Մարտի 5-ին ՀԳՄ-ում տեղի ունեցավ «Բյուրակն» կրթահամալիրի աշակերտների հանդիպումը «Երբ Արցախը պաշարված էր» գրքի արցախցի հեղինակների հետ: Օրը նշանակալի էր Վազգեն Սարգսյանի տարեդարձով, և աշակերտները ՀԳՄ ճեմասրահում ծաղիկներ դրեցին նրա լուսանկարի մոտ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ողջունեց աշակերտներին, խոսեց Վազգեն Սարգսյանի, նրա գրականության ու Արցախյան պատերազմում ունեցած հսկայական ներդրման մասին, տեղեկացրեց, որ ԵԿՄ առաջին շտաբը՝ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, ստեղծվել է ՀԳՄ-ում: Այնուհետև Կլոր սրահում Էդ. Միլիտոնյանը խոսեց «Երբ Արցախը պաշարված էր» գրքի և արցախցի յոթ հեղինակների գրքերի մասին, որոնք տպագրության են պատրաստվել և հրատարակվել Երևանում՝ Արցախի շրջափակման ընթացքում: «Արցախցի գրողների ստեղծագործությունների տպագրման նպատակն էր աշխարհին ցույց տալ Արցախի իրավիճակը պաշարման ընթացքում: Գեղարվեստական գրականությունն, ի տարբերություն հրապարակախոսության, առավել խորքային է արտահայտում իրականությունը»:
ՀԳՄ քարտուղար, ԱԳՄ նախագահ Նորեկ Գասպարյանը խոսեց Արցախի, պատերազմների, շրջափակման ու այդ ընթացքում գրողների գործունեության մասին: «Պաշարման օրերը, որքան էլ դրանց մասին գրված լինի, ու կարդաք, կարծես հեռու են կատարվածից, բառերով դժվար է արտահայտել ապրածը: Ավելի քան ինն ամիս ժողովուրդը գոյության պայքար էր մղում: Ես համոզված եմ, որ Արցախի նկատմամբ սերը մեզ վերադարձնելու է այնտեղ: Մենք պարտավոր ենք ապրել, որպեսզի վերադառնանք»,- ասաց նա: Ն. Գասպարյանը ներկայացրեց արցախցի գրողներին՝ Նվարդ Ալեքսանյանին, Ալիսա Բաղդասարյանին, Անահիտ Գաբրիելյանին, Վիտալի Պետրոսյանին, Նանար Պողոսյանին և Զարինե Սառաջյանին: Հանդիպման ընթացքում աշակերտներն ընթերցեցին գրողների ստեղծագործությունները: Հեղինակները պատասխանեցին աշակերտների հարցերին: Արցախցի գրողները կարևորեցին նման հանդիպումները՝ շեշտելով, որ դրանք օգնում են իրենց հաղթահարել բռնի տեղահանության ցավը և շարունակել ստեղծագործել:
«Բյուրակն» կրթահամալիրի աշակերտները Գրողների միություն էին այցելել փոխտնօրեն Անահիտ Պապոյանի և հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհիներ Նարինե Ղազարյանի ու Սեդա Մարկոսյանի ուղեկցությամբ: