Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ / «ՄԵՆՔ ՃԱՄՓԱ ԸՆԿԱՆՔ…»

 

Եղիշե Չարենցին

Մենք մեր խավարի ճամփան քայլեցինք

Պատերազմներով դժնի –

նորօրյա,

Կույր էր աշխարհը՝

աչքը փակ խեցի,

Իսկ մենք՝ Քեզ նման

ջե՛ռ ու աչքաբաց…

 

Մեր երրորդ աչքն իսկ գոց չէր մահի դեմ՝

Ճակատ-ճակատի

ներկա ու անցյալ,

Բայց հետո կույրի

ցուպ պարտադրեցին

Մեզ նրանք,

որ կույր խեցուց դուրս պրծան։

 

Եվ դա զավեշտ չէր,

այլ կյանքն էր ներհա՛կ,

Դու մեզ հետ էիր –

առանց Քեզ՝ ինչպե՞ս,

Երբ ողջ դառնության բաժակը մենակ

Դու ըմպել էիր

Քո ժամի՛ն արդեն…

 

ՄԱՍՈՒՆՔՆԵՐ՝ ՉԱՐԵՆՑԻ ԱՆՎԱՆ

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ

ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

 

Ամեն մի տաճար իր անունն ունի.

աշխարհի ուրիշ ո՞ր թանգարանում

կա Ավագ խորան՝

խարույկում չայրված դիմանկարով

և մասնատուփով փշուր թերթերի՝

հողում չավարտված.

Չարենցը նաև այսպես է անմահ –

 

Շիրի՛մ չէ, կամա՛ր՝

լույսով ողողված պատկերին Լեռան,

սրտերում մեր վա՛ռ… և այստեղ՝ ահա՛

արտաշիրիմված

անմեռ ձեռագրեր երեսունյոթի

(մարդ հենց ուզում է մեռնե՛լ ամոթից).

Տեսնես ձեր վրա ինչե՜ր էր հեղել

Նա իր արյունից… Ո՛չ ոք չգիտի…

 

Ո՜վ թանկ մասունքներ,

Դուք փոշիացած ցավ ու ճակատի

չջնջվող խարան։

Մարմին և արյուն – զոհ ու

չարխափա՛ն։

 

ՀՈՒՇԱՐՁԱՆԻԴ ՄՈՏ

                   Չարենցի 125-ամյակին

Դու Բառի համով արևը քամած՝

Արև՜աչքերով Նաիրյան մանո՛ւկ

և ա՛յր Մարգարե,

Քեզնով չարխափան լինելու համար,

Դո՛ւ, որ անունդ կնքեցիր

Չարե՛նց,

Դու՝ և քերթության գրի՛չ հանճարեղ,

Դու՝ մե՜ծ Վկայող և մե՛ծ Նահատակ,

Մեզ պատգամեցիր լինել միաբան,

ու չմոռանա՛լ,

այլ ո՛չ թե հիշել լո՛կ այնժամ, երբ քո

տեսիլը մահվան

աշխարհակործան հսկա դահի՛ճ է,

Իսկ դահլիճներում կեղծվող ամեն բան

հենասյուն է, որ կախաղան գուժե,-

Կարսո՛տ Եղիշե…

 

Քառուղիներում մեր նոր պատմության՝

հուշարձանը քո – երգեհոնի փող,

Տիեզերքի մեջ այն ուղին է, որ

Քեզ վկայելու

ունի նոր ճամփա՝ սեպումով անչար

Վեր – վերընձյուղված

ուղեծիրներում լույս հոգիների՝

 

«Գանգրահեր տղա» Զինվորիկների

միգամածության՝

«Ես իմ անուշի» երդումն ու սերը

լինելու համար…

 

Բայց՝ էլ առանց զոհ,

էլ ո՛չ մի մորմք և էլ ո՛չ մի դող –

Տիեզերաչափ ընդգրկումով, որ

Եղեգան փողը քո երգեհոնի՝

նոր Վահագնական գանգրահերների

շուրթերով երգի քո Նավզիկեին՝

աննվաճ կյանքով արգասավորած

մի նո՛ր այգաբաց…

 

ՉԱՐԵՆՑԻ ԲԱՌԻՆ

 

Եվ թե որքան է

կյանքն առաջացել

Ու ծածկելու

փորձ արել ամեն ինչ –

Եվ թե քանի հեղ

ջանքեր է թափել

Ցածը, տմարդին՝

հասնելու մի քիչ

Ամենատեսիդ տրվածի չափին…

 

Բայց թե՝ աննախանձ

գիրըդ կարդալով,

Անչար ընթացքով

գային դեպի քեզ –

Վերափոխության,

բարեշրջումի

Ի՜նչ ճամփաներով

կբարձրանային…

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։