Մարտի 6-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ անդամների «Գրական տեղեկատու»-ի շնորհանդեսը: Տեղեկատուն կազմել է ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, խմբագիրն է Սամվել Կոսյանը: Գիրքը տպագրվել է «Վան Արյան» հրատարակչությունում: Է. Միլիտոնյանը շնորհավորեց գրողներին հրատարակված գրքի կապակցությամբ՝ նշելով. «Գրական տեղեկատուն բացառիկ է այն առումով, որ ներառում է ոչ միայն Հայաստանում ապրող, այլև Արցախի գրողների միության անդամների և սփյուռքահայ գրողների կենսագրությունները»:
Գրական տեղեկատուն հրատարակվել էր 1975, 1981 և 1986 թվականներին: Այս՝ թվով չորրորդ տեղեկատուն տպագրվել է Թարյան (Մխիթարյան) ընտանիքի հովանավորությամբ: Էդ. Միլիտոնյանը շնորհակալագիր հանձնեց Անահիտ Թարյանին: Ա. Թարյանը շնորհակալություն հայտնեց գիրքը տպագրության նախապատրաստողներին:
Սամվել Կոսյանն իր խոսքում նշեց, որ տեղեկատուն հանրագիտարանային հրատարակություն է, և ահռելի աշխատանք է կատարվել այն ամբողջացնելու համար: Գիրքը տպագրվել է ըստ հեղինակների ներկայացրած տեքստերի:
Հրատարակիչ Վան Արյանը խոսեց գրքի տպագրության ընթացքում առաջացած դժվարությունների և դրանց հաղթահարման մասին:
Բանաստեղծուհի Անուշ Վարդանյանը կարևորեց տեղեկատուի տպագրությունը և շնորհավորեց գրողներին:
Գրականագետ Արմեն Ավանեսյանն առաջարկեց գրողների մասին տեղեկությունները տեղադրել նաև ՀԳՄ կայքում:
Սեփ. լրտ.