ԳԹ-ի հարցախույզին պատասխանում են երիտասարդ գրողները
Վահե Արսեն – Ընդհանուր առմամբ դեմ եմ: Սոցիալական այս ծանր իրավիճակում, արտագաղթի նման պայմաններում հասարակության, ժողովրդի ուսերին նոր բեռ դնելու ժամանակը չէր:
Անուշ Ասլիբեկյան – Դեմ եմ: Երևույթը ինձ չի գոհացնում: Անվստահություն կա երկրի հանդեպ, որտեղ ոչ մի բան չի արվում քաղաքացու համար: Եթե այսօր տեղի ունեցող ակնհայտ անարդարությունները չեն լուծվում ի շահ քաղաքացու, ես ինչո՞ւ պիտի հավատամ, որ որևէ օրենք 20 տարի հետո իմ օգտին է գործելու:
Դիանա Գրիգորյան – Դեմ եմ: Անկեղծ ասած` ակտիվ չեմ պայքարում, չեմ միանում ցուցարարներին զուտ ժամանակի և զբաղվածության առումով: Պարզապես շարունակ հետևում եմ «Facebook» սոցիալական կայքով և «լայքեր» եմ անում` այդ կերպ փորձելով ինչ-որ մասնակցություն ունենալ: Իհարկե, կուզեի ավելի ակտիվ լինել: Պետք է հաշվի առնել մեր ներկա վիճակը: Ստանում ենք ցածր աշխատավարձ, որը բավարար չէ նվազագույն կարիքները հոգալու համար, և մշակել «հեռանկարային» ծրագիր, որը տարիներ հետո չգիտես ինչի կվերածվի, սխալ է: Չկա վստահություն:
Էլֆիք Զոհրաբյան – Դեմ եմ: Հավաքներին մասնակցել եմ, արտահայտել եմ իմ բացասական դիրքորոշումը, նշել եմ, որ հավատ չկա ղեկավարության հանդեպ: Ժողովրդական խոսքը փոքր-ինչ փոփոխած` «Էշ, սատկի, գարուն կգա, հարություն կառնես»: Հեռուստաեթերից լինի, թե հարցազրույցում` դեմ եմ արտահայտվում: Երիտասարդությունը հավատ չունի մեր քաղաքական ճակատագիրը կառավարող անձանց հանդեպ: Ինչո՞վ կարող ենք վստահ լինել, որ տարիներ հետո ետ կստանանք դա:
Թոնդրակ – Դեմ եմ:
Գևորգ Թումանյան – Դեմ եմ, Գյումրիում պայքարելու ձև չկա: «Պարտադիր» բաղադրիչին եմ դեմ: Պետք չէր այդ բառը: Ըստ ցանկության պետք է լիներ ամբողջ գործընթացը, չպետք է ստիպեին, որ մենք էլ ենթադրեինք, թե ինչ-որ բաների հետ է կապված:
Սարգիս Հովսեփյան – Դեմ եմ: Ակտիվ գործունեություն չեմ ծավալում: Եթե հնարավորություն է լինում, ակցիաներին մասնակցում եմ: Ընտրության հնարավորություն չկա: Խոսքը երկար տարիների մասին է, վստահություն չկա: Այսօր խնդիրներ չեն կարողանում լուծել, հուսադրող չէ: Պետական ինստիտուտները վստահություն չեն ներշնչում: Ռեֆորմ անողները պիտի նախ և առաջ վստահություն ներշնչեին:
Արքմենիկ Նիկողոսյան – Կուտակային կենսաթոշակի գաղափարին կողմ եմ ընդհանրապես, որովհետև եվրոպական երկրների օրինակով տեսնում ենք` ինչ արդյունավետ է, թոշակառուները որքան ապահովված են Եվրոպայում: Ցավոք, քաղաքական վիճակը Հայաստանում անկայուն է ու աբսուրդային, և դժվար է հավատալ, որ նույնը կկրկնվի այստեղ: Եթե մի նախադասությամբ բնորոշեմ` «Դեմ եմ կենսաթոշակային կուտակային համակարգին Հայաստանի ներկա իշխանությունների օրոք»:
Նաիրա Համբարձումյան – Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքը հստակ պատկերացում չի տալիս ՀՀ քաղաքացու սոցիալական կարևորագույն խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ: Ավելին, ուշադիր ընթերցումը պարզում է սույն օրենքի անհեթեթ կողմերը, եթե չասեմ՝ էմպիրիկ ճարտասանություն կամ սիրողական բարբաջանք լինելը հետևյալ կետերում՝
ա. սույնը խոր, մոլեկուլյար մակարդակի ու հոգեբանական բնույթի խնդիր է, որն անհնար է լուծել մետապատմական պատճառաբանություններով,
բ. օրենքով նախատեսված պարտադիր կուտակային բաղադրիչը խաթարում է ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված սոցիալական մի շարք իրավունքների իրականացումը՝ դրանով հակասելով նաև սոցիալական պետության սահմանադրական համակարգին,
գ. հիմնավորված չէ ինչպես պետության կողմից ֆոնդերի երաշխավորությունը պետբյուջեի վրա թողնելը, այնպես էլ այլ հարցեր, որոնց տեղի սղության պատճառով չեմ անդրադառնում,
ուստի դեմ եմ կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքին,
քանի որ «Կենսաթոշակային բարեփոխումներ» ու նման ծրագրերը այսօր կիրառվում ու հաջողություն են գտնում տնտեսապես զարգացած երկրներում, որոնցում տասնամյակներ շարունակ հաստատվել է պետություն-հասարակություն փոխադարձ վստահությունը: Այդ պետությունների շարքում, ցավոք, չեմ կարող նշել մերօրյա Հայաստանը: ՀՀ քաղաքացին փորձաճագար չէ, որի վրա կարելի է փորձեր դնել անսարք լաբորատորիաներում:
Էդուարդ Հարենց – Դեմ եմ:
Նառա Վարդանյան – Միանշանակ ԴԵՄ եմ պարտադիր կենսաթոշակային համակարգին, որովհետև համատարած համակարգային թալանի մշակույթ է ձևավորվել՝ կարմիր գծեր, արագաչափեր, կենսաչափական անձնագրեր: Քաղաքացիներն այսօր վճարում են 24.4 % եկամտային հարկ, որն իր մեջ ներառում է բոլոր տեսակի սոցվճարները, սրան ավելանում է նաև ապագա իրենց կենսաթոշակային կուտակումների պահումները: ՊԱՐՏԱԴԻՐ և ցավոտ այս բարեփոխումը ստիպում է 60 տարի ետ նայել ու տեսնել անկայուն դրամական և քաղաքական փոփոխությունները և, բնականաբար, որևէ հիմք չեմ տեսնում վստահելու կառավարության խոստումներին, պահանջում եմ ՍԴ-ից հակաօրինական ճանաչել այս պարտադիր՝ մարդու իրավունքներին դեմ ու հակասող օրենքը: