնիք ունեմ, որը ցանկանում եմ միայն քեզ վստահել: Իսկ իմ գաղտնիքին միմիայն նա կարող է տիրանալ, ով բարի լինելուց բացի նաև խելացի է և ուշադիր, քաջ է և համարձակ…

Արևիկը հանկարծակիի եկավ, երբ իր առջև խոսող ծաղիկ տեսավ, բայց նա դրանից ամենևին էլ չվախեցավ։ Լսելու ընթացքում ուշադիր նայեց ու համոզվեց, որ արևածաղիկն իրոք փայլում է, և հասկացավ, որ այդ գերբնական փայլը նրա ներսի ազնվությունից է ճառագում։

Արևիկը խոստացավ լսել բոլոր ծաղիկների պատմություններն ու օգնել նրանց, եթե իր օգնության կարիքն զգան: Նրան հավատաց արևածաղիկն ու վստահեց իր գաղտնիքը: Եվ փոքրիկ աղջկա ականջին շշուկով պատմեց.

− Դեռ մի քանի օր առաջ իմ միջից ամեն գիշեր դուրս էր ելնում արծաթագույն մի թրթուրիկ, որը մինչև լուսաբաց հասցնում էր հավաքել բոլոր ծառերի ու ծաղիկների երազները: Եվ նա դրանք պահում էր հաջորդ գարնան համար: Բայց մի գիշեր թրթուրիկը անսպասելիորեն կորավ, և այդ օրվանից ես չունեմ նախկին հզոր փայլը: Իսկ այն լույսը, որ դու այսօր տեսել ես, հազարապատիկ ավելի թույլ է շողում օրեր առաջ ցոլարձակող պայծառությունից: Եվ ես այնքան ժամանակ չեմ փայլի առաջվա նման, քանի դեռ չի գտնվել թրթուրիկն ու չի վերադարձրել իր հավաքած բոլոր գունագեղ երազները…

Արևիկը ուշադիր լսեց արևածաղկին և շատ տխրեց: Բայց նա շատ համարձակ էր և պատրաստվում էր արկածների։ Եվ քանի որ անցնելու էր խիտ անտառով, ուստի, վտանգավոր միջատների թունավոր խայթոցներից պետք է պաշտպանվեր երկարաթև զգեստներով, գլխարկով, մի զույգ ձեռնոցով, ակնոցով ու դիմակով։ Նա վերադարձավ իրենց տուն, ոտքից գլուխ հանդերձավորվեց պաշտպանական միջոցներով ու ճամփա ընկավ…

Արևիկը ճանապարհին առաջինը հանդիպեց բուրավետ ծաղիկներին: Նրանց բուրմունքների օգնությամբ նա գտավ առաջին նշանը՝ թրթուրիկի պոչիկը, և շարունակեց առաջ գնալ: Հետո հանդիպեց երգեցիկ թռչուններին, որոնք իր դիմացից դայլայլելով թռչում էին՝ իրեն առաջնորդելով և ցույց տալով ճիշտ ճանապարհը: Արևիկի շնորհիվ միավորվեցին հուսահատված ծաղիկների ու թռչունների ջանքերը։ Եվ այդպես նա ճանապարհը շարունակեց Փրփրոտ գետի ափերի երկայնքով: Ճիշտ է, Արևիկը մի քանի անգամ խճճվեց ափամերձ խիտ թփուտներում, որտեղ իր վրա էին հարձակվում թունավոր միջատները, բայց ամեն անգամ ճանապարհը կորցնելիս հիշում էր, որ կարող է հաղթահարել դժվարությունները, եթե լինի ուշադիր և համարձակ: Արևածաղկի տված այդ խորհրդի շնորհիվ նա հավաքում էր իր մտավոր կարողություններն ու ֆիզիկական բոլոր ուժերը և նորից էր գտնում իր կորցրած ճանապարհը:

Երկար որոնումներից հետո՝ երեկոյան, նա վերջապես գտավ կախարդված թրթուրիկին, որը հանգիստ քնած էր Կլոր լճակի ափին։ Արևիկն արթնացրեց թրթուրիկին և ասաց, թե ով է ինքը և ինչու է եկել: Թրթուրիկը շա՜տ ուրախացավ, չէ՞ որ կարոտել էր իր սիրելի արևածաղկի խորհրդավոր լույսին… Նա նույնպես սկսեց խոսել՝ ասելով, թե ինքը ներքուստ համոզված էր, որ իրեն անպայման փնտրելու են, ուստի՝ անհամբեր սպասում էր օգնության՝ կանխազգալով, որ մի օր ի վերջո գալու է քաջ ու համարձակ մեկը և իրեն արթնացնելու է կախարդական քնից:

Արևիկը լսեց, ապա նրան զգուշորեն վերցրեց և տաքուկ ափի մեջ պահած՝ վերադարձավ եկած ճանապարհով և թրթուրիկին տարավ ու դրեց արևածաղկի գլխի վրա: Մյուս օրն, առավոտյան, թրթուրիկն արդեն սկսեց հավաքել բոլոր ծառերի ու ծաղիկների երազները, որոնք բոլորն էլ արևածաղկին վերադարձրեց։ Եվ արևածաղիկը շողշողաց ավելի վառ ու ոսկեգույն լույսով, քան նույնիսկ փայլը կորցնելուց առաջ էր շողում:

Բոլորն ուրախ էին: Եվ Արևիկը ուրախ-ուրախ տուն գնաց՝ գոհ իր բարի արարքից: Նա արդեն երազում էր նոր արկածների, նոր գաղտնիքների ու նոր ընկերների մասին: Արևիկն արդեն գիտեր, որ աշխարհը լի է հրաշքներով, որոնք իրականանում են, եթե մարդու սիրտը բաց է, և նա պատրաստ է օգնելու՝ հավատալով բարուն և լավին: Բայց նա նաև հասկացավ մեկ այլ կարևոր խորհուրդ. որևէ մեկին օգնելիս՝ անգամ ամենափոքրիկ քայլով մարդ հրաշքներ է գործում, և բարությամբ, խելացիությամբ ու համարձակությամբ աշխարհն ավելի է գեղեցկանում…