Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

1

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԼԵՌԱՆ ՔԱՐՈԶԸ

Մեզ շպրտեցին ազատության ոսկորը և ասացին՝ ցնծացե՛ք Աստծո գառով:
Մեկ ճամփի բազո՛ւմ մոլորյալներ, գառնեղբայրնե՛ր, գառնաքույրե՛ր, գետը դուրս է եկել մեզնից, գետը վարարել է մեզ: Այս հաջող, ավելի հարմար ազատությունը մեր վրայով չէ, մեր հոգու վրայով՝ կեսբուռ հղիության պես զորընդեղ ու տառապյալ, սիրո եզնաքաղցի պես մեր մեջ ընկած, որ վախեցնում է մեզ զոռով բաներից, վրիպողի գրկում առաջ գնալուց:
Գուցե ազատ լինելու փորձությունը հազարամյակի խորքն անցնողի անկման կատարսի՞սն է կամ արեգդեմ գնալու սնափառության արբունք, որ բռնել է շատերիս յոթ շերտ վերևում՝ ազատ ճախրի մոլուցքով զարնված: Իսկ ցածո՞ւմ. ի՜նչ եղկելի է ազատության թզատերևը՝ քրքրված ջղերից հյուսված: Այս տերևաձորձը թաքցնում է մեզ կանաչի ու ծաղկի ցուցիչի տակ, սեփական սահմանների ցատկով մեկուսացնում ուրիշ ծաղկում ունեցողներից, իշխում մեզ՝ մեր նախնական մղումներին ու վերջնական օտարումներին, սուսերով ու անսուսեր պարերին, ընդվզումի վարդ սերերին: Ուրեմն ի՞նչ. շռնդալից ու ճերմակ անառակությամբ նետե՞նք ազատության այս բուսական հանդերձը, նետե՞նք քրքրված ձորձերն անտերունչի ու գնանք ընդդիմություն մրսելո՞ւ…
Բայց սպասե՛ք մի փոքր, և դու՝ Ազատությո՛ւն տղա, քեզ այնպես երգեմ, որ բոլորը սիրեն, ու չմեռնես: Ելնեմ անսերի չբեր առաջնությունից, քեզ համար շնորհ ու շախ անեմ, սրինգ անեմ, դաղված սրտերին՝ հով ու սյուք: Քեզ ինչքա՜ն եմ սպասել` երեսի ջրով, տոներս մաքուր պահած: Թող լվամ ոտքերդ (տեր եմ, թող լվամ), վզնոցս նետեմ անկախ ամպերին ու բաց թողնեմ ինձ՝ թևերս վրադ փռած: Չկա քեզ նման: Արժանավոր: Խանդակաթ: Բոլորի՜ իմ ընտրած: Քեզ նմանի համար միտինգավոր մեկը դեռ երեկ ասում էր՝ ես դրա՛… անհարկի զովությունը, ապարդյուն տապը… Էլի բաներ էր ասում, բայց չարժե երեսծեծանք դարձնել: Քեֆը լավի ազատությունը ո՞րն է (ճոճվող հայրենասերների՜ս տեսեք, ժողովրդահաճո՜ տղերք): Բայց արի ու տես՝ դրանցից լավը չկա. ըմբռնում եմ ասել, է՜. «Ես ազատության շունն եմ, ազատության փասը, Ձեր ճշմարիտ, ճշմարիտ լինելու ազատության պատրանքը»:
Խաչը գլխներից հաստատ թռել է: Քո հողի վրա գժոտվել են: Էս ազատությունը քոսի պես բան է, պիտի բարձրանանք: Դեռ ինձնից առաջ հարցրել են. «Դո՞ւ էիր, որ պիտի գայիր, թե՞ ուրիշին սպասենք»:
Ուրիշին սպասելու ազատություն չեմ ուզում:
Մի բոյի եմ թռչունների հետ,
Մի բոյի՝ ազատ ընկնողների
Ցամաքի վրա, կանաչ ճյուղերով:
Քեզնով անվերջ փոխակերպվում եմ.
Ելնում եմ թռչուն, իջնում եմ ջուր
Սիրո ծաղկասարերը, սրտի խորատակերը,
Սիրուն կողակից ազատ հնձանները…
Բոլորի՜ իմ ընտրած:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։