Դասագիրքը, որով գիտելիք է տրվում աշակերտին, որով սերունդ է կրթվում ու դաստիարակվում, պետք է լինի կատարյալ, անթերի և զերծ «վրիպակներից»: Հատկապես այն «վրիպակներից», որոնք խեղաթյուրում են մեր պատմությունը՝ հօգուտ թշնամական երկրների: Գրքում դրվում են քարտեզներ, որտեղ խախտված են մեր Հայրենիքի սահմաններն, ու Արցախը ներկայացվում է վերջին դարում միայն կազմավորված ադրբեջանական երկրի տարածք… Կտրել ժողովրդին իր անցյալից՝ իր արմատներից, ազգադավություն է…
Ինչո՞ւ Հայոց պատմություն և ոչ թե` Հայաստանի: Հայաստանի պատմությունը կարող է ներառել մեր ժողովրդի ոչ վաղ անցյալն ու ներկան: Հայոց պատմությունն ավելի ընդգրկուն հասկացություն է և վերաբերում է հեռավոր դարերի խորքից եկած ու մեզ փոխանցված այն բոլոր տեղեկություններին, որով անցել են մեր նախնիները: Արդյոք մեր արմատներից, մեր անցյալից կտրելու միտում չունի՞ այս ծրագիրը. Ուրարտու, Մեծ Հայք, Փոքր Հայք, Վանի թագավորություն…
Ես զրուցել եմ գյումրեցի շատ մանկավարժների, մտավորականների հետ, ու նրանք, առանց բացառության, համամիտ են, որ դասագիրքն անվանվի «Հայոց պատմություն»: Գիտեմ, որ հակառակ շատերիս կարծիքի՝ որոշումն ընդունվել է՝ դասագիրքը վերանվանել «Հայաստանի պատմություն», բայց լռել՝ նշանակում է համամիտ լինել: Գուցե պատկան մարմինները վերանայեն և հաշվի՞ առնեն շատերիս կարծիքն ու մտահոգությունը: Գուցե հրատարակչության տնօրենները հրաժարվե՞ն տպագրել այն դասագրքերը, որոնք անընդունելի են ցանկացած հայրենասեր անձի համար: Չմոռանանք դասագրքի ու դպրոցի գինը, չարժեզրկենք այն: Ամեն ինչ սկսվում է փոքր սխալից: Մենք սխալվելու իրավունք չունենք: