ԱՄՓՈՓՎԵՑ «ՀԱՍԿԵՐ 2016» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբերի 28-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հյուրընկալ դահլիճում ամփոփվեց «Հասկեր» մանկապատանեկան գրական ստեղծագործությունների համահայկական մրցույթը: «Հասկեր» ամենամյա մրցույթը անցկացվում է արդեն երկրորդ անգամ, և, ըստ ամենայնի, ապահովագրված է նրա շարունակական ընթացքը, քանզի մեծ խանդավառություն է առաջացրել դպրոցահասակ ստեղծագործողների շրջանում: Մրցույթի մասնակիցները 5-17 տարեկան երեխաներ ու պատանիներ են Հայաստանից, Արցախից, Ջավախքից:
«Հասկեր» մրցանակաբաշխության համահիմնադիր «Էդիթ պրինտ» հրատարակչությունը իրականացրել է «Հասկեր» համանուն ժողովածուի հրատարակությունը, նախապատրաստել պարգևներ և պատվոգրեր: Ժողովածուում ընդգրկվել են 75 հեղինակի լավագույն ստեղծագործությունները:
Բացման խոսքով հանդես եկավ «Հասկեր» ժողովածուի համախմբագիր, «Անդին» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ Հակոբ Սողոմոնյանը: Նա նշեց, որ մրցույթը համահայկական է, բայց այս տարի, ցավոք, չհաջողվեց ընդգրկել սփյուռքահայ երեխաների, և հույս հայտնեց, որ հաջորդ տարի կընդլայնվի մրցույթի աշխարհագրությունը:
Գրականագետ Լիլիթ Անտոնյանը նշեց, որ ներշնչանքից ծնված այս պարզ ստեղծագործությունները հետագայում պետք է մշակվեն և դառնան խորքով ու բովանդակությամբ ավելի տարողունակ: Նա կարևորեց ժողովածուում ընդգրկված ստեղծագործությունների թեմատիկ բազմազանությունը` արցախյան պատերազմ, օտարությունից հայրենադարձություն և հայրենիքի կարոտ, բնաշխարհ, ընտանիք և այլն:
Ելույթ ունեցան նաև «Ծիծեռնակ» ամսագրի գլխավոր խմբագիր, բանաստեղծուհի Անուշ Վարդանյանը, «Կանչ» թերթի լրագրող Մարիաննա Վարդանյանը և այլք: Մրցանակներ հանձնվեցին մրցույթին օժանդակած դպրոցներին, ուսուցիչներին, գրադարաններին և «Ծիծեռնակ» ամսագրին: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս մրցույթն ուներ երկու անվանակարգ` «Սերմնահատիկ» և «Ոսկե հասկ»: Առաջին անվանակարգում հաղթողները հինգն էին, իսկ «Ոսկե հասկ»-ում մրցանակի արժանացան երեք երեխա:
Մրցույթի համահիմնադիր, արձակագիր Սուսաննա Հարությունյանն ամփոփիչ խոսքում շնորհակալություն հայտնեց «Էդիթ պրինտ» հրատարակչությանը և տեղեկացրեց, որ հաջորդ մրցույթը կամփոփվի 2019 թ.` Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Այս առթիվ մրցութային նոր հավելված է նախատեսվում, որտեղ կամփոփվեն աշակերտների` Հովհ.Թումանյանի որևէ ստեղծագործության մասին խոհերը, վերլուծությունները, էսսեները:
Անահիտ
ՄԱՐԳԱՐՅԱՆ-ԱՆՏՈՆՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։