Սոնա ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Արցախցին ի՞նչ պայմանով կվերադառնա Արցախ

Հայ ժողովրդի դարավոր երազանքը ազատ ու ինքնիշխան ապրելն է հայրենական տարածքում, որտեղ, ցավոք, դարերով տիրել էր այլոց իշխանությունն ու լուծը: Լինելով այդ ժողովրդի մի մասնիկը՝ ես նույնպես ուզում եմ ապրել հայրենական իշխանության ներքո, այն տարածքում, որտեղ իմ նախնիներն են ապրել ու արարել:
Արցախը բոլոր արցախցիներիս երազանքը դարձավ…
Հիշում եմ՝ որքան մեծ էր ուրախությունս, երբ 2006 թվականին Սահմանադրության ընդունման հանրաքվե էր հայտարարվել, ես անչափահաս էի, բայց հորդորում էի իմ հարազատներին մասնակցել և «այո» քվեարկել, երբ 2007-2008 թվականներից երկրում ավելանում էին հայատառ ցուցանակները, երբ գյուղերում նոր տներ էին կառուցվում բազմանդամ կամ վերաբնակ ընտանիքների համար, երբ նույն 2007-ին Ստեփանակերտում գործեց նորակառույց Սուրբ Հակոբ եկեղեցին… ամեն մի հայկական ու հայանպաստ քայլի արդյունքում վստահ էինք, որ 1988-1994 թվականների գոյապայքարն արժևորվում ու նոր կյանքի, պետականաշինության իր ցանկալի ծիլերն է տալիս:
Ես, վստահ եմ, բոլոր արցախաբնակները ևս, լիարժեք էինք զգում՝ նորանկախ պետության քաղաքացի լինելով, Հայաստանի Հանրապետության կողքին հայկական երկրորդ պետություն կերտող ու պահպանող լինելով:
Սակայն կար այլ իրականություն, որը և այսպիսի ելքի ամենաուղիղ ճանապարհն էր:
Այնուամենայնիվ, դաժան երևույթ է քո հայրենիքում ապրելը՝ կրելով թշնամու իշխանությունը, ուղղակի և անուղղակի ճնշումները, ընդունել նրանց քաղաքացիությունը, այս ամենը կամովի գերության հանձնվել կլիներ: Այս ամենը մեր զոհված որդիների փառքը ոչնչացնել կլիներ…
Արցախցին կվերադառնա Արցախ, երբ վստահ լինի, որ սահմանագիծ կունենա, կունենա և կկարողանա իրացնել ինքնիշխան, անվտանգ, իրավական, սոցիալական հատկանիշներով պետականություն:
Այն նպատակը, որի համար սերունդներ են զոհվել, մեր ազգային նպատակն է, անթույլատրելի է այն չեղարկել լոկ այս պահի բարեկեցության համար:
Այս ընկրկումը նոր ցատկի, առաջխաղացման նպատակին պետք է ծառայեցնել և ոչ՝ նվաստացման, այս կորուստը նոր ուղիների որոնման պետք է ծառայեցնել և ոչ՝ ինքնապարփակման:
Ի վերջո, ե՞րբ կգնահատվի մարդը՝ որպես պետության բարձրագույն արժեք:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։