Յուրաքանչյուր պետության հիմնական և ամենակարևոր կառույցներից մեկը ազգային բանակն է։ Անկախ պետականության հաստատումից հետո մենք գրեթե համոզված էինք, որ մեր բանակը տարածաշրջանի ամենաուժեղն ու ամենամարտունակն է։ Բայց պարզվեց, որ սխալվում էինք։ Մինչ մենք այդ մոլորության մեջ էինք, 94 թվականին խայտառակ պարտություն կրած մեր թշնամի Ադրբեջանը զինվում և պատրաստվում էր կորցրածը ետ բերել։ Կույրն էլ դա կտեսներ, բայց մեր իշխանություններն զբաղված էին դղյակներ կառուցելով և արտասահմանյան բանկերում գողոնները պահ տալով։ Նույնը, իհարկե, անում էին Ադրբեջանի իշխանությունները, բայց չէին մոռանում զինվել, որպեսզի, երբ գա հարմար պահը, ետ բերեն կորցրածը։ Իսկ մենք, կարծես, դա չէինք տեսնում։ Դժբախտաբար, երբ իշխանության անցան ներկայիս կառավարիչները, չտեսնելու, չզգալու, խաբված լինելու զգացողությունն ավելի խորացավ։ Մոռանալով անցած ազգային պատմությունը, չճանաչելով կամ իրենց չճանաչողի տեղ դնելով՝ սկսեցին խոսել խաղաղությունից, թուրքի հետ բարեկամությունից, ազգային հզոր բանակի ոչ անհրաժեշտ լինելուց և նման դատարկաբանություններից, ինչը հավասար էր ազգադավության։ Այնինչ` թուրքը նույնն է, նույնիսկ՝ ավելի թուրք։ «Կրնանք ըսել մեկ բան՝ նոյն թուրքն է, միայն թե ավելի գերարդիական զգացմունքով»,- Պեյրութի «Սփյուռք» շաբաթաթերթի 1975, թիվ 2, 21 Յունուարի թիվին մեջ»։ Կույրը կտեսներ, խուլը կլսեր, որ մեր դարավոր թշնամի թուրքը 30 տարիների ընթացքում կարողացել է հաղթահարել պարտվողի հոգեբանությունը, պատրաստվել ետ բերելու կորցրածը, նույնիսկ փորձեր էր անում։ Եվ վստահ լինելով իր ռազմական առավելությանը, իր թիկունքում ունենալով Թուրքիային ու Իսրայելին՝ անցավ հարձակման։
Մենք խայտառակ պարտություն կրեցինք։ Ազգային բանակը չկարողացավ պահել իր պաշտպանության տակ եղած տարածքը, և արդյունքը պարզ էր… Պատճառները բազմաթիվ էին, բայց նոր իշխանությունները կարծես թե դաս չառան։ Բանակի փորձառու սպաները հեռացվել էին բանակից, նորերը կենսափորձ չունեին, մինչ թշնամին զինվել էր անօդաչուներով, մեր իշխանությունները քմծիծաղով էին լսում դրա մասին զեկուցումներն ու առաջարկությունները… Կարելի է այսպես երկար շարունակել։ Այդքանից հետո, փոխանակ ողջ ուշադրությունը կենտրոնացնելու ազգային բանակի վերազինման և գաղափարապես վերադաստիարակման վրա, խոսվում է խաղաղության, նույնիսկ ուժեղ բանակի ոչ անհրաժեշտության մասին։ Այն դեպքում, երբ մեր հարևանները վաղուցվանից կոնկրետ ատելության ծրագրեր են ներարկում իրենց երեխաներին դեռևս դպրոցական տարիքից և երբեք չեն հրաժարվի իրենց տարածապաշտական ծրագրերից։ Հետևաբար, մենք ինչքան էլ խորամանկենք՝ բարեկամությունից ու տարածաշրջանի խաղաղությունից խոսենք, մեր թշնամիները իբր թե համաձայն կլինեն մեզ հետ, բայց, մեզ մոլորեցնելով, իրականացնելու են իրենց ծավալապաշտական ազգային ծրագիրը։ Իսկ մենք… Երեսնամյակում չկարողացանք ոչ միայն երկրում, այլ գոնե բանակում կարգ ու կանոն հաստատել։ Սկզբնական շրջանում բազմաթիվ զորամասերում իշխում էին «լավ տղերքը», նույնիսկ շատ հրամանատարներ ենթարկվում էին նրանց։ Այդ ժամանակ շատ զորամասերում հրամանատարներ էին նույնիսկ դպրոցական ոչ լրիվ կրթություն ունեցող մարդիկ, որոնք տարբեր ճանապարհներով կոչումներ էին ձեռք բերել։ Եվ դա ինչ-որ տեղ հասկանալի էր։ Բայց հիմա, երբ հրամանատարները լիարժեք կրթություն են ստանում, դարձյալ բանակում կարգ ու կանոնը բացակայում է։ Դա է ապացուցում հաճախակի անիմաստ զոհերի քանակությունը։ Իհարկե, խաղաղ ժամանակ կարող են լինել զոհեր, միշտ էլ եղել են, բայց հիմնականում զորավարժությունների ժամանակ։ Վերջին շրջանի երեք զոհերը կարող էին չլինել, եթե բանակում կարգ ու կանոնը լիներ բարձր մակարդակի վրա։ Չէ՞ որ բանակը պետական և ազգային պաշտպանության կարևորագույն կառույցն է, և ամեն ինչ պետք է արվի, որ այն լինի իր բարձրության վրա։ Թե չէ ի՞նչ է նշանակում՝ հայրը եկել էր տղային տեսակցության, եղանակի անբարենպաստության պատճառով չկարողացավ հասնել զորամաս, զանգահարեց տղային։ Նա էլ դուրս եկավ զորամասից, վատ եղանակի պատճառով զոհվեց ճանապարհին։ Իսկ ո՞ւր էր հրամանատարությունը։ Ինչո՞ւ էր իր զինվորին բաց թողնում վատ եղանակին։ Կամ ինչպե՞ս կարող էին կացարանում հրդեհից վառվել մի խումբ զինվորներ, ինչի պատճառը մինչև հիմա չի բացահայտվում, իսկ շրջանառվող պատճառն այնքան էլ համոզիչ չէ։
Նորմալ պայմաններում և նորմալ վերաբերմունքով զինվորը կարող է զոհվել մարտի դաշտում, մնացած զոհերն անտարբերության և անկազմակերպության հետևանք են։ Մենք ազգովին պետք է հետևություն անենք դրանից և դիմենք անհրաժեշտ միջոցների։