Lyra omnis (Պոեզիա բոլորին) մատենաշարով

Ժամանակակից համաշխահային պոեզիայի անվանի հեղինակներին ներկայացնող հունգարական AB ART հրատարակչության մատենաշարի 39-րդ հատորյակը նվիրված է Գագիկ Դավթյանին: Հայ բանաստեղծի հունգարերեն երկրորդ գիրքն է սա՝ հրատարակված Բուդապեշտում, և թվով 10-րդը՝ արտերկրում: «Անգլուխ ձիավորը» վերնագրված այս գիրքը ներառում է նաև նախորդ՝ «Բաց նամակ» ժողովածուն, որը արագությամբ սպառվել և դարձել է մատենագիտական եզակի նմուշ: Գիրքը անգլերենից և ֆրանսերենից թարգմանել է Աթթիլա Ֆ. Բալաժը:
Գրքի «Լռության խշշոցը Գագիկ Դավթյանի բանաստեղծություններում» վերնագրով վերջաբանում, որի հեղինակն է հունգար բանաստեղծ, արձակագիր, գրականության տեսաբան Իլդիկո Կեգլը, մասնավորապես կարդում ենք. «Նրա բանաստեղծություններում իրականությունն է՝ իրականությունը խոսքի և իրականությունը լռության: Հայ բանաստեղծը հիանալի է պատկերում լռությունը. այնքան գեղեցիկ, որ այն լսելի է հեռու հեռուներից: Գագիկ Դավթյանի լռությունը խոսում է մեզ հետ. հեռու է ճնշող լինելուց, ավելի շուտ անվերջ է, ինչպես անշարժ երկինքը: Դուք կարող եք տեսնել այդ լռությունը՝ միահյուսված ներդաշնությունից և գեղեցկությունից, խռպոտ շշուկից՝ կապույտ տերևների, և քնած օրիորդի շնչառությունից: Գագիկ Դավթյանը գիտի, որ մեծ բացահայտումները լռության մեջ են ծնվում, ուստի թույլ չի տալիս, որ բառերը ծանրաբեռնեն իր բանաստեղծությունները։ Նա ժամանակ է թողնում լռությունը վերծանելու համար, քանզի կարծում է, որ լռությունից ավելին կարելի է սովորել, քան խոսքից, որ «Լռության մաքրությունը, նրա վերերկրային իմաստությունը// Միշտ պարզ ճշմարտություն է հուշում»։
Գոյաբանական իմաստով ամենազգայուն բանաստեղծություններից մեկում հեղինակը վարպետորեն պատկերում է անդորրն ու փխրուն վիճակը, երբ ամեն ինչ իր տեղում է։ «Սեղանին դրված գիրքը լսում է// քնած օրիորդի շնչառությունը// և ակամայից հասկանում նրա երազանքները». ըստ Վիտգենշտեյնի՝ այն, ինչի մասին չի կարելի խոսել, պետք է լռել։ Բայց կա՞ ավելի գեղեցիկ լռություն, քան խաղաղ քնած օրիորդի կերպարը։ Կատարելապես եզակի են Գագիկ Դավթյանի լռության որակն ու լռության սիմվոլիկան՝ նա դյութիչ պատկերներով, իդեալիստական ​​փոխաբերություններով ու անձնավորումներով է պատկերում լռությունը, դադարն ու խաղաղությունը։
Նրա բանաստեղծական աշխարհում գեղագիտական ​​նրբագեղությունը ներդաշնակորեն զուգորդվում է տրանսցենդենտության հետ՝ մղելով ընթերցողին հեռանալ իր ներաշխարհից և ձևակերպել հարցը. գուցե չիրականացած մեր երազները նո՞ւյնպես մենք ենք (Մեր երազները): Եվ որքանո՞վ են դրանք մեզ նման։ Ինչպե՞ս է անավարտ երազը ինտեգրված մեր անձի մեջ, որտե՞ղ է այն ինտեգրված: Իրականացած ամեն մի երազ//արժե ոչ պակաս,//քան ամբողջ մի կյանք…//Չիրականացած ամեն մի երազ//քայքայում է մեզ//վայրկյան առ վայրկյան…//Չիրականացած երազները մեր//քայքայում են մեզ բջիջ առ բջիջ,//քայքայում են մեզ,//բայց միևնույնն է,//փառք երազների և կյանքի վեճին…»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։