«Գրական թերթի» փետրվարի 16-ի համարում Կարինե Խոդիկյանը իր հերթական «Դիտանկյունն» է արել` այս անգամ նվիրված Երևանի ժամանակակից քաղաքաշինության հարցին, իսկ իրականում` քաղաքաքանդության: Շատ ցավալի խնդիր է երևանցիներիս և ամբողջ ազգի համար: Արդեն անկախացած քանդում ենք ու չենք շինում, կառուցելիս էլ ղեկավարվում ենք անձնական բազմահարկ շահով, որը ոչ մի առնչություն չունի ժողովրդի հոգևոր նկարագրի հետ: Սրա բնորոշ օրինակը քաղաքի սրտում վիշապի նման ֆշշացող Հյուսիսային պողոտան է, որը կարծես ուզում է կլլել, եթե արդեն կուլ չի տվել, օպերայի և բալետի թամանյանական հրաշալիքը, որի քարաշեն պատկերում մեր ապագան է, ներկան ու անցյալը` Զվարթնոցի հավերժորեն ղողանջող զանգահարությամբ: Գյոթեն ճարտարապետությունը համարել է քարե երաժշտություն: Այսօր երևանյան նորակառույցների պատերին մեր իսկապես երգող քարերը կույր են ու համր և պահպանում են երկաթբետոնյա սառն ու անտարբեր լռություն, այնտեղ բացակայում է քեզ հայերեն խոսք խոսող սրտամոտ մարդը: Վերջերս Հյուսիսային պողոտայում մի բնիկ ու տարեց երևանցի ինձ ասաց. «Սա իմ քաղաքը չէ»: Նա «Զվարթնոց» հին օդանավակայանը քանդելու նպատակին լծված Էռնեկյանը չէր, հաստատապես, այլ հոգի, սեր ու հիշողություն ունեցող էակ:
Հիշողությունը մեծ բան է, կարելի է մինչև անգամ մարդ սպանել (թեև չի կարելի), բայց ոչ հիշողություն, որը դու ես և քո ազգը: Մարդկության ամբողջ պատմությունն ու կուլտուրան են ապրեցնում աշխարհը, առանց այդ հիշողական հարստության դու և աշխարհը չկաք: Երևանի կենտրոնում մենք քարուքանդեցինք տուֆակերտ, զարդանախշ փոքր ճարտարապետության բազմաթիվ մեծ ու նշանավոր շինություններ, որոնք կարող էին դառնալ այսօր այնքան անհրաժեշտ գրադարան, արվեստների ցուցասրահ, հոգեմոտ զրուցարաններ ու դպրոց: Չեմ ցանկանում մտածել, թե այդպես միայն հայը կարող է իրեն սպանել, ճշգրտեմ` նոր բարոյականության նորաթուխ հայը, չէ՞ որ մենք հին-հին ժամանակներից շատ արժեքներ ենք պահպանել առարկայորեն (խաչքարը քեզ օրինակ, ձեռագիր մատյաններ) և ոսկե հիշողություն: Այսօր հորենական արժեքներ են մայրաքաղաքիս գլխավոր հրապարակը, օպերայի շենքը, Ռաֆայել Իսրայելյանի «Արարատ» գինու կոմբինատը Երևանում, Սարդարապատի հուշահամալիրը, «Չարենցի կամարը», մեծ վարպետի մանրակերտ կառույցները, շատ չէ, բայց քիչ էլ չէ համատարած գորշության դաշտում, բազմապատկենք այդ քիչը ի նպաստ ազգի արմատական հոգեկերտվածքի պահպանման:
1960-ական թվականներին Պարույր Սևակն ասաց. «Այսօր մենք ավելի շատ շինարարություն ունենք, քան ճարտարապետություն»: Այժմ էլ նույնն է: Նայեք «Անի» հյուրանոցին կից անդեմ բազմահարկին, որը խաթարում է Սայաթ-Նովա պողոտայի գեղեցիկ ժապավենը: Տեսնես սեփականատերերն ովքեր են, բնիկ որտեղացի են, որտեղից նրանց այդքան միլիոններ, երբ ժողովուրդը հազար ու մի ցավ ու հոգս է քաշում:
Փորձում ենք հարաբերել Եվրոպային` այս ու բարոյական այլ հարցերում չափազանց ետ մնալով նրանից: Կարինե Խոդիկյանը իր «Դիտանկյունում» բերում է Գերմանիայի օրինակը, որտեղ կա «քաղաքի հիշողության» տաղանդ, այնտեղ աչքի լույսի պես պահպանում են դարերի մեծ թե կենցաղային շինարարական արհեստի ու արվեստի երևույթները և ժամանակակիցներին հպարտությամբ մատուցում ասես սկուտեղի վրա: Ինձ էլ է ծանոթ գերմանական այդ երևույթը: Հռենոս լայնահուն գետի ափին գտնվում է Օփենհայմ փոքրամարմին, սակայն ըստ էության մեծ ու նշանավոր քաղաքը, ուր տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ են այցի գալիս` հիանալու նրա ճարտարապետական հիշողությամբ:
Ես ճարտարապետությունը, ընդհանրապես արվեստներն ու գրականությունը մոդեռնացնելուն դեմ չեմ, չէ որ պետք է լինի զարգացում, սակայն ոչ երբեք հինը, երեկվա օրը ոչնչացնելու ճանապարհով: Գեղարվեստական մտածողությունը եթե անցյալ չունի` չունի և ապագա, և նման է պատից կախված օրացույցի: