Գրիշ ԴԱՎԹՅԱՆ

ԼՌՈՒԹՅԱՄԲ ՀՈՏՆԿԱՅՍ
Դեռ չեն հնչում,
Դեռ լռում են
Հաղթանակի շեփորները խորիմաստ.
Լռության խուլ ղողանջներով,
Դեռ սգում են,
Նահատակին դիտապաստ։

Կարմիր զոհը,
Մաքառումի վեհ հերոսը,
Սուրբ արյունով շահեց մարտը,
Կռիվը հուսկ,
Մեծ պայքարի
Հաղթանակած ավարտը։

Ու չեն հնչում,
Դեռ լռում են
Հաղթանակի շեփորները ոսկեփող,
Որ բոսորով օծվեցին,
Նահատակի սուրբ արյունի
Փրփուրներով երկնաշող։

Ոգեկանի լավան լափով
Օծեց դաշտը բախումների,
Ուր շիկացած կռիվ ու կագ,
Կյանք ու մահվան հուր խառնուրդով
Դարբնեցին կործանումները սնանկ,
Կարծրացրին ճոխացումով
Հաղթանակը սուղ ու թանկ։

Դեռ լռում են
Շեփորները հաղթության.
Ու հոտնկայս
Մի րոպե խոր լռությամբ
Հարգում ենք զոհ, վեհ հերոսի
Պատարագումը կյանքի,
Որպես արյունոտ արմաղան
Հաղթանակի կենսական։

Լռության մեջ
Միայն սրտեր են բաբախում.
Կուրծքերի ու հույզերի սուրբ ելևէջ։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։