Տարիներ առաջ աշխատանքի բերումով գործուղվել էի ԱՄՆ, ավելի ստույգ՝ հայաշատ Կալիֆոռնիա։ Ընթացիկ աշխատանքներից զատ, ծրագրիս մեջ ներառված էին նաև հանդիպումներ հայ համայնքի տարբեր միավորումների, հայկական թերթերի և լրատվական այլ միջոցների հետ, որոնց կազմակերպումը հիմնականում իրականացնում էր Գլենդելի «Մաշտոց» քոլեջի հիմնադիր-տնօրեն դոկտոր Կարպիս Տեր-Եղիայանը։
Հայաստանի անկախության առաջին տարիներն էին, ու մարդկանց հետաքրքրող հարցերը՝ բազմազան ու բազմաթիվ… Նման հանդիպումներից հետո, գրեթե միշտ, շատերը չէին հեռանում դահլիճից և ուզում էին առանձին զրուցել տարբեր հարցերի շուրջ։ Կային նաև Հայաստանից նոր հեռացած և այստեղ ապաստանածներ, որոնք երբեմն նաև խայթող հարցապնդումներ էին անում։ Ես համբերատար և կարողացածիս չափով հանգամանալի պատասխանում էի նրանց հարցերին… Այդպիսի հանդիպումներից մեկի ավարտից հետո, երբ դարձյալ շրջապատվեցի մի խումբ ծանոթ-անծանոթներով ու տարբեր հարցադրումների մեջ խճողված փորձում էի անպատասխան չթողնել որևէ մեկին, նկատեցի, որ դահլիճի ելքի դռան մոտ, պատին կռթնած՝ մի երիտասարդ ակնդետ նայում է իմ կողմը, սակայն կարծես մտադիր չէ մոտենալ…
Վերջին այցելուի դուրս գալուց հետո վերցրեցի պայուսակս, և Տեր-Եղիայանի հետ ուղղվեցինք դեպի դուռը։ Երիտասարդը շտկվեց, թեթևակի ժպիտ երևաց հոգնած դեմքին ու մի քայլ առաջ գալով՝ զգուշավոր հարցրեց․
– Չհիշեցի՞ք ինձ…
– Անկեղծորեն ոչ,- լարելով հիշողությունս՝ պատասխանեցի,- մենք ծանո՞թ ենք։
– Հիշո՞ւմ եք, բանակում ծառայածս ժամանակ ձեզ նամակ էի գրել զինմասի գրադարանում ձեր գրքերից մեկը կարդալուց հետո։ Նամակն ուղարկել էի այն թերթի խմբագրություն, որտեղ ձեզ հետ հարցազրույց կար տպագրված՝ խնդրելով այն փոխանցել ձեզ։
– Օ՜, այո, հիշեցի,- անմիջապես պայծառացա ես։
– Ծառայությունս ավարտելուց հետո եկա ձեզ մոտ, ինձ նվիրեցիք այդ գիրքը, ես այն ինձ հետ Ամերիկա եմ բերել, ժամանակ առ ժամանակ վերցնում եմ ձեռքս, պատահական որևէ էջ կարդում ու մտովի զրուցում եմ ձեզ հետ…
– Շնորհակալ եմ հաճելի խոսքերիդ համար։ Այն ժամանակ էլ շատ հուզվեցի, երբ կարդացի բանակից գրածդ նամակը…
Ակնհայտ էր, որ երիտասարդը նույնպես հուզված է։ Դա երևում էր ոչ միայն նրա դեմքից, այլև ջինսե տաբատի գրպաններում կիսով թաքցրած ձեռքերի թեթև դողից։
– Շատ կուզեի Ձեզ հետ հանդիպել,- ասաց՝ ավել խոր թաքցնելով դողացող ձեռքերը…
Ես հարցական նայեցի Տեր-Եղիայանին․ արդյոք վաղը նախատեսված հանդիպում ունե՞նք։ Բացասական պատասխան ստանալով՝ հեռախոսահամարս ու հասցես փոխանցեցի երիտասարդին ու ջերմ ձեռքսեղմումով հրաժեշտ տվեցի։
Հաջորդ օրը երիտասարդը եկավ իմ ետևից։ Ամերիկյան ոչ նոր մեքենայով էր։ Ես նախապես ասացի, որ ճաշել եմ և կնախընտրեմ սուրճ խմել բացօթյա որևէ սրճարանում։ Երիտասարդը գլխով համաձայնության նշան արեց ու միացրեց շարժիչը… Բավական երկար վարում էր լուռ ու կենտրոնացած։ Հասկանում էի, որ ասելիք շատ ունի, բայց դժվարանում է սկսել։ Փորձեցի օգնել․
– Վաղո՞ւց եք այստեղ,- հարցրեցի։
– Հինգերորդ տարին է,- պատասխանեց,- բանակից զորացրվելուց հետո շարունակեցի ուսումս, որը կիսատ էի թողել։ Ավարտելուց անմիջապես հետո աշխատանք գտա, ծրագրավորող էի, լավ էի վաստակում, սիրահարվեցի նույն հիմնարկում աշխատող մի աղջկա, ամուսնացանք, երեխաներ ունեցանք․ աղջիկ և տղա… Երջանիկ լինելու համար կարծես ամեն ինչ ունեինք․ տուն, աշխատանք, երեխաներ, ընկերներ, կարևորը՝ հայրենի հողի վրա էինք, լավ-վատ մասնակցում էինք երկրի կյանքին… Սակայն կնոջս դա չէր բավարարում, ուշք ու միտքը Ամերիկան էր։ Այստեղ բարեկամներ ուներ ու անընդհատ նրանց նիստուկացի, ճամփորդությունների, ուտել-խմելու առիթների մասին էր խոսում, լուսանկարներ ցույց տալիս, համոզում էր, որ մենք էլ մեկնենք… Վերջն ուզածին հասավ…
Լռեց և դանդաղեցնելով ավտոմեքենայի ընթացքը՝ թեքվեց դեպի ռեստորանային սպիտակ կառույցի կողմը։ Մեքենան կայանեց, օգնեց ինձ դուրս գալ և ուղեկցեց ներս։ Մեզ դիմավորող մատուցողի հետ մի քանի բառ փոխանակելուց հետո քայլեցինք դեպի սրահի խորքի ազատ սեղաններից մեկը։ Ես նորից կրկնեցի, որ ճաշելու ցանկություն չունեմ և ջուր ու դառը սուրճ խնդրեցի։ Երիտասարդը կրկնեց նույնը` ավելացնելով մեկական գավաթ դառը կարմիր գինի։ Սպասում էի ընդհատված զրույցի շարունակությանը։ Երբ երիտասարդը բարձրացրեց հայացքը, այնպիսի խորունկ տխրություն էր խտացել աչքերում, որից հասկացա, թե շարունակության մեջ ողբերգություն է թաքնված։
– Գրին քա՞րտ ստացաք,- հարցրեցի։
– Ո՛չ, բարեկամները հրավեր ուղարկեցին։ Հակառակի պես, դեսպանատանը չմերժեցին։ Եկանք, մնացինք։ Մի քանի ամիս նրանց տանն էինք, այստեղ-այնտեղ էինք գնում․ Լաս Վեգասներ, ծովափեր, ընկերների մոտ… Կնոջս երջանկությանը չափ չկար, տեղի-անտեղի կրկնում էր․ «Բա որ ասում էի, բա որ ասում էի…»։ Դե, հետո բարեկամների բարեսրտության չափաբաժինն ավարտվեց․ անհրաժեշտ էր տուն և աշխատանք գտնել։ Ծանոթներն էլ հետաքրքրությունը կորցրել էին մեր հանդեպ։ Կինս ինձնից շուտ գտավ աշխատանք, իր անգլերենն ավելի լավ էր։ Ես ստիպված էի նախ անգլերենի, հետո վարորդական դասընթացների գնալ։ Որոշ ժամանակ անց ես էլ աշխատանքի անցա։ Դե, կամաց-կամաց փորձում էի հարմարվել… Բայց կորցրել էի նախկին ակտիվությունս, մի տեսակ անտարբեր էի դարձել ամեն ինչի հանդեպ, մինչդեռ կինս՝ հակառակը, ավելի եռանդուն էր դարձել, համակարգչային ձևավորողի մասնագիտություն ձեռք բերեց, աշխատանքի անցավ մի բավական մեծ ընկերությունում, մեքենա և հեռախոս փոխում էր հագուստի պես… Գնալով մեր մեջ անդունդը մեծանում էր… Վերջակետը եղավ, երբ եկավ երեխաներին դպրոց տալու ժամանակը։ Ես պնդում էի, որ հայկական վարժարան տանք, միևնույնն է, այնտեղ էլ շատ առարկաներ անգլերեն են անցնում, այդպես գոնե հայերեն էլ գրել-կարդալ կսովորեն։ Նա ոչ մի կերպ չէր համաձայնում։ Մի օր էլ երեսիս նետեց․ «Զզվացրիր քո հայերենով, քո հայությամբ, եկել ես Ամերիկա՝ հայություն ես խաղում…»,- անզուսպ բղավում էր… Կյանքումս լսած ամենացավոտ խոսքերն էին, որոնց մեջ, անշուշտ, ճշմարտություն կար… Այդ օրը վերցրեցի համակարգիչս, մի քանի հագուստ ու տնից հեռացա։ Գիշերում էի ընկերոջս մոտ՝ միաժամանակ հարմար գնով վարձով սենյակ փնտրելով։ Տասը-տասներկու օր անց զանգեց․ «Կարող ես գնալ տուն, բանալին հարևանի մոտ է։ Ես հեռանում եմ քեզանից…»,- ասաց ու անջատեց հեռախոսը, չհասցրեցի որևէ հարց տալ։ Առավոտյան շտապեցի հարևանի մոտ։ Սիրիահայ ամուսիններ էին, հրաշալի մարդիկ։ Ինձ ընդունեցին տխուր, խոր ցավակցություն արտահայտող աչքերով։ Նստեցի, տիկինն անմիջապես խոհանոց գնաց՝ սուրճ պատրաստելու, ինչպես հասկացա՝ պատահածի մասին հայտնելու դժվարությունը թողնելով ամուսնուն։ Ամուսինը նույնպես նստեց, նրան օգնելու նպատակով հարցրեցի․ «Գոնե ասա՞ց, թե ուր է գնում»։ Հարևանս մի խոր շունչ քաշեց և առանց աչքերիս նայելու՝ ասաց․ «Դուն շատ հոգ մի ընե, ատանկ կնոջից ազատվելը բարիք մըն է»։ Ես անակնկալի եկա։ «Այսի՞նքն…»,- հազիվ կարողացա արտաբերել։ «Գացած է իր շեֆին մոտ…»: «Ինչպե՞ս, այդ սևամորթի՞, բա երեխաների՞ս ուր է տարել… ես դատի կտամ, երեխաներիս չեմ թողնի այնտեղ…»,- բղավում էի՝ օձից խալթվածի պես, շնչահեղձ լինելով, ուզում էի դուրս վազել, գտնել այդ անզգամին ու տեղնուտեղը սպանել իրեն էլ, իր սևամորթին էլ… Հարևանս մխիթարանքի անիմաստ խոսքեր էր ասում, հետո խմիչք առաջարկեց, միասին խմեցինք, դե, հետո վերցրեցի բնակարանի բանալին, ներս մտա, ամեն ինչ իրարով տվեցի… Հետո ուժասպառ՝ ընկա բազմոցին ու մի կուշտ լաց եղա…
Տղան երկար խոսեց իր տառապանքների, անքուն գիշերների, հակասական որոշումների, անգամ ինքնասպանություն գործելու փորձերի մասին։ Հասկանալով խոր ցավը՝ չէի ընդհատում նրան, մանավանդ, որ ասելիք էլ չունեի։ Ես, որ այստեղ գտնվելուցս ի վեր, բազում հանդիպումների ընթացքում հնչած ամենադժվար հարցադրումներին կարողանում էի անկեղծ ու համոզիչ պատասխան գտնել, հիմա սփոփանքի ոչ մի հարմար բառ չէի գտնում, պապանձվածի պես միայն լսում էի… Վերջապես, երբ մի պահ դադար առավ, հարցրեցի․
– Երեխաներդ քանի՞ տարեկան են։
– Իննը և յոթ։ Մեծը աղջիկս է։
– Երբ չափահաս դառնան, իրավունք ունեն իրենք որոշելու, թե ծնողներից ո՞ւմ հետ են ուզում ապրել, պիտի համբերես…
– Էլ չեմ կարողանում սպասել, խելագարվում եմ…
– Խորհրդակցիր փաստաբանի հետ, կարծում եմ՝ ավելի ճիշտ խորհուրդներ կտա։ Ես ամերիկյան օրենքներին ծանոթ չեմ։
– Այո, ճիշտ եք։ Առաջ դա չէի կարող անել, գումար չունեի, հիմա լավ վճարվող աշխատանք ունեմ, դարձյալ ծրագրավորող եմ աշխատում, եթե ավելի շուտ գտած լինեի այս աշխատանքը գուցե չբաժանվեինք…, – ասաց, բայց իր եզրակցությունից դժգոհ՝ թափ տվեց ձեռքը… Որոշ ժամանակ անց՝ շարունակեց․
– Ես ամենևին կապ չունեմ այս երկրի հետ, ի սկզբանե այդպես էր, այս հազարավոր օտարների մեջ անդեմ, անկարևոր մեկն ես, անարմատ ծառի նման ամեն պահ կարող ես տապալվել, վերջանալ։ Այստեղ է, որ ավելի լավ ես հասկանում Հայրենիք, ժողովուրդ, պատկանելություն, արմատներ հասկացությունները…
– Գուցե որոշ ժամանակով Հայաստան վերադառնաս, կարծեմ արդեն կարգավիճակ ունես, կարող ես ուզածդ ժամանակ հետ դառնալ, նյարդերդ մի քիչ կհանգստանան, ավելի սառը դատողությամբ կմոտենաս հարցերին…
– Ես էլ հաճախ այդ մասին եմ մտածում… Երևակայեք, որ մեկ-մեկ ուզում եմ ամեն ինչ թողնել, օդանավի տոմս գնել, վերցնել պայուսակս ու Հայաստան մեկնել, բայց դե, վախենում եմ այդ քայլից, կարող եմ մեկընդմիշտ կորցնել երեխաներիս։
– Հանդիպո՞ւմ ես նրանց։
– Այո, ամիսը մեկ-երկու անգամ։ Զբոսանքի եմ տանում, հետո միասին ճաշում ենք, գնումներ անում, ես անհոգություն եմ խաղում, չեմ ուզում ներսիս ողբերգությունը ցույց տալ, քանի որ նրանց աչքերից երևում է, որ իրենք էլ երջանիկ չեն…
– Չգիտեմ՝ ինչ խորհուրդ տամ քեզ…- մի տեսակ անորոշ ասացի՝ ձեռքս տանելով դեպի գինու գավաթը, սակայն զարմանքով նկատեցի, որ ակամա խմել եմ գավաթի ամբողջ պարունակությունը… Տղան փորձ արեց կանչել մատուցողին՝ դարձյալ գինի պատվիրելու համար, սակայն ես կտրականապես հրաժարվեցի։
– Գիտեմ, դժվար է իմ իրավիճակում գտնվող մեկին խորհուրդ տալը։ Պարզապես ուզեցի կիսվել ձեզ հետ, այստեղ որևէ մեկին չէի կարող պատմել այս ամենը։ Դուք մի տեսակ փրկօղակ էիք ինձ համար։ Համ էլ, արդեն խորհուրդ տվեցիք, հաստատեցիք այն, ինչի մասին ես անընդհատ մտմտում եմ…
Դրսում մութն արդեն թանձրացել էր, երբ դուրս եկանք սրճարանից։ Ճանապարհն անցանք այլևս չանդրադառնալով նախկին նյութին։ Տղան հարցուփորձ էր անում հայաստանյան անցուդարձերից, հետաքրքրվում իր սիրելի վայրերով, մշակութային իրադարձություններով, մարդկանց ապրելակերպով, զգացվում էր, որ որոշ չափով ձերբազատվել է հոգին կեղեքող ցավից… Ես ավելի շատ ակամա էի պատասխանում նրա հարցերին, միտքս ավելի շատ տարված էր այն հարցի փնտրտուքով, թե հիմա քանի՜-քանի այսպիսի երիտասարդներ կան այս երկրում, որոնք լավ կյանքի, երջանիկ ապրելու հեռանկարով թողել են իրենց տունը, հայրենիքը, հարազատ մարդկանց ու հայտնվել մի նոր իրականության մեջ, որտեղ ապրելու ժամանակ անգամ չունեն… Տեսնես նրանց գտա՞ծն է շատ, թե՞ կորցրածը…
Սթափվեցի, երբ տղան մեքենան արգելակեց հյուրանոցի մուտքի մոտ։ Հրաժեշտը ջերմ էր․ այդ մի քանի ժամվա զրույցը կարծես հարազատության կամուրջ էր գցել մեր միջև․
– Կյանքում ամեն ինչ պատահում է,- ասացի՝ ջերմ սեղմելով մեկնած ձեռքը- բայց հաստատ ելք կա, մաղթում եմ, որ արագ գտնես այդ ելքը… Հայաստանում անհամբեր կսպասեմ զանգիդ…
Այդ զանգը հնչեց չորս տարի անց՝ երևանյան հեռախոսահամարից։ Տղայի ուրախ, առույգ ձայնից անմիջապես հասկացա, որ վերադարձել է երեխաների հետ։ Հարցիս դրական պատասխանեց և տվեց Երևանի իր նոր բնակարանի հասցեն՝ խնդրելով ժամանակ գտնել այցելու…
