Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ԱՇԽԱՐՀԻ ԲՈԼՈՐ ԹԵՐԹԵՐԸ
Աշխարհի բոլոր թերթերի
Գլխագրերը երեկ եղել են
Նույնը.
Աշխարհի ֆուտբոլի
Առաջնությունը հաղթել է
Բրազիլիան:
(Իսկ մեղուները ոչնչանում են
Եվրոպայում):
Աշխարհի բոլոր թերթերի
Գլխագրերը այսօր նույնչափ
Վարդագույն ու գլամուր են.
Արքայազն Ուիլյամը վերջապես
Ամուսնացավ Մոխրոտիկի հետ:
(Իսկ մեղուներին կերան
Տերմիտները):
Աշխարհի բոլոր թերթերի
Գլխագրերը վաղը կլինեն նույնը.
Մոլորակը Երկիր դեֆորմացվել է:
Գլոբալ տաքացումը հալեցրել է
Բևեռային սառույցները: Օվկիանի
բնակիչները բոլոր անհետացման
եզրին են.
Փրկենք մայր Գեան
Այսօր…
Աշխարհի բոլոր թերթերը մեկ անգամ
Ասացին ճշմարտությունը…
Բևեռային ճերմակ արջերը
ԱՆՀԵՏԱՑԱՆ…

ԼՈՏՈՍ
Նստած եմ դիրքով լոտոս,
Աջ ու ահյակս կրակե սյուներ…
Աստրալ տարածքներից երկիր իջած
Սուրհանդակ է ծաղիկը լոտոս:
Գետ հայելու հանդարտության վրա
Ծավալվում են
մոխրականաչ տերևները
և երբ ճերմակ թերթիկները լոտոսի
Արեգակի հետ արթնանում են
և շողարձակում է
լապտերիկը նրբագեղ:
Ես իմ մեջ աճեցնում եմ ծաղիկը:
Ծաղիկ լոտոսի հոմանիշը
Երջանկությունն է…
Նպատակին հասնելու համար պետք է
Զգուշորեն մաքրել նուրբ
Վարդագույն կոկոնը…
և մտքերը թախծոտ:
Անհաջողությունները անցյալ
Նետել խոր ջրհորը
ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ…
Չարչարանքները բոլոր-բոլոր
Հատուցված են.
Իմ մեջ ծավալեր ծաղիկ ծովային,
Ճերմակ լոտոսը
ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ…

ՏԱՃԱՐԻ ԽՈՐԱՆՈՒՄ
Դեպ ինձ է իջնում խոսքերի շունչը
Մետաքսահյուս…
Օ՜, Տեր, քո ասած բառերը պարզ էին,
Ինչպես հնձվորի նախաճաշը…
Ձուկ, հաց, թան սառնորակ:
Սակայն այսօր, քո ծննդից
2016 տարի անց,
Տիրում է կեղծիքն ու քսու քծնանքը,
Մարդիկ խծուծով խցանել են…
Ականջները, անգամ եկեղեցում:
Ահա պաշտոնյան մեծահամբավ
Համբուրում է խաչը խոնարհ,
Հայտնում գոհություն մոլեխաղում
Շահած գումարի համար
ԿԼՈՐԻԿ…

ԵՐԲ ԳՐՈՒՄ ԵՄ
Երբ բանաստեղծություն եմ գրում,
Ասես լինեմ ներողունակ տարածքում,
Ուր չկան գորշ գույներ,
քաղաքի աղմուկ,
Զրույցներ անհեթեթ…
Էկզիստենցիալ սահմաններից անդին
Սկսվում է անդորրը…
Իսկ հետո լռություն. ասել է Համլետը
թե Շեքսպիրը.
Արեգակի վառ շողերի մեջ
թռչկոտում են
Ճերմակ, քնքուշ
թիթեռնիկները մայիսյան.
Կատուն կերակրում է երեք
փամփլիկ ձագ,
Կովկասյան գամփռը գտել է ընկերուհի.
Կլանչում, գզվռտում է հանց լակոտ…
ԲՆՈՒԹՅՈՒՆ, դու
ԿԱՏԱՐՅԱԼ ես:
Ախ, մարդ բանական,
արդյոք ստեղծված
ես
Ի ՊԱՏԿԵՐԻ ՅՈՒՐՈՒՄ…
Երբ տպագրվում է բանաստեղծությունը,
Հեռանում է, ինձնից օտարվում,
Իսկ ես, ես արտասվում եմ:
Ասես մերկացել եմ ամբողջովին,
և Առաքյալը Թովմա,
մատնացույց է անում
ԻՆՁ…

ՄՈՒՍԱՅԻՆ
Շուրջս թևածում է թրթիռ անանուն,
Խրվել եմ դեզի մեջ դեղին, վառ դեղին…
Ուզում եմ հպվել դեմքին
ամպե ասպետի,
Ունենալ վրձին` ճարտար
թղթին հանձնելու
Ամպերի խաղն այս պատրանքային…
Սևանի մուգ կապույտն է խռովվում.
Մի՛ մոռացիր պատկերել
գեղեցկությունն իմ…
Թևածում է ճերմակ վզնոցը շղարշ`
Նախանձելով ճայի թռիչքին ազատ:
Հրաշալի պահն այս թող տևի հավերժ.
Թեկուզ տողերում այս անըստգյուտ ու
Թեթևամիտ…

ՆԱԻՐԻ ԵՐԿԻՐ
Գլուխս թեթև է հանց փետուրը ճերմակ,
Այն բարձի վրայից կքշի
զեփյուռը անգամ,
Կսլանամ դեպի ակունքները
Նաիրի երկրի,
Մշո սուլթան սուրբ Կարապետ
Թող լինի ինձ պահապան:
Մունետիկի եղջերափողը ոտքի է
Հանում ընտիր այրուձին`
Քառատրոփ անցնելու
Դարիվերներով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ…
Որպես տոհմական փիրուզ
Շողում է ճամփիս
Ծովակը Գեղամա.
Մշո սուրբ խաչ վըր իմ աջ թևին…
Ճակատագրի ալիքների հանդիման,
Որպես փարոս,
Լյառն ԱՐԱՐԱՏ
Ձգում է հանց մագնիս հզոր,
Ուղենշում հազարամյակներ և
Կրոններ հարափոխ…
Եվ հասնում է նետը Հայկի
Նպատակակետին,
Եվ բացվում է վիհը Մասսյաց.
ՓՈՔՐ ՄՀԵՐԸ ելել է դուրս.
Ավետում է Քուռկիկ Ջալալին…
***
Կախարդական փայտիկի
հարվածով ասես, դաշտը
Պատվեց զենք ու զրահով,
Սնկի նման աճեցին
Դիրք ու պահակետ, նաև դիտակետ:
Դաշտը, ուր ցորենը բուրյան
Ալեկոծվում էր հանց ծով անափ,
Խուզվեց տրակտորի հռնդյունով հաղթ,
Հետո հայտնվեցին պաշաղ հավաքող
կանայք…
Իսկ այսօր այն ռազմի դաշտ է բիրտ…
ԶՈՐԱԽԱՂԵՐ են,
Պատերազմի ուրվական
ԱՀԱՐԿՈՒ…

Օ՜, ՎԻՍՈՑԿԻ
Օ՜, Վիսոցկի, ինչպես երգեմ քեզ,
Ինչ բառերով պատկերագրեմ
Քո երգերի ռիթմը հատու,
Որ բառակույտը կենդանանա
և խփի քո սրտի զարկերով խենթ…
Օ՜, Վիսոցկի, ձայնը քո խզված
լար կիթառի,
Դիմագիծդ կոպիտ, հայացքդ կառչող,
Իսկ ճառագում ես քնքուշ ու նուրբ սեր,
և մետաքսաթել սիրո ցանցում
Հայտնվեց Կախարդուհին`
Մարիա Վլադի ոսկե ձկնիկը…
Օ՜, Վիսոցկի, հնչյուններն անունիդ
Հանց քարե կարկուտ, և դու
Իշխեցիր համայն աշխարհին:
Երկրի ծագերից չորս
Հնչում է երկնամերձ մագլցողի երգը
և բառերը. ՎԼԱԴԻՄԻՐ ՎԻՍՈՑԿԻ,
Ասես նոր լեզու`
Կնիք մոգական…

ՏԻԵԶԵՐՔԻ ՊԱՏՎԻՐԱԿԸ
Եկել եմ ես մոլորակից այլ,
Ուզո՞ւմ եք նկարագրեմ…
Եթերը մեր մանուշակագույն է:
Լճերն ու ծովերը` նույնպես:
Իսկ ամպե՞րը, ամպերը ճերմակ են,
Փրփուր ճերմակ, ինչպես ամենուր…
Գիտական բացատրություն. չկա, չիք.
Կմեկնեին միայն ալքիմիկները հմուտ:
Բնության հրաշքը ողջ տիեզերքում
ՆՈՒՅՆՆ է`
Քնքուշ և անբացատրելի…

ԳԱՂՏՆԱԲԱՌ
Որպես թափառաշրջիկը
մետրոյում Նյու Յորքի,
Որ նվագում է ՌԱԽՄԱՆԻՆՈՎ,
Նվագում անմոռաց,
Այնուհետ ծափեր, գրոշներ…
Ամաչկոտ հայացքը բոմժ երաժշտի…
Շփոթված շուռումուռ եմ տալիս
Նրբաթերթ մագաղաթը.
Անաղարտ, անբիծ մակերես…
Որպես պրոֆեսիոնալ լրտեսը կամ
Հետախույզը խորագետ,
Պահեցի թերթը բոցի վրա մոմի:
Հայտնվեցին տառեր, դարձան բառեր.
ԱՄԵՆԸ ԳԱԼԻՍ Է,
ԱՄԵՆԸ ԳՆՈՒՄ Է:

ԳԵՂԵՑԻԿԸ…
Ասված է վաղուց, շատ վաղուց.
Մի՛ ծնվիր գեղեցիկ, այլ,
Այլ եղիր երջանիկ…
Բա էլ ուր մնաց խոսքը հանճարի.
ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ
ԿՓՐԿԻ ԱՇԽԱՐՀԸ…
Իսկ գեղեցկությունը վերածվում է,
Վերածվում չարիքի, երբ ուրիշ
Արժանիք չկա, չիք…
ԷՔՍՊՐՈՄՏ
Պեյո Յավորովին
Ոսկյա մատանին դրեցի գրքին:
Հանկարծ ինձ հառվեցին քո աչքերը,
Աչքերը քո խոհուն…
Բանաստեղծ ընկեր, օլե, օլե, օլե,
Մի գեղեցիկ օր ես կմեռնեմ:
Բայց հոգիս, հոգիս աննյութ
Կշրջի թափառ աշխարհի
Բոլոր, բոլոր ճամփեքով
Փոշոտ…

ԱՆՍՊԱՍԵԼԻՆ
Ձեռքս վերցրի գրիչը արծաթ.
Բացեցի օրատետրը ոսկյա.
Գրվեցին բառեր, բառեր
Պարզ ու հասարակ.
Թող յուրաքանչյուր ակնթարթ
Մտքերը լինեն ջինջ ու ոգեղեն.
Զի տրված չէ գուշակել այն պահը,
Երբ կյանքից կանցնես
ԱՆԴԻՆԸ…

ՄՏՔԵՐՍ…
Մտքերս խառն ու խռիվ են
հանց ավազները սորուն,
Օվկիանի ալիքներից փոթորկուն…
ՀՈԳԻՍ…
Հոգիս խաղաղ է…

ԽՈՆԱՐՀԱԲԱՐ
Հարազատներ իմ, ես ձեզ սիրում եմ.
թշնամիներ իմ, ես ձեզնից
խնդրում եմ
ՆԵՐՈՒՄ:

ՀՐԱժԵՇՏ
Ինքնաթիռը պարզեց թևերը ճերմակ…
Օդակայանում նա մնաց մենակ:
Երկնքում ինձ ուղեկցում է վարդագույն
ծիածանը…
Բիլ ամպերը ասես թաշկինակ
արցունքից տաք
թափահարում եմ
թափահարում եմ
թափահարում եմ…

ԱՐԳԻՇՏԻ ԱՐՔԱՅԻ ՔԱՂԱՔԸ
Օ,՜ եզերք իմ հայրենի,
Արև, տոթ, լիալուսնի լույսով
լեցուն գիշերներ…
Խորհրդավորը բացահայտվում է
խավար գիշերում…
Հնդկահավի բլբլոցը, աքաղաղի ճիչը, կաչաղակների ճտճտոցը:
Հոպոպների զույգը գույնզգույն
բույն է դրել
այգու ծայրում:
Լուսնի փայլատ լույսը
ձգում է հայացքը…
Աչքի պոչով նկատում եմ ընկնող գիսաստղը պայծառ:
Հարևան գոռոզ օլիգարխը ամեն տոնին
երկինքը պայթեցնում է
հրավառությամբ պայծառ:
Վերածվում եմ մանուկի,
ճչում եմ զվարթ,
ծափ տալիս…
Օ՜, եզերք իմ հայրենի…
Ցուրտ ձմեռը չի ճնշում,
քանզի երկնքում
Արեգակն է կիզիչ շողշողում:
Առանձնատունը պետք է տաքացնել
Մարտկոցներով արևային…
Ընկերուհիս, որ չէր սիրում շոգը,
Կրկնում էր միշտ.
– Տո բութ Արգիշտի, ինչու կառուցեցիր
Էրեբունին դաշտում Արարատյան…
Օ՜, եզերք իմ հայրենի
Տոթ ու վառվռուն…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։