Օրերս «Вестник Кавказа» կայքէջում զետեղվել է Ադրբեջանի ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ֆարիդա Մամեդովայի հարցազրույցը (տե՛ս http://vestikavkaza.ru /interview/Farida-Mamedova-Istoriya-kavkazskoy-Albanii.html?utm_referrer=https %3A%2F%2Fzen.yandex.com): Պրոֆեսորը ոչ ավել, ոչ պակաս հայտարարում է, թե Մխիթար Գոշն աղվան է, ծնվել է Գյանջայում, իսկ նրա «Դատաստանագիրքը» հայերն անվանել են «Դատաստանագիրք Հայոց», որի մասին էլ իր գրքում գրել է Զիա Բունիաթովը: Պրոֆեսորը ներկայացնում է, թե Մովսես Կաղանկատվացին աղվան է, որի պատմության մեջ տեղ է գտել աղվան պոետ Դավթակի «Ջևանշիր իշխանի մահվան մասին» ողբը:
Սակայն հարցազրույցում պրոֆեսորն անտեսում է, որ իր հիշատակած փաստերը հերքել է Ասատուր Մնացականյանը դեռևս 1966 թ. նախ` հայերեն, ապա` 1969 թ. ռուսերեն տպագրված «Աղվանից աշխարհի գրականության հարցերի շուրջը» (О литературе Кавказской Албании) գրքում, ինչպես նաև Պարույր Սևակի համահեղինակությամբ տպագրված մի հոդվածում (տե՛ս Асатур Мнацаканян, Паруйр Севак, По поводу книги З. Буниятова «Азербайджан в VII-IX вв.», Պատմա-բանասիրական հանդես, 1967, թիվ 1, էջ 177-190, նաև http://hpj.asj-oa.am/1040/1/1967-1 (177).pdf):
Պարզապես այստեղ ներկայացնենք մեր հակափաստարկները Ֆարիդա Մամեդովայի հարցազրույցում ներկայացվող «փաստերի» դեմ:
Նախ` Մովսես Կաղանկատվացու պատմության մասին: Հայ մատենագիրներից «Աղվանից աշխարհի պատմությանը» ծանոթ են Մաշտոց Ա Եղվարդեցի (897-898), Հովհաննես Դրասխանակերտցի (898-929), Անանիա Մոկացի (949-968) մատենագիր-կաթողիկոսները, նաև Ուխտանես եպիսկոպոս պատմիչը (մոտ 920 – մոտ 986):
«Աղվանից աշխարհի պատմության» մասին հիշատակություններ են թողել Մխիթար Գոշը (12-րդ դար), Վանական վարդապետը (12-րդ դար), Կիրակոս Գանձակեցին (13-րդ դար), Մխիթար Այրիվանեցին (13-րդ դար), Գրիգոր Անավարզեցին (13-րդ դար), Վարդան Բաղիշեցին (17-րդ դար), Ղազար Ջահկեցին (18-րդ դար), Խաչատուր Ջուղայեցին (18-րդ դար), Եսայի Հասան-Ջալալյան կաթողիկոսը (18-19-րդ դար):
Հայագիտության մեջ ընդունված է, որ «Աղվանից աշխարհի պատմության» հեղինակը 7-րդ դարի պատմիչ Մովսես Կաղանկատվացին է, իսկ պատմության Գ գրքի 23 գլուխների հեղինակը 10-րդ դարի պատմիչ Մովսես Դասխուրանցին է, որ լրացնելով Աղվանքի պատմությունը 7-րդ դարի կեսերից հասցրել է մինչև 10-րդ դարի վերջերը, իսկ մի հատված էլ 12-րդ դարում հավելել է Մխիթար Գոշը, որով էլ ավարտվում է «Աղվանից աշխարհի պատմությունը»:
«Աղվանից աշխարհի պատմության» շարադրանքից ակնհայտ երևում է, որ հեղինակները հայոց եկեղեցու ուղղադավան հավատամքի նվիրյալներ են:
Փաստենք, որ Կաղանկատույքը գտնվում է Մեծ Հայքի Ուտիք նահանգի Առանձնակ Ուտիք գավառում` Տրտու (Թարթառ) գետի ձախ ափին, Պարտավից արևմուտք, Մարտակերտի Մաղավուզ գյուղի մոտակայքում: Նույն գավառում է գտնվել նաև Դասխուրանը:
«Աղվանից աշխարհի պատմության» Բ գրքի ԼԵ գլխում պահպանվել է բանաստեղծ Դավթակ Քերթողի (մոտ 600-670-ից հետո) ողբը:
Դավթակ Քերթողի մասին պատմիչը տեղեկացնում է, որ Ջևանշիր իշխանի (637-670) ժամանակակիցն է, այսինքն` 7-րդ դարի հեղինակ է:
Քերթող մականունը հիմք է տալիս պնդելու, որ Դավթակը կրթություն է ստացել Սյունյաց քերթողական դպրոցում, իսկ հիշյալ Ջևանշիր իշխանի կինը Սյունյաց Արուիճան տոհմից մի իշխանի դուստր է (Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Ե., 1969, էջ 139):
Դավթակի մասին միակ պատմական հիշատակությունն այն է, ինչ գրում է Կաղանկատվացին իր պատմության Բ գրքի ԼԴ գլխում. «Այդ ժամանակ Դավթակ անունով ճարտասանի մեկը, որ ծանոթ էր տաղաչափական արվեստին, ստեղծագործելու մեջ վարժ ու հաջողակ, քերթողական ընթերցման մեջ առաջադեմ, մեջտեղ եկավ: Սա առատ խոսքերի պաճուճանքներով ճարտար կերպով երգում է և շատ լավ գովաբանում` ունենալով այնպիսի լեզու, ինչպիսին ունենում է արագագիր գրողը: Սա շարունակ գալիս և երկար ժամանակ մնում էր պալատում: Իսկ երբ մեծ զորավարի հանկարծահաս սպանության առթիվ օրհասական շշուկը տարածվեց արևելյան երկրի` Աղվանքի վրա, այդ ժամանակ նա սկսեց երգել այբբենական կարգով դասավորված այս ողբը բարյացպարտ Ջևանշիրի վրա և ասաց այսպես» (Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Ե., 1969, էջ 176): Սրան հաջորդող Բ գրքի ԼԵ գլխում էլ Կաղանկատվացին մեջբերում է Ջևանշիրի մահվան մասին ողբը, որը հայոց այբուբենի տառերի հաջորդականությամբ ծայրակապով հյուսված երգ է:
Անվանի հայագետ Պողոս Խաչատրյանը գրում է. «Դավթակը հորինում-երգում է իր ողբը` «ըստ ալփափետաց գլխակարգութեանց», այսինքն` տների սկզբնատառերի այբբենական հաջորդականությամբ, հետևողությամբ Կոմիտասի «Անձինք նուիրեալք» շարականի, կիրառելով նաև վերջինիս չափը» (Գանձարան հայ հին բանաստեղծության, աշխ. Պ. Խաչատրյանի, Ե., 2000, էջ 883):
Հայոց այբուբենի ծայրակապով գրված լինելու փաստն ինքնին հերքում է Դավթակ Քերթողի և նրա ողբը դարերին պարգևողի` պատմիչ Մովսես Կաղանկատվացու այլազգի լինելու ստահոդ տեսակետը:
Սակայն փաստենք նաև, որ դեռևս 5-րդ դարում Սյունիքում ստեղծվեց Սյունյաց քերթողական դպրոցը, որի սաներն անվանվում էին Քերթողներ, որ Սյունյաց քերթողական դպրոցն ավարտողների պատվանունն էր, ինչպես Շնորհալի պատվանունը Կարմիր վանքում ուսանածների համար:
5-րդ դարում այս դպրոցի ներկայացուցիչ Դավիթ Քերթողը թարգմանել է Դիոնիսիոս Թրակացու «Արուեստ քերականութեան» գիրքը` գրելով առաջին քերականական մեկնությունը, որը հետագա տասը դարերի ընթացքում ունեցավ 15 հայ մեկնիչներ:
6-րդ դարի գրական դեմքերի մեջ հիշատակվում է Պետրոս Քերթող Սյունեցին (5-րդ դարի վերջ-554-ից հետո), ում մասին տեղեկություններ պահպանվել են Ստեփանոս Օրբելյանի պատմության մեջ:
Սյունյաց քերթողական դպրոցի սաներից է նաև Գրիգոր Քերթողը (մոտ 550-615-ից հետո): Նա Վրթանես Քերթողի (550-617-ից հետո) հետ, Մովսես Եղվարդեցի կաթողիկոսի (574-604) հրամանով, մասնակցել է 589 թ. Կ. Պոլսի ժողովին: Գրիգոր Քերթողից «Գիրք թղթոց» ժողովածուում պահպանվել է կրոնական հարցադրումներով մի թուղթ` ուղղված Աբրահամ Ա Աղբաթանեցի կաթողիկոսին (607-615): Վերոհիշյալ Վրթանես Քերթողին անվանում են նաև Քչկանորդի, ով Պետրոս Քերթող Սյունեցու աշակերտն էր:
7-րդ դարում Սյունյաց քերթողական դպրոցի առաջնորդն էր Մաթուսաղա Քերթողը (մոտ 570-650-ից հետո), որի ժամանակ քերթողական դպրոցի փառքն այնքան էր մեծացել, որ Կոմիտաս Աղցեցի կաթողիկոսը (615-628) այնտեղ ուղարկեց իր սիրելի եղբորորդուն` աստվածաբան, ուսուցիչ, մատենագիր Թեոդորոս Քռթենավորին:
8-րդ դարում հայտնի է քերական, շարականագիր և թարգմանիչ Մովսես Քերթողը (մոտ 680-մոտ 750): Ստ. Օրբելյանի վկայությամբ` Մովսես եպիսկոպոս Քերթողը 722-729 թթ. եղել է Սյունիքի մետրոպոլիտ:
Քերթողական դպրոցի այս սաների պես իր մականունն է ստացել նաև Դավթակ Քերթողը:
Խոսելով Դավթակի ողբի ձեռագրերի մասին` պրոֆեսոր Ֆ. Մամեդովան գրում է. «Еще две рукописи хранились в ереванском Институте древних рукописей Матенадаран. Я в течение двух лет добивалась разрешения поработать с ними, но так его и не получила»:
Նախ` պրոֆեսորին տեղեկացնենք, որ Մաշտոցյան Մատենադարանում կան ոչ թե 2 ձեռագրեր, որոնք պարունակում են Դավթակի ողբը, այլ բազմաթիվ ձեռագրեր, որոնք ուսումնասիրված են, և դրանց հիման վրա դեռևս 1983 թ. Վարագ Առաքելյանը կազմել է «Աղվանից աշխարհի պատմության» գիտաքննական բնագիրը` Մաշտոցյան Մատենադարանի 12 ձեռագրերի, Անթիլիասի, Սանկտ Պետերբուրգի և Բրիտանական թանգարանի մեկական ձեռագրերի համեմատական քննությամբ: Ավելին` պրոֆեսորին նաև սթափեցնենք, որ ինքը տեղյակ է Բրիտանական թանգարանի 117 ձեռագրի մասին, որը 16-րդ դարի ձեռագիր է, մինչդեռ Դավթակի ողբի հնագույն ձեռագիրը 13-րդ դարի գրչագրություն է` Մաշտոցյան Մատենադարանի թիվ 1531 ձեռագիրը` արտագրված 1288-1289 թթ. Հովհանավանքում:
Ինչ վերաբերում է Մխիթար Գոշին, ապա վերջինս հայ եկեղեցու նվիրյալ վարդապետներից մեկն է, որ մասնակցել է 1205 թ. Լոռեի և 1207 թ. Անիի եկեղեցական ժողովներին: Ծնվել է Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գանձակ քաղաքում, որտեղ ծնվել է նաև 13-րդ դարի հայ պատմիչ Կիրակոս Գանձակեցին, որ եղել է Մխիթար Գոշի աշակերտը Նոր Գետիկի դպրոցում: Կիրակոսը եղել է նաև Հաղպատում, որտեղ էլ Վարդան Արևելցուն պատվիրել է գրել «Մեկնութիւն երգոց երգոյն» երկը: Կիրակոս Գանձակեցին գրել է հայտնի «Հայոց պատմությունը», որում վկայություններ ունի Մխիթար Գոշի մասին: Այսպես` Կիրակոս Գանձակեցին վկայում է, որ Գոշը վարդապետ է. «Այն ժամանակ կային երևելի վարդապետներ` Գետիկի վանքի կառուցող Գոշ կոչված Մխիթարը` մի իմաստուն, հեզ մարդ» (Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Ե., 1982, էջ 127), ապա պատմության ԺԳ և ԺԶ գլուխները նվիրում է իր ուսուցչին, որտեղ գրում է. «Այն հռչակավորն ու գիտությամբ մեծիմաստը Գանձակ քաղաքից էր, զավակ քրիստոնյա ծնողների, որոնք նրան տվին Սուրբ Գրքի ուսման, և երբ չափահաս դարձավ, ձեռնադրեցին կուսակրոն քահանա» (անդ, էջ 151): Ավելին` Կիրակոս պատմիչը վկայում է, որ Գոշը մահացել է խոր ծերության հասակում` 1213 թ.: Մինչև այժմ էլ պահպանվում է Մխիթար Գոշի գերեզմանը` Տավուշի մարզի Գոշ գյուղում` Գոշավանքի դիմաց` հայերեն արձանագրությամբ, ինչին անտեղյակ է ադրբեջանցի պրոֆեսորը:
Ադրբեջանցի պրոֆեսորը պարզապես անիրազեկ է, չգիտի, որ Մխիթար Գոշի անունով պահպանվել է ոչ միայն «Դատաստանագիրքը», որը քրիստոնեական վարդապետության ոգով և եկեղեցականության շահերի դիրքերից գրված մի օրենսգիրք է, և մեզ է հասել 40-ից ավելի հայերեն ձեռագրերով (հնագույն ձեռագիրը Վենետիկի Մխիթարյան մատենադարանի թիվ 1237 ձեռագիրն է` արտագրված Հաթերքում 1184 թ.), Մխիթար Գոշը հեղինակ է Սուրբ Գրքի բազմաթիվ մեկնությունների, ինչպես` «Մեկնութիւն համառօտ Մարգարեութեանն Երեմիայի եւ նախադրութիւն նորին ի Մխիթարայ վարդապետէ Գոշ կոչեցելոյ», «Ճառ ի յարութիւն Ղազարու», «Ողբք ի վերայ բնութեանս` ի դիմաց Ադամայ առ որդիս նորա», «Յայտարարութիւն ուղղափառութեան հաւատոյ ընդդէմ ամենայն հերձուածողաց` ի խնդրոյ մեծ զօրավարին Զաքարէի և եղբօր իւրոյ», «Թուղթ խրատականք», «Ներբողեան ասացեալ ի նոր վկայն կոչեցեալ Խոսրով», «Շարք հայրապետացն Աղուանից», աղոթքներ, առակներ և այլն: Նրա այս երկերի մասին հիշատակություն ունի նաև Կիրակոս Գանձակեցին (տե՛ս անդ, էջ 161):
Մի՞թե այնքան պրիմիտիվ կարելի է լինել, որ «Դատաստանագիրքը» չանվանելով «Դատաստանագիրք Հայոց»` հնարավոր է մտածել, որ քրիստոնյա վարդապետ Մխիթար Գոշը, որ Գոշավանքի հիմնադիր ուսուցչապետն է` բազմաթիվ քրիստոնեական աշխատությունների հեղինակ, որպես քրիստոնյա վարդապետ` մասնակից Լոռեի և Անիի եկեղեցական ժողովներին, կարող է հայ չլինել: Ավելին` Մխիթարը բնիկ հայկական անուն է, իսկ Գոշը ծագել է Գոս` ածականից, որ նշանակում է «ցանցառ մորուս ունեցող», «ամուլ», «քոսա», «անպտուղ»: Կիրակոս Գանձակեցին ևս գրում է Գոշ անվան մասին. «Մականունով այսպես էին կոչում նրան, որովհետև շատ քիչ էին նրա մազերը» (անդ, էջ 160):
Նման գոս և անպտուղ «գիտական» մի հարցազրույց էլ հրապարակել է պրոֆեսոր Ֆարիդա Մամեդովան` հավատարիմ իր հոդվածում հիշատակված հեյդարալիևյան ԿԳԲ-ական ոգուն, որն ակնհայտորեն բացահայտում է Ադրբեջանում պետականորեն ղեկավարվող հակագիտական և հակահայկական միտումը, ինչին, ցավոք, հայագիտությունը չի տալիս արժանի պատասխան: Ավելին` այս հարցերը մեզանում չեն արժանանում պետության ուշադրությանը, մինչդեռ հակառակ կողմում գործում են պետականորեն ծրագրված ու կազմակերպված ուժեր, որոնք հասել են այնտեղ, որ Սայաթ-Նովայից բացի, սկսել են սեփականացնել նաև Քուչակի, Շերամի և այլոց երգերը:
Սա մտքի պատերազմ է. հակառակ կողմից գնդակոծում են, իսկ այս կողմում` համեստորեն կամ անտեղյակորեն լռում, որն անթույլատրելի է: Անհրաժեշտ է պետական մակարդակով կազմակերպել պատասխանը, թարգմանել աշխարհի տարբեր լեզուներով ու տարածել` հերքելով ադրբեջանական կեղծիքը, որ պարբերաբար դրվում է շրջանառության մեջ: