1. 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը դարձավ անկախ, ինքնիշխան պետություն: Այս իրողությունը կմնա որպես պատմական փաստագրում ու կփոխանցվի սերնդեսերունդ:
Սա մի անգնահատելի ուրախություն է, առանձնակի հպարտություն, ինքնության արժևորում, վերջապես, պետականություն ունենալու հաճելի զգացություն է, երկար սպասված զավակի ծնունդ…
ԽՍՀՄ կայսրության փլուզումից հետո անկախություն ստացավ 14 երկիր: Կարելի է նույնիսկ ասել, որ եթե չուզենային էլ՝ կպարտադրվեր: Ռուսաստանը անհեռատեսորեն ձերբազատվեց իր սահմանները ավելի ամուր դարձնող երկրներից ու… տուժեց:
Հայաստանն անկախացավ, ունենալով արցախյան խնդիր, Թուրքիա և Ադրբեջան թշնամական երկրներին միայնակ դիմակայելու ու ներքին ցեցի դեմ երկարաժամկետ պայքար մղելու հեռանկար: Մեր անկախությունն իր հետ բերեց նաև բազում մտահոգություններ: Այսօր մեծ գումարներ ենք հատկացնում զենք ու զինամթերք գնելու և բավարար քանակի սպաներ ու զինվորներ պահելու համար: Ընդդիմադիր ներկայացողները մեծամասամբ երեկվա երկիրը թալանողներն են, ժողովրդի անունից խոսող, սակայն ամեն բան իրենց շահին ծառայեցնող անամոթ ճարպիկները: Թակիդեսն ասել է. «Քաղաքացիների համար օգտակար է, երբ պետությունը ծաղկում է ամբողջովին, այլ ոչ՝ երբ առանձին մարդիկ բարգավաճում են, իսկ ամբողջը՝ քայքայվում»: Ավաղ, ինքնամաքրման գործընթացը դանդաղում է, ներքին թշնամին շարունակում է գործել, ու վտանգվել է մեր անկախությունը: Հարկավոր է արագորեն ազատվել պաշտոնավարող նախկին թափթփուկներից և անարժան յուրայիններից: Չպետք է մոռանալ, որ «Նրանք, ովքեր հեղափոխություն են անում կիսով չափ, գերեզման են փորում» իրենց համար (Սեն Ժյուստ):
2. Հուշեց, որ իրեն պահպանելու և ազատ քաղաքացի լինելու համար հարկավոր է իրավունքներն ու պարտականությունները դնել աչքի համար տեսանելի միևնույն հարթության վրա:
Ազատ, ինքնիշխան «Հայաստանի Հանրապետություն» կոչվող երկիրը ինձ դարձրեց հպարտ քաղաքացի, իմ մեջ հավատ արթնացրեց վաղվա օրվա նկատմամբ, հոգիս լցրեց նորանոր ներշնչումներով, ու համարյա հուսախաբ եղած գրիչս սկսեց գործել նոր եռանդով ու վառ գույների ընտրությամբ: Ճիշտ է, մտահոգ ու տագնապոտ եմ դեռևս հնարավոր անցանկալի զարգացումների պատճառով, սակայն պատրաստ եմ ամեն կերպ պաշտպանել ազգիս ազատատենչ ձգտումներն ու նվիրական երազանքները (մինչև անգամ սպարտացիների պես):
Ես ուզում եմ խնդրել ամեն մի հայի, որ ազատությունը չտեսնի օրենքից դուրս ու կարողանա իր ես-ը դնել ամենահաղթ մենք-ի մեջ: