Հայո՞ց պատմություն, թե՞ Հայաստանի։
Հայրենի՞ք, թե՞ պետականություն։
Արարա՞տ, թե՞ Արագած։
Որ այսքան կռվում ու վիճում ենք, հասկանալո՞ւ են այս հարցադրումները «երկնողները»։ Բայց այս մարդիկ հասկանալու խնդիր չունեն, խորանալ-հասկանալը իրենց համար նույնիսկ վտանգավոր է, որովհետև դա հանկարծ կարող է խիղճ արթնացնել, իսկ խիղճը իշխելուն հակացուցված է։ Մարդիկ որոշել են և կարող են խորհրդարանում քվեարկելով` հաստատել, որ կարևորը Հայաստանի պատմությունն է, ոչ թե Հայոց պետությունը, կարևորը պետականությունն է, ոչ թե հայրենիքը, կարևորը Արագածն է, ոչ թե Արարատը։ Կամ, ասենք, եթե տվյալ անձը կրթության, գիտության և էլի ինչ-ինչ բաների նախարարն է ու համոզված է, որ հայրենիքի «գաղափարը փուչիկ է», որ հայրենիքի գաղափարը «վտանգավոր է», հայրենիքի գաղափարը չի թողնում, որ մենք սիրենք իրար (օրինակ՝ մեր «խանութի վաճառողին»), կարող են խորհրդարանում քվեարկելով հաստատել։ Ու եթե նրա` փոխնախարարի համար (որը նախորդ իշխանությունից «Մովսես Խորենացի» մեդալ է ստացել) «ՄԻՆՉԵՎ ՀԱՍԿԱՆԱԼԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ» ձևակերպումը կարող է կառավարական ծրագրի կարգախոս դառնալ, նաև ցատկահարթակ՝ Մատենադարանի տնօրեն դառնալու համար, ապա…
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի հերթական նիստի ժամանակ է երկրի առաջին դեմքը հայտարարել, որ «մի խումբ մանկավարժներ, գիտնականներ դիմել են նախարարություն՝ առաջարկելով «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն» («Հայկական ժամանակ», https://www.armtimes.com/hy/article/278499?fbclid=IwAR0_QMjxejB2iI6MS2ry3LMsj0cS8myf-flbDYOtFssvyBDXJHJN4JoQsLY): Այսօրվա փոխնախարարին հարցնում են՝ ովքե՞ր են «տարբեր մասնագետներ»-ը, «մի խումբ մանկավարժներ, գիտնականներ»-ը, խուսափում է պատասխանել։
Նույն տեղում կառավարության ղեկավարը ասում է. «Հայաստանի պատմությունը ենթադրում է պետականության պատմություն՝ պետականության բացակայության դրվագներով» («Հայկական ժամանակ», https://www.armtimes.com/hy/article/278499?fbclid=IwAR0_QMjxejB2iI6MS2ry3LMsj0cS8myf-flbDYOtFssvyBDXJHJN4JoQsLY)։ Բայց պետականությունը պետության հետ շփոթել պետք չէ, քանի որ պետականությունը չի կարող պատմություն ունենալ, պատմություն կարող է ունենալ պետությունը, եթե, իհարկե, եղել է։ Հենց այստեղից էլ սկսվում է խառնաշփոթը։
Ի՞նչ է պետականությունը:
Ըստ էդ. Աղայանի բառարանի` բուն, առաջին իմաստով` պետականությունը «պետական կառուցվածք` կարգ, պետության կազմակերպության սիստեմն» է, իսկ ըստ Հր. Աճառյանի բառարանի՝ պետականությունը «պետական կառուցվածքը՝ կարգերը, պետական կազմակերպությունն» է։ Հիմա՝ ի՞նչ, մենք ուզում ենք ողջ «Հայոց պատմությունը» փոխարինենք պետական կառուցվածքի՞` կարգերի՞, պետական կազմակերպությա՞ն պատմությամբ։ Թե՞ երկրորդ իմաստները ավելի կարևոր են, քան բուն իմաստները։
Ես պահանջում եմ, որ ՀՀ կառավարության անդամները և ԱԺ պատգամավորները անպայման հայոց լեզվի իմացության ատեստավորում անցնեն։ Դատելով այն լեզվական մշակույթից, որին ամեն օր բախվում ենք ԱԺ և կառավարության նիստերին հետևելիս՝ նման պահանջը օրախնդիր է, քանի որ մայրենի լեզվին պատշաճ չտիրապետելը արդեն իսկ հանգեցնում և հանգեցնելու է պետության, հայ ժողովրդի արժեքային համակարգի ցավալի փլուզման։