ԶՄՌՍՈՒՄ
1
ասեմ
որ պոեզիան վաղուց
դիակ է
արդեն
քանի տարի
անընդհատ
զմռսվող
Լենինի նման
300 տպաքանակով
լույս տեսնող գրքեր
կեսը`
չվաճառվող
(մյուս կեսն էլ`
շնորհանդեսներին
մեծահոգաբար
նվիրվող)
թեկուզ խոսում են
աստղերի
և տիեզերքի մասին
(ի դեպ`տիեզերքը
և աստղերը
պարզ
լույսով լցված
ես տեսել եմ միայն
Ուկրաինայի և
Հայաստանի երկնքում)
Եվրոպայում
ամեն բան լղոզված է
սերը
կիրքը
անգամ երկինքը
որտեղ պիտի որ
աստղեր լինեին
չնայած որ
կեսգիշերին
Իսպանիայում
այսպես կոչված
միջազգային հանրությունը
(նորմանդական ձևաչափով)
այսինքն`
հարևաններս`
Պեդրոն
որ թոշակառու է
միշտ ժպտալով
առավել
բարձր ձայնով-իրավունքով
Խոսե Լուիսը`
մի ամբողջ կյանք
սոցիալկայի վրա նստած
համբերատար
Խոկինը-որ
բենզինի լցակայաններ ունի`
շշնջալով
ձկնորս Դոմինգոն
որ ձուկ չի բռնել
արդեն
քանի տարի
(գլուխ էլ չի գովում)
իրենց ուշ ընթրիքին
պատշգամբներից
կախած
արևից ու
անձրևից
մաշված
կատալոնական
ծածանվող
դրոշների ներքո
(որ չնեղանան
կատալոնացիք)
կամ նույն
կտորից
հովանոցների տակ
հայհոյում են
Պուտինին
սրճարաններում
սեփական կանանց
ներկայությամբ
անպայման
բարձր
բոլորը իրար հետ գոչելով
el dictator
որ` պիտի փրկել
Ղրիմն ու Ուկրաինան
2
ասեմ
հետո` երբ շատ են
հարբում
տղամարդկանցով
արդեն
մենակ
երկու բառ են միայն
արտաբերում`
Ուկրաինա և puta
(Ղրիմը` չկա)
ես իրոք դեմ եմ
Պուտինին
և այն ամենին
ինչը
բռնություն է
բայց
հարբած
հարևաններից
կեսգիշերյան
սրճարաններում
ես կրծքով
պաշտպանում եմ
Պուտինին
Ռուսաստանին
ատելը
անհնարին է
(կհասկանան սա`
Օբաման-Թրամփը-
և Եվրոպա՞ն)
միայն այնտեղ
երկու
նույնիսկ հարբած
անօթևան
կարող են վիճել
կայարաններում
քնելու տեղ որոնելու
հետո
էքզիստենցիալիզմի
(էլ չասեմ` Դոստոևսկու
«Կարամազով եղբայրների») շուրջ
Ուկրաինան
մի երկիր է որտեղ
սրճարաններում
մեկ եվրոյանոց
«Talca» գինի
հյուրասիրելով
աղջիկներին
առնում ես
և սեր
և գորովանք
և ջահելություն
3
ասեմ
Հայաստանում
ուրիշ է
բոլորը խելոք են
բայց աստղերը
ճառագում են
երկինքը`
պարզ
ասես
ադամանդե
մարջան
մնացածը` կեղծ
անգամ`
ատելությունը
թուրքին
(բացի նյութից
այսինքն`
ոսկին-փողը-շահը
մեկ էլ երևի
թամանյանական Երևանը
չէ` մեկ էլ երևի
Հենոյի խաղը
երբ ազգովի ցնծում են
նրա գոլից
գոլը`
Խորիկի
նրա ծերացող -կնճռոտ
դեմքը`
շրջանցող
կամ էլ Անդրեասյանի
կամ էլ
Իշտոյանի անունը
խորամանկ
մոռացության մատնած)
հաղթողներին սիրող
իրենց
խեղճ ու կրակ կերպը
(եվրոպական ճամբարներում-
այսօրվա` Ստամբուլում
թաքուն պահած)
մի ազգ
ասես Հենոն
պիտի բավարարի
իրենց
սեփական կանանց
4
ասեմ
անշուշտ
պոեզիան
որ հիսունն անց
տղամարդիկ
շարունակում են գրել`
բողոքելով սեփական
իշխանություններից
Փոքր Մհերի կերպով`
նեղացած
(առավել չափով
քծնելով նրանց
այն հույսով – որ
մանուկների նպաստը կտրելով`
երկիրը կտպի
պոեզիա
300 տպաքանակով)
հիսունից
հետո պիտի լիներ
հակառակը
չէ՞
մարդը
կործանումների
ու անդունդների
անգամ
ճառագված
գիշերային երկնքի միջով
որտեղ
աստղերը
ասես
կպչում են գլխիդ
(համենայնդեպս`
Հայաստանում և
Ուկրաինայում
որտեղ մեկում
քո մարդ լինելը
չափվում է փողով
մյուսում`
պարզապես գինով`
խառնված սիրո հետ)
պիտի մտածեր
կախվելու
այսինքն
ինքնասպան լինելու մասին
բայց
համառորեն
համոզում է
սեփական երկրին
ու ժողովրդին
որ ինքը
Մարգարե է
(թե չէ կկախվեր
հաստատ)
5
ասեմ
իսկ աստղերը
Տեր մեր Աստված`
սերը
թաթախած
մեկ եվրոյանոց գինու մեջ
և
միջազգային հանրությունը
սենյակիս պատի
մյուս կողմում
(կամ
սրճարաններում)
սեփական կանանց մոտ
հայհոյում է
Պուտինին
կանանց
հեռանալուց
հետո
հարբած
շշնջում է`
Ուկրաինա – puta
բառերի ձայնը
լսվում է
արդեն
նախնական
մոռացված
կրքով
ու
խռխռոցով
այս անգամ
արդեն
առանց
կատալոնական ձգված
առոգանության
(Հայաստանի մասին ոչ մի խոսք)
6
ասեմ
առավոտյան նորից
սփռվում է
անսահման թվացող ծովը
Միջերկրական
երկնքի գույնից`
կապույտ
արևի ցոլքերից`
կարմիր
փրփուրներից`
սպիտակ
7
ասեմ
համարյա
ռուսական դրոշի գույնի
պարզապես
առավոտյան
ոչ մի խռխռոց չկա
ոչ մի Պուտին
ոչ մի Ուկրաինա
ոչ` Ղրիմ
ոչ էլ ` puta
կամ էլ
հիսունը հատած պոետներ
որ դեռ ինչ-որ տեղ գրում են
տիեզերքի ու աստղերի
կամ էլ
ինչու չէ
այս ծովի
նրա սպիտակ
փրփուրների մասին
որի մակերևույթը
ընդամենը
յոթ անգամ փոքր է
Ռուսաստանից
(Լենինի դամբարանը
չհաշված)
ԳՆԱՑՔՆԵՐԸ
երբեմն
երբ
արդեն
պետք չէ
այս գնացքները
ժամանում են
ճիշտ ժամանակին
ՄՏՈՐՈՒՄ
երբ ուղիղ է
ճամփան
մոլորվելը հեշտ է
ՉԻՆԱՍՏԱՆ
այս Երկիրը
արևի հետ մեկտեղ
հավասարակշռում է
մեր մոլորակը
ԼՔՎԱԾ
մենք
միայնակ
ապրում ենք
միլիարդ
մեզ նման
մարդկանց
մեջ
խարխափելով
ինչպես Երկիր
մոլորակը
այս
անսահման
տիեզերքում
որ
պտտվում է
դեռ
Աստծուց
անվերջ
լքված
ԳՅՈՒՂՈՒՄ
այս
անմռունչ
անտառի
հատվող
ծառերից
ասես
հորս ճակատի
քրտինքն է
հոսում
ու սառչում
ափերիս
մեջ
ՈՐՍ
այստեղ
կրակում են
բարձր ճախրող
թռչունների վրա
մնացածների համար
թակարդներ են
լարել
թփուտներում
ԿԱՅԱՐԱՆՈՒՄ
ինձ գտնելու համար
առանց ճամպրուկների
ուղևորվում եմ
պատահական
գնացքով
այնտեղ
ինձ ոչ ոք
չի սպասում
ՍԻԲԻՐՈՒՄ
սառնամանիքներին
ոտքերիդ տակ
դավադիր
ճռճռում է
ձյունը
ոտքերդ
որ չսղղան
ուսերդ պիտի
ուղիղ պահես
Գժվում եմ Ավիկի գրի համար…