ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ, թարգմանիչ
ԳԱԳԻԿ ԴԱՎԹՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ
«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին
Առաջնայինը պոեզիան էր
70-ական թվականները Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի համար առանձնահատուկ տարիներ էին: Տարբեր ֆակուլտետներից «Պոլիտեխնիկ» թերթի շուրջն էին հավաքվել մի խումբ ուսանողներ, որոնք էությամբ բանասերներ էին, բայց չգիտես ինչ-ինչ պատճառներով տեխնիկական բուհ էին ընդունվել: Տասից ավելի երիտասարդ ստեղծագործողներ ամեն ուրբաթ հավաքվում էինք բազմատիրաժի խմբագրությունում, կարդում մեր բանաստեղծությունները և պատմվածքները, քննարկում, վիճաբանում, ստեղծագործում: Գրականության այդ նվիրյալներից քչերը հետագայում ընտրեցին գրականությունը` ստեղծագործելով տեխնիկական մասնագիտությանը զուգահեռ կամ հիմնավորապես ընտրելով գրողի դժվար, բայց երանելի ճանապարհը:
Գագիկ Դավթյանն այդ քչերի թվում էր: Աստծու կողմից տրված շնորհը հիմնավորապես նրան կողմնորոշեց դեպի պոեզիան` դարձնելով ներկա ժամանակի անվանի պոետներից ու թարգմանիչներից մեկը: Պատահական ոչինչ չի լինում: Դեռ այն տարիներից Գագիկը գրելուն զուգահեռ զբաղվում էր նաև թարգմանությամբ: Նրա բանաստեղծություններն ու թարգմանությունները տպագրվում էին «Ավանգարդ» թերթում, «Գարուն» ամսագրում և միշտ դրական արձագանքների արժանանում: Հիշում եմ, որ նույնիսկ նրան նկատել էր բոլորիս համար պաշտամունք համարվող Պարույր Սևակը` առաջացնելով մեր բարի նախանձը:
Գագիկ Դավթյանի հաջողության հիմքը միայն նրան Արարչի կողմից տրված տաղանդը չէ: Դրա հետ միասին իմ բանաստեղծ ընկերը չափազանց աշխատասեր է, իսկ տաղանդի ու աշխատասիրության համակցումը միշտ էլ հաջողություն է բերում:
Սիրելի՛ ընկեր, շնորհավոր 70-ամյակդ: Շարունակիր քայլել պոեզիայի հետ` դեպի ստեղծագործական նորանոր բարձունքներ:
Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Բանատողի պատիվը պահած
Կյանքի յոթ տասնամյակի լրջությունը նոր ես հասկանում, երբ առիթ է տալիս մանավանդ գրչեղբայրդ, երբ դա երաժշտական դադար է ընդամենը՝ աչքիդ դեմ բերելու նրա վաստակը, հատկապես, որ երաժշտությունը դեռ սփռվելու է…
Իմ գրչեղբայր Գագիկ Դավթյանը բանաստեղծական տողի հանդեպ երկյուղած լինելով և պատկառանք ունենալով, առհասարակ, պահելով տողի պատիվը, «անվերջ սկիզբ» է գնացել՝ իր ոգևորությունը բերելու ակունքից, երկրի խորքերից և հայոց գրի ձուլվածքից,- Լեռնաշխարհն իր կնիքն է դրել նրա խստապարզ բանատողի վրա, որն ընդհանրական իր տագնապներով ու հուզումներով- հայկական ճարտարապետություն է:
«Ձեռս մնա հիշատակող»-ի բարոյականությամբ է ապրել բանաստեղծ-թարգմանիչը, սրբազան երկյուղի բարձր աստիճանով՝ նաև ի՛ր թարգմանական պատկառելի գործունեության ընթացքում: Վկա՝ օրերս լույս տեսած մեծածավալ «Վրացական պոեզիա» անթոլոգիան:
Բարեմաղթանքով նրան ուզում եմ միշտ տեսնել ետ դարձած մեկնարկագիծ, այնտեղից՝ հեռացած, ապա վերստին մեկնարկում… և այդպես՝ շարունակ:
Վաստակաբեռ ու քաջառողջ:
Շնորհավոր ծնունդդ, սիրելի՛ Գագիկ Դավթյան:
Շանթ ՄԿՐՏՉՅԱՆ
Ծիածանի պես կամուրջ
Գագիկ Դավթյանը ծնվել է Սյունիքի դարերի շունչը պահպանող լեռ ու ձորի, հայ հինավուրց նիստ ու կացը կրող մարդկանց միջավայրում և իր հոգում ամբարել է լեռնային գետի և լեռից լեռ խոսող մարդկանց պաթոս, որը մե՛րթ պոռթկում է բանաստեղծության մեջ, մե՛րթ՝ թարգմանության, մե՛րթ՝ հասարակական ու գրական տարածքներում:
Նկատել եմ՝ միշտ էլ արդարության ու ճշմարտության դիրքն է նրան ձգողը, երևի դա է պատճառը, որ Գագիկի պոեզիան անհանգիստ է, վազորդի սրտխփոցի ռիթմով, մեկ-մեկ՝ ջղային:
Աշխարհի այսօրվա իրավիճակը թույլ չի տալիս ննջել փետրավոր ամպերին ու թարմ բուրող դափնիներին:
Վերջին տասնամյակներին բանաստեղծն առավել ուժգնորեն է բախում տարբեր երկրների բանաստեղծական դռներն ու ընտիր հայերենով մեզ է մատուցել ու մատուցում Թագոր, Լիվադիտիս, Պուշկին, Լերմոնտով, Ֆետ, Բլոկ, Լյուբիցա Միլետիչ, հիսունից ավելի հեղինակ, երեսունը՝ վրացի: Վերջերս նա եկավ Գրողների միություն և ինձ նվիրեց վրացական պոեզիայի հաստափոր հատորը: Տարիների անտրտունջ աշխատանքի նշանակալից արգասիք:
Կարելի է ասել, որ նա անխոնջ կամրջաշինարար է, պոեզիայի ափեր է կապում միմյանց, վերջին մի քանի տարում սերբ, լեհ, բուլղար բանաստեղծները գրանցվեցին մեր թարգմանական մատյանում և նաև այդ պոետներից ոմանք հայերենից իրենց լեզուներ թարգմանեցին հայ բանաստեղծների: Այո՛, կամուրջը միակողմանի երթևեկության համար չէ: Այդ կերպ ենք ճանաչելու ոչ միայն ուրիշների գիրը, այլև մեր ստեղծածի արժեքը: Գագիկն այս հավատամքով է գիշեր ու զօր փնտրում իր և այլոց պոետական անհայտ եզերքները: Հաճախ գտնում է ու չի բավարարվում, նորից է որոնում, նորից հայտնաբերում:
Կամուրջ նախագծողը փորձարկելիս կանգնում է կամրջի տակ. դու վստահ եղիր, Գագիկ, քո կամուրջները ծիածանի յոթ գույների դյութող ու ոգեշնչող թռիչքն ունեն՝ դեպի նոր ամյակներ, 70-ը միջանկյալ հանգրվան է:
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
Պարոն Դավթյան,
Թույլ տվեք սրտանց շնորհավորել Ձեզ՝ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ:
Մենք բարձր ենք գնահատում Ձեր գործունեությունը, որ նպաստում է Հայաստանի Հարապետությունում վրացական մշակույթի ավելի լավ ճանաչմանը, վրաց և հայ ժողովուրդների մերձեցմանն ու բարեկամությանը:
Համոզված եմ, որ մեր երկու երկրների համագործակցության բարձր մակարդակը և ավանդական բարիդրացիական հարաբերությունները առաջիկայում ավելի կզարգանան՝ ի բարօրություն մեր երկու ժողովուրդների:
Մեր խորին երախտապարտությունն ենք հայտնում Ձեր գործունեության համար և ցանկանում ենք առողջություն, երջանկություն, առաջընթաց և ստեղծագործական հաջողություններ:
Հարգանքով և բարեմաղթանքներով՝
ԳԻՈՐԳԻ ՍԱԳԱՆԵԼԻՁԵ
Հայաստանի Հանրապետությունում
Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Հարգելի Գագիկ Տիգրանի,
Որպես Եվրոպայի ամենահայտնի բանաստեղծներից մեկը, Դուք անդամակցում եք Աշխարհի բանաստեղծների շարժմանը (Movimiento poetas del mundo), ինչպես նաև Բուլղարիայի Անկախ գրողների միության և Վրաստանի գրողների ստեղծագործական միության Պատվավոր անդամ եք: Ձեր հիանալի ստեղծագործությունները թարգմանված են շատ լեզուներով, այդ թվում՝ բուլղարերեն: Դուք նաև հմուտ և բեղմնավոր թարգմանիչ եք, եվրոպական և միջազգային մրցանակների դափնեկիր:
Ի սրտե ցանկանում ենք Ձեզ հետագա նվաճումներ, հիանալի նոր գրքեր, մեծ պարգևներ, իսկ ամենից առաջ՝ առողջություն և երկար կյանք:
Մենք չենք կասկածում, որ Ձեր բանաստեղծական բացառիկ տաղանդը, գրական վարպետությունը և հարուստ կենսափորձը այսուհետ ևս կնպաստեն Ձեր ամենահամարձակ ծրագրերի և ձեռնարկումների իրականացմանը:
Երջանկություն, ամենայն բարիք և հաջողություններ Ձեզ:
Հարգանքով՝ Բուլղարիայի Անկախ գրողների միության նախագահ,
ակադեմիկոս ՄԱՐԻՆ ԿԱԴԻԵՎ
Բուլղարիայի անկախ գրողների միության (ԲԱԳՄ) Պատվավոր անդամ Գագիկ Դավթյանը գրական գործունեության համար և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է ԲԱԳՄ ՊԱՏՎՈ ՄԵԴԱԼՈՎ:
Հարգարժան պարոն Դավթյան,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 70-ամյա և գրական գործունեության 50-ամյա հարուստ և գեղեցիկ հոբելյանների առթիվ: Ձեր խորն իմաստնությամբ և հուզական ապրումներով բազմաբովանդակ կյանքի և ստեղծագործական գործունեության ընթացքում Դուք բանաստեղծությունների միջոցով մեզ հետ կիսվել եք Ձեր յուրօրինակ ապրումներով ու մտքերով, հարստացրել ժամանակակից հայ գրականության ոսկե դարանը` միաժամանակ նպաստել ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը:
Շնորհակալության և գնահատանքի են արժանի Ձեր այն բոլոր ազնիվ ձեռնարկումները, որոնց արդյունքում, մասնավորապես, հայ և լեհ ընթերցողներին փոխադարձաբար հասու են դարձել միմյանց գրական արժեքներն ու ժառանգությունը:
Մարդկային ազնիվ ու բարի կերպարով Դուք կարողանում եք նաև օտարներին ներկայացնել հայի լավ տեսակը: Ինձ համար մեծագույն հպարտություն էր տեսնել Լեհաստանի գրական շրջանակներում Ձեր հանդեպ ցուցաբերվող նկատելի հարգանքն ու սերը, որի հիմքում Սյունյաց անզուգական բնաշխարհից Ձեզ փոխանցված ստեղծագործական տաղանդն է և այն համեստորեն կրելու Ձեր մարդկային շնորհը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, որպեսզի երկար տարիների Ձեր կուտակած գիտելիքների, փորձառության և ստեղծագործական մտորումների հարուստ հիմքի վրա բազմապատիկ անգամ ավելացնեք այն արժեքավորը, ինչը Դուք ստեղծում եք մեզ և մեր սերունդների համար:
Հարգանքներով՝
ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
Լեհաստանի Հանրապետությունում
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Բանաստեղծ, թարգմանիչ
պարոն Գագիկ Դավթյանին
Պոեզիան բառերի գեղեցիկ համադրության և աշխարհի շուրջ մետաֆիզիկական խոհերի արվեստ չէ: Այն ազգային ինքնագիտակցության կրող է, հույսի և ոգեշնչման աղբյուր, որը հայրենասիրական և քաղաքացիական կեցվածք է ձևավորում: Ձեր պոեզիան, հարգելի Գագիկ Դավթյան, լի է հայրենասիրության ոգով, թախծով, կարոտով, ինչպես նաև հույսով և երազով:
Ձեր թարգմանությունները ընթերցողին զարմացնում են բնագրին հավատարմությամբ և ճշգրտությամբ: Հպարտությամբ եմ նշում, որ Ձեր նախաձեռնությամբ «Որպես ձեռքսեղմում» լեհական պոեզիայի անթոլոգիայի ստեղծումն ու հրատարակումը լուրջ նպաստ է մեր երկու ժողովուրդների հոգևոր մերձեցման ճանապարհին:
Ձեր՝ լեհ ժողովրդի մեծ բարեկամի և մեր հրաշալի ընկերոջ 70-ամյա հոբելյանին իմ բարեմաղթանքներն ու երախտագիտությունն եմ հայտնում` լեհական պոեզիան տարածելու և հայ-լեհական սերտ բարեկամությունը ամուր պահելու համար: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նորանոր բարձունքների նվաճում, իսկ մեզ` Գագիկ Դավթյանի ընթերցողներիս, գեղեցիկ մտքերի և խոհերի ընթերցում:
ԵԺԻ ՄԱՐԵԿ ՆՈՎԱԿՈՎՍԿԻ
Հայաստանի Հանրապետությունում
Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Գագիկ ԴԱՎԹՅԱՆ
ԱՍԵՍ ՈՉԻՆՉ ԴԵՌ ՉԻ ԵՂԵԼ…
Թող այս օրն էլ ապրենք այնպես,
ասես ոչինչ դեռ չի եղել,
երազները մեր գունագեղ
ասես կյանքը դեռ չի խեղել,
ասես այսօր մենք ծնվեցինք
ու միշտ պիտի մնանք ջահել,
ասես թե մեր աշխարհ գալով
ինչ – որ մի մեծ բան ենք շահել…
Օրը լինի առաջին օր,
օրը լինի պատրանազերծ,
վերջ չունենա ոչ մի սկիզբ,
և այս օրն էլ չունենա վերջ…
Թող այն լինի հավատի տոն –
անսկիզբ ու անվերջակետ –
ու մերկ լինի ամեն մի բառ,
չհանդուրժի ոչ մի չակերտ…
Երազի մեջ գնանք ապրենք,
և երազը չունենա վերջ,
և երազը լինի բարի,
և չլինի կռիվ ու վեճ,
գնանք ապրենք հեքիաթի մեջ,
կասկածների պարսը քշենք
և աշխարհին նայենք այնպես,
ինչպես մանուկ օրն այս թավշե…
Սեր, միայն սեր ու դարձյալ սեր,
լոկ սեր բուրի օրվա շնչից,
և սիրո տաք շնչի առաջ
ցավը լինի խեղճ ու չնչին…
Հավատանք, որ էլ չենք խաբվի,
լինենք հպարտ ու լինենք հեզ,
և միամիտ ձևանալով,
այսպես… խաբենք ինքներս մեզ…
ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԱՂԵՐՍ
Չի ստացվում,
ախ, ոչ մի բան
և ոչ մի կերպ չի ստացվում,
հմայեցի հազար ու մի խոստումներով,
բայց այդպես էլ չեղավ ներող,
և ոչ մի կերպ
և ոչ մի բան չի ստացվում…
Խռովել է սիրտս ինձնից
ու… չի բացվում…
ՄՈՌԱՑՈՒՄԻ ԱՂԵՐՍ
Տառապանքը՝ միակ տանտեր,
ցավը եղավ միակ վայելք,
հերիք չեղա՞վ,
ես ուզում եմ բոլորի պես
ապրել անհոգ,
մարդավայել,
ետ տուր դու ինձ
գայթակղիչ այս հուշերի արահետից…
Շուրթս ճաքեց,
լեզուս արդեն կպավ քիմքիս,
մի կում ջուր տուր Լեթա գետից…
ԱՎԱՐՏԻ ԱՂԵՐՍ
Կյանքս արել տակնուվրա,
և խոսում ես
երազներից վեհ ու վսեմ…
Ճչում ես դու,
և ուզում ես, որ չլսեմ…
Կանչում ես ինձ
և հորինում
խոչընդոտներ հազար ձևի…
Քշում ես ինձ
և կառչում ես դու իմ թևից…
Գնում եմ ես,
և գալիս ես իմ ետևից…
Չե՜ս խղճում ինձ…
Գոնե ինքդ քեզ խղճալու
խի՞ղճ էլ չունես ամենևին…
ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԱՂԵՐՍ
Շաքարն,- ասում են,-
չի այրվում թեպետ,
բայց բավական է
մի պտղունց մոխիր ծխախոտային
և կբոցկլտա նա որպես կապույտ
բոցեղեն հրաշք…
Ախ, եթե գայիր,
և մոխրի տեսքով,
օրհնության նման իջնեիր վրաս…
ԹՈՂՈՒԹՅԱՆ ԱՂԵՐՍ
Մի՛ հարցրու,
աղաչում եմ, էլ ոչ մի բան մի՛ հարցրու,
ա՛ռ ինձ,
ինչ-որ մի հրաշքով քար դարձրու,
անտաշ մի քար հսկայական,
աչքից հեռու,
ինչ-որ դաշտի եզրին ընկած,
և թող,
որ ես իմ դեմ ծնկած
քավեմ մեղքերն այս ծվատող
և հոլովեմ իմ այս ճամփան
լուռ ու հլու,
սրբագործված ոտքից – գլուխ
և մաքրված հոգով – սրտով
ոխ ու քենից…
Այժմ և միշտ,
հավիտյանս հավիտենից…
ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
1000 դրա՞մը…
Դա ի՞նչ փող է, որ…
Եվ ընդհանրապես, դա փո՞ղ է, միթե,
այն 100 – ի մոտ,
որի գոյության մասին չգիտեն
ո՛չ քո սիրասուն ու խանդոտ կինը,
ո՛չ… հարկայինը…
ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Քանդելը հեշտ է,
շինելն է դժվար…
Բացառություն են դղյակներն օդե՝
շինելը հեշտ է,
քանդելն է դժվար…
ԼԵՌՆԱԳՆԱՑԻ ԵՐԿՐՈՐԴ ՍԽԱԼԸ
Երկու անգամ է սխալվում կյանքում
լեռնագնացը.
Առաջին անգամ՝
կամավ, թե անկամ՝
ընտրության պահին մասնագիտության,
որով պիտի որ վաստակեր կյանքում
հանապազօրյա իր պատառ հացը,
հացը իր մանկան…
Իսկ երկրորդ անգամ…
Իսկ երկրորդ անգամ նա չէր սխալվի,
թե չսխալվեր առաջին անգամ…