ԱՆՎԵՐՆԱԳԻՐ
Հյուր էր ծովին:
Մայրամուտ էր ու փոթորիկ:
Հորիզոնը՝ սև՞, թե՞ կարմիր:
Արեգակը՝ նռնակարմիր:
Հարցդ ասա, ո՛վ դու հեգ հյուր,
Որ մեր թևին քեզ հասցնենք
տիեզերքի
գաղտնախորհուրդ
ակունքներին,
Ծեծում էին ծովաժայռը
ալիքներն ու
ծորունք, ցայտունք
հասնում էին
քուրմ աստղերին.
Սգակիր մոր հարցն է հարցս,
Կա՞ պատասխան,
Թե՞ այն դուրս է տիեզերքից…
Մայրամուտ էր ու փոթորիկ:
Սգակիր մոր սև՞, թե՞ կարմիր՝
Ծովը սուզվող արեգակի՜
ուսից ընկած
Նռնակարմիր
շալն էր իջնում հորիզոնին:
Շատ էր տխուր:
Հյուր էր ծովին…