21-րդ դարում մշակույթի և գրականության ճակատագիրը՝ որպես անհեռանկարության, հոգևոր ճգնաժամի իրողություն, բազմաթիվ հարցեր է առաջացրել: Նման հոռետեսությունը պայմանավորված է տեխնոլոգիական միջոցների զարգացման տեմպերով և շատերի կողմից դրանց ազդեցության ֆետիշացմամբ: Տեղեկատվական ոլորտում տեխնիկական միջոցները, մասնավորապես՝ համացանցը, հասարակության շրջանում փոխել են մշակութային ժանրերի սոցիալական նշանակությունը` դրանով իսկ սահմանափակելով գեղարվեստական արժեքների շրջանառման ամպլիտուդը: Մյուս կողմից, գրականության խնդիրները չեն կարող ավտոնոմ լուծումներ ունենալ, քանի որ դրանք իրենց մեջ ամփոփված ինքնավար ոլորտներ չեն, այլ` անմիջականորեն փոխկապակցված են հասարակության զարգացման պատմությանը` որոշակիորեն ենթարկվելով տվյալ հասարակության վարքը հատկանշող խաղի կանոններին: Ցավոք, մշակույթի նկատմամբ հասարակության վերաբերմունքը նկատելիորեն ձևախեղվել է, որի պատճառով հոգևոր միջավայր ձևավորելու ավանդական գործոնները նահանջել են՝ իրենց «տարածքն» աստիճանաբար զիջելով ոչ միայն հսկայական քայլերով առաջացող գիտությանը, այլև տնտեսական, քաղաքական ու սոցիալական ոչ մարդակենտրոն միջավայրին: Ըստ մասնագետների՝ շահի ագրեսիան և սպառողական հոգեբանությունը ընդունակ են ամեն ինչի, անգամ մարդու հոգեաշխարհը վերածել լայն սպառման ապրանքի: Պատահական չէ հաճախակի հնչող ասույթը, որ մեր ժամանակը մշակութային չէ, ինչն այնքան էլ հեռու չէ իրականությունից: Աշխարհում ընթերցանության ճգնաժամը դրա առաջին և կարևորագույն նախանշաններից է: Բանն այն է, որ տպաքանակների՝ նվազագույնի հասած ցուցանիշն իսկ վկայում է գրքի նկատմամբ հետաքրքրության նվազման մասին, և սա այն դեպքում, երբ նախկինում բազմաքանակ տպաքանակների պարագայում իսկ դյուրին չէր անհրաժեշտ գիրք ձեռք բերելը: Նույնիսկ գրական մամուլի բաժանորդագրությունն էր օրախնդիր: Երևակայել անգամ անհնար է, որ «Ինոստրաննայա լիտերատուրա» հանրահայտ հանդեսի մեկ միլիոնանոց տպաքանակն այսօր ընդամենը 12 հազար է: Եվ ցավալի է, որ ամենուր նույնն է բոլոր գրական ամսագրերի ու մամուլի վիճակագրությունը:
Մշակույթ և իրականություն համատեքստում առավել հետաքրքրական և առանձնահատուկ տեղ է գրավում գիրք-համացանց հարաբերությունը: Մեր օրերում ինֆորմացիոն հոսքի և տեխնոլոգիաների զարգացումը թափանցել է սոցցանցերի աշխարհ՝ ամեն օր ընթերցողների նոր քանակներ հավաքագրելով: Այս գործառույթն էլ հիմք է տալիս հոռետեսներին մտածելու, որ ժամանակի հետ նվազելու է գրքի արդիականությունը՝ ապագայում էլ ավելի շատ «իրավունքներ» տրամադրելով համացանցին: Տպագիր և էլեկտրոնային գրքերի ընտրության միջև այսօր կանգնած է աշխարհը: Համացանցին առաջնություն տվողները որպես առավելություն են դիտարկում փաստը, որ գրախանութներում, գրադարաններում ժամերով ուզածդ գիրքը փնտրելու փոխարեն այն կարող ես անմիջապես համացանցում գտնել: Բացի այդ, գրքերը թանկ արժեն և հասու չեն մեծամասնությանը: Անհրաժեշտության դեպքում մարդը չի կարող իր հետ շատ գրքեր վերցնել, մինչդեռ համացանցի օգնությամբ այդ խնդիրը հեշտ լուծելի է: Մյուս կողմից էլ, մեզանում գրական մամուլի նվազագույն հնարավորությունները, գրախանութների սակավությունը, խոչընդոտներ են գրքերի հանրահռչակման համար, ինչը ոչ միայն ընթերցողներին, այլև գրողներին մղում է դեպի համացանց, որտեղ վերանում է տարածություն հասկացությունը՝ օգնելով հաղորդակցվել աշխարհի բոլոր կետերի հետ: Հետաքրքիր է օգտատերերից մեկի դիտարկումը. «Բլոգոլորտի անխմբագիր տարածքը հնարավորություն է տալիս ցանկացած մեկին, որ առավոտյան հանկարծակի արթնացել է գրող դառնալու որոշումով, հրապարակել իր գործերը, տարածել փիառ տեխնոլոգիաների միջոցով և ձեռք բերել ընթերցողների այնպիսի բանակ ու հավանումների այնպիսի քանակ, որի մասին չէին կարող երազել պետական մրցանակի դափնեկիր գրողները»: Տեխնոլոգիական գիտությունը նաև տեղեկատվություն հաղորդելու հեշտությամբ է ընդարձակում իր սահմանները՝ ավելի մեծացնելով սեփական շահառուների քանակը, թեև համացանցի միջոցով մարդու ուղեղը օրական այնքան տեղեկատվություն է ստանում, որ չի հասցնում յուրացնել, տարբերել կարևորն անկարևորից, ինչը նկատելիորեն վատթարացնում է հիշողությունը: Բացի այդ, համացանցով կարդալը կարող է բացասաբար ազդել ինչպես տեսողության, այնպես էլ նյարդային համակարգի վրա՝ միաժամանակ կախվածության մեջ պահելով մարդուն, զրկելով նրան շատ այլ հետաքրքրություններից: Այլ է գրքի պարագան: Մարդը կարդում է կոնկրետ մի թեմային առնչվող տեղեկատվություն, որը թույլ է տալիս ամբողջությամբ ընկալելու կարդացածը: Բոլորովին տարբեր է գրքի էներգետիկան, որը համեմատելու չէ մոնիտորների կամ հեռախոսների էկրաններից ճառագող անտարբեր ու սառը պատկերին: Ի տարբերություն համացանցի՝ գիրքը դարերի պատմություն ունի, հազար ու մի վարկածներ են շրջանառվում մարդու հոգեկան և հուզական ներաշխարհի վրա նրա դրական ներգործությունների մասին: Անգամ հավատացել են նրա մոգական ազդեցությանը, երբ քնելիս գիրքը բարձի տակ են դրել՝ հիվանդությունները կանխարգելելու կամ բուժվելու նպատակով: Ոչ մեկը չի կարող ժխտել, որ հենց գիրքն է եղել, մանավանդ հայ իրականության համար, քաղաքակրթության զարգացման շղթայի կարևորագույն օղակներից մեկը: Տարբեր կարծիքներ, տարբեր մոտեցումներ, որոնք գոնե ներկա փուլում թույլ չեն տալիս բանաձևել՝ գիրք և համացանց հարաբերությունը փոխլրացո՞ւմ է, թե՞… Մի բան անառարկելի է. և՛ գիրքը, և՛ համացանցը նույն առաքելությունն են իրականացնում ու, վերջին հաշվով, նույն նշանակությունն ունեն՝ հեղինակի խոսքը հասցնել ընթերցողին: Միաժամանակ համացանցը և հատկապես սոցիալական ցանցերը նպաստում են արդեն իսկ հրատարակված գրքի գովազդմանը, հանրահռչակմանը, սպառմանն ու ընթերցողների ավելացմանը: Այս հանգամանքը թույլ է տալիս ենթադրելու, որ համացանցը հակոտնյա չէ գրքին, այլ՝ այլընտրանք: Ի վերջո, գրքի ու համացանցի իրական գնահատողն ու դատավորները անհատներն են, հասարակությունը: Եվ, այնուամենայնիվ… Աշխարհի հազարավոր գրադարաններ շարունակելու են ընդունել միլիոնավոր գրքասերների, որոնց ձգելու է գրքի նկատմամբ ավանդական հետաքրքրությունն ու կապվածությունը: Այսուհետ պետք է համակերպվել, որ գրքի կողքին՝ որպես գործընկեր և փոխլրացում, լինելու է համացանցը, ինչը ժամանակի հրամայականն է: