ՍԱՀՅԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՇՐՋԱՆԸ / ՄԵԼՍ ՍԱՆԹՈՅԱՆ

Համո ՍահյանԲոլոր գրողներն իրենց հետ բերում են իրենց գեղագիտությունը: Մեծ գրողների մասին ու շուրջ գիտությունն սկսվում է նրանց կենդանության օրոք: Այդ գիտության հիմքում կանգնած են իրենք` հեղինակները և նրանց գործը դրական կամ և ոչ դրական գնահատողները: Բացառություն չէ նաև Համո Սահյանը: Սահյանագիտությունն սկսվեց Ստեփան Զորյանի և մի քանի մտավորականների ջանքերով, գիտական տեսք ստացավ Ս. Աղաբաբյանի, Հ. Թամրազյանի, Մ. Հասրաթյանի, Լ. Մկրտչյանի, Դ. Գասպարյանի, Ֆ. Մելոյանի և ուրիշների շնորհիվ: Սահյանագիտությունը թափ առավ Համո Սահյանի ժամանակակից գրչեղբայրների շնորհիվ` Գ. Մահարի, Վ. Դավթյան, Պ. Սևակ, Լ. Հախվերդյան, Հ. Մաթևոսյան, Ս. Խանզադյան, Պ. Սնապյան, Ա. Ծառուկյան և այլք: Հայ գրականագետներին ու գրչի մարդկանց միացան օտարազգի հարազատները` Էդ. Մեժելայտիս, Ս. Ռասսադին, Լ. Օզերով, Ա. Մարչենկո և այլք:
Գրվեցին հուշեր, հուշերի պատառիկներ, որոնք փորձեցին ամբողջացնել Սահյան մարդու, պոետի, ընկերոջ, ժամանակակցի կերպարը:
20-րդ դարավերջի հետ էլ ավարտվում է սահյանագիտության առաջին շրջանը: Երկրորդը սկսվում է 21-րդ դարասկզբին` Դավիթ Գասպարյանի (Համո Սահյան, Ե., 2003) ակնառու մենագրությամբ և Համո Սահյանի պոեզիայի ու նրա լեռնաշխարհի նվիրյալ Շչորս Դավթյանի գրքերով (Համո Սահյան. Բանաստեղծը, Մտածողը, Մարդը, Ե., 2001, Համո Սահյան. բանաստեղծի հավատամքը, Ե., 2004, Համո Սահյան. կյանքը և գործը, Ե., 2007, Լույսի հոտ է, մոր ծոցի հոտ, հացի հոտ, Ե., 2007 և այլն):
«Համո Սահյանի կյանքը և գործը» հատորն ամփոփում է Շչորս Դավթյանի տարիների վաստակը: Գրքի հեղինակը պատմաբանի բծախնդրությամբ պարզում է Համո Սահյանի պոեզիայի ակունքները` Սյունյաց աշխարհի պոետի ծննդավայր Լոր գյուղի համայնապատկերով: Շրջանառության մեջ են գյուղի աշխարհագրական տարածքի, հեթանոսական անցյալի, սովորույթների, ավանդությունների ու հավատալիքների գիտապատմական փաստերը: Հեղինակը և՛ այս, և՛ աշխատանքի մյուս գլուխներում տեղին ու չափով է կիրառում կենսագրական (բիոգրաֆիկ) մեթոդի կենսունակ սկզբունքները: Համո Սահյանի պոեզիայով արարված ծննդավայրի կերպարը դառնում է «հավելյալ իրականություն»: «…Նրա համար որպես ճանաչողության առաջին ու հիմնական աղբյուր պիտի համարվեր ծննդավայրը և նրան շրջապատող բնաշխարհը» (էջ 21),- գրում է Շ. Դավթյանը և իր խոսքը հավելում է Հ. Սահյանի թևավորով. «Ճակատը համբուրելու ժողովուրդ է Սիսիանի ժողովուրդը, և ես շնորհակալ եմ այդ ժողովրդից, որ նրա զավակն եմ և նրա երազաշատ ապրումների թարգման բանաստեղծը» (էջ 27):
Հ. Սահյանի պոետական մուտքը հեղինակն սկսում է «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծության ոդիսականով: Մեկնաբանությամբ թվարկվում են Սահյանի պոեզիայի «գործող անձինք»` ցորենի հատիկը, եզը, գութանը: Փաստագրվել է, որ «Արորի ու գութանի հետ» կորել է 270 բառ, իսկ «հացի մինչև հաց դառնալը»` 500 բառ: «Բանաստեղծը մարդուց հետո հողի արյունակից զավակ է համարում հասկին: …Հասկը աստվածաբնակ երկնքի տակ աստվածային բեղերով, աստվածային շշուկներով աշխարհի հազարավոր ծառ ու բույսի մեջ բանաստեղծի կողմից աստվածացվում է» (էջ 61): «Հայաստանը երգերի մեջ» շարքի բանաստեղծությունները հեղինակը չի համարում ձոներգ, օդա և դիֆերամբ (էջ 68): Ճիշտ է նկատում. «Ապրելով իրենց զարգացման փուլերը, այդ երգերը նույնպես անցել են մասնավորից դեպի ընդհանրականը գնալու իրենց դժվարին ճանապարհը» (էջ 62): Դրանք մեդիտացված բարեբանություններ են:
Այլ որակ է Հ. Սահյանի սիրերգությունը: Եթե Ավ. Իսահակյանը պլատոնիկ սիրո դրամա էր ապրում ու երգում, ապա Սահյանի մոտ, ըստ Շ. Դավթյանի, գործել է բայրոնյան սերը կամ սիրահարված լինելը, կամ էլ դժբախտ Սահյանի սիրո դրաման ավելի բարդ է` անհավատարմությամբ պայմանավորված սիրահարված դժբախտը:
Հեղինակը քննում է բնության հետ Հ. Սահյանի կապերի բոլոր ջղերը, մինչ այսօր սահյանագիտության մեջ դրսևորված կարծիքներն ու մտքերը և գալիս է այսպիսի մտահանգման. «Այն բազմակողմանի և բազմատարր բանաստեղծական ֆենոմեն է» (էջ 91): Աշխատության հեղինակը հերքում է Սահյանի պոեզիայում պանթեիզմի գոյությունը, մինչդեռ Համո Սահյանի պոեզիայում դրսևորվում է պանթեիզմի նոր որակը` սահյանականը: Բնության երևույթների աստվածացման ո’չ հին տեսակն է պաշտամունքի առարկա դարձնելու միտումը, այլ բնության երևույթների «բանականացման» (ինչպես ինքն է նշում – Մ. Ս.), նրանց էականի մեկնության և պոետական բարդ պատկերավորման պայմանականության` հիպերբոլիկ մետաֆորի (չափազանցված փոխաբերություն) օգնությամբ: Կանգնելով իր նախորդների ուսերին` «Հ. Սահյանը եղավ Բակունցով թումանյանական գծի յուրացնողն ու իր հերթին կամուրջ կապեց դեպի 20-րդ դարավերջի բնապաշտությունը» (էջ 98): Հեղինակը ճիշտ է նկատում, որ «Քարափների երգը» և «Սեզա՛մ, բացվիր» ժողովածուներով Սահյանն ամբողջացրեց իր «բնագնացությունը»:
Հեղինակն առաջադրում է «հոտի զգացողության գեղագիտական ըմբռնումների ու բանաստեղծականացման» (էջ 110) խընդիրը: Ըստ երևույթին, Սահյան պոետը ամբողջացնում էր մեծ նախորդների (Թումանյան, Իսահակյան, Մեծարենց, Տերյան, Չարենց, Շիրազ և այլք) քանքարով ձևավորված արվեստը` գույնին ու ձայնին հավելելով բուրմունքը: Ըստ Շ. Դավթյանի` Սահյանը հասավ մինչև «սիրո հոտ» հասկացությանը: Սահյանը բուրմունք-հոտին հասավ նաև Բակունցի արվեստի շնորհիվ: Հիշենք «լաջվարդ շապիկի բույրը»: «Հոտի զգացողության համակարգ կա միայն Համո Սահյանի ստեղծագործություններում» (էջ 126),- գտնում է հեղինակը:
Այնուհետև հետաքրքիր եզրահանգման է գալիս. «Համո Սահյանը այդ բանաստեղծներից առանձնանում է ոչ թե գունային կամ ձայնային, այլ հոտի հաջորդաբույլքերի ստեղծման բացառիկությամբ, որը նրա ստեղծագործություններում երևում է ոչ միայն որպես բնության ընկալման և բնապատկերի ստեղծման արտահայտչամիջոց, այլև առանձնահատուկ երևույթ, որը որակապես նոր աստիճանի վրա է բարձրացնում նրա բանաստեղծությունը» (էջ 126):
Շ. Դավթյանը ճիշտ է արձանագրում, որ Հ. Սահյանը պոեզիայում մոդայիկ չի եղել: Դասական պոեզիայի ավանդները, պոետիկան Սահյանի համար եղել են ուղենիշ: Դասական պոեզիայի պոետիկան Սահյանը հարստացնում է ասելիքի թարմությամբ, իր քնարական անհատի առնականացմամբ: Համո Սահյանի քնարական անհատը նման ու տարբեր է իր ժամանակակից և նախորդ ու հաջորդ պոետների քնարական անհատներից: Հայրենապաշտ արմենոիդ ասպետ է` ներող իրեն դավաճանող սիրուն: Ոչ ակամայից, այլ խիստ միտումնավոր նա բանավեճի մեջ է մտել և՛ իր երգի` երգի «հնի ու նորի», և՛ գրականության զարգացման իր ապրած շրջաններում իր պոետական գրաված տեղի առնչությամբ:
Հեղինակի ուշադրությունը սևեռված է Սահյանի հայրեններին և տրիոլետներին, բալլադներին և քառյակներին: «Նա խիզախեց ձեռք մեկնել հայրեններին` որպես հայկական ժողովրդական քնարերգության սկզբնաղբյուր, որպես բնիկ հայկական բանաստեղծության տեսակ, որպես հայ մարդու հոգուն և հայոց լեզվին հարազատ բանաստեղծական ֆենոմեն» (էջ 162): Գրքի հեղինակը չի մտնում հայրենների հեղինակային կամ ժողովրդական լինելու բանավեճի մեջ, այլ մեկնաբանում է սահյանական հայրենների մոտիվային բազմազանությունն ու հարըստությունը, անդրադառնում հայրենների դիմումնային ձևին, դիմանկար (տատի, հոր) ստեղծելու արվեստին: Այս գլխում հեղինակն անդրադառնում է նաև Սահյանի պոեզիայի գեղարվեստական մի քանի առանձնահատկություններին` գեղարվեստական պատկերի կառուցում, պատումի հակիրճություն, բնականություն, մարդու ներաշխարհի մեդիտացիա, մենության իմաստնություն, կարոտախտ և այլն:
Հեղինակը Համո Սահյանի պոետական ժառանգությունը պայմանականորեն բաժանում է երեք մասի (էջ 203) և փորձում է հերթականությամբ վերլուծել դրանք: Տեղ է հատկացնում Սահյան թարգմանչին և Սահյանի բանաստեղծությունների թարգմանություններին: Կարևորում է պոեզիայի, գեղարվեստական գրականության Սահյան տեսաբանի կատարածը` իր նախնիների և ժամանակակիցների գործի գնահատմամբ (Գ. Մահարի, Հովհ. Շիրազ, Պ. Սևակ, Վ. Դավթյան, Մ. Գալշոյան, Հր. Մաթևոսյան և այլք):
«Համո Սահյանի կյանքը և գործը» գիրքը շարունակում է հայ և օտարազգի գրականագետների սահյանագիտության նվաճումները և ամբողջացնում այն: Շատ տարողունակ աշխատանք է: Գրված է հորդառատ սիրով առ Սահյանի պոեզիան և Սյունյաց աշխարհը, սեր, որը տեղ-տեղ դժվարացնում է գրականագետի գործը: Եթե ամեն հայ գրող նման «բացակա չդնող» նվիրյալ ունենար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.