ԵՐԵՔ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ
Այո՛, համարձակություն եմ հանձնառում ասելու, որ այս օրերին Հայաստանը գտնվում է երեք մարտահրավերների խաչմերուկում:
Առաջին. ՊԱՏԵՐԱԶՄ
Պատերազմը հայտարարված է Երկիր մոլորակին: Քանի ամիս է` այդ աղետը պարուրել է գերհզոր ու քարտեզի վրա չերևացող պետություններին, և ո՛չ գերհզորի, ո՛չ չերևացողի ղեկավարը հոդաբաշխ բացատրություն չի տվել` ի՞նչ է այս COVID-ը, որտեղի՞ց եկավ և ո՞ւր է մեզ տանելու: Հայաստանը մոլորակի մի անկյունն է` աղետից ապահովագրվելու` մնացած երկրներին հավասար բոլոր իրավունքներով ու հնարավորություններով: Ու քանի դեռ վերջակետ չի դրվել համամոլորակային այս աղետին, վաղ է սխալ ու մեղավոր փնտրելը: Մնում է միակ ողջամիտ որոշումը` պայքարել: Բոլոր ուժերով: Միասին:
Երկրորդ. ԴԻՎԵՐՍԻԱ
Մեր երկրի բախտը այս աղետալի ժամանակում չբերեց` երկու տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությանը (դեռ հավատում եմ, որ իշխանափոխություն չէ, և սպասում եմ համակարգային փոփոխություններին) պիտի հետևեր քաղաքական բեմից հեռացած (միայն հիշենք` համազգային ի՛նչ ցնծությամբ հեռացված) ուժի ռևանշի ձգտումը: Բնական է. ով փոքրիշատե պատմություն գիտի, հանգիստ կվերաբերվի այս իրողությանը: Պարզապես քաղաքացիական ընդհարումները սոցիալական ցանցեր տեղափոխվեցին` արտաքո սաբոտաժների ուղեկցությամբ: Սակայն այն, ինչ կատարվում է համաճարակի օրերին, խելքից ու մտքից դուրս է: Կարճ կապեմ` իրենց ընդդիմություն ձևացնողների լավագույն լակմուսի թուղթը նախկին վարչապետ (վարչապետ, Կա՛րլ) Հրանտ Բագրատյանի` Ալիևին ուղղված հրավեր-կանչն էր: Սա արդեն ու վաղուց քաղաքական պայքար չէ, սա մի անուն ունի` դիվերսիա` երկրիդ թիկունքում, յուրայիններիդ ձեռքով:
Երրորդ. ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՈ՞ՒՄ…
Այն վարքը, որ այս ամիսներին դրսևորում է ՀՀ քաղաքացիների մի մասը, այլ կերպ բնորոշել չեմ կարող: Ասես գրազ են եկել ճակատագրի հետ և նախապես հաղթաթուղթը գրպանները դրած` դուրս են եկել փողոց` վտանգելով սեփական ու դիմացինների կյանքը: Այո՛, բացթողումներ եղել են ու կան, հենց միայն պարետի ինստիտուտը, որ պետք է դառնար այս ամիսների օրակարգ ու կանոնակարգ թելադրողը, չկայացավ: Գոնե մինչ այսօր, կարող եմ ասել, որ պարետատան աշխատանքը ձախողվե՛լ է: Աններելի սխալ էր արցախյան խնջույքին առաջին դեմքերի` անդիմակ մասնակցությունը. անլուրջ վերաբերմունք, որ բումերանգի ազդեցություն ունեցավ: Կարելի է շարունակել, բայց… Բայց այդ ամենը ի՞նչ կապ ունի սոցիալական տարածություն պահելու և այն դիմակի հետ, որը ոչ թե պիտի ցույց տաս ոստիկանին ու հետո գրպանդ խցկես, այլ կրես` պահպանելով տարրական կանոնները, և այդ կերպ, ի՞նչ իմանաս, ո՛ւմ և քանիսի՛ կյանքը կարող ես պաշտպանել: Ու վստահ եմ, որ եթե կարողանայինք ամեն մեկիս վրա մեկ ոստիկան կարգել, մարդը, որ հայտարարում է. «Նախ` վիրուս չկա, հնարել են մեզ խաբելու համար, երկրորդ` ես երկու տարի առաջ եմ էդ վիրուսով հիվանդացել, ու երրորդ` ինձ էդ վիրուսը չի կպնի», շարունակելու է դիմակը պահել գրպանում:
Թե ինչ ավարտ են ունենում պատերազմներն ու դիվերսիաները, մարդկության պատմությունը վաղուց է տվել պատասխանը: Մնաց երրորդը…
Հ.Գ. Պարո՛ն Փաշինյան, եթե այս իրավիճակը լիներ մեկուկես տարի առաջ, ի՞նչ եք կարծում, Ձեր մեկ կոչը` ուղղված հանրությանը, ի՞նչ արագությամբ ու միակամությամբ կընդունվեր: Ինչպես կասեր դասականը` «Информация к размышлению»…
Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ
ԱՂՋԻԿՆԵՐ