«Հայաստանի գրողների միություն» հրատարակչությունը պետական աջակցությամբ լույս ընծայեց աբխազահայ գրողների ստեղծագործությունների «Գրական Համշեն» ալմանախը, ուր տեղ են գտել Աբխազիայի «Սևծովյան այգաբաց» գրական միավորման անդամների արձակ և չափածո գործերը: Ալմանախը բացվում է միավորման ղեկավար, գրող, հրապարակախոս և հրատարակիչ Արտավազդ Սարեցյանի «Սևծովյան այգաբաց» գրական միավորման համառոտ պատմություն» ակնարկով:
Ալմանախում տեղ են գտել Անդրանիկ Բահարյանի, Հովհաննես Թորոսյանի, Զարզանդի, Լյուդվիգ Քյուլյանի և այլոց` մոտ երկու տասնյակ հեղինակների գործերը:
«Գրական Համշենը» շարունակում է տասնամյակներ առաջ Երևանում սկիզբ առած «Ձայն համշենական» գրական տարեգրքի լավագույն ավանդույթները:
Այս օրերին ԳՄ նախաձեռնությամբ «Գրական Համշենի» լույս ընծայումը երբեմնի հրաշալի ավանդույթը վերականգնելու փորձ կարելի է համարել: Գիրքն ունի «Հյուրասենյակ» բաժինը, որտեղ թարգմանաբար տպագրվել են աբխազ ժամանակակից գրողներ Անզոր Մուքբայի, Ստանիսլավ Լակոբայի, Վլադիմիր Զանթարիայի, Դաուր Նաճղեբիայի և ուրիշների արձակ և չափածո ստեղծագործությունները:
Գիրքը կազմել է Արտավազդ Սարեցյանը, խմբագրել` Ղուկաս Սիրունյանը:
Կարլ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ