Գրական Շիրակը ՀՀ Մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում

Միայն 2016 թվականին ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի հինգ գրողների գրքեր տպագրվել են պետական աջակցությամբ՝ Սուքիաս Աղալարյան՝ «Չգիտեմ», Շնորհիկ Շահինյան՝ «Անին ու քամին», Հակոբ Մուշ՝ «Հին թագավորական նետեր», Գևորգ Թումանյան՝ «Գևորիկներ», Սոֆյա Մանուկյան՝ «Գարունն անց մեկին»: ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ Անդրանիկ Կարապետյանը բարձր գնահատելով լույս ընծայված գրքերի գեղարվեստական արժանիքները, ժանրային ու բովանդակային առանձնահատկությունները, նշեց, որ Շիրակի գրողները, մեկը մյուսին լրացնելով, ամբողջացնում են խոսքարվեստի ներկապնակի գույները, և շնորհանդեսն էլ այդ երևույթի վկայությունն է:
Գրականագիտական-վերլուծական խոսքով հանդես եկան գրականագետ, բան. գիտ. թեկնածու Կարինե Մարտիրոսյանը, բանաստեղծ, թարգմանիչ Արա Արթյանը, բանաստեղծուհի Լուսինե Աղաջանյանը: Ինքնատիպ ելույթներով գրողներին շնորհավորեցին «Դպիր» հրատարակչության հիմնադիր-տնօրեն Հովիկ Կարապետյանը, ռեժիսոր Գառնիկ Սարգսյանը, բանաստեղծուհի Ռոզա Հովհաննիսյանը, բանաստեղծ, «Շիրակ» թերթի խմբագիր Սամվել Մարգարյանը, գրողներ Հրաչ Հառիճեցին, Մնացական Մուրադյանը և այլք:
Ավ. Իսահակյանի հուշատուն-թանգարանի տնօրեն Սուսաննա Մնացականյանը նշեց, որ թանգարանը մշտապես հյուրընկալել է գրողների, և այսօրինակ գրական-ստեղծագործական հանդիպումները մեծ Վարպետի ոգու ու շնչի նորօրյա դրսևորումներ են:

Կ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։