Նրա իսկական անունն է Էլդա Գրիգորյան, Գրինը գրական անունն էր: Նա հայ արձակագրուհի է: Վերջերս լույս ընծայվեց «Կովկասյան Ռիվիերա» վերնագրով նրա պատմվածքների ժողովածուն «Հայաստան» հրատարակչությունում: Ստեղծագործությունները ֆրանսերեն է թարգմանել Արուսյակ Բախչինյանը:
Ժողովածուում ընդգրկված պատմվածքները, անմիջական ոճով ու առանց կեղծիքի պատմում են հեղինակի մանկությունը՝ սկսած Մոսկվայից, որտեղ ձերբակալվում և բանտարկվում է նրա հայրը, մինչև ընտանիքի հաստատվելը Երևանում: Իր սյուժեների ընտրության մեջ լինելով ռոմանտիկ և գունագեղության սիրահար՝ Էլդա Գրինը դառնում է «պատկերների որսորդ», և Ալֆրեդ դը Մյուսեի պես երգում է իր կենսուրախությունը, սակայն նաև իր թախիծը՝ հուսալով սփոփանք գտնել այդ երգի մեջ: Նրա «Կանաչ մեղեդի» պատմվածքը թախծալից ներբող է, բայց միևնույն ժամանակ՝ ցնծության ձոն, երբ նկարագրվում է Նունեի մանկությունը: Աննա դը Նոայի «Խորին կյանք» ստեղծագործությունն եմ փոքր-ինչ տեսնում, երբ «Ձեռքերը» պատմվածքը երգում է մարմնի կյանքի արբեցությունը՝ սերտորեն կապված բնության գունագեղ կյանքի հետ:
Ահա այսպես Էլդա Գրինը երգում է իր ցավը, բայց և՝ կյանքի նկատմամբ ունեցած իր սերը մի հասարակության մեջ, որտեղ հայ կինը, երկար ժամանակ լինելով չբացահայտված, բացվում է «այգու ծաղիկների» պես՝ դրսևորելով բնության գույներն ու բուրմունքները, որ պատկերել է մեծն Կոլետը:
Ֆրանսերենից թարգմանեց
Ա. ԳՐԻՆՈՆ